• «Հույսի սովը» և Սուրբ Հոգու պարգևը. Ն. Ս. Ֆրանցիսկոսի կիրակնօրյա քարոզը

    Միայն Սուրբ Հոգին՝ Աստծո պարգևը, կարող է մարդկանց բժշկել բոլոր խոչընդոտներից, որոնք արգելք են հանդիսանում եղբայրական միասնության ճանապարհին


    Մայիսի 31-ի առավոտյան՝ Վատիկանի բազիլիկ տաճարում, Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը գլխավորեց Հոգեգալստյան տոնական Սուրբ Պատարագը, մոտ հիսուն հավատացյալների մասնակցությամբ:

     

    Իր քարոզում Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ ըստ Պողոս առաքյալի. «շնորհները տարբեր են, սակայն Հոգին նույնն է, ծառայությունները տարբեր են, սակայն Տերը նույնն է, գործողությունները տարբեր են, սակայն Աստված նույնն է, որ գործում է ամեն բան ամենքի մեջ» (տե՛ս՝ Ա Կորնթ. 12, 4-6): Առաքյալն ընդգծում է տարբերությունների ներդաշնակ համակցումը, որը գոյություն ունի Սուրբ Հոգու շնորհիվ, հենց այսպես է ծնվել Եկեղեցին. մեր միասնությամբ հանդերձ՝ մենք բոլորս տարբեր ենք, ճիշտ այնպես, ինչպես կատարելապես տարբեր են եղել առաջին քրիստոնյաները: Հիսուս նրանց չի փոխել և չի վերածել «միանման սերիական մոդելների»: Միասնությունը գալիս է օծման հետ միասին, որի ականատեսն եղան առաքյալները Հոգեգալստյան օրը, ընդգծեց Նորին Սրբությունը: Սուրբ Հոգին իրար ոչ նման, տարբեր մարդկանցից ձևավորեց Աստծո միասնական ժողովրդին:

     

    Ներկայիս քրիստոնյաները կարող են հարցնել. «Ո՞րն է մեր միասնության հիմքը Եկեղեցում: Մենք շատ տարբեր ենք, օրինակ ունենք տարբեր կարծիքներ, տարբեր զգացողություններ, կայացնում ենք տարբեր որոշումներ և միշտ կա մեր դիրքորոշումը համառորեն պաշտպանելու գայթակղությունը: Սակայն, կա նաև առավել կարևոր մի բան. մեր միասնության հիմքը Սուրբ Հոգին է, «որը հիշեցնում է, որ մենք, ամենից առաջ, Աստծո սիրելի զավակներն ենք»: Եկեղեցուն պետք է նայել Սուրբ Հոգու աչքերով, այլ ոչ՝ աշխարհիկ, ընդգծեց Սրբազան Քահանայապետը.

     

    «Աշխարհը մեր մեջ տեսնում է աջակողմյանների և ձախակողմյանների, սակայն Սուրբ Հոգին տեսնում է մեր պատկանելությունը Հորը և Հիսուսին: Աշխարհը տեսնում է պահպանողականների ու առաջադեմների, սակայն Սուրբ Հոգին  տեսնում է Աստծո զավակներին: Այս աշխարհի աչքերը տեսնում են կառույցներ, որոնք պետք է առավել արդյունավետ դարձնել, սակայն Հոգու աչքերը տեսնում են եղբայրների և քույրերի, ովքեր աղոթում են ողորմության համար: Սուրբ Հոգին սիրում է մեզ և գիտի յուրաքանչյուրի տեղը. մենք Նրա խճանակրի անփոխարինելի մասնիկներն ենք»:

     

    Հոգեգալստյան օրն ընդունած առաջին եկեղեցական առաքելությունը հռչակումն է: Առաքյալները չեն պատրաստում ռազմավարական հովվական ծրագրեր, ունկնդիրներին չեն բաժանում ըստ ազգային պատկանելության, չեն հետաձգում քարոզը՝ այն մտադրությամբ, որ նախևառաջ խորացնեն գիտելիքները Հիսուսի ուսմունքի վերաբերյալ, հետագա ռիսկերից խուսափելու համար: Ամենևին ո՛չ: Սուրբ Հոգին չի ցանկանում, որ Ուսուցչի մասին հիշողությունը պահպանվի փակ խմբերում, տաքուկ սենյակներում, դրա համար էլ առաքյալներին դուրս է բերում «բծախնդիր ու վեհերոտ հավատքի ցանկապատից այն կողմ»: Զինված Աստծո պարադոքսալ տրամաբանությամբ և «ոգեշնչված միայն մեկ ցանկությամբ. նվիրել այն, ինչն իրենք են ընդունել»՝  աշակերտները դուրս են գալիս քարոզելու:

     

    Միասնության գաղտնիքը պարգևն է, քանզի Սուրբ Հոգին պարգև է: Նա ինքն իրեն փոխանցում է ուրիշներին և օգնում է մեզ կիսվել մեր պարգևներով, ընդգծեց Նորին Սրբությունը: Քրիստոնյաները պետք է հասկանան, որ Աստված ոչինչ չի վերցնում մարդկանցից, այլ՝ Իրեն ամբողջությամբ նվիրում է նրանց: Հենց դա պետք է լինի քրիստոնեական կյանքի կողմնացույցը. խոնարհաբար սիրելով, անձնվիրաբար և խնդությամբ ծառայելով մերձավորներին՝ մենք հայտնում ենք աշխարհին Աստծո իրական պատկերը, իսկ Սուրբ Հոգին՝ Եկեղեցու կենդանի հիշողությունը, օգնում է մեզ երբեք չմոռանալ այդ մասին:

     

    Սրբազան Քահանայապետն ընդգծեց երեք հիմնական խոչընդոտներ, որոնք խանգարում են ինքներս մեզ նվիրել ուրիշներին, և դրանցից առաջինը նարցիսիզմն է՝ ինքնահավանությունը: Այն մարդուն դարձնում է անսխալական կուռք՝ ինքն իր համար և փակում է աչքերը ուրիշների կարիքների նկատմամբ, ինչը, հատկապես, տհաճ է համաճարակի այս ժամանակաշրջանում: Պակաս վտանգավոր չէ նաև մյուս թշնամին՝ զոհողությունը: Իրեն անընդհատ զոհի տեղ դնող մարդը միշտ դժգոհում է մերձավորներից, մեղադրում է նրանց անուշադրության ու սիրո պակասի մեջ: Այդպիսի մեկի սիրտը փակ է և նա հարցնում է. «Ինչու՞ ուրիշները ինձ չեն նվիրվում»: Նման մոտեցումը ներկայիս համաճարակի պայմաններում սարսափելի է, նշեց Նորին Սրբությունը:

     

    Վերջապես, երրորդ խոչընդոտը՝ երրորդ կուռքը, հոռետեսությունն է, որը միայն վատն է տեսնում, միշտ գանգատվում է հասարակությունից, քաղաքականությունից և Եկեղեցուց. իր էությամբ հառետեսն անտարբեր ու վնասակար է, հատկապես, հիմա, երբ ամեն ինչ պետք է նորից սկսել: Եթե մենք չդիմակայենք հոռետեսությանը, ապա հույսը, անշուշտ, չի վերադառնա: Մենք «հույսի սով ունենք» և դրա համար պարտավոր ենք գնահատել կյանքի պարգևը, որը հանդիսանում է մեզանից յուրաքանչյուրը: Միայն Սուրբ Հոգին՝ Աստծո պարգևը, կարող է մարդկանց բժշկել բոլոր խոչընդոտներից, որոնք արգելք են հանդիսանում եղբայրական միասնության ճանապարհին:

     

    Քարոզի ավարտին Սրբազան Քահանայապետը կոչ արեց հավատացյալներին աղոթել Սուրբ Հոգուն, որպեսզի Նա մեր մեջ վերակենդանացնի ստացած պարգևի հիշողությունը, ազատի մեզ եսասիրության կապանքներից, բոցավառի ծառայելու և բարիք գործելու ցանկությունը, որպեսզի Նա մեզ դարձնի միասնության կերտողներ, շնորհի ներդաշնակ լինելու քաջությունը, օգնի սիրել միմյանց ու դառնալ մեկ ընտանիք:

     

    Վատիկան Նյուզ,

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց