• Պապը՝ մեր ունեցած քիչն Աստծուն նվիրելու և ամեն օր սովից մահացող երեխաների մասին

    Լավ կլինի՝ ինքներս մեզ ամեն օր հարցնեք. «Ի՞նչ կարող եմ տալ Հիսուսին այսօր»


    Կիսվե՛ք ձեր շնորհներով և այն քչով, որն ունեք, կոչ արեց Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը՝ «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ: Նա խոսեց քչի և պարգևի վերաբերյալ Աստծո տրամաբանության մասին, որը հակադրվում է կուտակելու և անընդհատ բազմապատկելու մարդկային տրամաբանությանը: Ուրիշների հետ չկիսվելու անկարողությունը հանգեցնում է նրան, որ ամեն օր աշխարհում սովից մահանում են հազարավոր երեխաներ, ընդգծեց Նորին Սրբությունը:

     

    Մեկնաբանելով կիրակնօրյա Ավետարանի հատվածը, որտեղ նկարագրվում է հացի և ձկան բազմացումը՝ Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ Հիսուսը ոչնչից հաց ու ձուկ չի ստեղծում ձեռքի շարժումով, այլ հրաշքի համար օգտագործում է այն, ինչ աշակերտները բերել էին Նրան. «Այստեղ մի պատանի կա, որ հինգ գարեհաց ունի և երկու ձուկ, բայց այդքանն ի՞նչ է այսչափ մարդկանց համար» (տես՝ Հովհ. 6,9): Դա քիչ է, գրեթե ոչինչ, սակայն այդքանն էլ բավական է Հիսուսի համար»:

     

    Նորին Սրբությունն ուշադրություն հրավիրեց պատանու վրա, ով հաճախ անտեսվում է և ում առաքյալները խնդրեցին ուրիշների հետ կիսվել իր ունեցած ուտելիքով: Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ սա մարդկային տեսակետից անտրամաբանական առաջարկություն է. ինչու՞ մի բան վերցնել մեկից, ինչը չի բավականացնի բոլորի քաղցը հագեցնելու համար: Սակայն այս անշահախնդիր և, հետևաբար, հերոսական պարգևի շնորհիվ Հիսուսը կարող է կերակրել բոլորին.

    «Սա մեծ դաս է բոլորիս համար, որն ասում է, որ Տերը շատ բան կարող է անել այն քչով, որը մենք ենք տրամադրում Նրան: Լավ կլինի ինքներս մեզ ամեն օր հարցնեք. «Ի՞նչ կարող եմ տալ Հիսուսին այսօր»: Նա շատ բան կարող է անել շնորհիվ մեր աղոթքի, ուրիշների հանդեպ մեր ողորմածության ժեստի, նույնիսկ մեր տառապանքների, որոնք թողել ենք Նրա գթությանը: Հենց այսպես է գործում Աստված. Նա մեծ գործ է անում Իրեն անշահախնդիր տրված փոքր բանի օգնությամբ»:

     

    Աստվածաշնչի բոլոր մեծ հերոսները՝ Աբրահամից մինչև Մարիամ և  այսօրվա պատանին, ցույց են տալիս քչի և պարգևի այդ տրամաբանությունը, շարունակեց Նորին Սրբությունը.

     

    «Պարգևելու տրամաբանությունը արմատապես տարբերվում է մեր տրամաբանությունից: Մենք փորձում ենք կուտակել և բազմապատկել այն, ինչ ունենք, իսկ Հիսուս, ընդհակառակը, խնդրում է տալ, քչացնել: Մենք սիրում ենք ավելացնել, սակայն Հիսուս սիրում է նվազեցնել, ինչ-որ բան վերցնել՝ ուրիշներին տալու համար: Մենք ցանկանում ենք շատացնել մեզ համար, սակայն Հիսուս գնահատում է, երբ մենք կիսվում ենք ուրիշների հետ: Հետաքրքիր է, որ հացի բազմացման ավետարանական պատմություններում ոչ մի անգամ մեզ չի հանդիպում «շատացնել» բայը: Ավելին, օգտագործված բայերն ունեն հակառակ նշանը. «Բեկանել», «տալ», «բաժանել» (տես՝ Հովհ. 6,11; Մտթ. 14,19; Մկ. 6,41; Ղկ. 9,16): Սակայն շատացնել բայը չի օգտագործվում: Իսկական հրաշքը, ասում է Հիսուսը, դա բազմապատկումը չէ, որը ծնում է գոռոզություն և իշխանություն, այլ՝ բաժանումը, որը շատացնում է սերը և թույլ տալիս Աստծուն հրաշքներ գործել: Եկե՛ք փորձենք շատ կիսվել: Եկե՛ք փորձենք գնալ այս ճանապարհով, որը Հիսուսն է սովորեցնում մեզ»:

     

    Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ այսօր ևս հարստության բազմացումն առանց դրա արդար բաշխման չի լուծում խնդիրները: Այս համատեքստում նա հիշեցրեց սովի ողբերգության մասին, որից հատկապես տառապում են երեխաները.

     

    «Պաշտոնապես հաշվարկվել է, որ աշխարհում ամեն օր մինչև հինգ տարեկան մոտ յոթ հազար երեխա է մահանում թերասնումից, քանի որ նրանց չի բավականացնում կյանքի համար ամենակարևոր բանը: Նման զայրացուցիչ փաստերը տեսնելով՝ Հիսուս կոչով մեզ է դիմում (…). «Համարձակորե՜ն տվե՛ք այն քիչը, որ ունեք, ձեր տաղանդները և ունեցվածքը, տվե՛ք դրանք Հիսուսին և ձեր եղբայրներին: Մի՛ վախեցեք, ոչինչ չի կորչի, քանզի եթե դու կիսվում ես, ապա Աստված շատացնում է: Ազատվե՛ք կեղծ համեստությունից, անարժանության զգացումից, վստահե՛ք: Հավատացե՛ք սիրուն, ծառայության ուժին, անշահախնդրության ուժին»:

     

    Խորհրդածության ավարտին Նորին Սրբությունը խնդրեց Սուրբ Կույս Մարիամին «օգնել մեզ բացել մեր սրտերը Տիրոջ կոչերի և այլ մարդկանց կարիքների համար»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան

Օրացույց

Օրացույց


Recent Comments