«Թո՜ղ որ Սուրբ Հաղորդության՝ սիրո և փառքի խորհրդի ժամանակ, ձեռք բերեք շնորհ և լույս, որը լուսավորում է կյանքի ճանապարհը»
Հունիսի 2-ի ընդհանուր ունկնդրության ավարտին Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը սրտագին ողջունեց Վատիկանի Առաքելական պալատի մոտակայքում գտնվող Սբ. Դամասոսի գավիթում հավաքված ուխտավորներին և բոլոր հավատացյալներին ամբողջ աշխարհից, ովքեր ԶԼՄ միջոցով էին հետևում հանդիպմանը:
Նորին Սրբությունը հավաստիացրեց ծերերին, երիտասարդներին, հիվանդներին և նորապսակներին, որ Հիսուսն ուղեկցում է մեզ առօրյա կյանքում, նրա աղոթքն աջակցում է մեզ ամենասովորական, առօրյա գործերում.
«Եկե՛ք աշխատելիս մեր մտքերը ուղղորդենք դեպի Հիսուսը և փորձենք Նրա դեմքը տեսնել յուրաքանչյուր հանդիպած (պատահած) մարդու մեջ: Թո՛ղ Տերն առաջնորդի մեզ մեր ճանապարհին: Մի՛ մոռացեք, որ Հիսուս միշտ աղոթում է մեզ համար. Նա մեր երկչոտ աղոթքներն Իր աղոթքների հետ միասին ներկայացնում է Երկնային Հորը: Աստված սիրում է մեզ և ունի ծրագրեր մեր կյանքի համար, և երբ մենք կանչում ենք Նրան, Նա պատասխանում է: Չէ որ հենց Նա է հավաստիացրել. «Խնդրեցե՛ք Աստծուց, և Նա կտա ձեզ, փնտրեցե՛ք և կգտնեք, բախեցե՛ք և կբացվի ձեր առաջ» (Մտթ. 7,7):
Սրբազան Քահանայապետը հիշեցրեց, որ հունիսի 3-ին Վատիկանում Քրիստոսի Սուրբ Մարմնի և Արյան Տոնն է.
«Թո՛ղ այդ տոնն օգնի մեզ ավելի լավ հասկանալ Հիսուսի իրական ներկայությունը մեր մեջ Սուրբ Հաղորդության միջոցով: Թո՛ղ Քրիստոսի Մարմինն ու Արյունը յուրաքանչյուրի համար լինեն ներկայություն և աջակցություն դժվարությունների ժամանակ, բարձրագույն մխիթարություն ամենօրյա դժբախտությունները հաղթահարելիս և հավերժական հարության երաշխիք: Թո՜ղ որ Սուրբ Հաղորդության՝ սիրո և փառքի խորհրդի ժամանակ, ձեռք բերեք շնորհ և լույս, որը լուսավորում է կյանքի ճանապարհը: Ես Տիրոջ ուրախությունն ու խաղաղությունն եմ խնդրում ձեզ և ձեր ընտանիքների համար: Թո՜ղ Տերը օրհնի ձեզ»:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը