«Ես այն ժամանակ կլինեմ Քրիստոսի ճշմարիտ աշակերտը, երբ աշխարհն այլևս չտեսնի իմ մարմինը»
Նորընտիր Ն.Ս. Լևոն ԺԴ Սրբազան Պապն այսօր առավոտյան Սիքստինյան մատռան մեջ մատուցել է իր առաջին Սբ. Պատարագը` «Հանուն Եկեղեցու»` pro Ecclesia, որին մասնակցում էին բոլոր Կարդինալները: Նրա առաջին քարոզի հիմնական շեշտադրությունները հետևյալներն էին:
«Մենք կոչված ենք վկայելու Քրիստոս Փրկչի հանդեպ մեր բերկալից հավատքի մասին… Ես ուզում եմ կրկնել սաղմոսերգուի խոսքերը, թե «Ես մի նոր երգ կերգեմ Տիրոջը, որովհետև նա մեծագործություններ կատարեց ինձ համար… Իմ եղբայր Կարդինալներ, ես հրավիրում եմ ձեզ խորհրդածելու Տիրոջ կատարած մեծագործությունների մասին, այն օրհնությունների մասին, որոնք Տերը շարունակում է հեղել բոլորիս վրա` Սուրբ Պետրոսի ծառայության միջոցով: Դուք ինձ կանչեցիք տանելու այս խաչը և այս առաքելությունը, և ես գիտեմ, որ կարող եմ հենվել յուրաքանչյուրիդ և բոլորիդ վրա, որ դուք կքայլեք ինձ հետ միասին, և մենք մասին առաջ կգնանք` որպես Եկեղեցի, որպես Հիսուսի բարեկամների համայնք, որպես հավատացյալներ` հռչակելու համար Բարի Լուրը, հռչակելու համար Ավետարանը»:
Լևոն Պապն ապա խոսեց Պետրոս առաքյալի հավատքի խոստովանության մասին, որը գտնում ենք Մատթեոս 16:16-ում` «Դու ես Քրիստոսը` Կենդանի Աստծո Որդին». այս «հավատքի դավանությունը Եկեղեցին առաքելական հաջորդականության շնորհիվ պահպանել, խորացրել և փոխանցել է երկու հազար տարի շարունակ», ասաց Պապը:
Նա մտքեր ատահայտեց Տիրոջ հետ Պետրոսի հարաբերության մասին` ասելով, թե Տեր Հիսուսն է միայն, որ մեզ հայտնեց Հոր դեմքը.
«Քրիստոսի մեջ Հայրը Ինքն Իրեն հայտնեց մանկան վստահող աչքերի մեջ, երիտասարդի աշխույժ մտքի մեջ և չափահաս տղամարդու դիմագծերի մեջ և վերջապես իր աշակերտներին երևալով Հարությունից հետո` փառավոր մարմնով: Այսպես Աստված մեզ ցույց տվեց մարդկային սրբության մի տիպար, որին կարող ենք նմանվել բոլորս: Աստված մեզ տվեց նաև հավիտենական կյանքի հեռանկարը, որը վերազանցում է մեր բոլոր սահմանափակումներն ու կարողությունները»:
Պապի խոսքերով, Պետրոսը, պատասխանելով Հիսուսի հարցին, թե ով է Հիսուսն իր համար, հասկացավ, որ իր հավատքի դավանությունը «և՜ Աստծո պարգևն էր, և՜ մի ճանապարհ, որով ինքը պետք է գնար, որպեսզի կարողանար փոխվել այդ պարգևի շնորհիվ: Նա ասաց, թե որպես Պետրոս առաքյալի հաջորդ, այդ պարգևն Աստված տվեց նաև իրեն, որ ընտրվեց որպես 267-րդ Պապ. «Նա այդ գանձը վստահեց ինձ, որպեսզի ես Իր օգնությամբ լինեմ այդ հավատքի հավատարիմ կառավարիչը` Քրիստոսի ամբողջ Խորհրդավոր Մարմնի բարիքի համար»:
Նորին Սրբություն Լևոն Պապը հրավիրեց մտածել Հիսուսի հարցի մասին, թե «Ի՞նչ են ասում մարդիկ, ո՞վ է Մարդու Որդին»: Այս հարցին կար երկու պատասխան, որոնք նկարագրում են երկու տարբեր վերաբերմունք:
Նախ, ասաց Պապը, աշխարհը մերժում էր Հիսուսին, քանի որ նրա ներկայությունը և բարոյական պահանջները խռովք էին ստեղծում:
Մյուս վերաբերմունքն այն էր, որ հասարակ մադրիկ Նրան համարում էին արդարամիտ մարդ, բայց Հիսուսը նրանց համար միայն մարդ էր, հետևաբար, Նրա չարչարանքների ժամանակ, երբ վտանգ կար, նրանք լքեցին Հիսուսին և հիասթափված հեռացան:
Այս երկու տեսակի վերաբերմունքը Հիսուսի նկատմամբ այսօր էլ կարող ենք նկատել, ասաց Պապը, այսօր էլ հավատքը հաճախ համարում են անհեթեթ մի բան, որը միայն թույլ և անկիրթ մարդկանց համար է, և ավելի նախընտրում են տեխնոլոգիաները, փողը, հաջողությունը, իշխանությունը կամ հաճույքը.
«Կան վայրեր, որտեղ հեշտ չէ Ավետարան քարոզելը և ճշմարտության մասին վկայելը, որտեղ հավատացյալներին ծաղրում են, արհամարհում են, լավագույն դեպքում հանդուրժում են կամ խղճում: Սակայն, հենց այդպիսի վայրերում են անհրաժեշտ մեր միսսիոներական ջանքերը:
Խոսելով հավատքի պակասի, անհավատության մասին` նա ասաց.
«Ա՜յս է այն աշխարհը, որը վստահվել է մեզ, մի աշխարհ, որտեղ մենք կոչված ենք վկայություն տալու Քրիստոս Փրկչի հանդեպ մեր հավատքի մասին: Հետևաբար, կարևոր է Պետրոսի հետ միասին կրկնել. «Դու ես Քրիստոսը` Կենդանի Աստծո Որդին»»:
Նորընտիր Պապը հիշեցրեց 2-րդ դարի նահատակ Սուրբ Իգնատիոս Անտիոքացու խոսքերը, երբ տարվում էր զոհաբերվելու. «Ես այն ժամանակ կլինեմ Քրիստոսի ճշմարիտ աշակերտը, երբ աշխարհն այլևս չտեսնի իմ մարմինը»: Իգնատիոսը խոսում էր գազանների երախներում խժռվելու մասին և այդպես էլ եղավ: Նրա բառերը, ըստ Պապի, վերագրելի են բոլոր նրանց, ովքեր կոչված են լիարժեք նվիրվածությամբ գործադրելու իրենց եկեղեցական իշխանությունը.
«Այդ նվիրումը ենթադրում է, որ պետք է մի կողմ քաշվես, որպեսզի Քրիստոսը ներկա լինի, պետք է ինքդ քեզ փոքրացնես, որպեսզի Քրիստոսը ճանաչվի և փառավորվի, ինքդ քեզ սպառես մինչև վերջ, որպեսզի բոլորը հնարավորություն ունենան ճանաչելու և սիրելու Քրիստոսին»:
Թարգմանեց` Տ. Հովսեփ Քհն. Գալստյան
Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց
9 մայիսի, 2025թ.