• Մեծ Սեպասարի Սբ. Փրկիչ եկեղեցու 130-ամյա հոբելյանը և Առաջին Սբ. Հաղորդությունը

    «Մեծ ուրախութիւն ու գոհունակութիւն եմ յայտնում Աստծուն, որ ձեզ հետ միասին տօնելու ենք Մեծ Սեպասար գիւղի հիմնասիւնը համարւող Սուրբ Փրկիչ եկեղեցու հիմնադրման 130-ամեակը»:


    2022թ. հունիսի 12-ին Մեծ Սեպասարում տոնեցին Սբ. Փրկիչ հայ կաթողիկէ եկեղեցու հիմնադրման 130-ամյակը և տեղի ունեցավ 10 մանուկների Առաջին Սբ. Հաղորդության հոգեպարար արարողությունը: Տոնական Սբ. Պատարագը մատուցեց Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանը՝ առընթերակայությամբ գյուղի հոգևոր հովիվ Տ. Հովսեփ Քհն. Գալստյանի և ներկայությամբ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկէների Առաքելական Կառավարիչ Գերպ. Հ. Միքայել Վրդ. Բասսալեի: Սբ. Պատարագին ներկա էին Անարատ Հղության հայ միաբան քույրերը, Հայկական Կարիտասի ներկայացուցիչներ, Ռադիո Մարիամը, գյուղի վարչական ղեկավարը, դպրոցի տնօրենը և բազում հավատացյալներ:

    Մանուկներին առաջին Սբ. Հաղորդության պատրաստել էր ք. Մարիամ Հարությունյանը, որ մշտապես աշխատում է Աշոցքի կաթողիկէ գյուղերի մանուկների հետ՝ քրիստոնեական կրոնի դասավանդմամբ: Երեխաները գեղեցիկ աղոթքներով առաջին անգամ իրենց սրտերի մեջ ընդունեցին Հիսուսի Մարմինը և Արյունը:

    Գերհ. Հ. Գառնիկ Հովսեփյանն իր քարոզում ասաց հետևյալը.

    «Սիրելի՛ եղբայրներ եւ քոյրեր ի Քրիստոս,

    Այսօր հիշարժան օր է…

    Մեծ ուրախութիւն ու գոհունակութիւն եմ յայտնում Աստծուն, որ ձեզ հետ միասին տօնելու ենք Մեծ Սեպասար գիւղի հիմնասիւնը համարւող Սուրբ Փրկիչ եկեղեցու հիմնադրման 130-ամեակը:

    Մեծ Սեպասարը այն կաթողիկէ գիւղերից մէկն է, որը մշտապես պահել ու պահպանել է իր հոգեւոր եւ բարոյական նկարագիրը՝ թողնելով մեծ ժառանգութիւն իր յաջորդներին: Ինչպէս պատմութիւնն է մեզ յուշում, գիւղը իր գոյութեան ողջ ընթացքում հանդիպել է բազմաթիւ դժուարութիւնների: Քրիստոնէական իր հաւատքը պահպանելու եւ գօտեպնդելու համար մշտապէս մաքառել է ոսոխների դէմ՝ չկորցնելով երբէք իր ազգային ոգին ու արժէքները: Այս ամէնի մարմնացումը Սուրբ Փրկիչ եկեղեցին է, որը մէկ դարից աւել ծառայում է գիւղի հաւատաւոր ժողովրդին»:

     

    Սբ. Պատարագից հետո Տ. Հովսեփ Քհն. Գալստյանը շնորհակալություն հայտնեց հոգևոր հայրերին Սբ. Պատարագի մատուցման և գյուղի համար այս կարևոր իրադարձությանը ներկա գտնվելու, հավատացյալների ուրախությունը կիսելու համար: Ապա անդրադարձ կատարեց Մեծ Սեպասարի հոգևոր պատմությանը, Սբ. Փրկիչ եկեղեցու կառուցմանը, որ տեղի է ունեցել համայնքի առաջին հոգևոր սպասավոր Արժ. Տ. Պողոս Քահանա Տեր-Վարդանյանի (1818-1895թթ.) ջանքերով և Ալաշկերտից գաղթած բնակիչների աշխատանքով: Տեր Պողոսի սկսած հոգևոր աշխատանքը շարունակել է Արժ. Տ. Դավիթ Քհն. Կոստանյանը (1857-1921թթ.): Գյուղի պատմության մասին Տ. Հովսեփ Գալստյանը կազմել էր մի հոդված, որը տպագրել էր թերթոնի տեսքով և բաժանել բոլոր ներկաներին: Հոդվածում մեծ դժվարությամբ փորձ է արված հավաքել գյուղի բնակիչների հիշողությունները, քանի որ արխիվային նյութեր գյուղի մասին գտնել չի հաջողվել:

     

    Հոգևոր հովիվը Սբ. Փրկիչ եկեղեցու գոյությունը, Սարիղամիշից բերված փայտը, որով պատրաստված սյուներն ու տանիքը կանգուն են մինչև հիմա, համարում է ամուր հավատքի լավագույն մի վկայություն և միաժամանակ ազդարարություն՝ սթափվելու հոգևոր անտարբերության քնից: Համայնքը վերջին երեսուն տարիներին հոգևոր զարթոնքի ընթացք է ապրել: Վերջին երկու տարիներին գյուղում նաև ամենօրյա Սբ. Պատարագ է մատուցվում, ինչը չի եղել համայնքում երկար տասնամյակներ շարունակ: Լավագույն սպասելիքներով և հույսով հոգևոր հովիվը շնորհավորեց հավատացյալներին՝ Սբ. Փրկչի 130-ամյակի և մանուկների առաջին Սբ. Հաղորդության առթիվ, որ հոգևոր առաջխաղացման խոսուն մի խորհրդանիշ է:

     

    Տ. Հովսեփի խնդրանքով ներկաներին շնորհավորական խոսքով դիմեց նաև Առաքելական Կառավարիչ Գերպ. Հ. Միքայել Վրդ. Բասսալեն: Նա աղոթեց, որ Աստված իր առատ օրհնությունները բաշխի Մեծ Սեպասար համայնքին՝ այս հոբեբյանական Սբ.Պատարագի առթիվ:

    Ներկաներին իրենց սրտի խոսքն ասացին նաև համայնքի նախկին գյուղապետեր պրն. Պետրոս Մելիքյանը, պրն. Հովսեփ Պետրոսյանը, որ Տ. Պողոսի ծոռն է, դպրոցի տնօրեն պրն. Հրանտ Մելիքյանը, գյուղի ամենատարեց բնակիչ պրն. Հարություն Սահակյանը:

    Ապա Անարատ Հղության միաբան քույրերը նվերներ հանձնեցին առաջին Սբ. Հաղորդություն ընդունած երեխաներին:

    Եկեղեցու երգչախումբը հանդես եկավ գեղեցիկ հոգևոր և հայկական երգերի կատարմամբ՝ տկն. Հայաստան Ավետիսյանի գլխավորությամբ:

    Եկեղեցու բակում Հ. Գառնիկն օրհնեց մատաղը, որ ներկաներին մատուցեցին Տեր Պողոսի ընտանիքի անդամները: Մատաղի օրհնությունից հետո Երիտասարդական սրահում բոլորը միասին կտրեցին տոնական կարկանդակը և զրուցեցին սուրճի սեղանի շուրջ:

     

Օրացույց

Օրացույց