• «Ո՞վ եմ ես». Հիսուս հարցնում է յուրաքանչյուրիս

    «Դու վեմ ես, և այդ վեմի վրա պիտի շինեմ իմ եկեղեցին, ու դժոխքի դռները այն չպիտի հաղթահարեն»


    Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը «Հրեշտակ Տեառն» աղոթքն ասելուց առաջ 2020թ. օգոստոսի 23-ին իր խորհրդածության մեջ հիշեցրեց, որ «քարը», որի վրա Հիսուս ցանկանում է կառուցել Իր Եկեղեցին, հավատքն է: Մեկնաբանելով կիրակնօրյա Ավետարանի հատվածը (Մտթ. 16, 13-20), որտեղ Հիսուս հարցնում է աշակերտներին, թե Ով է Ինքը, Նորին Սրբությունն ընդգծեց, որ այս հարցին պետք է պատասխանի յուրաքանչյուր քրիստոնյա:

     

    Հիսուս քաջալերում է Պետրոսին դավանել իր հավատքը, քանի որ ցանկանում է վճռական քայլ կատարել՝ Իր և աշակերտների հարաբերությունների միջև: Հիսուսի ամբողջ ուղին, ճանապարհը նրանց հետ է, ովքեր հետևում են Նրան, դա հավատքի ձևավորման ուղին է, ընդգծեց Սրբազան Քահանայապետը: Առաքյալներն ուրախությամբ են պատասխանում Հիսուսի առաջին հարցին. «Մարդիկ իմ մասին ի՞նչ են ասում, ո՞վ եմ Ես»: Ոչ մի մարդկային բան նրանց խորթ չէ, ինչպես և մեզ բոլորիս համար, դա է պատճառը, որ նրանք հաճույքով բամբասում են, ընդգծեց Նորին Սրբությունը:

     

    Սակայն երկրորդ հարցը հենց նրանց էր ուղղված. «Իսկ դու՛ք իմ մասին ի՞նչ եք ասում, ո՞վ եմ ես»: Այստեղ մի պահ լռություն է տիրում, քանի որ առաքյալներից յուրաքանչյուրը պետք է տա իր պատասխանը, թե ինչու՛ է հետևում Հիսուսին, ենթադրում է Նորին Սրբությունը և պարզաբանում, որ այդ երկմտությունն ու անվճռականությունը լիովին արդարացված են: Անհարմար իրավիճակից առաքյալներին փրկում է Սիմոնը, ով վճռականորեն հայտարարում է. «Դու՛ ես Քրիստոսը՝ կենդանի Աստծո Որդին»:

    «Այս պատասխանը ամբողջական է և պարզ, այն իմպուլսիվ չէր, որքան էլ, որ Պետրոսը մեծահոգի լիներ, իսկ նա մեծահոգի էր: Այն հանդիսանում է Երկնային Հոր հատուկ շնորհի պտուղը: Քանզի Հիսուս Ի՛նքն է ասում Պետրոսին. «Մարմինը և արյունը չէ, որ հայտնեց քեզ (այսինքն՝ մշակույթը,  որտեղ նա սովորել էր), այլ՝ իմ Հայրը, որ երկնքում է» (Մտթ. 16,17):

     

    Հիսուսին դավանելու կարողությունը Հոր ողորմածությունն է, և մենք պետք է Աստծուց խնդրենք այդ շնորհը, ասաց Սրբազան Քահանայապետը: Պետրոսի պատասխանում Հիսուս լսում է շնորհի ներշնչանքի ձայնը և հանդիսավոր ասում է. «Դու վեմ ես, և այդ վեմի վրա պիտի շինեմ իմ եկեղեցին, ու դժոխքի դռները այն չպիտի հաղթահարեն»:

     

    Իր այս հարցով «Իսկ դուք իմ մասին ի՞նչ եք ասում, ո՞վ եմ ես» Քրիստոս դիմում է բոլոր քրիստոնյաներին, շարունակեց Սրբազան Քահանայապետը.

     

    «Մեզանից յուրաքանչյուրը պետք է տա ոչ թե տեսական պատասախան, այլ՝ հավատքից բխած պատասխան, այսինքն՝ կյանքով, քանզի հավատքը կյանք է: «Ինձ համար Դու…» և խոստովանել Հիսուսին: Այդ պատասխանը պահանջում է մեզանից, ինչպես առաջին աշակերտներից, լսել Հոր ձայնը և լինել հետևողական, որ Պետրոսի շուրջը հավաքված Եկեղեցին անընդհատ քարոզի: Խոսքն այն մասին է, որ պետք է հասկանալ՝ ո՛վ է Հիսուս Քրիստոս մեզ համար, արդյո՞ք Նա կա մեր կյանքում և հանդիսանում է մեր բոլոր պարտավորությունների նպատակը Եկեղեցում և հասարակության մեջ»:

     

    Ավարտին Նորին Սրբությունն ընդգծեց. կարևոր է, որ Եկեղեցու բոլոր համայնքները պատրաստակամորեն օգնեն աղքատներին և նրանց, ովքեր ճգնաժամի մեջ են: «Սերը լավագույն ճանապարհն է՝ հավատքը կատարելագործելու համար: Սակայն պետք է հոգ տանել այն մասին, որ ողորմածության գործերը մեզ չխանգարեն ընկերակցել Տեր Հիսուսի հետ: Քրիստոնեական սերը միայն բարեգործությունը չէ: Ողորմություն անելով՝ մենք մարդուն նայում ենք Հիսուսի աչքերով, սակայն մյուս կողմից էլ տեսնում ենք Հիսուսին աղքատների դեմքերում»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսերեն բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց