
<<Հունձն առատ է, իսկ մշակները սակավ>>
2025թ. հուլիսի 19-ին Ազատանի Սուրբ Աստվածածին հայ կաթողիկէ եկեղեցում բերկրալից իրադարձություն էր. երկու ճեմարանականներ` եղբ. Վարդան Հայկյանը և եղբ. Սիմավոն Մկրտչյանը` երկուսն էլ ծնունդով Ազատան համայնքից, Սուրբ Պատարագի ընթացքում Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանի ձեռամբ ստացան կիսասարկավագության աստիճան: Արարողության ընթացքում Սրբազան Հոր առընթերականերն էին Ավագերեց Գերպ. Հ. Ներսես Վրդ. Գալստյանը և Ազատանի ժողովրդապետ Արժ. Տ. Միքայել Քհն. Դոմբուրյանը: Սրբազան Հոր հրավերով, արարողությանը ներկա էր նաև իտալական Արեցցո քաղաքի Եպիսկոպոսական Ճեմարանի փոխտեսուչ Հայր Ժավիեր Ալեքսանդրը: Իրենց ներկայությունն էին բերել նաև Ազատանի համայնքի վարչական ղեկավարը և դպրոցի տնօրինությունը: Ուրախությունը կրկնակի էր, քանի որ սա Առաջնորդ Հոր առաջին այցելությունն էր Ազատան համայնքին:
Կիսասարկավագը քահանայական կրտսեր աստիճաններից է, որին հաջորդում է սարկավագի աստիճանը, ապա` քահանայական ձեռնադրությունը, որը նպատակն է յուրաքանչյուր ճեմարանականի, ով անշեղ ընթանում է իր քահանայական աստվածային կոչման ճանապարհով` Աստծուն ծառայելու վճռականությամբ: Կիսասարկավագի աստիճանի շնորհման հնագույն և հոգեպարար արարողությունը գրաբարյան ոսկեղենիկ լեզվով կատարելուց հետո Սրբազան Հայրը շատ գեղեցիկ քարոզ տվեց ներկաներին՝ ասելով․
«Մեծ ուրախությամբ և հուզումով այս րոպեին ձեզ հետ եմ՝ կիսելու ձեր ուրախությունը, որ պատվաբեր ուրախություն է։ Դուք փոքր համայնք եք, բայց ունեք Աստծո օրհնությունը՝ ըստ տերունական խոսքի, թե «Մի՛ վախեցիր փոքրիկ հոտ, ձեր հայրը հաճեց տալ ձեզ արքայությունը»։ Ուրախ եմ նաև, որ այս համայնքը երիտասարդ է, որը նշանակում է, որ այստեղ հույս և ապագա կա, հավատարմություն կա` լուսավորչավանդ հավատքի հանդեպ։ Ես ձեզանից ամենաքիչ բախտավորն եմ, որովհետև ի տարբերություն ինձ, դուք ճանաչել եք այս երկու երիտասարդներին մանկուց ի վեր՝ նրանց բոլոր կողմերով, թե՛ ձգտումներով, թե՛ չարաճճիություններով հանդերձ, ականատեսն եք եղել իրենց առաջին քայլերին, ձեռքբերումներին։ Եվ այսօր, եթե նրանց մեջ աստվածային կանչը` թե թողեք ամեն բան և եկեք իմ ետևից, արձագանք գտավ նրանց մեջ, դա միայն ու միայն այս համայնքի շնորհքն է։ Դուք եք եղել նրանց սրտերում ցանողը և քաջալերողն իրենց աստվածային կոչման, սնել եք այդ կոչումը։ Եվ այսօր սկսել եք հնձել առաջին պտուղները, և շուտով նրանք կստանան նաև ավելի բարձր աստիճանները՝ սարկավագություն, քահանայություն և, եթե Աստված կամենա, նաև այս համայնքից կունենաք մի եպիսկոպոս։ Ես էլ հունձքը քաղողներից մեկն եմ՝ մեծ ուրախությամբ»։
Սրբազան Հայրը փոքրիկ անդրադարձ ունեցավ քրիստոնեության կենսունակությանը, որի վկայություններից մեկն է Ազատանի նման փոքր համայնքի հոգևոր կյանքի շարունակությունն ու ծաղկումը՝ հայկական լուսավորչավանդ քրիստոնեության գոյապահպանության և հայ կաթողիկէ հավատքի ընդհանուր համատեքստում։ Սրբազանը խնդրեց համայնականներին օգնել նորընծայված այս երիտասարդներին` հաստատուն մնալու իրենց քահանայական կոչման մեջ։
«Չարը միշտ փորձում է վայր գցել նրանց, ովքեր առաջ են գնում քահանայական կոչման մեջ։ Որքան անձը բարձրանում է իր կոչման մեջ, այնքան խավարի ուժերն ավելի կատաղի ձևով ուզում են շեղել և վայր գցել նրան, ավելի են գազանանում այս կոչման դեմ։ Դուք պետք է լինեք մշտարթուն հսկողներ` առանց հոգևոր քնի պաշտպանելով ձեր քահանայական կոչումը։ Պետք է հասկանաք, թե սատանան ո՜ր նոտաների վրա է նվագում՝ գայթակղելու համար ձեզ։ Իմ և եղբայրակից քահանաներիս կողմից վստահեցնում եմ անդադար աղոթքը ձեզ համար։ Միշտ լինելու ենք ձեր կողքին մեր աղոթքով, մասնակից ձեր հաջողություններին, նաև աջակից ենք լինելու ձեր անկումների պահերին, որպեսզի վեր կանգնեք նորից»։
Առաջնորդը համայնքի ժողովրդին ևս խնդրեց աղոթել ոչ միայն երկու նորընծաների, այլև` բոլոր ճեմարանակնների և բոլոր քահանաների համար, մասնավորապես, տեղի ժողովրդապետ Տ․ Միքայել Քհն․ Դոմբուրյանի համար։
Քահանայի կյանքը դժվարին է, երբեմն լսում ենք քննադատություններ՝ քահանաների հասցեին, բայց չպետք է ուշադրությունը սևեռել միայն բացասական երևույթների վրա, այլ այդ «ձայները պետք է ընդունել որպես աստվածային կոչ առ այն, որ կան բաներ, որոնք պետք է սրբագրել, որոնք պահանջում են ժամերով ծունկի գալ Խորանի դիմաց և ներողություն խնդրել մեր մեղքերի և թերությունների համար՝ խոստանալով ավելի լրջությամբ մոտենալ մեր կյանքի օրինակին և սրբությանը»,-եզրափակեց Սրբազան Հայրը։
Եղբ. Վարդան Հայկյանն այս տարի ավարտել է Արեցցոյի Եպիսկոպոսական Ճեմարանը և Ֆլորենցիայի Աստվածաբանական համալասարանը և այժմ պատրաստվում է լիցենցիատի աստիճանի համար ուսումը շարունակել Հռոմում` Արևելյան Կաթողիկէ Եկեղեցիների կանոնագիտության մասնագիտությամբ:
Եղբ. Սիմավոն Մկրտչյանը սովորում է Հռոմի Գրիգորյան Քահանայապետական Համալսարանի Աստվածաբանության բաժնի առաջին կուրսում` նախապես ավարտած լինելով նույն համալսարանի փիլիսոփայության բաժինը: Զուգահեռ սովորում և ապրում է Հռոմի Լևոնյան Հայկական Վարժարանում:
Սուրբ Պատարագից հետո Սրբազանը խոսք տվեց նաև Արեցցոյի ճեմարանի փոխտեսուչին, ով նախ շնորհակալություն հայտնեց հրավերքի համար և պատմեց, թե տարիներ առաջ Հայաստան է այցելել, ծանոթացել մեր Առաջորդի հետ և դրանից հետո կազմակերպել են մեր ճեմարանականների ուսումը Արեցցոյի Եպիսկոպոսական ճեմարանում։
Տ․ Միքայել Քհն. Դոմբուրյանը համայնքի անունից շնորհակալություն հայտնեց Առաջնորդ Հորը՝ իր հայրական օրհնաբեր ներկայությամբ պատվելու համար Ազատանի համայնքին և խնդրեց նրա աղոթքները խաղաղության համար, հայ զինվորների համար և հավատքի ամրության համար։ Ժողովրդապետի խնդրանքով վերջում Սրբազան Հայրը օրհնության կարգ կատարեց նաև մի նորակոչիկ զինվորի համար։
Արարողությունից հետո եկեղեցու բակում ելույթ ունեցավ գյուղի պարային համույթը։ Պարին միացան նաև ճեմարանականները։
Տ․ Հովսեփ Քհն․ Գալստյան
Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց





