• Գոյություն չունի քրիստոնեություն «հեռավորության վրա»

    Քրիստոնեությունը, ամենիից առաջ, կենդանի կապ է հարուցյալ Տիրոջ հետ


    Քրիստոնեությունը, ամենից առաջ, կենդանի կապ է հարուցյալ Տիրոջ հետ, այլ՝ ոչ միայն ուսմունք կամ բարոյական գաղափար, ընդգծեց Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը ապրիլի 18-ին՝ «Երկնի Թագուհի» աղոթքը կարդալուց առաջ:

     

    «Զատկի այս երրորդ կիրակի օրը մենք վերադառնում ենք Երուսաղեմ, կարծես առաջնորդվելով Էմմավուսցի երկու աշակերտների ասածով, ովքեր ճանապարհին մեծ ոգևորությամբ լսում էին Հիսուսի խոսքերը և այնուհետև Նրան ճանաչեցին «հացը կտրելու ժամանակ» (Ղկ. 24,35), – հիշեցրեց Նորին Սրբությունը: – Հիմա հարություն առած Քրիստոսը կանգնում է աշակերտների մեջ և ողջունում է նրանց. «Խաղաղությու՜ն ձեզ» (տես՝ Ղկ. 24,36): Սակայն նրանք վախեցած են և կարծում են, թե «ոգի» են տեսնում՝ ինչպես ասված է Ավետարանում (տես՝ Ղկ. 24,37): Այդ ժամանակ Հիսուս ցույց է տալիս նրանց Իր վերքերը և ասում. «տեսե՛ք Իմ ձեռքերն ու ոտքերը, որովհետև նույն ինքն Ես եմ, շոշափեցե՛ք Ինձ» (տես՝ Ղկ. 24,39): Նրանց համոզելու համար՝ Նա ուտելիք է խնդրում և համտեսում է այն նրանց զարմացած հայացքների ներքո (տես՝ Ղկ. 24,41-42)»:

     

    Այս նկարագրության մեջ կա մեկ կարևոր հանգամանք, պարզաբանեց Սրբազան Քահանայապետը. Ավետարանում ասվում է, որ առաքյալները «ուրախությունից դեռ չէին հավատում»: Նրանց ուրախությունն այնքան մեծ էր, որ նրանք չէին կարողանում հավատալ կատարվածին: Եվս մեկ հանգամանք. նրանք զարմացած էին, քանզի Աստծո հետ հանդիպումը միշտ զարմացնում է: Մեր տածած զգացմունքները առավել ուժեղ են ցանկացած ուրախությունից և խանդավառությունից, դա բոլորովին այլ փորձառություն է, այլ հոգեվիճակ, որը հնարավոր չէ մոռանալ:

     

    Կիրակնօրյա ավետարանի էջը կարելի է բնութագրել երեք բայերով, որոնք որոշակի կերպով արտացոլում են մեր անձնական և համայնքային կյանքը. նայել, դիպչել և ճաշակել, ասաց Սրբազան Քահանայապետը:

     

    Ավետարանում կարդում ենք, որ Տերը հորդորում է առաքյալներին նայել Իր ձեռքերին և ոտքերին: Նայելը ոչ միայն տեսնել է, այլ ավելին է, որն իր մեջ ներառում է մտադրությունը, կամքը: Ահա թե ինչու է դա սիրո բայերից մեկը, պարզաբանեց Նորին Սրբությունը.

     

    «Մայրը և հայրը նայում են իրենց զավակին, սիրահարները նայում են միմյանց, լավ բժիշկը մանրակրկիտ զննում է հիվանդին: Հայացքը առաջին քայլն է անտարբերությանը և ուրիշների  դժվարություններից ու տառապանքներից երես թեքելու գայթակղությանը դիմագրավելու համար»:

     

    Երկրորդ բայը դիպչելն է, ասաց Սրբազան Քահանայապետը: Քրիստոսը հրավիրում է աշակերտներին դիպչել Իրեն և համոզվել, որ Նա ամենևին ուրվական չէ: Այսպիսով, Տերը նշում է, որ Նրա և մեր եղբայրների հետ հարաբերությունները չեն կարող իրականացվել «հեռավորության վրա»: Անհնար է լինել քրիստոնյա հեռավորության վրա, քանզի սերը պահանջում է մտերմություն և հպման կաիրք ունի: Բարի սամարացին միայն չնայեց մարդու վրա, ում ճանապարհին գտավ կիսամեռ վիճակում. նա կանգ առավ և խոնարհվեց, որպեսզի վիրակապի նրա վերքերը, այնուհետև իր ձին նստեցրեց և տարավ հյուրանոց: «Նույնը վերաբերում է Հիսուսին, – ընդգծեց Նորին Սրբությունը: – Նրան սիրել նշանակում է մտնել կյանքի հաղորդության մեջ, հաղորդակցվել Նրա հետ»:

     

    Երրորդ բայը ճաշակելն է. երբ Հիսուս ուտելիք խնդրեց և նստեց Իր աշակերտների հետ, Նա դրսևորեց մեր մարդկային էության ամենաբնական կարիքը. գոյատևելու համար մեզ բոլորիս անհրաժեշտ է սնունդ: Սակայն ուտելիքը ևս դառնում է սիրո, միասնության, տոնի արտահայտման ձև, երբ մենք այն ճաշակում ենք ընտանիքի կամ ընկերների հետ միասին, ընդգծեց Սրբազան Քահանայապետը.

     

    «Որքան հաճախ է Ավետարանը մեզ ցույց տալիս Հիսուսին նստած միասնական սեղանի շուրջ: Այդ թվում նաև Հարություն առած Քրիստոսին՝ Իր աշակերտների հետ միասին: Հաղորդությունը դարձել է քրիստոնյա համայնքի խորհրդանիշը: Միասին ճաշակել Քրիստոսի Մարմինը, ահա սա է քրիստոնեկան կյանքի էությունը»:

     

    Խորհրդածության ավարտին Սրբազան Քահանայապետն ասաց.

     

    «Եղբայրնե՛ր և քույրե՛ր, Ավետարանի այս հատվածը մեզ ասում է, որ Հիսուս «ուրվական» չէ, այլ Նա կենդանի Մարդ է: Մեզ մոտ գալով՝ Հիսուս պարգևում է այնպիսի ուրախություն, որին մենք ունակ չենք հավատալ: Նա մեր մեջ այնպիսի զարմանք է ծնում, որը միայն Աստծո ներկայությունը կարող է առաջացնել, քանի որ Հիսուսը կենդանի է: Քրիստոնեությունը, ամենիից առաջ, կենդանի կապ է հարուցյալ Տիրոջ հետ, այլ՝ ոչ միայն ուսմունք կամ բարոյական գաղափար. մենք նայում ենք Նրան, մենք դիպչում ենք Նրան, մենք սնվում ենք Նրանով և, Նրա սիրով վերափոխվելով, նայում ենք ուրիշներին, դիպչում և կերակրում ենք նրանց՝ որպես եղբայրներ և քույրեր: Թո՛ղ օգնի մեզ Սուրբ Կույս Մարիամը ապրել, զգալ այդ շնորհի փորձառությունը»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց


November 2022
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
November 2022
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930