• «Սովը հանցանգործություն է՝ ընդդեմ մարդու իրավունքների». Ն. Ս. Ֆրանցիսկոսի ուղերձը՝ ՄԱԿ-ին

    Սրբազան Քահանայապետն արմատական ​​փոփոխությունների վճռորոշ կոչ է անում


    Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն ուղերձ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ ՄԱԿ-ի պարենային համակարգերի նախնական գագաթնաժողովի կապակցությամբ, որն անցկացվեց Հռոմում՝ հուլիսի 26-28:

     

    Նորին Սրբությունն այս իրադարձությունն անվանում է կարևոր հանդիպում, ամենից առաջ այն պատճառով, որ «համավարակը մեզ կանգնեցրել է համակարգային անարդարության դիմաց, որը խաթարում է մարդկային ընտանիքի մեր միասնությունը»: Աղքատությունն ու վնասը մեր ընդհանուր տան նկատմամբ աճում են «բարիքների՝ Աստծո պարգևների անպատասխանատու օգտագործման և չարաշահման պատճառով»: Սրբազան Քահանայապետն արմատական ​​փոփոխությունների վճռորոշ կոչ է անում. բավարար չէ տեխնոլոգիաները զարգացնել հանուն համաշխարհային արտադրության, եթե արդյունքում «ստերիլիզացվում է բնությունը», ընդլայնվում են արտաքին ու ներքին (հոգևոր) անապատները, և շատ մարդիկ մնում են առանց հանապազօրյա հացի: «Սա իսկական գայթակղություն է, -հայտարարում է Նորին Սրբությունը, – հանցագործություն, որը խախտում է մարդու հիմնարար իրավունքները, անարդարություն, որը մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է արմատախիլ անել կոնկրետ գործողություններով, առաջադեմ փորձով և համարձակ քաղաքականությամբ՝ տեղական ու միջազգային մակարդակներում»:

     

    Սրբազան Քահանայապետը հանդես է գալիս կոնկրետ առաջարկներով. Նախ, անհրաժեշտ է «ճիշտ և բարեկիրթ» ձևով վերափոխել արտադրական համակարգերը, որպեսզի դրանք դառնան «էկոլոգիապես կայուն և հարգալից՝ տեղական մշակույթների նկատմամբ»: Դա պետք է նպաստի «տեղական տնտեսության զարգացմանը, սննդի բարելավմանը, սննդային թափոնների կրճատմանը և ապահովի առողջ սնունդ բոլորի համար»: Սակայն նման փոփոխությունները պետք է սկսել ներսից, քանզի «զրոյական քաղցի» հնարավոր չէ հասնել պարենամթերքի հասարակ արտադրությամբ, այլ դրան կարելի է հասնել միայն Երկիրն ու մարդու արժանապատվությունը պաշտպանող նոր մտածողության, ամբողջական մոտեցման և պարենային համակարգերի ստեղծման շնորհիվ:

     

    Երկրորդ, շարունակում է Նորին Սրբությունը, «առանց ապագան վնասելու» այսօրվա աշխարհը կերակրելու համար պետք է խրախուսել արժանապատիվ աշխատանքն ու աջակցել տեղական մակարդակներով: Անհրաժեշտ է «գյուղատնտեսական սեկտորին վերադարձնել քաղաքական և տնտեսական որոշումներ կայացնելու գերակա դերը», հատկապես հետհամաճարակային վերականգնման փուլում: Մասնավորապես, փոքր ֆերմերներին և գյուղացիական ընտանիքներին պետք է վերաբերվել որպես արտոնյալ սուբյեկտների՝ նրանց իրական կարիքները հասկանալու համար, քանզի նրանց ավանդական գիտելիքները չպետք է անտեսվեն:

     

    Պարենային համակարգերի էական բաղադրիչը ընտանիքն է, քանի որ այնտեղ «մարդիկ սովորում են առանց չարաշահելու օգտագործել Երկրի բարիքները», ընդգծում է Սրբազան Քահանայապետը: Հենց ընտանիքում ենք նրանք բացահայտում կենսակերպը, որը «հարգում է անձնական և ընդհանուր բարօրությունը»: Հետևաբար, արդյունավետ քաղաքականությունը պետք է ամբողջությամբ բավարարի ամենաաղքատ և ամենահեռավոր բնակավայրերի գյուղացիների՝ երիտասարդների, կանանց և ֆերմերների կարիքները: Ցավոք սրտի, ընդգծում է Նորին Սրբությունը, գոյություն ունեն «տնտեսական հզոր շահեր, որոնք խոչընդոտում են պարենային համակարգերի ստեղծմանը, որը պատասխանատու է ընդհանուր բարօրության, համերաշխության և հանդիպման մշակույթի արժեքների համար»: «Արգասաբեր բազմակողմանիություն» ապահովելու և պատասխանատու պարենային համակարգերը պահպանելու համար անհրաժեշտ է «արդարություն, խաղաղություն և մարդկային ընտանիքի միասնություն»:

     

    Ըստ Սրբազան Քահանայապետի, ամեն ոք կանչված է իրականացնելու այն աշխարհի երազանքը, որտեղ «հացը, ջուրը, դեղամիջոցներն ու աշխատուժը առատորեն հասնում են բոլորին, և ամենից առաջ՝ ամենաաղքատներին»: Այդ բարի նպատակի համար են ծառայում Սուրբ Աթոռն ու Կաթողիկէ Եկեղեցին՝ «միահյուսելով կամքը և ուժը, գործողությունները և իմաստուն որոշումները»:

     

    Ուղերձի ավարտին Նորին Սրբությունը ցանկանում է, որ աշխարհում ոչ ոք չզրկվի որևէ բանից և կարողանա բավարարել իր հիմնական կարիքները՝ կառուցելով խաղաղ, բարեկեցիկ և իսկապես եղբայրական հասարակություն:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան

Օրացույց

Օրացույց


Recent Comments