• Սուրբ Աթոռը հրատարակել է ուղեցույց՝ երիտասարդների հանդեպ հովվական խնամքի վերաբերյալ

    Գրքում ուրվագծվում է հիմնական մոտեցումը. ինչպե՞ս ներկայիս աշխարհիկացած հասարակության մեջ լավագույնս ապրել հովվական առաքելությունը երիտասարդների հետ


    Վատիկանի հրատարակչատունը լույս ընծայեց «Սուրբ հոգին նորոգում է ամեն բան: Հովվական խնամք՝ երիտասարդների համար» վերտառությամբ մի նոր հատոր, որի նախաբանը կրում է Թեզեյի համամիութենական հաստատության մեծավոր՝ Եղբայր Ալոիզիի ստորագրությունը։

     

    Հատորը խորհրդածություն է՝ նոր սերնդին եկեղեցական կյանք ներգրավելու մասին, կազմված է հինգ գլուխներից և ունի 184 էջ: Հեղինակն է ֆրանսիացի կրոնավորուհի Նատալի Պեկարը, ով երկար տարիների փորձառություն ունի երիտասարդների հովվական խնամատարության ոլորտում և իր գործուն մասնակցությունն է ունեցել 2018թ. երիտասարդներին նվիրված եպիսկոպոսական սինոդոսին:

     

    Գիրքը իսկական ուղեցույց է, որի մեջ ուրվագծվում է հիմնական մոտեցումը. ինչպես ներկայիս աշխարհիկ հասարակության մեջ հովվական առաքելությունը լավագույնս ապրել և իրականացնել երիտասարդների հետ: Քույր Նատալի Պեկարն այդ ուղղությամբ ներկայացնում է հավաստի օրինակներ ու գործնական հետևություններ, որոնք արտահայտված են Սրբազան Քահանայապետի «Քրիստոս ապրում է» ուղեցույցի մեջ:

     

    Հեղինակը գրքում բացահայտում է, որ հովվական խնամքը այսօր ևս կարող է գրավել երիտասարդներին՝ նկատի առնելով նրանց ներկայիս մշակույթն ու զգացումները: Այնուհետև նա ընդգծում է միմյանց լսելու կարևորությունը, հարաբերության և ոչ թե պաշտոնական եկեղեցու անհրաժեշտությունը, համարձակ եւ ստեղծագործ հովվական խնամակալության իրականացումը, որը համապատասխանում է երիտասարդների կյանքի իրադարձություններին, ապա՝ իսկական ղեկավարներ ունենալու անհրաժեշտությունը, որոնցից պետք է սովորել զատորոշել և դրական որոշումներ կայացնել, շոշափել երիտասարդների սրտից բխող նյութեր:

     

    Հատորը իսկական ուղեցույց է բոլոր նրանց համար, ովքեր փափագում են ընկերանալ նոր սերնդի հետ եկեղեցում՝ նրանց աճման և հասունության ողևորության մեջ:

     

    Սինոդոսը ցույց տվեց, որ երիտասարդներին չպետք է դիտարկել միայն որպես հովվական խնամակալության հասցեատերեր, այլ նաև՝ որպես եկեղեցական կյանքի իսկական դերակատարներ մյուս բոլոր մկրտյալների հետ միասին: Որովհետև նրանք ոչ միայն ընդունում են, այլ նաև իրենց հերթին նվիրում են սեփական պարգևները, որպեսզի կառուցեն եկեղեցական մարմին՝ ի նպաստ աշխարհի փրկության:

     

    Վատիկան Նյուզ, հայկական բաժին,

    Ռոբեր Ադդարյան

    Արևելահայերենի վերածեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց


Recent Comments