• Տատիկներն ու պապիկներն իրենց երազանքներով և հավատքով կարող են փոխել աշխարհը

    «Դուք պետք է ձեր առջև նպատակ դնեք. փորձել հաղթահարել ձեր սահմանափակումները և նոր բան ձեռնարկել»


    Տատիկների, պապիկների և տարեցների I համաշխարհային օրվա կապակցությամբ, որը նշվեց հուլիսի 25-ին, Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը աշխարհի բոլոր տարեցներին դիմեց հատուկ ուղերձով:

     

    Նորին Սրբությունը տարեցներին հավաստիացնում է Եկեղեցու մերձավորության, սիրո և հոգատարության մեջ՝ նրանց ուղղելով Համբարձվելուց առաջ Հիսուսի ասված խոսքերը. «Ես ձեզ հետ եմ բոլոր օրերին» (Մտթ. 28,20): Այս ուղերձն ուղղված է նրանց դժվարին ժամանակներում. «Համավարակը դարձավ անսպասելի և կատաղի փոթորիկ», որը հարվածեց բոլորին, հատկապես, տարեցներին, քանզի նրանցից շատերը հիվանդացան և հեռացան այս կյանքից, ուղեկցեցին իրենց մահացող ամուսիններին և հարազատներին, միայնակ զգացին երկարատև մեկուսացման հետևանքները:

     

    Տերը գիտի ամեն մի զգացած ցավի մասին և, ինչպես Սբ. Հովակիմի՝ Հիսուսի պապիկի դեպքում, միշտ հրեշտակներ է ուղարկում՝ պահելով Իր խոստումը. «Ես ձեզ հետ եմ բոլոր օրերին»: Տատիկների և պապիկների I համաշխարհային օրը Սրբազան Քահանայապետը ցանկացավ «առաջին անգամ նշել հենց այս տարի՝ երկարատև մեկուսացումից և համայնքային կյանքի դանդաղ վերածննդից հետո»: Այս տոնի իմաստն այն է, որ «յուրաքանչյուր պապիկի, տատիկի և տարեց մարդու՝ հատկապես միայնակներին այցելի հրեշտակը»: Երբեմն այդ հրեշտակներն ունեն թոռների, ընտանիքի անդամների, հին ընկերների կամ նոր ծանոթների դեմքերը. «Այս ընթացքում մենք հացկացանք, թե որքան կարևոր են գրկախառնումներն ու այցելությունները մեզանից յուրաքանչյուրի համար, և որքան տխուր է, որ ինչ-որ տեղ դա դեռ անհնար է»:

     

    Սակայն Տերը, ընդգծում է Նորին Սրբությունը, մեզ առաքյալներ է ուղարկում նաև Աստծո Խոսքի միջոցով, ուստի կարևոր է. «ամեն օր կարդալ մի հատված Ավետարանից, աղոթել Սաղմոսները, կարդալ մարգարեների գրածները». մեզ կհուզի Տիրոջ հավատարմությունը, Ով օրվա և կյանքի ցանկացած պահին մշակներ է ուղարկում Իր խաղողի այգին (տես՝ Մտթ. 20,1-16): Սրբազան Քահանայապետը վկայում է, որ նա ևս կանչված է եղել Սբ. Պետրոսի աթոռի համար երբ արդեն «կենսաթոշակային տարիքի էր» և չէր կարծում, որ «շատ նոր բան» կաներ: Սակայն Մխիթարիչ Տերը միշտ մոտ է. «Նա հավերժ է և երբեք թոշակի չի անցնում»:

     

    Տարեցները, ըստ Նորին Սրբության, կանչված են «արմատները պահպանելու», երիտասարդներին հավատքը փոխանցելու և ամենափոքրերի մասին հոգ տանելու համար.

     

    «Գոյություն չունի կենսաթոշակային տարիք, երբ խոսքը վերաբերում է Ավետարանը հռչակելուն, ավանդույթները թոռներին փոխանցելուն»:

     

    Դուք պետք է ձեր առջև նպատակ դնեք. փորձել հաղթահարել ձեր սահմանափակումները և նոր բան ձեռնարկել: Նիկոդեմոսը հարցնում է Հիսուսին. «Ինչպե՞ս կարող է ծնվել մի մարդ, որ ծեր է» (Հովհ. 3,4), և Տերը պատասխանում է, որ դա հնարավոր է անել՝ սիրտը Սուրբ Հոգու առջև բացելով, Որը շնչում է որտեղ ուզում է:

     

    Դասեր պետք է քաղել ներկայիս COVID-19 համավարակի ճգնաժամից, ընդգծում է Սրբազան Քահանայապետը: Շնչառական ապարատների բացակայության պատճառով տարեցների մահը, վարակված մարդկանց մեծաթիվ տառապանքները չպետք է զուր լինեն, այլ պետք է օգնեն նոր կենսակերպ սկսել: Պետք է մեկընդմիշտ հասկանալ, որ «մենք միմյանց կարիքն ունենք և պարտական ենք միմյանց». Մարդկությունը միայն այդպե՛ս կարող է վերածնվել, քանզի ոչ ոք միայնակ չի կարող ինքն իրեն փրկել:

     

    Տարեցները, ընդգծում է Նորին Սրբությունը, կանչված են վաղվա աշխարհը եղբայրության և սոցիալական բարեկամության մեջ կառուցելու համար, որը պետք է ունենա երեք հիմնասյուններ, որոնք տարեցները կարող են օգնել կառուցել շատ ավելի լավ, քան մյուսները. դրանք են երազանքը, հիշողությունը և աղոթքը:

     

    Հովել մարգարեն մի անգամ խոստացավ. «Ձեր ծերերը երազներ կտեսնեն, և ձեր երիտասարդները տեսիլքներ կունենան» (2,28): Աշխարհի ապագան երիտասարդների և ծերերի ուխտի մեջ է, ընդգծում է Սրբազան Քահանայապետը, քանզի հենց երիտասարդներն են կարող իրականացնել տարեցների երազանքը, սակայն դրա համար անհրաժեշտ է, որ տարեցները շարունակեն երազել արդարության, խաղաղության և համերաշխության մասին, վկայեն դժվարին իրավիճակներից դուրս գալու իրենց հաջող փորձի մասին:

     

    Ըստ Նորին Սրբության, երազանքները միահյուսվում են հիշողության հետ, որն ամեն մի ծերունու իրական առաքելությունն է, ով զգացել է դժբախտության ցավը և գիտի խաղաղության գինը: Հիշողությունը կյանքի հիմքն է և առավել մարդկային, հյուրընկալ աշխարհի հենարանը:

     

    Նոր, վերածնված աշխարհի երրորդ սյունը աղոթքն է.

    «Բենեդիկտոս Պապը, ով միշտ աղոթում է Եկեղեցու համար և աշխատում հանուն նրա, մի անգամ ասել է. «Տարեցների աղոթքը կարող է պաշտպանել և օգնել աշխարհին, գուցե ավելի արդյունավետ, քան շատերի ջանքերը»:

     

    Տարեցների աղոթքը թանկագին աղբյուր է, ընդգծեց Նորին Սրբությունը. դա «թոք» է առանց որի չի կարող գոյություն ունենալ ո՛չ Եկեղեցին, ո՛չ էլ աշխարհը՝ հատկապես մարդկության համար այս դժվարին պայմաններում:

     

    Ուղերձի ավարտին Սրբազան Քահանայապետը բերում է Երանելի ճգնավոր Շառլ դե Ֆուկոյի հրաշալի օրինակը.

     

    «Նրա ճակատագիրը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է նույնիսկ միայնության անապատում բարեխոսել հանուն ամբողջ աշխարհի աղքատների ու իսկապես դառնալ եղբայր և քույր բոլորի համար: <…> Թո՛ղ մեզանից յուրաքանչյուրը սովորի կրկնել բոլորին, հատկապես, ամենափոքրերին՝ Հիսուսի մխիթարական այն խոսքերը, որոնք այսօր լսեցինք մեր հասցեին. «Ես ձեզ հետ եմ բոլոր օրերին»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց


Recent Comments