• «Ավետարանի ճշմարտության հանդեպ անհնար է զիջումների գնալ». Ն. Ս. Ֆրանցիսկոս

    «Ավետարանը բոլոր մարդկանց առաջարկվող խոստումների և փրկության կատարումն է: Ամեն ոք, ով ընդունում է այն, հաշտվում է Աստծո հետ, ընդունվում է որպես իսկական զավակ և ժառանգություն ստանում հավիտենական կյանքը»


    Ամառային կարճատև ընդմիջումից հետո վերսկսելով ընդհանուր ունկնդրությունները՝ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շարունակեց ուսուցողական զրույցների շարքը, որը նվիրված է Սբ. Պողոս առաքյալի Գաղատացիներին ուղղված նամակին: Այսօրվա զրույցի թեման է «Կա միայն մեկ Ավետարան», որն ընդունված է իր ամբողջ ճշմարտությամբ և բերում է ազատություն ու փրկություն, ընդգծեց Նորին Սրբությունը:

     

    Սբ. Պողոսը ոգեշնչվում է՝ խոսելով Բարի Լուրի և ավետարանացման մասին. կարծես նա ոչինչ չի տեսնում, բացի իրեն վստահված առաքելությունից, ընդգծեց Սրբազան Քահանայապետը. նրանում ամեն ինչ նվիրված է ավետարանացմանը և նա բացի Ավետարանից այլ հետաքրքրություններ չունի: Պողոսի այս սերը, խանդավառությունը, մասնագիտությունը հռչակելն է: Նա նույնիսկ ասում է. «Քրիստոսն ինձ չուղարկեց մկրտելու, այլ՝ ավետարանելու»: «Վա՜յ ինձ, եթե չավետարանեմ», – գրում է Պողոս առայալը Կորնթացիներին ուղղված առաջին նամակում: Իսկ Հռոմեացիներին ուղղված նամակում նա ներկայանում է հետևյալ կերպ. «Պողոս՝ Հիսուս Քրիստոսի ծառան, կոչումով առաքյալ, ընտրված քարոզելու Աստծո Ավետարանը»: Սուրբը գիտակցում էր իր կոչումը. Նա ընտրված էր Ավետարանը բոլորին քարոզելու համար, և չէր կարող իր ողջ ներուժը չնվիրել այդ առաքելությանը, ընդգծեց Նորին Սրբությունը: Հետևաբար, միանգամայն հասկանալի են առաքյալի տխրությունը, հիասթափությունը և նույնիսկ դառը հեգնանքը Գաղատացիների նկատմամբ, ովքեր նրա աչքերի առաջ սխալ ճանապարհով են գնում և կարող են հայտնվել անդառնալի մի կետում, շարունակեց Սրբազան Քահանայապետը.

     

    «Ամեն ինչ պտտվում է Ավետարանի շուրջը: Պողոսը չի մտածում «չորս Ավետարանների» մասին, ինչպես դա բնորոշ է մեզ, չէ որ այդ ժամանակ, երբ նա ուղարկում էր այս նամակը, չորս Ավետարաններից ոչ մեկը դեռ գրված չէր: Նրա համար Ավետարան  է այն, ինչը նա քարոզում է, ինչը կոչվում է «կերիգմա», այսինքն՝ հռչակում: Դա Հիսուսի մահվան և հարության հռչակումն է որպես փրկության աղբյուր. Ավետարան, արտահայտված չորս բայերով. «Քրիստոս մեռավ մեր մեղքերի համար՝ ըստ Գրքերի, թաղվեց և հարություն առավ երրորդ օրը՝ ըստ Գրքերի, և երևաց Կեփասին» (տես՝ Ա Կրնթ. 15, 3-5): Այսպիսին է Պողոսի ավետարանացումը, որը բոլորին կյանք է տալիս: Այդ Ավետարանը բոլոր մարդկանց առաջարկվող խոստումների և փրկության կատարումն է: Ամեն ոք, ով ընդունում է այն, հաշտվում է Աստծո հետ, ընդունվում է որպես իսկական զավակ և ժառանգություն ստանում հավիտենական կյանքը»:

     

    Հետևաբար, առաքյալը չի ​​կարողանում բացատրություն գտնել, թե ինչու գաղատացիները, ովքեր այդպիսի մեծ պարգև ստացան, մտքերով անցանկացրին ընդունել մեկ այլ «ավետարան»: Չէ՞ որ կա միայն մեկ Ավետարան՝ Հիսուս Քրիստոսի Ավետարանը, որը քարոզել է նա և մյուս առաքյալները: «Սակայն պետք է նշել, որ այդ քրիստոնյաները դեռ չեն հրաժարվել Պողոսի հռչակած Ավետարանից», – ընդգծեց Նորին Սրբությունը: Առաքյալը գիտի, որ նրանք դեռ ժամանակ ունեն կեղծ քայլ չանելու, դրա համար էլ զգուշացնում է նրանց, որ «նոր» մարգարեների քարոզը ոչ մի կապ չունի Ավետարանի հետ, քանի որ աղավաղում է իսկական Ավետարանը՝ թույլ չտալով նրանց հասնել ազատությանը, որը նրանք ձեռք են բերել հավատքի գալով: «Սա է վճռական բառը», – ընդգծեց Սրբազան Քահանայապետը: «Գաղատացիները դեռ սկսնակ են և նրանց շփոթվածությունը հասկանալի է: Նրանք դեռ չգիտեն Մովսեսի Օրենքի դժվարությունների մասին և Քրիստոսով հավատքն ընդունելու խանդավառությունը ստիպում է նրանց լսել այս նոր քարոզիչներին՝ սխալվելով, թե նրանց ուղերձը լրացնում է Պողոսի պատգամը: Դա այդպես չէ»:

     

    Առաքյալը չի կարող փոխզիջումների գնալ նման վճռական հարցում: Կա միայն մեկ Ավետարան, և հենց դա՛ հռչակեց Պողոսը, մեկ ուրիշը լինել չի կարող: Սակայն Պողոսը չի ասում, որ իսկական Ավետարանը պատկանում է իրեն, նա գրում է. «Հայտնում եմ ձեզ, եղբայրնե՜ր, թե այն Ավետարանը, որ ես ձեզ ավետարանեցի, մարդկային Ավետարան չէ, քանզի ես մարդուց չառա այն, ոչ էլ որևէ մեկից սովորեցի, այլ՝ Հիսուս Քրիստոսի մի հայտնությունից» (Գաղ. 1,11-12): Խրատելով գաղատացիներին՝ Պողոսը կիրառում է բավականին կոշտ արտահայտություններ, ինչպես նաև նզովում նրանց, ովքեր մոլորեցնում էին իրենց՝ քարոզելով «ոչ այն, ինչ դուք ընդունել եք». այսպիսով, առաքյալը ցանկանում էր պաշտպանել համայնքը այն բանից, ինչը սպառնում էր նրա հիմքերին, պարզաբանեց Նորին Սրբությունը.

     

    «Ավետարանի ճշմարտությամբ անհնար է փոխզիջումներ կատարել, քանզի կամ դուք ընդունու՛մ եք Ավետարանը այնպես, ինչպես կա, ինչպես հռչակվել է, կամ ընդունու՛մ եք մեկ այլ բան: Սակայն դուք չե՛ք կարող սակարկել Ավետարանով: Չի կարելի փոխզիջման գնալ: Հավատքն առ Հիսուս սովորական ապրանք չէ. դա փրկություն է, հանդիպում, քավություն: Այն էժան չի վաճառվում»:

     

    Նամակի սկզբում նկարագրված իրավիճակը պարադոքսալ է թվում, քանի որ բոլոր նրանք, ովքեր մասնակցում են դրան, կարծես թե առաջնորդվում են բարի զգացմունքներով, շարունակեց Սրբազան Քահանայապետը: Գաղատացիները կարծում են, որ թլփատվելով նրանք էլ ավելի հավատարիմ կդառնան Աստծո կամքին և այդպիսով էլ ավելի հաճելի կլինեն Պողոսին: Առաքյալի թշնամիները կարծում են, որ իսկական հավատքը հայրերի ավանդույթներին հավատարիմ մնալը և Օրենքը պահպանելն է: Նրանք մեղադրում են Պողոսին, ով նրանց աչքին թվում է ոչ խիստ հետևողական, ուղղահավատ՝ ավանդույթների հանդեպ: Առաքյալը քաջ գիտակցում է, որ իր առաքելությունն ունի աստվածային բնույթ, քանզի այն իրեն հայտնել է հենց Հիսուսը, դրա համար էլ նա ոգեշնչված է Ավետարանի նորույթով: Անհրաժեշտ է քանդել բարի մտադրությունների այս լաբիրինթոսը՝ բարձրագույն ճշմարտությունը հասկանալու համար, որն առավել համահունչ է Հիսուսի Անձին և քարոզչությանը, Նրա անկեղծությանը Հոր սիրո մասին, պարզաբանեց Նորին Սրբությունը.

     

    «Պատմության ընթացքում մենք հաճախ ենք տեսել և նույնիսկ այսօր էլ տեսնում ենք որոշակի  շարժումներ, որոնք Ավետարանը քարոզում է իրենց ձևով՝ երբեմն անկեղծ և իսկական շնորհներով, սակայն հետո նրանք չափազանց հեռու են գնում և ամբողջ Ավետարանը հարմարեցնում են իրենց «շարժման»-ը: Բայց դա Քրիստոսի Ավետարանը չէ, դա շարժման հիմնադրի՛ Ավետարանն է, և այո, այն կարող է օգնել սկզբում, բայց վերջում այն ​​խոր արմատներով պտուղներ չի տալիս: Հետևաբար, Պողոսի հստակ ու վճռական խոսքը օգտակար էր գաղատացիների և մեզ համար: Ավետարանը Քրիստոսի պարգևն է մարդուն, Նա Ինքն է հայտնել մեզ: Հենց դա է մեզ կյանք տալիս», – ավարտին ընդգծեց Սրբազան Քահանայապետը:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց


Recent Comments