
Կուսակրոնության ուխտերի նորոգում՝ Ընծայման տոնին
Տեառնընդառաջի տոնին՝ 2026թ. փետրվարի 2-ին, երկուշաբթի Գյումրիի Սրբոց Նահատակաց Մայր Տաճարում Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանը Սուրբ Պատարագ մատուցեց Անարատ Հղության հայ միաբան քույրերի և Մայր Թերեզայի Գթության քույրերի համար, առընթերակայությամբ Երևանի լատինածես ժողովրդապետության հովիվ Հ. Աթանասի: Սրբազանն իր քարոզում նվիրյալ անձանց ուշադրությունը հրավիրեց Տեառնընդառաջի գլխավոր իմաստի՝ նվիրագործման վրա՝ շեշտելով, թե ավետարանական այդ տերունական իրադարձությունը՝ քառասնօրյա Հիսուս Մանկան ընծայումը Տաճարին, առիթ է նորոգելու ուխտը, որ քույրերն ու կուսակրոն քահանաները կապել են Աստծո հետ՝ ծառայելու Նրան ամբողջական ինքնանվիրումով՝ Աստծո փառքի համար: Քրիստոսի նվիրումը, որի գագաթնակետը եղավ Նրա ինքնազոհությունը Խաչի վրա, օրինակ է վանական կյանքին նվիրված անձանց համար, ովքեր իրենց անձերն են նվիրել Տիրոջը՝ հարսնանալով Քրիստոսին՝ ճշմարիտ Փեսային: Մկրտությունն այդ նվիրման սկզիբն է, բացատրեց Սրբազանը, իսկ երկրորդ վճռական հանգրվանը՝ մշտնեջանական խոստումը՝ ուխտը, սեփական կյանքն ու ապագան ամբողջությամբ նվիրելու Աստծուն: Առաջնորդը նաև կարևորեց այս տոնին միասնականության սկզբունքի նորովի արժևորումը, որը նվիրման մի անբաժանելի մասն է. եթե անձը նվիրվում է Աստծուն, ապա նվիրվում է նաև Եկեղեցուն և Եկեղեցու ամբողջ համայնքին, հետևաբար, պարտավոր է ամեն ինչ անել միաբանության և եկեղեցական համայնքի հետ հաշտ և ներդաշնակ ապրելու համար, որովհետև անմիաբանությունը, վեճերը բաժանում են Եկեղեցու միությունը, հակասում են նվիրման ուխտին և սիրուն:
Սուրբ Պատարագի ավարտին Սրբազան Հայրը կատարեց մոմերի օրհնության կարգը, ապա բոլորը միասին վառված մոմերով արտասանեցին իրենց ուխտի նորոգության այս գեղեցիկ կարճ աղոթքը.
«Հավիտենական և սիրող Աստված, վստահելով Քո հավատարիմ սիրուն՝ ես նորոգում եմ իմ ուխտերը և խոստանում ապրել իմ կյանքը՝ հետևելով Հիսուս Քրիստոսին՝ կուսության, աղքատության և հնազանդության մեջ: Ես նորովի նվիրվում եմ ծառայելու Հայաստանի Եկեղեցուն՝ իմ կրոնական համայնքին վստահված ծառայություններում: Տուր ինձ, Տեր Հիսուս, շնորհը՝ Աստվածածնի միջնորդությամբ և իմ քույրերի և եղբայրների աղոթքներով ու աջակցությամբ հավատարմորեն ապրելու իմ ուխտերը. ամեն»:
Տ. Հովսեփ Քհն. Գալստյան
Դիվան Առաջնորդության
2 փետրվարի, 2026թ.





