• Տեր Հիսուսին նվիրված արձանի օծման արարողություն` Ձիթհանքով գյուղում

    Հավատացյալների բարեպաշտության օրինակներ


    2026թ. հուլիսի 22-ին Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղում ձեռամբ Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանի և առընթերակայությամբ գյուղի ժողովրդապետ Արժ. Տ. Միքայել Քհն. Դոմբուրյանի, տեղի ունեցավ Տեր Հիսուս Քրիստոսին նվիրված 12 մետրանոց արձանի օրհնության և օծման արարողությունը: Հսկայական գեղեցիկ արձանը տեղադրված է գյուղի Սբ. Խաչ եկեղեցու բակում` բարերարությամբ ռուսաստանաբնակ, ծնունդով Ձիթհանքովից բարերար Արագած Պապոյանի  հովանավորությամբ և կազմակերպությամբ Վաղինակ Պետրոսյանի: Նույն բարերարի աջակցությամբ նաև նորոգվել է Սբ. Խաչ եկեղեցու էլեկտրականության մատակարարման համակարգը, ինչպես նաև բարեկարգվել է եկեղեցու մուտքը և բակը, տեղադրվել է լուսավորություն: Եկեղեցու ներսի հարդարման և նոր երկաթյա դռների տեղադրման աշխատանքները հովանավորվել են դարձյալ նույն գյուղի բնակիչ Ալբերտ Փիլոյանի կողմից, որ ևս ներկա էր Հիսուսի արձանի օծման արարությունը: Սրբազան Հայրը և տեղի ժողովրդապետն իրենց խորին շնորհակալությունը հայտնեցին բարերարներին` կատարված լայնածավալ աշխատանքների համար` նրանց ընտանիքների համար հայցելով Աստծո օրհնությունները: Սրբազանը հրավիրեց գյուղի բնակչությանը, որ ներկա էին այս գեղեցիկ արարողությանը, ևս մասնակից լինել եկեղեցապահպանության գործին` ինչպես այս բարերարները և այլ բարի կամքի տեր անձինք, ովքեր հովանավորում են մեր հայ կաթողիկէ եկեղեցիների շինարարության և նորոգության աշխատանքները: Ձիթհանքովի եկեղեցու բարեզարդման աշխատանքները կշարունակվեն նույն բարերարների հովանավորությամբ:

     

    Օծման արարողությունից հետո Սրբազան Հայրը ժողովրդապետի հետ միասին մասնակից եղավ նոր արձանի օծմանը նվիրված տոնական ճաշկերույթին և համերգային միջոցառմանը, որ կազմակերպել էր գյուղի բնակչությունը:

     

    Տ. Հովսեփ Քհն. Գալստյան

    Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց

    23 հուլիսի, 2026թ.

     

     

     

     

     

     

     

     

     

     

Օրացույց

Օրացույց