• Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի հովվական այցը Լեհաստան

    Տոն Համբարձման և Գդանսկի Աստվածամոր հրաշագործ պատկերի թագադրության 80-ամյակը


    Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը 2017թ. մայիսի 25-ին Ուկրաինայից մեկնել է Լեհաստան և Վարշավայում մատուցել Սուրբ Պատարագ՝ նվիրված Համբարձման տոնին՝ Սրբուհի Վառվառայի եկեղեցու ժողովրդապետի հրավերով և համապատարագությամբ առաջնորդական փոխանորդ Գերհ. Հ. Մեսրոպ թ.ծ.վ. Սուլահյանի, Լեհաստանի հայ համայնքի կենտրոնական ժողովրդապետության ժողովրդապետ Հ. Ժոզեֆ Նաումովիչի, Հ. Հենրիկ ծ.վրդ. Բլաշչիկի, սարկավագությամբ Հ. Նարեկ վրդ. Մնոյանի և սպասավորությամբ հայ և լեհ նորընծաների:

     

    Warszawa_25-V-2017_08Warszawa_25-V-2017_01

     

    Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը Համբարձման տոնի խորհրդի մասին քարոզել է ֆրանսերենով, իսկ պրոֆ. Հ. Նաումովիչը թարգմանել է լեհերեն: Սրբազան Հայրը նաև խոսել է խաղաղության համար աղոթքի անհրաժեշտության մասին, ապա շնորհակալություն հայտնել Սուրբ Վառվառայի ժողովրդապետին՝ Հ. Մաչեյ Շիմանսկիին՝ Սուրբ Վառվառայի եկեղեցում պատարագելու հնարավորություն ընձեռելու համար:

     

    Հ. Նաումովիչը Սուրբ Պատարագի ավարտից հետո խոսել է Գդանսկի Ստանիսլավովի Սուրբ Աստվածամոր հրաշագործ պատկերի թագադրման 80-ամյակի գալիք տոնակատարության մասին, որին ավելի ուշ՝ մայիսի 28-ին իր մասնակցությունը բերեց նաև Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը:

    Warszawa_25-V-2017_09

    Մայիսի 28-ին Գդանսկի Սուրբ Պետրոս և Պողոս եկեղեցում տեղի ունեցավ տոնական Սուրբ Պատարագ: Սուրբ Աստվածամոր հրաշագործ պատկերը բերվել է Ստանիսլավովի հայկական եկեղեցուց՝ Հ. Կաժիմիեժ Ֆիլիպիակի ձեռքով, 1959թ., ով համայնավարների կողմից բազում հալածանքներ կրելով և կյանքը վտանգելով՝ փրկել է Աստվածամոր պատկերը: Հրաշագործ պատկերի թագադրումը կամ թագով զարդարումը տեղի է ունեցել 1937թ.՝ Լվովի վերջին հայ արքեպիսկոպոս Արհ. Տ. Հովսեփ արքեպս. Թեոդորովիչի ձեռքով: Սուրբ Պատարագը Գդանսկում մատուցվեց ձեռամբ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի և համապատարագությամբ Գերհ. Հ. Մեսրոպ թ.ծ.վ. Սուլահյանի, Հ. Յոզեֆ Նաումովիչի և Հ. Նարեկ վրդ. Մնոյանի: Ներկա են եղել Գդանսկի քաղաքապետ Պավել Ադամովիչը և հայ հավատացյալների բազմություն: Ռաֆայել Սրբազանը Հ. Նաումովիչին շնորհեց «ծայրագույն վարդապետի» աստիճան և մատանի, նաև խոստացավ կատարել վարդապետական գավազանի տվչություն՝ 2017-ի օգոստոսի 13-ին:

    28_Gdansk_3

    Սրբազան Հայրն իր քարոզում հրավիրեց հայցել Գդանսկի Աստվածամոր Պատկերի բարեխոսությունը՝ Տեր Հիսուս Քրիստոսի Գահի առջև: Խոսել է նաև Հ. Կաժիմիեժ Ֆիլիպիակի սխրանքի մասին, ում շնորհիվ այսօր Գդանսկը հնարավորություն ունի վայելել հրաշագործ պատկերի ուժն ու բարեխոսությունը: Սրբազանը շնորհակալություն է հայտնել Գդանսկի ժողովրդապետ Հ. Ցեզար Աննուսևիչին՝ մեծ աշխատանքի համար, որ կատարել է Գդանսկի նախկինում կիսավեր եկեղեցին վերականգնելու համար: Դա եղել է Հ. Կաժիմիժեժ Ֆիլիպիակի երազանքը:

     

    Սուրբ Պատարագից հետո հավատացյալների բազմությունը հավաքվել է եկեղեցուն կից գտնվող Խաչքարի մոտ, որտեղ Գդանսկի համայնքի ներկայացուցիչ Գագիկ Պարսամյանը շնորհակալություն է հայտնել Ռաֆայել Սրբազանին և մյուս հոգևորականներին՝ տոնական Սուրբ Պատարագի համար, ապա տեղի է ունեցել հյուրասիրություն: Հայ նորընծաները և տեղի հայ երիտասարդները համերգային գեղեցիկ նվեր էին պատրաստել հյուրերին:

    28_Gdansk_8

     

Օրացույց

Օրացույց