• ՍԻՆՈԴԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. դկտ. Վալենտինա Կարախանյանի բանախոսությունը

    Միասին քայլել դեպի սրբություն


    Սինոդականությունը՝ որպես քրիստոնեական կյանքի և ծառայության ձև

     

    Երբ խոսում ենք սինոդականության մասին, երբեմն վտանգ կա այն դիտարկելու որպես Եկեղեցու այսօրվա կյանքը հուզող բազմաթիվ թեմաներից մեկը՝ հովվական մեթոդաբանության, համայնքները կազմակերպելու կամ որոշումներ կայացնելու այլընտրանքային ձև։ Իրականում սինոդականությունը մեզ տանում է շատ ավելի խորը, որովհետև այն վերաբերում է Եկեղեցի լինելու և, նախևառաջ, Քրիստոսի աշակերտ լինելու մեր կերպին։

    Հենց բառն ինքնին օգնում է մեզ հասկանալ դա՝ syn-hodós՝ միասին ճանապարհ։ Սինոդականությունը Աստծո Ժողովրդի միասին քայլելն է՝ Քրիստոսի հետ, Սուրբ Հոգու առաջնորդությամբ, դեպի Աստծո Արքայություն։

    Այս պարզ սահմանման մեջ մենք արդեն գտնում ենք երեք հիմնարար հարց․

     

    ո՞վ է քայլում, ու՞մ հետ է քայլում, դեպի ու՞ր է քայլում։

     

    Մենք մենակ չենք քայլում։ Ճանապարհը ինքնուրույն չենք ընտրում։ Եվ, ամենակարևորը, մենք չենք ճանապարհի նպատակակետը։

    Հենց այստեղից էլ կուզենայի սկսել՝ մասնավորապես մտածելով ձեր՝ ճեմարանականներիդ մասին։ Որովհետև սինոդականությունը մի բան չէ, որը վերաբերելու է միայն ձեր ապագա ծառայությանը։ Այն չի սկսվելու այն օրը, երբ դուք քահանա ձեռնադրվեք կամ երբ ձեզ համայնք վստահվի։ Այն ձևը, որով դուք այսօր սովորում եք քայլել մյուսների հետ, նախապատրաստում է այն ձևը, որով վաղը կարողանալու եք ծառայել նրանց։

     

    Հաղորդություն, մասնակցություն, առաքելություն

    Երեք բառ օգնում են մեզ հասկանալ սինոդական ճանապարհը․ հաղորդություն (համայնք), մասնակցություն և առաքելություն։

    Հաղորդությունը մեզ հիշեցնում է, որ Եկեղեցին անհատների գումար չէ։ Այն Աստծո Ժողովուրդն է, Քրիստոսի Մարմինը, հաղորդությունը Սուրբ Հոգու մեջ։ Սա նշանակում է, որ կոչումների, ծառայությունների, մշակույթների, զգացմունքայնության և նույնիսկ բնավորությունների բազմազանությունը չպետք է վերացվի, այլ ընդունվի և ներդաշնակեցվի հաղորդության մեջ։

    Ուրեմն, հարցը պարզապես այն չէ, թե ինչպես կարող ենք միասին լինել առանց խնդիրներ ունենալու. քրիստոնեական հարցն ավելի պահանջկոտ է․ ինչպե՞ս կարող ենք պատկանել մեկ Մարմնին՝ մնալով տարբեր։

    Մասնակցությունը ծնվում է այս հաղորդությունից։ Մկրտության շնորհիվ յուրաքանչյուր քրիստոնյա մասնակցում է Եկեղեցու կյանքին և առաքելությանը։ Անշուշտ, ոչ բոլորն են անում ամեն ինչ, և սինոդականությունը չի վերացնում ծառայությունների ու պատասխանատվությունների տարբերությունը։ Բայց այն կանխում է, որ որևէ մեկը մտածի, թե ինքը միայնակ ամբողջ Եկեղեցին է։

    Եկեղեցու Առաքելության մասին. Եկեղեցին միասին չի քայլում ինքն իրեն նայելու համար։ Եկեղեցին քայլում է՝ ուղարկվելու համար։ Հետևաբար, վերջնական հարցն այն չէ, թե որքանով ենք ընդունակ ինքներս մեզ կազմակերպելու, այլ թե ինչպե՛ս կարող ենք միասին ավետարանել Քրիստոսին այսօրվա աշխարհում։

    Համա-պատասխանատվությունը (co-responsibility) չի ջնջում ծառայությունները. այն դրանք դնում է իրենց ճշմարտության մեջ: Ոչ ոք չունի ամեն ինչ, ոչ ոք չի կարող անել ամեն ինչ, բայց յուրաքանչյուրն ստացել է մի բան, որը պետք է դնի բոլորի ծառայության մեջ։

     

    Սովորել լսել

    Եթե սինոդականության քարտեզ գծելու լինեինք, առաջին բառը վստահաբար կլիներ լսելը։

    Լսել Աստծուն, նախևառաջ, աղոթքի և Խոսքի մեջ։ Առանց այս առաջին լսման, եկեղեցական ճանապարհը ռիսկ ունի վերածվելու պարզապես կարծիքների բախման։

    Ապա լսել Եկեղեցուն՝ նրա կենդանի Ավանդությանը, հովիվներին, համայնքներին, մեզանից առաջ անցածների ճանապարհին։

    Եվ լսել մարդկանց։ Լսել նրանց կյանքը, ուրախություններն ու դժվարությունները, հարցերն ու երբեմն նույնիսկ քննադատությունները։ Ոչ միայն նրանց, ովքեր մոտ են մեզ կամ մտածում են մեզ նման։

    Բայց վճռորոշ տարբերություն կա լսելու (լսողությամբ ընկալելու) և ականջ դնելու (ըմբռնմամբ լսելու) միջև։ Մենք կարող ենք լսել մեկին՝ սպասելով միայն այն պահին, թե երբ ենք պատասխանելու։ Մինչդեռ քրիստոնեական լսումը, նախևառաջ, ձգտում է հասկանալ։

    Դրա համար լսելը խոնարհություն է պահանջում։ Նա, ով իսկապես լսում է, ընդունում է, որ մյուսը կարող է իրեն ցույց տալ մի բան, որն ինքը դեռ չի տեսնում։

     

    Եվ հենց այստեղ էլ սկսվում է զատորոշումը (discernment)։

    Զատորոշել՝ նշանակում է միասին փնտրել Աստծո կամքը։ Ոչ թե պարտադրել մեր գաղափարները կամ պարզապես փոխզիջում փնտրել տարբեր դիրքորոշումների միջև, այլ հարցնել ինքներս մեզ․ ի՞նչ է Սուրբ Հոգին ասում Եկեղեցուն։ Ի՞նչ է Սուրբ Հոգին պահանջում մեզանից այստեղ և հիմա։

    Լսում են, զատորոշում, որոշում և ապա ճանապարհ ընկնում։ Որովհետև այն զատորոշումը, որը չի տանում դեպի կյանք, մնում է անավարտ։

     

    Ոչ բոլորն են անում ամեն ինչ, բայց բոլորն ունեն նվիրելու որևէ բան

    Սա հատկապես կարևոր է դառնում, երբ խոսում ենք կոչումների, ծառայությունների և շնորհների (քարիզմաների) մասին։ Սուրբ Հոգին բոլոր պարգևները չի բաշխում մեկ անձի։ Նա դրանք բաշխում է համայնքի մեջ, որպեսզի դրանք դառնան բարիք բոլորի համար։

    Դրա համար քրիստոնեական համայնքը աճում է ոչ թե այն ժամանակ, երբ մեկ մարդ կարողանում է անել ամեն ինչ, այլ երբ յուրաքանչյուրին օգնում են բացահայտել ստացած պարգևը և այն դնել ծառայության մեջ։

    Այստեղ է գտնվում ապագա քահանայի համար ամենակոնկրետ մարտահրավերներից մեկը․ «Կարողանալու՞ եմ ճանաչել այն բարին, որն Աստված գործում է առանց ինձ։ Կարողանալու՞ եմ ուրախանալ, երբ մեկ ուրիշն ունի մի պարգև, որը ես չունեմ։ Կարողանալու՞ եմ ուղեկցել նրան, ձևավորել, թույլ տալ, որ աճի»։

    Իշխանությունն ու ծառայությունը գոյություն ունեն հենց հաղորդությանը ծառայելու համար։ Քրիստոս Ի՛նքն է մեզ առաջարկում քրիստոնեական իշխանության չափանիշը․ «Ես ձեր մեջ եմ որպես ծառայող»։

    Ուստի Եկեղեցում իշխանությունը ուժ չէ։ Այն պատասխանատվություն է։ Նշանակում է լսել, զատորոշել, որոշել, ուղեկցել և նաև ստուգել. որոշումներ կայացնել, երբ անհրաժեշտ է, բայց միշտ՝ համայնքի և առաքելության բարօրության համար։

    Քրիստոս լվանում է աշակերտների ոտքերը և մնում է Ուսուցիչ ու Տեր։ Ծառայությունը չի թուլացնում իշխանությունը. այն հայտնում է, թե որ իշխանությունն է պատկանում Ավետարանին։

     

    Մնալ հաղորդության մեջ՝ տարբերություններով հանդերձ:

    Միասին քայլել չի նշանակում, թե բոլորը պետք է մտածեն նույն ձևով։

    Թերևս, սինոդականության ամենաիսկական փորձություններից մեկը գալիս է հենց այն ժամանակ, երբ ի հայտ են գալիս տարբերությունները։ Համեմատաբար հեշտ է խոսել հաղորդության մասին, երբ համաձայն ենք։ Շատ ավելի դժվար է պահպանել այն, երբ կարծիքները, զգացմունքայնությունը կամ նույնիսկ վերքերը բաժանում են մեզ։

    Դրա համար սինոդական ճանապարհն ունի երկխոսության, համբերության, խոնարհության, ներման և հաշտության կարիք։

    Եկեղեցական հասունությունը կոնֆլիկտների բացակայությունը չէ, այլ դրանց միջով անցնելու կարողությունը՝ առանց դրանք պարտադիր բաժանման վերածելու։

    Սա վերաբերում է թեմին, ծխական համայնքին, ընտանիքին․ և վերաբերում է նաև ճեմարանին։ Սինոդականության դաստիարակությունը (ձևավորումը) տեղի չի ունենում միայն սինոդականության մասին դասախոսությունների միջոցով։ Այն տեղի է ունենում՝ գործնականում սովորելով միասին ապրել, միմյանց լսել, ուղղվել, ներողություն խնդրել, նորից սկսել։

    Որովհետև այն Եկեղեցին, որը քայլում է միասին, պետք է նաև ձևավորվի (կրթվի) միասին։

    Հասնելով այս կետին, սակայն, պետք է ինքներս մեզ ուղղենք հետևյալ հարցերը.

    կարո՞ղ ենք լսել, կարո՞ղ ենք զատորոշել, կարո՞ղ ենք մասնակցել։ Կարող ենք արժևորել շնորհները, կիսել պատասխանատվությունները, բարելավել մեր կառույցները, սովորել ավելի լավ կառավարել տարբերություններն ու կոնֆլիկտները։ Եվ արդյո՞ք այս ամենը բավարար է։ Ո՛չ։

    Որովհետև սինոդականությունը Եկեղեցու նպատակակետը չէ։

     

    Նպատակակետը սրբությունն է։

    Եթե մոռանայինք սա, ռիսկ կունենայինք սինոդականությունը վերածելու տեխնիկայի, կազմակերպչական մոդելի կամ նույնիսկ ինքնաբավ եկեղեցական իդեալի։

    Եկեղեցին միասին քայլում է, որովհետև քայլում է դեպի Մեկը։

    Սրբությունը, մյուս կողմից, անհատական նպատակակետ չէ։ Այն պատասխանն է Աստծո սիրուն, Ով յուրաքանչյուրին կանչում է անունով, այն հաղորդություն է, որովհետև ոչ ոք մենակ չի սրբանում, այն ճանապարհ է, որովհետև կառուցվում է ամեն օր՝ դարձի և հավատարմության միջոցով և այն հնազանդություն է Հոգուն, Ով ձևափոխում է սիրտը և պտղաբեր դարձնում մեր կյանքը։

    Այնժամ կարող ենք նայել սրբերին ոչ միայն որպես առաքինության մոդելների, այլ որպես Եկեղեցու՝ միասին քայլելու պատմական իրականացում։ Նրանց կյանքը մեզ ցույց է տալիս, որ սրբությունը հնարավոր է, երբ լսում ես, քայլում ես, ծառայում ես, վկայում ես և հույս ես ծնում։

     

    Երեք վկա, երեք հարց

    Այժմ կուզենայի ձեզ առաջարկել ոչ թե պարզապես երեք կենսագրություն, այլ՝ երեք վկա և երեք հարց։

    Ընտրել եմ երեք կերպար, որոնց Եկեղեցին վերջերս է առաջադրել համընդհանուր հարգանքի՝ սրբադասման միջոցով․ Սուրբ Պիեռ Ջորջո Ֆրասսատի, Սուրբ Պետեր Տո Ռոտ և Սուրբ Իգնատիոս Մալոյան։ Երեք շատ տարբեր կերպարներ՝ ըստ ծագման, կոչման, մշակույթի և կյանքի ձևի, բայց որոնք թույլ են տալիս մեզ գործնականում տեսնել, թե ինչպես սրբությունը կարող է ընդունել տարբեր դեմքեր և, միևնույն ժամանակ, թե ինչպես ոչ ոք մենակ սուրբ չի դառնում։

    Այս ընտրությունն ինձ համար ունի նաև հատուկ իմաստ։ Այս սրբադասման գործընթացներից երկուսին ես առիթ եմ ունեցել ճանաչելու և մոտիկից հետևելու իմ աշխատանքի միջոցով, իսկ դրանցից մեկը մեզ վերաբերում է է՛լ ավելի ուղղակիորեն․ Սուրբ Իգնատիոս Մալոյանը մեր Հայ Կաթողիկէ Եկեղեցու եպիսկոպոսն ու մարտիրոսն է։ Նրա սրբադասումը մեզ ավանդում է ոչ միայն տիեզերական Եկեղեցու մի սուրբ, այլև՝ մի վկա, որը պատկանում է մեր պատմությանը, մեր եկեղեցական ավանդությանը և մեր ժողովրդի հիշողությանը։

    Չէի ցանկանա, սակայն, պարզապես պատմել նրանց կյանքը։ Ավելի շուտ կուզենայի թույլ տալ, որ նրանցից յուրաքանչյուրը մեզ մի հարց ուղղի։ Որովհետև սրբերը չեն պատկանում միայն անցյալին․ երբ մենք իսկապես հանդիպում ենք նրանց, նրանք հարցականի տակ են դնում մեր ներկան և կարող են ձև տալ մեր ապագային։

     

    Սուրբ Պիեռ Ջորջո Ֆրասսատի «Ու՞մ հետ եմ քայլում»

    Առաջին հարցը շատ պարզ է․ ու՞մ հետ եմ քայլում։

    Պիեռ Ջորջո Ֆրասսատին մեզ ցույց է տալիս մի սրբություն, որն արմատացած է հարաբերությունների մեջ․ ընկերություն, եղբայրություն, եկեղեցական պատկանելություն, աղոթք և ծառայություն աղքատներին։

    Նրա կյանքը մեզ հիշեցնում է, որ ոչ ոք սուրբ չի դառնում մենակ։

    Սրբությունը ծնվում և աճում է կոնկրետ հարաբերությունների ներսում։ Մենք ունենք մարդկանց կարիք, որոնց հետ կկիսենք հավատքը, որոնք կաջակցեն մեզ, որոնք կկարողանան նաև ուղղել մեզ, կօգնեն մեզ ոտքի կանգնել և ճանաչել Աստծո ներկայությունը մեր կյանքում։

    Ճեմարանականի համար այս հարցը կարևոր է արդեն այսօր․ ովքե՞ր են այն մարդիկ, որոնց հետ ես սովորում եմ սուրբ դառնալ։ Կարողանու՞մ եմ ճանաչել, որ նույնիսկ այն եղբայրը, ով երբեմն ջղայնացնում է ինձ կամ դժվարության մեջ դնում, կարող է լինել այն ճանապարհի մաս, որով Աստված ձևավորում է ինձ։

    Հաղորդությունը սրբությանն հավելում չէ. հաղորդությունն այն վայրերից կամ հնարավորություններից մեկն է, որտեղ ծնվում է սրբությունը։

     

    Երկրորդ հարցը մեզ գալիս է Սուրբ Պետեր Տո Ռոտից․ կարողանու՞մ եմ ճանաչել այն, ինչ Աստված գործում է մյուսների մեջ։

    Պետեր Տո Ռոտը աշխարհական էր, կրոնուսույց, ամուսին և հայր։ Նա չէր ստացել ձեռնադրված ծառայության շնորհը, բայց Աստծուց ստացել էր պարգևներ՝ իր համայնքի ծառայության մեջ դնելու համար, և կարողացավ քաջությամբ ստանձնել իր պատասխանատվությունը Եկեղեցու կյանքում։

    Նրա վկայությունը մեզ ստիպում է լրջորեն ընդունել մի հիմնարար համոզմունք․ Եկեղեցին աճում է, երբ բոլոր մկրտվածները բացահայտում և պտղաբեր են դարձնում իրենց պարգևները։

    Եվ ուրեմն, կուզենայի ձեզ թողնել մի շատ կոնկրետ մարտահրավեր կամ խթան․

    եթե ձեր ապագա ծխական համայնքում հանդիպեիք մի Պետեր Տո Ռոտի, կկարողանայի՞ք թույլ տալ, որ նա աճի։

    Կկարողանայի՞ք ճանաչել ճշմարիտ շնորհ ունեցող աշխարհականին, վստահել նրան, կրթել նրան, նրան պատասխանատվություն վստահել։

    Թե՞ նրա կարողությունը կարող էր սպառնալիք թվալ ձեր իշխանությանը։

    Իսկական համա-պատասխանատվությունը վստահություն է պահանջում։ Ուրիշներին տեղ թողնելը չի նվազեցնում քահանայական ծառայությունը։ Ընդհակառակը, հայտնում է նրա պտղաբերությունը, որովհետև քահանան կանչված չէ փոխարինելու Սուրբ Հոգու պարգևները, այլ նաև՝ ճանաչելու, պահպանելու և օգնելու դրանց, որ աճեն։

     

    Սուրբ Իգնատիոս Մալոյան «Իսկապես պատկանու՞մ եմ ինձ վստահված ժողովրդին»:

    Երրորդ հարցը մեզ դիպչում է է՛լ ավելի ուղղակիորեն․ իսկապես պատկանու՞մ եմ ինձ վստահված ժողովրդին։

    Սուրբ Իգնատիոս Մալոյանը՝ մեր Եկեղեցու եպիսկոպոսն ու մարտիրոսը, միայն մի ժողովրդի առաջնորդության գլուխ դրված մարդ չէր։ Նա մի հովիվ էր, ով քայլեց իր ժողովրդի հետ՝ կիսելով նրա տառապանքն ու հույսը և մնալով նրան հավատարիմ մինչև վերջ։

    Մալոյանի կյանքը մեզ հիշեցնում է, որ հաղորդությունը միայն եկեղեցական գեղեցիկ բառ չէ։ Այն կարող է գին ունենալ․․․

    Հովիվը պատկանում է ոչ միայն ինքն իրեն։ Նա համայնքը չի դիտարկում որպես մի վայր, որտեղ պետք է իրականացնի որևէ պաշտոն։ Նա սովորում է պատկանել իրեն վստահված ժողովրդին, ճանաչել նրա պատմությունը, վերքերը, հավատքը, սպասումները։

    Մեզ՝ հայերիս համար, այս վկայությունը ստանում է է՛լ ավելի խորը ուժ։ Մալոյանի մեջ, իրոք, հավատարմությունը Քրիստոսին, եպիսկոպոսական ծառայությունը և պատկանելությունն իր ժողովրդին համընկնում են ամենադժվար պահին։ Նա չի լքում իր ժողովրդին, այլ մինչև վերջ կիսում է նրա ճակատագիրը։

    Եվ ուրեմն հարցը յուրաքանչյուրի համար կարող է դառնալ շատ կոնկրետ․ այն ժողովուրդը, որը մի օր ձեզ կվստահվի, լինելու է միայն ձեր ծառայության վա՞յրը, թե՞ դառնալու է ձեր կյանքի մասը։

    Քահանան կարող է բազմաթիվ գործունեություններ իրականացնել համայնքի համար՝ առանց երբևէ իսկապես նրան պատկանելու։ Հովիվը, ընդհակառակը, քայլում է իր ժողովրդի հետ։

    Եվ հենց այս պատկանելությունն է, որ վստահելի է դարձնում իշխանության ծառայությունը։

     

    Մխիթար Սեբաստացի հավատարմության նախակարապետ և Ավետարանի պայծառ վկա

    Այս երեք սրբերին կուզենայի ավելացնել մի վերջին կերպար․ Մխիթար Սեբաստացին, թեև նա դեռևս Եկեղեցու կողմից հռչակված սուրբ չէ։ Նրա երանացման դատը ընթացքի մեջ է, և ես՝ որպես պոստուլատոր (աղերսարկու), ով ունի պատիվն ու պատասխանատվությունը առաջ տանելու այն, և հատկապես Նորատունկյան Սրբազանի քաջալերանքով, պարտքս եմ համարում նրան ներկայացնել ձեզ։

    Բնականաբար, սա մի կերպար է, որն ինձ համար հատկապես հարազատ է՝ ոչ միայն այն պատճառով, որ նրա սրբադասման գործի վրա աշխատանքը թույլ է տալիս ինձ ավելի ու ավելի մոտենալ նրա կյանքին, նրա գրվածքներին և նրա հոգևոր փորձառությանը, այլ որովհետև համոզված եմ, որ Մխիթար Աբբահայրը դեռ շատ բան ունի ասելու մեր Եկեղեցուն և, մասնավորապես, ձեզ, որ պատրաստվում եք ծառայել Քրիստոսի Եկեղեցուն։

    Մեր Եկեղեցու եպիսկոպոս և մարտիրոս Մալոյանին նայելուց հետո, Մխիթարի հետ մենք նույնպես մնում ենք մեր հայոց պատմության ներսում, բայց հանդիպում ենք վկայության մեկ այլ ձևի։ Ոչ թե արյան մարտիրոսություն, այլ մի ամբողջ կյանք՝ նվիրված Քրիստոսին հավատարմության, սեփական ժողովրդին ծառայության և Եկեղեցում հաղորդության ճանապարհ փնտրելուն։

    Եվ թերևս հենց այստեղ է, որ Մխիթարը դառնում է հատկապես նշանակալից այն թեմայի համար, որին անդրադառնում ենք։ Նրա փորձառության մեջ մենք միասին գտնում ենք չափումներ, որոնք երբեմն վտանգ կա հակադրելու միմյանց․ հայկական ինքնություն և բացվածություն, հավատարմություն և նորոգություն, պատկանելություն սեփական ժողովրդին և Եկեղեցու տիեզերականություն, հաղորդություն և առաքելություն։

    Մխիթարը չհրաժարվեց իր հայկական ինքնությունից՝ կաթողիկէությանը բացվելու համար։ Ընդհակառակը, հենց նրա հայկական պատկանելության խորությունն ընդունակ դարձրեց նրան ծնելու հանդիպում, մշակույթ, երկխոսություն և առաքելություն։

    Բայց այս ամենի կենտրոնում մարդկային ծրագիր չէր. Քրիստոսն էր։

    Մխիթարը նախևառաջ նոր ճանապարհ չփնտրեց։ Նա փնտրեց հետևել Քրիստոսին։ Եվ հենց Քրիստոսին հետևելով է, որ նա ճանապարհ բացեց։

    Սա թերևս ամենակարևոր ուսուցումներից մեկն է նաև մեզ համար։ Մենք կանչված չենք նախևառաջ անդադար նոր բան հնարելու։ Մենք կանչված ենք ճանաչելու, թե որտեղ է Քրիստոս մեզնից առաջ անցնում, և քաջություն ունենալու հետևելու Նրան։

    Ավելի քան երեք դար Եկեղեցին շարունակում է ճանաչել այդ ճանապարհի պտուղները։ Եվ հենց այս պտղաբերությունն է ժամանակի մեջ, որ մեզ հիշեցնում է․ երբ կյանքը իսկապես արմատացած է Քրիստոսի մեջ, այն կարող է պարգև դառնալ ոչ միայն իր ժամանակի, այլև գալիք սերունդների համար, որոնց այդ մարդը երբեք չի տեսնի։

     

    Սինոդականությունը սկսվում է ծառայությունից առաջ

    Վերադառնանք ուրեմն այն կետին, որտեղից սկսեցինք։ Այս ամենը վերաբերում է ոչ միայն նրան, թե ինչ եք անելու մի օր որպես քահանաներ։

    Այն սովորում են այսօր՝ հարաբերությունների մեջ, լսելու մեջ, ուղղվել թույլ տալու մեջ, դիմացինի պարգևը ճանաչելու մեջ, միշտ վերջին խոսքն ասողը չլինելու մեջ։ Մենք չենք կարող պատկերացնել, թե մի օր լսել կարողացող քահանաներ կլինենք, եթե այսօր չենք սովորում լսել։ Հաղորդություն կերտող հովիվներ չենք լինի, եթե այսօր չենք սովորում ապրել հաղորդության մեջ։ Չենք կարողանա արժևորել Աստծո Ժողովրդի շնորհները, եթե այսօր դժվարանում ենք ճանաչել մեր կողքին քայլող եղբոր պարգևները։

    Այն ձևը, որով այսօր սովորում ենք քայլել մյուսների հետ, նախապատրաստում է այն ձևը, որով վաղը կարողանալու ենք ծառայել նրանց։

     

    Եվ թերևս հենց այստեղ կարող ենք ամփոփել այն երեք հարցերը, որոնք ընկերակցեցին մեզ․

    1.Ու՞մ հետ եմ քայլում։

    2.Կարողանու՞մ եմ ճանաչել այն, ինչ Աստված գործում է մյուսների մեջ։

    3.Իսկապես պատկանու՞մ եմ ինձ վստահված ժողովրդին։

    Սրանք հարցեր են սինոդականության մասին, անշուշտ։ Բայց, ի վերջո, դրանք հարցեր են հենց ծառայության ձևի մասին։

    Քահանան կանչված չէ ժողովրդին տանելու դեպի իրեն, այլ ժողովրդի հետ միասին քայլելու դեպի Քրիստոս։ Դրա համար կարող էինք ամեն ինչ ամփոփել մի շատ պարզ արտահայտությամբ․

     

    Չլինել կենտրոնը, այլ ցու՛յց տալ Կենտրոնը։

     

    Քայլել մյուսների հետ՝ առանց ընտրելու միայն նրանց, որոնք նման են մեզ։ Ճանաչել այն, ինչ Աստված գործում է մյուսների մեջ՝ առանց սպառնալիք զգալու նրանց պարգևներից։ Պատկանել վստահված ժողովրդին՝ առանց նրան համարելու պարզապես մեր ծառայության հասցեատեր։

    Սա՛ է ծառայության ավետարանական տրամաբանությունը․ «Ով կամենում է ձեր մեջ մեծ լինել, ձեր ծառան պիտի լինի. և նա, ով կամենում է ձեր մեջ առաջին լինել, բոլորի ծառան պիտի լինի» (Մարկ. 10:43-44)։

     

    Նպատակակետը սրբությունն է

    Վերջում, ուրեմն, վերադառնում ենք վճռորոշ բառին։

    Սինոդականությունը պարզապես Եկեղեցու մեթոդ չէ։ Այն լսելու, հաղորդության և համա-պատասխանատվության (co-responsibility) եկեղեցական ոճ է, որտեղ յուրաքանչյուրն օգնում է մյուսին ճանաչել և հետևել Քրիստոսին։

    Բայց նպատակակետը սրբությունն է։ Եվ ուղին միասին քայլելն է։

    Ոչ թե պարզապես միասին՝ միասին լինելու համար։ Ոչ թե միասին՝ որպեսզի ավելի հեշտ լինի։ Ոչ թե միասին՝ որպեսզի բոլորը մտածեն նույն ձևով։

     

    Միասին՝ դեպի Քրիստոս։

    Քրիստոս Նա է, Ով կանչում է մեզ, Նա է, Ով մեզնից առաջ է անցնում, Նա է, Ով իմաստ է տալիս ճանապարհին։

    Եվ թերևս հենց սա՛ է քրիստոնեական սինոդականության ամենապարզ և ամենախոր ձևը․

    ոչ ոք մենակ չի քայլում, ոչ ոք մենակ չի սրբանում։

    Քայլում ենք միասին, դեպի Քրիստոս։

     

    Դոկտոր Վալենտինա Կարախանյան՝

    Սուրբ Աթոռի Ավետարանման Վերատեսչության «Պրոպագանդա Ֆիդե» պատմական արխիվի հետազոտող-արխիվավար և Սրբադասման գործերի գերատեսչության աղերսարկու 

    Երևան, 3 սեպտեմբերի, 2026թ.

Օրացույց

Օրացույց