• Սուրբ Աթոռը հրապարակել է նոր փաստաթուղթ` ամբողջական բնապահպանության վերաբերյալ

    «Մեր ընդհանուր տան մասին հոգատարության ճանապարհին»


    Սուրբ Աթոռի նոր միջգերատեսչական փաստաթուղթը էկոլոգիական դարձի կոչ է անում․ այն իր մեջ ներառում է մի շարք միմյանց փոխկապակցված ասպեկտներ, որոնք վերաբերում են ամենատարբեր ոլորտներին՝ տնտեսագիտությունից ու կենսաէթիկայից սկսած մինչև քրիստոնեական վարդապետություն և համամիութենականություն (էկումենիզմ)։

     

    Հրապարակվել է Սուրբ Աթոռի «Մեր ընդհանուր տան մասին հոգատարության ճանապարհին» միջգերատեսչական փաստաթուղթը: Այն մշակվել է «Laudato si» կոնդակի հինգերորդ տարեդարձի կապակցությամբ, որը հրապարակվել է 2015թ․ հունիսի 18-ին։

     

    Փաստաթղթի տեքստը պատրաստել է «Սուրբ Աթոռի ամբողջական էկոլոգիայի միջգերատեսչական կլոր սեղանը», որը ևս ստեղծվել է 2015թ-ին՝ կոնդակում պարունակվող հանձնարարականները խթանելու համար։ Այդ կառույցի կազմի մեջ մտնում են Սուրբ Աթոռի հիմնարկությունները, որոնք առնչվում են բնապահպանական հիմնախնդիրներին, ինչպես նաև մի քանի եպիսկոպոսական խորհրդաժողովներ ու կաթողիկէ միություններ։

     

    Փաստաթղթի առաջին հատվածում, որը նվիրված է «Բնապահպանական դաստիարակությանն ու դարձին», խոսվում է մարդկանց մտածելակերպը փոխելու անհրաժեշտության մասին, որպեսզի հոգատար լինեն արարչագործության նկատմամբ, ընդգծվում է նաև երկխոսության անհրաժեշտությունը այլ մարդկանց հետ և գիտակցումն այն բանի, որ աշխարհում գոյություն ունեցող տարբեր խնդիրների միջև կա խոր կապ։ Հիշատակվում են գովելի նախաձեռնություններ, որոնք իրականացվել են այդ ուղղությամբ, ինչպես նաև՝ մտորումների, աղոթքների, աշխատանքի ու ծառայության վանական ավանդույթներ։ Այս ամենը կարող է օգնել՝ գիտակցելու կապը անձի, հասարակական և շրջակա միջավայրի հավասարակշռության միջև։

     

    Այնուհետև փաստաթղթում խոսվում է մարդու կյանքի ու մարդու անձի կենտրոնականության՝ մասին բնապահպանական պարտականություններում․ հնարավոր չէ պաշտպանել բնությունը՝ չպաշտպանելով յուրաքանչյուր մարդու՝ թե՛ աղքատին, թե՛ մարդկային դեռ չծնված սաղմին, թե՛ հաշմանդամին։ Տեքստը խորհուրդ է տալիս մշակել «մարդկային կյանքի դեմ ուղղված մեղքի» հայեցակարգ՝ զարգացնելով «հոգատարության մշակույթը»՝ ի հակադրություն «դեն նետելու մշակույթին»։

     

    Հատուկ հորդոր է հասցեագրված դպրոցներին և ուսումնական այլ հաստատություններին: Դպրոցը կոչված չէ լինելու պարզապես  գիտելիքի փոխանցման վայր, այլ հակառակը՝ դա պետք է լինի մի վայր, որտեղ զարգացնում են ճանաչողության, քննադատական ​​մտածողության և պատասխանատու գործողությունների դիմելու ունակությունները։ Անհրաժեշտ է երեխաներին դաստիարակել՝ մտքի, սրտի և ձեռքերի ներդաշնակության մեջ, այսինքն ներդաշնակ լինել գիտելիքների, զգացմունքների և գործողությունների մեջ։ Հենց սա է հանդիսանում մարդու ամբողջական զարգացումը։

     

    Դիմելով համալսարաններին՝ փաստաթղթի հեղինակները կոչ են անում ուսանողներին ընտրել մասնագիտություններ, որոնք նպաստում են դրական բնապահպանական փոփոխություններին։ Ինչ վերաբերում է աստվածաբանությանը, ապա հատուկ ուշադրություն է դարձվում «արարչագործության աստվածաբանությանը և աշխարհի հետ մարդու փոխհարաբերություններին»:

     

    Փաստաթղթի առաջին մասում ընդգծվում է, որ հոգատարությունը արարչագործության նկատմամբ քրիստոնեական կյանքի անքակտելի յուրահատկություններից է, այլ ոչ թե՝ երկրորդական տարբերակը։ Մեր ընդհանուր տունը պաշտպանելու պարտականությունը կարող է «առիթ հանդիսանալ՝ քրիստոնեական հավատքի նախնական հռչակման համար» և դառնալ քրիստոնեական վարդապետության առարկա։ Կարելի է նաև ուսումնասիրել բնապահպանության կապը ծիսական աղոթքի հետ՝ «այն տարածության հետ, որտեղ հավատացյալն իրեն զգում է արարած՝ Արարչի առջև»։ Հիշատակվում է նաև «կյանքի նոր ոճերի հովվության» մասին, որը զարգացնում են որոշ իտալական եկեղեցական կազմակերպություններ։

    Նշվում է, որ հոգատարությունը արարչագործության նկատմամբ կարող է գեղեցիկ առիթ հանդիսանալ՝ էկումենիկ և միջկրոնական երկխոսության ու համագործակցության համար:

     

    Փաստաթղթի առաջին մասն ավարտվում է լրատվամիջոցների աշխատակիցներին ուղղված հորդորով. մի համեմատություն է բերված հաղորդակցության և արարչագործության նկատմամբ հոգատարության միջև, քանզի այս երկու ոլորտների հիմքը հանդիսանում է շփումն ու փոխադարձ կապը։ Տեքստում խոսվում է «ԶԼՄ-երի բնապահպանության» մասին․ ԶԼՄ-երը կոչված են բացահայտելու կապը՝ մարդկային ճակատագրերի և բնական միջավայրի միջև, ինչպես նաև հակազդելու կեղծ լուրերին, որոնք հերքում են բնապահպանական ճգնաժամի գոյությունը։

     

    Փաստաթղթի երկրորդ հատվածը նվիրված է «Մարդկության զարգացմանը և ամբողջական բնապահպանությանը»։ Նախևառաջ, անդրադառնում են սննդին ու պարենամթերքին, և քննադատում են վատնողությունը՝ որպես անարդար գործողություն։ Կոչ է արվում պաշտպանել փոքր արտադրությունները և պահպանել բնական ռեսուրսները՝ դաստիարակելով առողջ վերաբերմունք սննդի նկատմամբ։ Անհրաժեշտ է նաև խուսափել ջրի ոչ ռացիոնալ օգտագործումից և կրճատել մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքների օգտագործումը:

    Ինչ վերաբերում է էներգիայի աղբյուրներին, ապա փաստաթուղթը կոչ է անում էներգետիկայի ու տնտեսության դեկարբոնիզացման, և ներդրումների կատարման՝ «մաքուր և վերականգնվող» էներգետիկայի մեջ: Տեքստում բերված է Ֆիլիպիններում գտնվող Մաասինի թեմի օրինակը, որն առաջինն է աշխարհում, որ ամբողջ համայնքը ապահովել է արևային մարտկոցներով։ Հիշատակվում է նաև «բնապահպանական պարտքի» մասին, որը պատմության ընթացքում կուտակել են մոլորակի հյուսիսային երկրները՝ հարավային երկրների նկատմամբ, որոնք հաճախ օգտագործվում է որպես «թունավոր թափոնների աղբավայրեր»: «Գծային» տնտեսությունը պետք է փոխարինվի «շրջանաձև տնտեսությամբ», որի հիմքը պետք է լինի երկարաժամկետ պահպանումը և ռեսուրսների վերաօգտագործումը։

     

    Փաստաթղթի այս հատվածում խոսվում է կենսաէթիկայի և բարոյական սկզբունքների մասին, որի վրա պետք է հիմնված լինի ամբողջական բնապահպանությունը․ անհրաժեշտ է զարգացնել «առողջ մարդաբանություն»՝ դրանից բխող բոլոր բարոյական արդյունքներով։

     

    Փաստաթղթում հիշատակվում է կլիմայական փոփոխությունների մասին, որոնք, ամենից առաջ, ստիպում են տառապել ամենաաղքատներին, ովքեր «ամենաքիչն են մեղավոր»՝ գլոբալ տաքացաման համար։ Անհրաժեշտ է աջակցել «կլիմայական փախստական» կարգավիճակը բնորոշող միջազգային ընթացակարգին՝ նրանց համար ապահովելով համապատասխան իրավական և մարդասիրական պաշտպանություն:

     

    Փաստաթղթի երրորդ հատվածում թվարկվում են գործողությունները՝ «Laudato si» կոնդակում նշված հանձնարարականներն իրականացնելու համար, որոնք ձեռնարկում է Վատիկան Պետությունը։ Այդ գործողություններն իրենց մեջ ներառում են աղբի տեսակավորումը, զբոսայգիների խնամքը, ջրային ռեսուրսների պահպանումը, լուսավորության նոր համակարգերի կիրառումը, որոնք թույլ կտան խնայել մինչև 80 տոկոս էլեկտրաէներգիա։

     

    Vatican News ռուսական բաժնից թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյան

    Սրբագրեց՝ Տ. Հովսեփ

Օրացույց

Օրացույց