• Կանոնագիտության դասընթաց` հոգևոր դասի համար և քահանայական ժողով

    Արդարություն, որ գործադրվում է սիրով


    2026թ. հունիսի 29-ից հուլիսի 3-ը Երևանի Կաթողիկէ Հայոց Առաջնորդարանում Առաջնորդ Հոր նախաձեռնությամբ հոգևոր դասի համար կազմակերպվեց եկեղեցական կանոնագիտության դասընթաց` Առաջնորդության Դատական Փոխանորդ Գերհարգելի Հ. Ֆաբրիցիո Տուրրիցիանիի բանախոսությամբ: Դասընթացի ընթացքում ընդարձակ բացատրություններ տրվեցին հետևյալ թեմաների շուրջ.

     

    Սուրբ Պսակի անվավերության դատական ճանաչման կանոնական գործընթացը (մաս առաջին)

    1. Ընդհանուր հասկացություններ (կանոններ, ընդհանուր նորմեր և մասնավոր օրենքներ, վավերացված և չիրականացված ամուսնություն),
    2. Ամուսնության անվավերության հիմնական պատճառները,
    3. Եկեղեցական ատյանի իրավասությունը,
    4. Եկեղեցական ատյանի կառուցվածքը,
    ա. Դատական Փոխանորդ (Vicario Giudiziale) և դատավորներ
    բ. Ամուսնական կապի պաշտպան, Արդարության Պաշտպան
    գ. Նոտարներ և Դիվանապետ
    5. Ամուսնության անվավերության հայտարարման գործընթացը
    ա. Հայցադիմում (կառուցվածքը, հիմնական տարրերը, հեղինակը)
    բ. Գրասենյակային տուրք (վճարման կարգը և ազատումը տուրքից)
    գ. Հայցադիմումի ընդունման և կասկածի հաստատման դեկրետներ:

     

    Կանոնական իրավունքը ժողովրդապետություններում
    1. Ժողովրդապետական արխիվ (գրանցամատյաններ, հրապարակումներ և ծանուցումներ)
    2. Տնտեսական կառավարում (ծխական և անձնական նվիրատվություններ)
    3. Սուրբ Պատարագների մատուցումը (պատշաճություն, պատարագների քանակը, դիտավորություններ և նվիրատվություններ):

     

    Սուրբ Պսակի անվավերության ճանաչման կանոնական գործընթաց (մաս երկրորդ)

    1. Կողմերի և վկաների ծանուցումը և հարցաքննությունը
    2. Փաստաթղթային ապացույցներ
    3. Պաշտոնական փորձաքննություն (փորձագիտական եզրակացություն)
    4. Դատավարության ավարտը
    5. Փաստաբանի պաշտպանական ճառը (Restrictus) և Կապի պաշտպանի դիտարկումները
    6. Դատավճռի ամսաթվի ծանուցումը և դատավճռի կայացումը
    7. Դատավճռի եզրափակիչ մասը (նոր ամուսնության արգելք)
    8. Գործադրության հրամանը և գրանցումը ծխական մատյաններում

     

    Կանոնական իրավունքը ժողովրդապետություններում

    1. Ամուսնության հայտարարությունների հրապարակում
    2. Ամուսնություն տարբեր դավանանքների և տարբեր կրոնների միջև (արտոնում/dispensa)
    3. Մկրտության կնքահայրերի թույլտվությունը (nulla osta)
    4. Ժողովրդապետների այլ պարտականություններ:

     

    Դասընթացի ավարտին նոր նշանակումներ կատարվեցին Առաջնորդության Եկեղեցական Ատյանի աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման համար: Մեկ Դատավորի փոխարեն, այժմ Ատյանն ունի երեք դատավոր, Արդարության Պաշտպան և Ամուսնական կապի Պաշտպան:

     

    Հուլիսի 2-ին տեղի ունեցավ Քահանայական ժողով, որի ընթացքում քննարկվեցին հովվական առաքելության հարցեր, որոնք առնչվում են Խորանի սպասավորների դասընթացների, պատանեկան ճամբարների, երիտասարդական ձեռնարկների կազմակերպմանը, ինչպես նաև մատակարարական հարցեր:

     

    Տ. Հովսեփ Քհն. Գալստյան
    Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց
    2 հուլիսի, 2026թ.

     

Օրացույց

Օրացույց