«Բարի պատերազմը մղեց, ընթացքն ավարտեց, հավատքը պահպանեց».
Ֆրանցիսկոս Պապին՝ փոթորիկների մեջ նավարկած Հովվապետին
2025թ. ապրիլի 25-ին Երևանի Հայ Կաթողիկէ Առաջնորդարանում մատուցվեց Սուրբ Պատարագ` նորոգ վախճանյալ Ն.Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի հոգու հանգստյան համար` ձեռամբ Առաջնորդ Հայր Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանի, առընթերակայությամբ Արժ. Տ. Կոմիտաս Քհն. Դավեյանի և Արժ. Տ. Մաշտոց Քհն. Ղազարյանի: Հոգեհանգստյան Սուրբ Պատարագին ներկա էին Հայաստանում Պապական Նվիրակի քարտուղար Գերհ. Հ. Ալիակսանդր Ռահինիան, Հայ Առաքելական Եկեղեցու Արտաքին Հարաբերությունների և Արարողակարգի բաժնի տնօրեն Գերշ. Տ. Նաթան Արքեպս. Հովհաննիսյանը, Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո դի Ռիզոն, Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարան, Մխիթարյան Միաբան հայրերը, Անարատ Հղության հայ միաբանության և Մայր Թերեզայի Գթության քույրերը և Երևանի Սբ. Գրիգոր Նարեկացի ժողովրդապետության հավատացյալները:
Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանի քարոզը.
«Բարի պատերազմը մղեց, ընթացքն ավարտեց, հավատքը պահպանեց».
Ֆրանցիսկոս Պապին՝ փոթորիկների մեջ նավարկած Հովվապետին:
Սիրելի՜ Եղբայրներ և Քույրեր ի Քրիստոս,
պահեր կան Եկեղեցու կյանքում, երբ ժամանակը կարծես կանգ է առնում։ Պահեր, երբ սիրտը լռում է, հայացքը բարձրանում է վեր, և Սուրբ Հոգին հրավիրում է մեզ հիացմունքով դիտելու խորհուրդը, որ գտնվում է բոլոր տեսանելի ու անտեսանելի իրականությունների հիմքում։
Նման պահերից մեկը եղավ այս տարվա Զատիկին հաջորդող Երկուշաբթի օրը։ Մինչ աշխարհում տակավին հնչում էին զատկական Ալելուիա-ները, – երգը կյանքի, որ հաղթել է մահվանը, – Ֆրանցիսկոս Պապի այս աշխարհից մեկնելու լուրը կտրեց անցավ ողջ մարդկության գիտակցության միջով, խորապես ցնցելով սրտերը։
Մի անսպասելի լուր, որը շշունջի նման հասավ զատկական այդ օրվա արևագալի հետ։ Ընդամենը մեկ օր առաջ, Սրբազան Քահանայապետը, – մարմնով խիստ ցավագին վիճակում գտնվելով հանդերձ, – կամեցել էր, ևս մեկ անգամ, աշխարհին ուղղել հույսի իր մաղթանքը։ Բժիշկներն էլ էին վստահություն տածում։ Բայց Տերը, Ով քննում է սրտերը և գիտի մարդու օրերի թիվը, նրա համար ընտրեց վերադարձի ժամը։ Մի Զատիկ՝ Զատիկի մեջ։ Մի ելք երկրային կյանքից ճիշտ այն ժամանակ, երբ Եկեղեցին տոնակատարում էր անմայրամուտ Կյանքի հաղթանակը։
Սուրբ Զատիկին հաջորդող Երկուշաբթի օրը, որը կաթողիկէ ավանդության մեջ կոչվում է Հրեշտակի Երկուշաբթի, Եկեղեցու Ծեսն իր հայացքն ուղղում է Քրիստոսի գերեզմանին։ Կանայք, Հարուցյալի առաջին վկաները, զարմանքով բացահայտում են, որ գերեզմանի մուտքը փակող վեմը մի կողմ է գլորված։ Չեն գտնում Վարդապետի մարմինը, բայց ստանում են այն Խոսքը, որն ամեն ինչ փոխում է. «Այստեղ չէ։ Հարություն է առել»։
Ֆրանցիսկոս Պապի մահը նույնպես, այս ավետիսի լույսի ներքո, չի ներկայանում իբրև պարտություն, այլ՝ երևում է որպես մի անցում, մի շեմ, որից նա ներս է մտել Հարության լույսի ներքո։ Նրա համար նույնպես, վեմը մի կողմ է նետվել։ Թողեց բախումներով, բռնություններով, աղքատությամբ ու միայնություններով լի այս աշխարհը՝ մտնելու համար այն Արքայությունը, որն ավետել էր, որին հավատացել էր, որը սիրել էր հոր ուժով և ծառայի հեզությամբ։
Իր քահանայապետությունը կյանքով ապրված Ավետարանի նշաններից մեկը եղավ։ Պետրոսի նավակը վարեց փոթորկոտ ժամանակներում, բայց երբեք չշեղվեց ուղուց։ Պահպանեց հավատքը, խթանեց երկխոսությունը, նախընտրեց արվարձանները, չորացրեց արցունքները։ Խոսեց ժամանակակից մարդու սրտին՝ ողորմության բարբառով։ Զինաթափ անող խոնարհությամբ, փոթորիկների մեջ դրսևորած արիությամբ, հոգնությունների մեջ գործադրած համբերատարությամբ՝ տարավ Ավետարանը ժողովուրդներին։ Հանձինս նրա տեսանք հոր քնքշանքը և հովվի հաստատունությունը։ Չվախեցավ մարդկային դյուրաբեկությունից, ո՛չ էլ խուսափեց ճշմարտությունից։
Մեր՝ հայերիս համար, ինչպես աշխարհի բազմաթիվ ժողովուրդների համար, եղավ արդարության ձայն, տառապանքի մեջ ընկեր, խաղաղությանը հետամուտ առաջնորդ։ Այն ժամանակ արդեն, երբ Եպիսկոպոս էր Արգենտինայում, մոտիկություն էր ցուցաբերել մեր ժողովրդի նկատմամբ, մի խաչքար տեղադրելով Աթոռանիստ Մայր Տաճարում ի հիշատակ Հայոց Ցեղասպանության. մի անաղմուկ և հզոր ժեստ, որն արդեն իսկ խոսում էր հիշողության և արդարության հանդեպ ունեցած իր այն հավատարմության մասին, որը հետո իր կնիքն էր թողնելու նրա քահանայապետության վրա։ Սրտացավ խոսքերով պաշտպանեց Արցախի մեր եղբայրների իրավունքները, խրախուսեց հաշտեցման ջանքերը, կիսեց մեր կորուստների ցավը, առանց երբևէ թաքցնելու իր հայրական հայացքը։
Զատիկի ծիսական ժամանակվա ընթացքում Հայ Եկեղեցին ընթերցում է Հովհաննեսի Ավետարանը և Գործք Առաքելոց գիրքը։ Այս ընթերցումների մեջ գտնում ենք Սուրբ Հոգուն, որ առաջնորդում է Եկեղեցուն, և Բանին, Ով մարմին է առնում աշակերտների մեջ։ Այսպես, Ֆրանցիսկոս Պապի կյանքն էլ կենդանի էջեր գրեց Ավետարանի մեջ։ Կատարեց ժեստեր, որոնք ավելի խոսուն էին, քան խոսքերը, արտասանեց խոսքեր, որոնք սրտերի մեջ վերարծարծում էին հույսը։
Այժմ, պատկերացնում եմ նրան լուռ, Տիրոջ առաջ ամփոփված, խաղաղության մեջ նրա, ով «բարի պատերազմը մղեց, ընթացքն ավարտեց, հավատքը պահպանեց» (Բ Տմ 4, 7)։ Ոչինչ չցանկացավ պահել ինքն իր համար։ Ամեն ինչ նվիրեց։ Եվ այժմ, աղոթենք Հորը, որպեսզի նրա հետ միասին լսենք Հավիտենական Հովվի ձայնը. «Ե՜կ, բարի ու հավատարիմ ծառա, մտի՜ր Տիրոջդ ուրախության մեջ» (Մտթ 25, 21)։
Թող որ Տերն ընդունի նրա հոգին արդարների մեջ, ուր չկա ցավ, և ո՛չ էլ լաց, այլ՝ անվերջ կյանք (հմմտ. Հյտ 21, 4), և թող որ առաջնորդի, Իր Սուրբ Հոգու լույսով, Վսեմաշուք Ծիրանավոր Հայրերին, ովքեր հավաքվելու են՝ Պետրոսի նոր Հաջորդին ընտրելու համար, որպեսզի – Սուրբ Հոգու իմաստությամբ առաջնորդված և Մարիամի՝ Եկեղեցու Մոր պաշտպանության ներքո – ընտրեն մի Հովիվ՝ Աստծո Սրտի համաձայն, ով ընդունակ կլինի լսելու աշխարհի աղաղակը և սիրով ծառայելու Աստծո Եկեղեցուն»։
Առաջնորդ Սրբազանից հետո խոսք առավ Գերշ. Տ. Նաթան Արքեպս. Հովհաննիսյանը.
«Մենք այս օրերին ապրում էինք Տիրոջ Հարության ուրախությունը և ապրիլի 21-ին` Մեռելոց հիշատակին, Սուրբ Էջմիածնի զանգերի ղողանջին հասավ ցավալի լուրը, թե իր Հոր մոտ է վերադարձել բոլորիս համար շատ սիրելի Ֆրանցիսկոս Պապը: Ցավը խառնված Հիսուսի և փրկչական Հարության հետ, մենք մեր աղոթքով մխիթարվում էինք, որ Տերը նրան տարավ` թողնելով, որ վերջին անգամ վերապրի Հարության ուրախությունն այս երկրի վրա և ապա գնա իր Հոր մոտ: Մենք մխիթարվում էինք, որ ինչպես իր ողջ կյանքը Սրբազան Պապը ապրեց հետևելով Հիսուսի քայլերին և Նրա հետ միասին քայլելով նույնիսկ Գողգոթայի ճանապարհով, վստահ ենք, որ Նրա հետ էլ հարություն կառնի և իր մահվան օրը նույնիսկ նշան եղավ:
Ձեր առջև մի լուսավոր կերպար է, ես` նվաստս, Հայ Առաքելական Եկեղեցու համեստ ծառաս, առիթը ունեցել եմ քանիցս հանդիպելու Սրբազան Պապի հետ: Դժվար կլիներ հավատալ, եթե մեկ ուրիշը պատմեր, թե ինչպես առաջին անգամ հանդիպեցի. դա նրա գահակալության օրն էր: Ես ուղեկցում էի Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Առավոտյան հյուրանոցում իջել էինք նախաճաշի, և հանկարծ նկատեցի կողքի սեղանին մեկին, որ շատ նման էր Պապին և Վեհափառին ասացի, թե կարծեմ մեր կողքին Պապն է: Վեհափառը, որ լավ ծանոթ էր նրան դեռևս Արգենտինայից, ասաց` այո: Մենք հանդիպեցինք նրան նախաճաշից հետո և շատ պարզ զրույց ունեցանք: Մենք էինք խնդրում նրա օրհնությունը, բայց նա՜ ուզեց նախ համբուրել Վեհափառի ձեռքը: Վեհափառը չթողեց իհարկե, բայց հենց այդպիսի խոնարհ անձնավորություն էր Պապը:
Ջերմագին հիշողություններ է թողել Սրբազան Պապի այցելությունը Հայաստան: Մենք մշտապես շփվում էինք իր հետ այդ օրերին: Նա ավետարանական քաջ հովվի կերպարն էր, այն քաջ հովիվը, ով իր հոտը պաշտպանելու համար անզեն էլ կգնար գայլերի դեմ, նա վարձկանի հոգեբանություն չուներ և երբևէ իր հոտը չզատեց ուրիշի հոտից: Այս մոլորակի յուրաքանչյուր մարդ նրա մտահոգության առարկան էր, նույնիսկ` ոչ քրիստոնյա:
Նրա գահակալության օրվա առաջին քարոզում նա մի նոր էջ սկսեց Եկեղեցի-մարդ հարաբերության մեջ: Նա մի քանի անգամ կրկնեց մի արտահայտություն` մենք պարտավոր ենք միմյանց մասին հոգ տանել Սուրբ Հովսեփի նման: Մարդը պետք է ապրի Ավետարանի ոսկե օրենքով` պետք է սիրես մերձավորիդ ինչպես քո անձը: Ահավասի՜կ այս քաջ հովիվն այսպիսին էր: Եթե կաթողիկէ հավատացյալները կորցրեցին իրենց հորը, ապա մենք կորցրեցինք մի մեծ և հարազատ բարեկամի:
Որպես քաջ հովիվ, նա մշտապես նաև մեր կողքին էր: Ճիշտ տասը տարի առաջ Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Սուրբ Պատարագ մատուցեց` Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ միասին` մեկ անգամ ևս հիշելով այդ ցավի մասին և դատապարտելով այդ ոճիրը: Գիտեք, որ նա հատուկ վերաբերմունք ուներ նաև հայ աղոթական գրականության հանդեպ. մեր Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակեց Տիեզերական Վարդապետ:
Իր այցը Հայաստան Ֆրանցիսկոս Պապը կոչեց «Այց` առաջին քրիստոնյա երկիր»: Այս ամենը խոսում է իր հարազատության և մեր հանդեպ իր եղբայրական վերաբերմունքի մասին: Այդ նույն վերաբերմունքը մեր ժողովրդի հանդեպ նա ուներ նաև Արցախյան պատերազմի օրերին:
Ես բերում եմ մեր ողջ միաբանության կողմից մեր խորին վշտակցությունը, սիրելի եղբայրներ: Այս պահին Վեհափառ Հայրապետն արդեն Վատիկանում է` վաղը անձամբ մասնակցելու իր համար շատ սիրելի ու թանկագին անձնավորության հուղարկավորությանը, որի ցավը դժվար է արտահայտել բառերով: Մեր աղոթքն է առ Աստված, որպեսզի Տերն իր լուսավոր հարկերի մեջ ընդունի նրա հոգին:
Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի»:
Հռոմի Սուրբ Աթոռի և Պապական Նվիրակ Արքեպիսկոպոս Անտե Յոզիչի անունից խոսք առավ Պապական Նվիրակության Քարտուղար Գերհ. Ալիակսանդր Ռահինիան.
«Խորը երախտագիտությամբ ենք հիշատակում այսօր Ֆրանցիսկոս Պապին և իր աննկուն հանձնառությունը՝ կերտելու ավելի արդար, ավելի ընկալող և մարդկային աշխարհ։ Միանում ենք այսօր երեկոյան աղոթքի մեջ և Աստծուն երախտագիտություն մատուցելու մեջ՝ այն պարգևի համար, որը Ֆրանցիսկոս Պապը եղավ Եկեղեցու և համայն մարդկության համար։ Երախտագետ ենք մոլորյալ մարդկության հանդեպ ցուցաբերված նրա մոտիկության համար։ Ֆրանցիսկոս Պապի դերակատարությունը ճանաչված և գնահատված է Կաթողիկէ Եկեղեցու սահմաններից շատ ու շատ ավելի անդին։ Շատերի կողմից, արդարև, համարվում է համաշխարհային միակ առաջնորդը, որն ընդունակ է միմյանց միավորելու մշակույթներն ու հավատքները, պարզորոշ և ուղղակի բառապաշար գործածելով հանդերձ։
«Urbi et Orbi» («Քաղաքին և Աշխարհին») ուղղված իր Զատկական վերջին Պատգամի մեջ Սրբազան Քահանայապետն ասաց, որ հույսը պատրանք չէ. մի ուժ է, որ կրկին ոտքի է կանգնեցնում և քայլել է տալիս։ Ֆրանցիսկոս Պապի վերջին խոսքերը հստակ են և ներկայանում են իբրև հոգևոր կտակ, որն ամբողջ մարդկությունը պետք է որ գործածի որպես բևեռային աստղ՝ խաղաղությանը միտված իր գործողություններում. «Կոչ եմ ուղղում բոլոր նրանց, ովքեր աշխարհում քաղաքական պաշտոններ են զբաղեցնում. կոչ եմ անում չհավատալ վախի տրամաբանությանը, որը փակում է, այլ՝ գործածել սեփական տրամադրության ներքո եղած միջոցները՝ օգնելու համար կարիքավորներին, պայքարելու համար սովի դեմ, և նպաստելու համար այնպիսի նախաձեռնությունների, որոնք խթանում են զարգացումը։ Սրանք են խաղաղության ”զենքերը”. այն զենքերը, որոնք կերտում են ապագան, մահ սփռելու փոխարեն»։ Միջազգային հանրությանը և քաղաքական առաջնորդներին դիմելով, Պապը հորդորում է. «Կուզենայի, որ վերադառնայինք հուսալու, որ խաղաղությունը հնարավոր է»։ Ես նույնպես կցանկանայի, որ Ֆրանցիսկոս Պապին միշտ հիշեինք` որպես հույսի և խաղաղության Քահանայապետը, կամուրջների և մարդկային եղբայրության Կառուցողը։
Ֆրանցիսկոս Պապի վերջին խոսքերի մեջ չպակասեց – ինչպես արդեն արել էր բազմաթիվ ա՛յլ առիթներով – կոչը՝ խաղաղություն հաստատելու Հարավային Կովկասում, աղոթքով հանդերձ, որ կողմերը «շուտով հասնեն Խաղաղության վերջնական Համաձայնագրի ստորագրմանը ու կյանքի կոչմանը երկու Պետությունների միջև, որը ճանապարհ կբացի մեծապես ցանկալի հաշտեցմանը Տարածաշրջանում»։
Հայաստան կատարած պատմական Առաքելական Ճամփորդության ժամանակ, 2016 թվականին, Ֆրանցիսկոս Պապը կոչ ուղղեց համամիութենական հոգուն, որպեսզի կարողանա արդյունավետ նշան լինել՝ հաղթահարելու համար թշնամանքները և «ցեղասպանության» վիրավոր հիշողությունը։ Հայ Ժողովրդի փառավոր ու ողբերգական փորձառությունը, որը «քարեղեն մաշկ ունի և մայրական քնքշանք», ջանքեր է պահանջում, որպեսզի վիճաբանությունների մեջ միշտ գերակշռի երկխոսությունը, խաղաղության որոնումը, Ժողովուրդների ու Պետությունների միջև համերաշխությունը, պատմական ճշմարտությունը, արդարությունը, նայելով դեպի մի ապագա, որի խորհրդանշանը Նոյան Տապանն է։
Սուրբ Աթոռի և Առաքելական Նվիրակի անունից շնորհակալություն եմ հայտնում Հայ Ժողովրդին և Հայաստանի Հանրապետության Կառավարությանը՝ ցուցաբերված մոտիկության ու բարեկամության համար, Ֆրանցիսկոս Պապի մահվան այս ցավալի հանգամանքի կապակցությամբ։
Շնորհակալություն եմ հայտնում Նորին Գերազանցություններին, Տիկնայք և Պարոնայք Դեսպաններին, և Հայ Ժողովրդի մոտ հավատարմագրված Դիվանագիտական Մարմինների Անդամներին, իրենց ներկայության համար այսօր երեկոյան, և ցավակցական նամակների համար՝ Հռոմի Եպիսկոպոսի մահվան կապակցությամբ։
Շնորհակալություն եմ հայտնում Նորին Սրբություն Գարեգին Երկրորդին՝ Ամենայն Հայոց Ծայրագույն Պատրիարքին ու Կաթողիկոսին, եղբայրական մտերմության ու սրտակցության համար, որ միշտ դրսևորել է Ֆրանցիսկոս Պապի նկատմամբ։ Իրոք, Նորին Սրբություն Գարեգին Երկրորդը հանդիպել է Ֆրանցիսկոս Պապին Արգենտինայում, 2004 և 2011 թվականներին, երբ նա տակավին Բուենոս Այրեսի Արքեպիսկոպոսն էր, և գոհ է եղել՝ տեղեկանալով, որ Կարդինալ Բերգոլյոն սերտ կապեր ու հարաբերություններ ուներ Արգենտինայի հայ համայնքի հետ։ Երկուսի միջև եղբայրական հարաբերությունը տևել է նաև հաջորդ տարիների ընթացքում։ Արհիապատիվ Տեր Նաթան Արքեպիսկոպոս, Ձեզ խնդրում եմ Նորին Սրբությանը փոխանցել մեր խորին երախտագիտությունը։
Ի մասնավորի, սրտանց շնորհակալություն եմ հայտնում Արհիապատիվ Տեր Գևորգ Արքեպիսկոպոսին և Հայ Կաթողիկե Առաջնորդության ողջ հասարակությանը, որը վեհանձնորեն հյուրընկալեց աղոթքի ու մտերմության այս հանդիպումը՝ ի հիշատակ հանգուցյալ Քահանայապետի։
Շնորհակալություն եմ հայտնում Քահանաներին, Քույրերին և ձեզ՝ սիրելի հավատավորներ, ձեր ներկայության և անկեղծ աղոթքի համար՝ Սրբազան Պապ Ֆրանցիսկոսի հոգու հանգստյան համար։
Վերջում, շնորհակալություն ենք հայտնում Աստծուն` Ֆրանցիսկոս Պապի մատուցած ծառայության և այն պարգևի համար, որը նա եղավ Եկեղեցու և մարդկության համար. Հարուցյալ Տերը թող որ ընդունի նրան լույսի ու խաղաղության օթևանի մեջ։ Հանգչի՜ր խաղաղությամբ, սիրելի Ֆրանցիսկոս Պապ»։
Տ. Հովսեփ Քհն. Գալստյան
Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց
Քարոզներն իտալերենից թարգմանեց` Տ. Մաշտոց. Քհն. Գալստյան
25 ապրիլի, 2025թ.