Այսօր եւ մեք հաւատացեալքս ընդ ծերունւոյն Սիմէոնի. ըզԲանն համագոյ Հօր եւ Սուրբ Հոգւոյն օրհնաբանեսցու՜ք
Տեառնընդառաջի գիշերային ժամերգության Օրհնության ԴՁ շարականում աղոթում ենք. «Այսօր անըսկզբնական ծնունդ հայրական ծոցի Բանն եկաւորեալ ի տաճարն. ընծայէ զարարածս Հօր ի յերկինս: Այսօր բարձեալ եղեւ իր գիրկս ծերունւոյն. որ բանիւ զարարածս բարձեալ ունի օրհնաբանեսցու՜ք: Այսօր եւ մեք հաւատացեալքս ընդ ծերունւոյն Սիմէոնի. ըզԲանն համագոյ Հօր եւ Սուրբ Հոգւոյն օրհնաբանեսցու՜ք»: Հայ շարականագիրն այսօր մեզ յուրաքանչյուրիս հրավիրում է Սիմեոն ծերունու հետ միասին օրհնաբանել Հիսուս Մանկանը, որ Աստծո Խոսքն է՝ մարդկային մարմին առած և հայրական ծոցից անսկզբնապես ծնված, որ եկել է տաճար՝ մեզ բոլորիս և Աստծո ստեղծած բոլոր արարածներին ընծայելու Երկնավոր Հօրը: Քառասնօրյա Հիսուս Մանուկն իր ծնողների և Սիմեոն ծերունու ձեռքերով բարձրացվեց կամ ընծայվեց Հայր Աստծուն, որպես սուրբ զոհ, անդրանիկ ծնունդ, ըստ Աստծո Օրենքի, որպեսզի Ինքն էլ իր սրբազան ժամին՝ իր սուրբ զոհաբերությամբ ամբողջ մարդկությունը բարձրացնի դեպի Երկինք: Շարականի այս տողերը մեզ հրավիրում են անդրադառնալ փրկագործության խորհրդին, որը նպատակն է Հիսուս Մանկան հայտնության և Աստծո տաճար մտնելուն: Նա, որպես ընծայաբերվող անդրանիկ զավակ, կոչվեց «սուրբ», ըստ Գաբրիել հրեշտակապետի ավետման և որպես պարտադիր ընծա մատուցվեց Տիրոջը, որպեսզի մեզ դարձնի իր եղբայրներն ու քույրերը, լինի անդրանիկը՝ Իր շնորհիվ փրկված եղբայրների մեջ, ըստ Սուրբ Գրքի:
Որպեսզի յուրաքանչյուր մարդ արարած ճշմարտապես դառնա եղբայրը Քրիստոսի, կարիքն ունի Սիմեոն ծերունու նման այսօր և միշտ աննկարագրելի կարոտով, փափագով և սիրով սպասելու Հիսուս Մանկան հետ հանդիպմանը և իր գիրկը լայնորեն բացելու՝ Հիսուս մանկան առջև, գրկելու նրան անհու՜ն կարոտով և քնքշությամբ և Սիմեոն ծերունու նման բացականչել. «Այժմ, ո՛վ Տեր, խաղաղութեամբ արձակիր քո ծառային, որովհետեւ աչքերս տեսան փրկութիւնը քո»: Անսահման մի բերկրանք և ներքին ցնծություն ապրեց այս ծերունին, որ Իսրայելի ամբողջ ժողովրդի և աշխարհի բոլոր ժողովուրդների խորհրդանիշն է՝ իր ալեհեր կյանքի երկար ճանապարհով, որ ամբողջ մարդկության պատմությունն է, իմաստուն մարդկության պատմությունը, որ ճանաչում է Արարչին և սպասում է փրկության, գիտակից, սխալների, մեղքերի միջով անցած, չարն ու բարին ճաշակած մարդկության պատմությունն է: Այդպիսի մարդկային պատմություն ունենք յուրաքանչյուրս, ովքեր կարոտով ենք սպասում Տեր Հիսուս Քրիստոսի հետ հանդիպման, մանավանդ, Սուրբ Հաղորդության մեջ, Տիրոջ Զոհաբերության Սուրբ ժամին, երբ բոլորս Հիսուսի հետ միասին դառնում ենք մի սուրբ ընծա և այդպես նվիրաբերվում Տիրոջը: Սա՛ է նշանակում գնալ Տիրոջն ընդառաջ և բարձրացվել Երկինք:
Եկե՛ք այսօր Սիմեոն ծերունու նման գրկենք Հիսուս Մանկանը և մեր ձեռքերում զգանք նրա ջերմությունը, որ աստվածային սիրո ջերմությունն է, զգանք այդ լուսե Մանկան լույսը, որ թափանցում է մեր սրտերից ներս և լուսավորում մեր ամբողջ էությունը՝ սկսելով մեր տեսողությունից: Այդ լույսը սրբում է մեր ամբողջ էությունը, եթե զղջում ենք և պատրաստ ենք ապաշխարության, ապա այդ լույսը սրբագործում է մեր անցյալը, մեղքի ու Աստծո հանդեպ անտարբերության մեր անձնական և հավաքական պատմությունը, որ ինքներս ենք գրել՝ չարի թելադրանքով:
Տեառնընդառաջի նախատօնակի ժամերգության ժամանակ, աստվածային լույսի նշան խարույկը վառելուց առաջ ընթերցումների շարքում կարդում ենք Մաղաքիա մարգարեի տողերը, երբ ասում է. «Յանկարծակի իր տաճարը կը գայ Տէրը, որին դուք փնտրում եք … Ահա՛ գալիս է, ո՞վ կը դիմանայ նրա մուտքի օրուան եւ կամ ո՞վ հանգիստ կը մնայ նրա յայտնութեան ժամանակ, քանի որ նա կը մտնի որպէս հալոցի բոց եւ որպէս լուացարարների օճառ: Նա կը նստի ձուլելու եւ մաքրելու՝ որպէս արծաթ եւ որպէս ոսկի…Եւ այն ժամանակ արդարութեամբ զոհ կը մատուցեն Տիրոջը», Մղք. 3, 1-3:
Յուրաքանչյուրս Տիրոջ տաճար ենք, ըստ Պողոս առաքյալի խոսքի, որ ասում է՝ չգիտե՞ք, թե Հոգու տաճարն եք դուք: Տերն իր սրբարար լույսով թափանցում է մեր ներսի տաճարը՝ որպես հալոցի բոց, կրակ, որ կայրի մեր ներսի բոլոր աղտեղություններն ու մեղքերը, կգա որպես օճառ, որպեսզի լվանա մեր ներսը, և մենք լինենք մաս մաքուր, ըստ Եսայու մարգարեության, ուր Աստված ասում է մարգարեի բերանով. «Եկէ՛ք խօսենք իրար հետ, եթէ ձեր մեղքերը արեան պէս կարմիր են, ես ձեան պէս ճերմակ կը դարձնեմ», Ես. 1, 18: Աստված կմաքրի և կձուլի մեզ՝ որպես արծաթ և որպես ոսկի, որովհետև յուրաքանչյուրս թանկարժեք մետաղի նման ենք Աստծո առաջ և նա ուզում է մեզ տեսնել ազնիվ ու անխառն, մաքուր, ինչպես Ի՛նքն է ստեղծել մեզ՝ առանց մեր մեղքի պատմության, որի հեղինակը միայն մենք ենք:
Երկրորդ անգամ Հիսուս տաճար եկավ՝ որպես հալոցի բոց և օճառ, երբ երեսուն տարեկան էր ու մտավ տաճար՝ խարազանը ձեռքին՝ մաքրելու Աստծո տունը, որը պիտի լինի միայն աղոթքի տուն, բայց դարձել էր վաճառատուն: Հիսուս Մանկան հայտնությունը չհասկացվեց հրեաների կողմից, և երեսուն տարի անց Հիսուս ստիպված եղավ խարազանով մտնել տաճար ու հասկացնել, որ Տիրոջ բարկությունը հանկարծակի է վրա հասնելու, որ ժամն է ինքնամաքրման: Եսային ասում է. «Լուացուեցէ՛ք, մաքրուեցէ՛ք, իմ աչքի առաջ ձեր չար արարքները թոթափեցեցէ՛ք ձեզնից, վերջ տուէ՛ք ձեր չարագործութիւններին: Սովորեցէ՛ք բարիք գործել…», Ես. 1, 16:
Եկե՛ք այսօր հոժարակամ ապաշխարե՛նք ու մաքրվե՛նք մեր անտարբերությունից, սառնությունից, եսասիրությունից, նախանձից, չարախոսություններից և այլ մեղքերից՝ թույլ տալով, որ Տերը հանկարծակի մտնի մեր ներսի տաճարը՝ որպես հալոցի բոց և որպես օճառ: Խոսե՛նք Տիրոջ հետ՝ Սուրբ Հաղորդության առաջ և խնդրենք ողորմություն ու ներում՝ մեր անցյալի ու ներկայի համար, այն ամենի համար, ինչ որ կարող էինք անել, բայց համարձակություն չունեցանք անելու:
Ուզենք, թե չուզենք, Տիրոջ հանկարծակի սրբագործման օրը գալու է. Սիմեոն ծերունին մարգարեացավ. «Ահա՛ սա նշան կլինի Իսրայէլի մէջ շատերի անկման ու բարձրացման եւ նշան հակառակութեան», Ղկ. 2, 34: Այսօր գնա՛նք ընդառաջ Տիրոջ լույսին, որպեսզի չզղջանք այն օրը, երբ Տերը գա և հանկարծ մեր հոգիները գտնի մեղքերի մեջ թաղված, իսկ մեր ճրագներն առանց ձեթի ու լույսի:
Սիմեոն ծերունին Աստվածամորն ասաց. «Իսկ քո հոգու միջով էլ սուր պիտի անցնի, որպէսզի բազում սրտերի խորհուրդներ յայտնի դառնան», Ղկ. 3, 35: Մենք պետք է ապաշխարության ոգով ինքներս մեզ միացնենք Սուրբ Կույսին, թույլ տանք, որպեսզի նրա նմանությամբ մեր միջով էլ սուր անցնի, հասկանանք Տիրամոր ցավը՝ ի տես իր Որդու չարչարանքների և թե հանուն ինչի կրեց այդ ցավը, սովորենք մտածել նրա նման, սովորենք զոհել նրա նման, սովորենք ցավ կրել նրա նման՝ մեր մեջ ընդունելով աստվածային Խոսքի երկսայրի սուրը, որպեսզի զուլալվեն մեր սրտերի խորհուրդները, որպեսզի մեր մեջ զատենք չարը բարուց և սովորեք միայն բարիք գործել՝ հանուն Աստծո փառքի:
Տ. Հովսեփ Գալստյան