Աշխատանքն է մարդու համար, եւ ոչ թէ՝ մարդը աշխատանքի կամ շահոյթի
Քրիստոսի նմանությամբ աշխատելը նշանակում է մասնակից լինել Քրիստոսի փրկարար առաքելությանը, որ հնարավոր եղավ միայն չարչարանքի, ինքնազոհության միջոցով: «Նա, ով աշխատանքի ցավալի դժվարությունները տանում է՝ Հիսուսի հետ միությամբ, ինչ-որ իմաստով համագործակցում է Աստծո Որդու հետ՝ Նրա քավչական գործում և հանդես է գալիս որպես Քրիստոսի աշակերտ՝ ամեն օր խաչ կրելով գործունեության այն ոլորտի մեջ, որտեղ կոչված է աշխատելու: Այդ հեռանկարում, աշխատանքը կարելի է դիտել որպես երկրային իրականության սրբացման և վերակենդանացման միջոց՝ Քրիստոսի Հոգով» (Laborem exercens, 27, Սոց. ուսմ. 263): Այդպես իմաստավորելով իր ամենօրյա աշխատանքը՝ մարդը նաև դիմադրում է մեղքի այլասերող և այլանդակող ազդեցությանը և քայլ առ քայլ կերտում է իր և իր շրջապատի սրբությունը:
Ուրեմն, ևս մեկ կարևոր կետ. մարդն իր աշխատանքի մեջ Քրիստոսի օրինակով և պատվիրաններով առաջնորդվելիս՝ ոչ միայն իրականացնում է իր Արարչին նմանուելու եւ Նրա հետ համագործակցելու կոչումը, ոչ միայն կիսում է Քրիստոսի ինքնազոհ առաքելությունը, սովորում է սիրել, ներել, օգնել ուրիշներին, այլև կատարում է եւս մէկ կարեւոր բան՝ կիսում է Յիսուս Քրիստոսի փրկարար կամ քավչական առաքելությունը: Աշխատանքի այսպիսի իմաստը լաւագոյն ձեւով արտայայտուած է բենեդիկտեան վանականների բանաձեւում. «Աղօթի՛ր եւ աշխատիր» ora et labora: Աշխատանքի մէջ այսպիսի հոգեւոր իմաստ տեսնելը առաւել իմաստալից է դարձնում նաեւ կապը մարդկային գործունէութեան եւ աստուածային նախախնամութեան միջեւ:
Աշխատելու պարտականութիւնը
Աշխատանքը իւրաքանչիւր մարդու պարտականութիւնն է: Պողոս առաքեալն իր նամակներում այս մասին գրում է շատ հստակ. «Եղբայրնե՛ր, պատուիրում եմ ձեզ մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունով, որ դուք հեռու մնաք ամէն մի եղբօրից, որ ծոյլ կեանքով է ապրում եւ ոչ ըստ այն օրինակի, որն ընդունեցիք մեզնից. որովհետեւ ինքներդ գիտէք, թէ որչա՜փ դուք պէտք է նմանուէք մեզ, քանի որ ձեզ մօտ երբեք չծուլացանք եւ ոչ ոքի հացը ձրի չկերանք, այլ ջանքով եւ վաստակով զօր ու գիշեր աշխատում էինք՝ ձեզնից ոչ մէկի վրայ ծանրութիւն չլինելու համար», Բ Թես. 3, 6-8: Աշխատելն, այսպիսով պարտաւորութիւն է, որպէսզի ոչ ոք բեռ չլինի այլոց վրայ կամ չշահագործի որեւէ մէկին, չապրի որեւէ մէկի հաշուին: Առաջին օրինակը սեփական ձեռքերով աշխատելու մեզ տուեց Յիսուս ինքը, որ ապրում էր հիւսնի աշխատանքով: Յիսուս իր աշակերտներին ընտրեց պարզ աշխատաւորներից՝ ձկնորսներից, ովքեր հասկանում էին, թէ ինչ բան է աշխատելը: Պօղոսը, լինելով ուսեալ մարդ, Քրիստոսի Աւետարանը քարոզելիս իր հացը վաստակում էր վրանագործութեամբ՝ պարզ ֆիզիկական աշխատանքով՝ երբեք ամոթ կամ անպատուաբեր չհամարելով այն: Եկեղեցում ընդհանրապէս աշխատանքի որեւէ ձեւ անպատուաբեր չի համարուել, մինչդեռ միջնադարում, օրինակ, ձեռքի աշխատանքը «ազնուականները» համարում էին «ստրուկների գործ» (opus servile): Աշխատանքը միշտ «մարդկային գործ» (opus humanum) է եւ արժանապատիւ է, քանի որ, ինչպէս ասացինք, համագործակցութիւն է Արարչի հետ եւ, այդպիսով, նմանութիւն է Նրան: Աշխատելով՝ մարդ ոչ միայն Աստծոյ հետ միասին տիրում է երկրի վրայ, ըստ աստուածային պատուիրանի, այլեւ բարիք է գործում, օգնում է ուրիշներին եւ ուրիշների հետ միասին ստեղծում է հասարակաց բարիքը: Սուրբ Ամբրոզիուսն ասում էր, թէ «իւրաքանչիւր աշխատաւոր Քրիստոսի ձեռքն է, որ շարունակում է ստեղծել ու բարիք գործել»:
«Աշխատանք» հասկացութեան եւ ժամանակակից աշխատանքային հարաբերութիւնների առաւել խորքային վերլուծութիւն ներկայացնող առաջին փաստաթուղթը Կաթողիկէ Եկեղեցում Լեւոն 13-րդ Քահանայապետի «Rerum novarum»` «Նոր իրերի մասին»-ն էր, որ հրապարակուեց 1891թ.: Դա, ըստ էութեան ոչ միայն աշխատանքի վերաբերեալ, այլեւ Եկեղեցու սոցիալական ուսմունքին ամբողջութեամբ նուիրուած առաջին պաշտոնական փաստաթուղթն էր: Դրանով Եկեղեցին արձագանքում էր արդիւնաբերական հեղափոխութեան հետեւանքով առաջացած աշխատանքային հարաբերութիւնների նոր բնոյթին, որին բնորոշ էր մարդկանց շահագործումը՝ գերշահոյթ ստանալու մոլուցքով: Աւետարանի սկզբունքները մեկնաբանելով ժամանակակից սոցիալական եւ աշխատանքային հարաբերութիւնների լեզուով՝ Եկեղեցին այդ փաստաթղթով սկսեց բարձրաձայնել աշխատողների եւ գործատուների իրավունքների եւ պարտականութիւնների մասին, պաշտպանել խոցելի խմբերի իրավունքները, արհեստակացական եւ այլ աշխատաւորական միութիւնների մէջ միաւորուելու անհրաժեշտութեան, սեփականութիւն ունենալու իրավունքի մասին: Այս փաստաթղթի շնորհիւ, յատկապէս, այն եվրոպական երկրներում, որտեղ կաթողիկէ հասարակութիւնները մեծամասնութիւն էին կազմում, սկիզբ առան տարբեր նախաձեռնութիւններ՝ ի պաշտպանութիւն աշխատաւորների իրավունքների՝ արհմիութիւններ, սոցիալական ուսումնասիրութիւնների կենտրոններ, կոոպերատիվներ, գիւղատնտեսական բանկեր, ապահովագրական ծառայութիւններ, նպաստների տրամադրման, վարկաւորման համակարգեր: Ի վերջո, այդ ամենը նպաստեց աշխատանքային օրենսդրութեան զարգացմանը, միջազգային կոնվենցիաների մշակմանը, որոնք այսօր ընկած են տեղային պետական օրենքների հիմքում:
Աշխատանքի վերաբերեալ միւս կարեւորագոյն փաստաթուղթը 1981թ. Սբ. Յովհաննէս Պօղոս Բ Քահանայապետի “Laborem exercens”՝ «Աշխատանքի միջոցով» վերնագրով շրջաբերական նամակն էր, որտեղ կարեւորւում է աշխատանքի դերը մարդկային կեանքում՝ որպէս հիմնարար գործոն մարդ անհատի զարգացման համար: «Աշխատանքի շնորհիւ օր ըստ օրէ կառուցւում է մարդկային կեանքը, աշխատանքի մէջ է այն ձեռք բերում իր իւրայատուկ արժանապատւութիւնը: Բայց աշխատանքին է բնորոշ նաեւ մարդկային լարուածութեան, տառապանքի, կորուստների եւ անարդարութեան բաղադրիչները, որոնք խորապէս արմատաւորուած են սոցիալական կեանքում, առանձին ազգերի մէջ եւ միջազգային հանրութեան մէջ» (Laborem, 2): Աշխատանքը, ըստ այդմ ընկալւում է որպէս սոցիալական ընդհանուր հիմնախնդրի լուծման «հիմնական բանալին» (Laborem, 3) եւ պայմանաւորում է մարդ անհատի, ընտանիքի եւ ամբողջ մարդկային ցեղի ոչ միայն տնտեսական, այլեւ մշակութային եւ բարոյական զարգացումը, 269:
Մարդու աշխատանքը երկու չափում ունի՝ օբյեկտիւ եւ սուբյեկտիւ:
Օբյեկտիւ իմաստով աշխատանքը մարդու այն բոլոր գործողութիւնների, գործիքների, տեխնոլոգիաների ամբողջութիւնն է, որոնց միջոցով մարդն արտադրում է, բարիք է ստեղծում եւ տիրում է երկրին, ըստ Ծննդոց գրքի արտայայտութեան:
Սուբյեկտիւ իմաստով աշխատանքը մարդ անհատի ինքնարտայայտումն է, նրա զարգացումն ու կատարելագործումն է՝ իր կարողութիւնների, աստուածատուր շնորհների եւ միջավայրի ու իր կողմից ստեղծուած գործիքների միջոցով: Laborem excercens-ում Սբ. Յովհաննէս Պօղոս Բ-ը գրում է. «Մարդը պէտք է ենթարկեցնի երկիրը եւ տիրապետի երկրին, որովհետեւ, որպէս Աստծոյ պատկեր, մարդը անհատ է, այսինքն՝ սուբյեկտիւ էակ, որն ընդունակ է գործել ծրագրավորուած եւ բանականութեամբ, լինելու ինքնուրոյն՝ սեփական որոշումների մէջ՝ ձգտելով ինքնադրսեւորման: Ուրեմն, որպէս անհատ, մարդը աշխատանքի սուբյեկտն է: Որպէս անհատ, նա աշխատում է, կատարում է աշխատանքայի գործընթացին յատուկ տարբեր գործողութիւններ. անկախ իրենց օբյեկտիւ բովանդակութիւնից, այդ գործողութիւնները պէտք է նաեւ ծառայեն՝ դրսեւորելու նրա մարդկային էութիւնը, իրականացնելու անհատ լինելու իր կոչումը», Laborem, 6:
Եկեղեցին առաւել կարեւորում է աշխատանքի սուբյեկտիւ չափումը, քանի որ այդտեղ է աշխատանքի բարոյական բնոյթը եւ արժէքը, քանի որ մարդն է աշխատանքը կատարողը եւ շատ կարեւոր է մարդու աշխատանքի նպատակը, համապատասխանութիւնը իր կոչմանը, Աստծոյ պատուիրաններին եւ Քրիստոսի օրինակին: Հետեւաբար, աշխատանքի սուբյետիւ չափումը պէտք է լինի առաւել առաջնային եւ պէտք է իր հերթին պայմանաւորի եւ ուղղորդի աշխատանքի օբյեկտիւ կողմը, այսինքն՝ աշխատանքը կատարելու միջոցները, գործիքակազմը, ամբողջ գործընթացը՝ ելնելով նրանից, թէ որքանով են դրանք համապատասխանում սուբյեկտիւ կողմին: Այս իմաստով պէտք է շեշտել, որ Աւետարանի սկզբունքներին դէմ է Նիկոլո Մաքիաւելիի բանաձեւը, թէ «նպատակն արդարացնում է միջոցները». քրիստոնէական ընկալմամբ մարդկային աշխատանքի միջոցները արդարացուած են միայն եթէ համապասխանում են նպատակի բարոյական բովանդակութեանը, հետեւաբար, ոչ միջոց չի կարող իր բարոյական էութեամբ շեղուած լինել նպատակի բարոյականութիւնից: Այլ խօսքով, եթէ աշխատանքի սուբյեկտը կրում է Աստծոյ պատկերը եւ նմանութիւնը եւ կոչուած է կատարելագործել իր նմանութինն Աստծուն, նրա աշխատանքային ընթացքը եւ միջոցները չեն կարող շեղուած լինել աստուածային պատուիրաններից եւ Եկեղեցու ուսուցումներից:
Եթէ աշխատանքի օբյեկտիւ կողմը ժամանակի ընթացքում ենթարկւում է փոփոխութիւնների, դառնում է աւելի տարատեսակ՝ տեխնոլոգիական առաջընթացի հետ համընթաց, ապա աշխատանքի սուբյեկտիւ կողմը մնում է կայուն, որովհետեւ հիմնուած է ոչ թէ մարդու արտադրանքի կամ գործունէութեան ոլորտի վրայ, այլ՝ մարդու արժանապատւութեան վրայ՝ որպէս Աստծոյ պատկեր, որն ունի շատ հստակ բարոյական նպատակակէտ՝ Աստուած եւ սրբութիւնը: Աշխատանքի օբյեկտիւ կողմը չի կարող պայմանաւորել մարդու անհատականութիւնը, չի կարող իշխել նրան ու շեղել բարոյական նպատակից, խեղել նրա բարոյական պատկերը եւ որտնահարել մարդկային արժանապատւութիւնը: Աշխատանքի օբյեկտիւ կողմը պէտք է օգնի մարդուն՝ կատարելագործուել բարոյապէս եւ սոցիալական հարաբերութիւնների համատեքստում՝ իր մարդկային արժանապատւութիւնը, աստուածանմանութիւնը առաւել լիարժէքօրէն արտայայտելու համար:
Հին աշխարհում ձեռքի կոպիտ աշխատանքը համարւում էր ցածր կարգի, արհամարհելի աշխատանք, որը կատարողները եւս արհամարհելի էին եւ ստորադասւում էին նրանց նկատմամբ, ովքեր ապրում էին աւելի նուրբ պայմաններում: Կար հասարակութեան դասային բաժանումը, ազատների եւ ստրուկների բաժանումը, որը հիմայ թեւ կորցրել է նախկին դասային, ինստիտուցիոնալ բնոյթը, բայց դեռեւս կենսունակ է որպէս սոցիալական վարքի տեսակ, որպէս մարդու էգոիզմի եւ մեղքի վրայ հիմնուած ապաբորայական, հակաքրիստոնէական արժեհամակարգ: Յիսուս Քրիստոս Իր կեանքով, իր ձեռքերով աշխատելով Սուրբ Յովսէփի արհեստանոցում՝ վերացրեց ձեռքի աշխատանքի նկատմամբ քամահրանքը, հաստատեց, որ ցանկացած աշխատանք արժանապատիւ է, որովհետեւ կարեւորը ոչ թէ աշխատաքի տեսակն է, այլ՝ աշխատանքը կատարողը, այսինքն՝ մարդը: Իսկ մարդը՝ որպես Աստծո պատկեր, միշտ արժանի է պատուի: «Աշխատանքի արժանապատւութեան աղբիւրը պէտք է փնտրել ոչ թէ աշխատաքի օբյեկտիւ, այլ սուբյեկտիւ կողմի մէջ», Laborem, 6: Այս ընկալումը հիմքից ոչնչացնում է հասարակութեան դասային բաժանման գաղափարախօսութիւնը, բայց դա նաեւ չի նշանակում, թէ աշխատանքը ընդհանրապէս ենթակայ չէ որակաւորման կամ ըստ կարգի բաժանման, այլ նշանակում է, որ աշխատանքի տեսակը կամ որակը չի կարող հիմք լինել՝ աշխատողի նկատմամբ քամահրանքի, խտրականութեան կամ սոցիալական անարդարութեան: Թեեւ աշխատանքի տեսակների օբյեկտիւ արժէքները կարող են տարբերուել, բայց` աշխատանքի ցանկացած տեսակի բարոյական արժէքը չափւում է աշխատանքը կատարողի արժանապատւութեամբ: Սա տանում է նաեւ մէկ այլ կարեւոր եզրակացութեան, որ թեւ մարդը կոչուած է աշխատելու եւ աշխատանքի միջոցով ինքնադրսեւորուելու, «աշխատա՛նքն է մարդու համար, ոչ թէ մարդը՝ աշխատանքի համար», (Laborem, 6): Հետեւաբար, ցանկացած աշխատանքի նպատակը չի կարող լինել այլ բան, քան միայն՝ մարդը, մարդու բարօրութիւնը:
Նոյն փաստաթղթում Յովհաննէս Պօղոս Բ-ը փաստում է, որ աշխատանքի քրիստոնէական այսպիսի ընկալումը անհամատեղելի է նիւթապաշտական ընկալումների հետ, ըստ որոնց աշխատանքը նման է առեւտրի. աշխատողն իր աշխատանքը վաճառում է գործատուին, ում պատկանում է աշխատանքային ողջ կապիտալը՝ արտադրական գործիքակազմը: Այս պատկերացման հետեւանքով այսօր էլ աշխատողին վերաբերւում են որպէս անհատականութիւնից զուրկ ուժ, որը անհրաժեշտ է արտադրութեան համար. «աշխատուժ» բառն այս իմաստով, ճիշտ հասկացութիւն չէ, բայց շատ տարածուած է: Այսպիսի վերաբերմունքի հետեւանքով զարգացել է աւելի նիւթապաշտ, միակողմանի վերաբերմունք, որտեղ առաջնային պլանում է աշխատանքի օբյեկտիւ կողմը, իսկ սուբյեկտիւը՝ մարդը, մղուել է երկրորդային պլան: Այսպիսով, Ծննդոց գրքում աւանդուած Աստծոյ պատուիրանը, թէ մարդը պէտք է «տիրի» երկրին, գլխիվայր շուռ է գալիս. մարդը դարձել է ընդամենը աշխատանքի միջոց, եւ աշխատանքը ծառայում է ոչ թէ աշխատողի բարօրութեանը, այլ՝ միմիայն գործատուի կամ շահագործողի շահին: Այս պարագայում մարդը հաւասարւում է աշխատանքային գործիքներին կամ կապիտալին: Կապիտալիզմի էութիւնն էլ այս է, երբ կապիտալը իշխում է մարդուն:
Արդիւնաբերական եւ տեխնոլոգիական առաջընթացին զուգահեռ մեքենաները կամ հաստոցները աստիճանաբար առաւել կարեւորուեցին, քան աշխատաւորները, ձեռքի աշխատանքի որոշ տեսակներ վերացան, տեղի ունեցաւ աշխատողի դերի դեգրադացում, որն ուղեկցւում էր եւ շարունակում է ուղեկցուել անարդար եւ ցածր աշխատավարձի միջոցով աշխատողի շահագործմամբ, ստուերային աշխատանքով եւ աշխատաւորների սոցիալական ապահովութեան խնդիրների արհամարհանքով: Այսպիսի փոփոխութիւնների հետեւանքով առաջ եկաւ գործազրկութեան երեւոյթը, որը մեծ հարուած է մարդկային արժանապատւութեանը եւ մարդ անհատի զարգացմանը:
Այս անարդարութիւնների դէմ պայքարելու համար աշխատաւորները սկսեցին միաւորուել արհեստակցական միութիւնների մէջ: Եկեղեցին մշտապէս մեծ կարեւորութիւն է տուել աշխատաւորական միութիւնների, շարժումների ծաւալմանը՝ յանուն սոցիալական էթիկայի եւ արդարութեան կայացման: «Կայ անհրաժեշտութիւնը սկսելու նոր շարժումներ՝ աշխատաւորների համերաշխութեան եւ աշխատաւորների հետ համերաշխութեան համար», Laborem, 8: Աշխատաւորների համերաշխութիւնը կարող է լուծել նաեւ աղքատութեան եւ սովի խնդիրները, քանի որ դրանք եւս հաճախ հետեւանք են մարդկային աշխատանքի արժանապատւութեան ոտնահարման:
Ուրեմն, մարդկային աշխատանքը ճիշտ ընկալելու համար, պէտք է վերականգնուի Ծննդոց գրքի պատուիրանի իմաստը՝ «տիրեցէ՛ք երկրին», որ կայանում է աշխատանքը կատարողին առաջնային տեղ յատկացնելու եւ նրա արժանապատւութիւնը աշխատանքային միջոցներից եւ շահոյթից բարձր դասելու մէջ: «Այս ընկալումը պէտք է նաեւ կենտրոնական տեղ զբաղեցնի ամբողջ սոցիալական եւ տնտեսական քաղաքականութեան ոլորտի մէջ», Laborem, 7:
Տ. Հովսեփ Գալստյան
Հայկական Կարիտասի հոգևոր խորհրդատու
Պատրաստուած է Հայկական Կարիտասի անձնակազմի հետ հանդիպումների համար