• Հայ կաթողիկէ հոգևոր դասը սրբության և հայրենիքի պաշտպան է. հոգևոր կրթություն` Հարության տոնին ընդառաջ

    «Մենք, նախևառաջ, Քրիստոսի՜ ծառաներ ենք»


    2025թ. մարտի 17-20-ը Երևանի Հայ Կաթողիկէ Առաջնորդարանում հոգևոր դասի համար կազմակերպվեց Սուրբ Հարության տոնի պատրաստության հոգևոր կրթություն` օրհնությամբ Առաջնորդ Հայր Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանի: Հոգևոր նյութերի բանախոսն էր Հայաստանի Ավագերեց Գերպ. Հ. Ներսես Վրդ. Գալստյանը: Ընդհանուր թեման էր «Հովվական կյանքի մարտահրավերները, հատկապես, հավատքի ապրումը` եկեղեցաշինության և հայրենաշինության իդեալականացմամբ:

     

    Հոգևոր կրթության շեշտադրությունը քահանայի կամ վարդապետի կողմից իր հոգևոր ծառայության իմաստի և նպատակի վերարծարծումն ու վերարժևորումն էր` հետևյալ հիմնարար հարցադրումների հիման վրա.

     

    -ու՞մ եմ ես ծառայում, Տեր Հիսուս Քրիստոսի՞ն և Նրա Սուրբ Եկեղեցու՞ն, թե՞ ինձ կամ ուրիշին, կամ, գուցե, այլ նպատակների համար, որոնք խորթ են քահանայությանը,

    -ինչպիսի՞ն է իմ քահանայական առաքելությունը, որքա՞ն խորն է իմ նվիրումը, որքա՞ն ժամանակ եմ տրամադրում իմ ծառայությանը և մարդկանց հոգևոր կարիքներին,

    -ի՞նչ կարող եմ անել ավելին` իմ հոգևոր հոգածությանը հանձնված ժողովրդի հոգևոր և բարոյական վերելքի համար, հոգևոր եկեղեցաշինության համար,

    -արդյո՞ք լիակատար ներդաշնակության կա իմ քարոզի և իմ իրական կյանքի միջև,

    -ինչպե՞ս եմ ընկալում հայրենասիրությունը` հոգևոր տեսանկյունից` որպես քրիստոնյա և որպես Քրիստոսի ծառա, քահանա, որ ծառայում է իր հայրենիքում և հայրենի ժողովրդի համար:

     

    Այս հիմնական հարցադրումներին զուգահեռ Հ. Ներսեսն իր բանախոսություններում եղբայրակից քահանաների ուշադրությունը հրավիրում էր քահանայական ծառայության իրական մարտահրավերների և խնդիրների վրա, որոնց առերեսվելու փորձառությունն ունեցել է ոչ միայն ինքը, այլև` ամբողջ Առաջնորդությունը: Նրա կարծիքով, վերոհիշյալ հարցերի պատասխանների ճշգրտումը յուրաքանչյուր քահանայի համար կօգնի ճիշտ դիմագրավել մարտահրավերներին` եկեղեցական տեսանկյունից և Աստծո համար ընդունելի լուծումներ գտնել խնդիրներին: Որպեսզի քահանան իսկապես գործի որպես Քրիստոսի հավատարիմ ծառա, հարկավոր է, որ նա ձերբազատվի իրեն այդ ծառայության բնույթից շեղող որևէ նպատակից կամ դրդապատճառից, որոնք կարող է աշխարհը ներկայացնել որպես լուրջ մարտահրավեր և խոչընդոտ` լիարժեք քահանայական ծառայության համար:

     

    «Մենք, նախևառաջ, Քրիստոսի՜ ծառաներ ենք, Քրիստոսի առաքյալներն ենք, հայրենի հայ կաթողիկէ ժողովրդի ծառաներն ենք, և մեր սեփական ես-ի կամ ընտանիքի մասին հոգատարությունը չպետք է վնասի այս հիմնարար առաքելությանը», շեշտում էր Հայր Ներսեսը:

     

    Հայրենաշինությունը նրա բանախոսությունների վերջին հանգրվանն էր, որտեղ նրա խոսքը կառուցվեց հետևյալ հիմնարար սկզբունքի վրա` հոգևորականը հայրենիքի պաշտպան է` զինվորի նման, հետևաբար իր աստվածավանդ առաքելության ծիրի մեջ միշտ պետք է միշտ լինի հայրենի արժեքները, հայրենական ինքնությունն ու դիմագիծը ամուր պահելու և ճոխացնելու նպատակը` Տիրոջ Ավետարանի լույսի ներքո և ժողովրդի սրբացման տեսլականով:

     

    Քննարկումների ընթացքում կարևոր միջամտություններ էր անում նաև Առաջնորդ Հայրը և նպաստում միասնական ընկալման, մի յուրօրինակ սիմֆոնիայի կամ ներդաշնակության ձևավորմանը: Ի դեպ, հոգևոր կրթության օրերին մասնակից հոգևորականները գեղեցիկ առիթն ունեցան նաև ունկնդրելու Ժոզեֆ Հայդնի «Աշխարհի արարումը» սիմֆոնիան` Արամ Խաչատրյան համերգասրահում: Սրբազան Հայրը օրինակ բերելով այդ սիմֆոնիկ նվագախումբը և երգիչներին` բացատրեց յուրաքանչյուրի յուրահատուկ ծառայության և նվիրումի կարևորությունը, որպեսզի ընդհանուր առաքելությունը նմանվի մի հոգեզմայլ և աստվածային ներդաշնակ երաժշտության: Աստծո արարչագործությունը ևս մի ներդաշնակություն է և կատարյալ աստվածային սիրո արդյունք:

     

    Հոգևոր կրթության ավարտին տեղի ունեցավ նաև աշխատանքային ժողով` որոշ մարտահրավերներին առավել գործնական ձևով արձագանքելու և հովվական ընդհանուր ռազմավարությունը վերանայելու նպատակով:

     

    Տ. Հովսեփ Քհն. Գալստյան

    Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց

    20 մարտի, 2025թ.

     

     

Օրացույց

Օրացույց