• Սրբազան Քահանայապետը խոսել է Հայաստան այցի և Ադրբեջան ու Վրաստան կատարելիք այցերի մասին

    «Ճանապարհը դեպի խաղաղություն պահանջում է մեծ համառություն»:


    4 հուլիսի, 2016թ.

     2016թ. հունիսի 30-ին Վատիկանում հոբելյանական ուկնդրության ժամանակ Ֆրանցիսկոս Սրբազան Պապը խոսեց վերջերս Հայաստան կատարած ուղևորության և առաջիկա առաքելական այցերի մասին դեպի Լեհաստան, Վրաստան և Ադրբեջան:

     

    Սրբազան Քահանայապետը ասաց, որ ինքը այցելեց Հայաստան՝ որպես եղբայրության և խաղաղության ուխտավոր, և ընդգծեց, որ դա «առաջին երկիրն է, որն ընդունել է քրիստոնությունը չորրորդ դարի սկզբին, ժողովուրդ, որը նահատակության երկար պատմության ընթացքում միշտ վկայել է Քրիստոսի հավատը»:

     

    Սրբազան Քահանայապետը իր կովկասյան ուղևորության մեջ՝ սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 2-ը, կընդգրկի Վրաստանն ու Ադրբեջանը, որտեղ կաթողիկնէրը կազմում են աննշան փոքրամասնություն՝ համեմատած մուսուլմանական և ուղղափառ համայնքների հետ: Ֆրանցիսկոս Սրբազան Պապը, ինչպես ինքը պարզաբանեց, հրավերը ընդունել է երկու պատճառով.նախ, որպեսզի «ընդգծի հնագույն քրիստոնեական արմատներն այդ երկրներում՝ իհարկե մյուս կրոնների ու մշակույթների հետ երկխոսության ոգով, և, երկրորդ, որպեսզի ամրապնդի հույսն ու ճանապարհը դեպի խաղաղություն»:

     

    «Պատմությունը ցույց է տալիս, որ ճանապարհը դեպի խաղաղություն պահանջում է մեծ համառություն և մշտական քայլեր՝ սկսած փոքր քայլերից, որոնք աստիճանաբար պետք է աճեն, մեծանան, մինչև միմյանց ընդառաջ գնալու քայլերը: Դրա համար էլ հույս ունեմ եմ, որ բոլորը և յուրաքանչյուրը կունենան իրենց սեփական ներդրումը՝ խաղաղության ու հաշտեցման այս գործում»:

     

    «Մենք՝ քրիստոնյաներս, կոչված ենք ամրապնդելու մեր եղբայրական հարաբերություները, որպեսզի վկայենք Քրիստոսի Ավետարանի մասին և լինենք  թթխմոր՝ առավել արդար ու համերաշխ հասարակության համար»,- ասաց Սրբազան Քահանայապետը:

     

    «Ահա, թե ինչու  իմ ամբողջ այցելության ընթացքում ես Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ հետ էի, ով այդ երեք օրերի ընթացքում ինձ ընդունեց, որպես եղբայր իր տանը»:

     

    Ողջունելով լեհ ուխտավորներին՝ Պապը հիշեցրեց իր առաջիկա այցի մասին Լեհաստան՝ հուլիսի 27-31-ը, Համաշխարհային Երիտասարդաց օրվա կապակցությամբ:

     

    «Խնդրու՛մ եմ ձեզ շարունակել աղոթել իմ և այն երիտասարդների համար, ովքեր ինչպես Լեհաստանում, այնպես էլ ողջ քրիստոնյա աշխարհում պատրաստվում են մեր մոտալուտ հանդիպմանը Կրակովում»:

     

    Հիշեցնենք, որ Համաշխարհային երիտասարդաց օրերի միջոցառումներին մասնակցելու է նաև հայ կաթողիկէ 350 երիտասարդների ուխտավոր խումբը:

Օրացույց

Օրացույց


November 2022
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
November 2022
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930