«Իսկ երբ Մարդու Որդին գայ, արդեօ՞ք երկրի վրայ հաւատ կը գտնի՞», Ղկ. 18, 8
Մեծ Պահոց Ե կիրակին կոչվում է «Դատավորի կիրակի»՝ անիրավ դատավորի մասին ավետարանական առակի պատճառով, որ պատմում է Տեր Հիսուս Քրիստոսը (Ղկ. 1-14): Այս առակի նպատակը Ղուկաս ավետարանիչը գրում է հենց սկզբից. «Մի առակ էլ ասաց նրանց՝ այն մասին, թէ նրանք ամէն ժամ պէտք է աղօթեն եւ չձանձրանան»: Բայց նախ տեսնենք, թե ինչ է ուզում ասել մեզ Տերը՝ մեր ուշադրությունը հրավիրելով դատավորի և այրի կնոջ կերպարների վրա: Անիրավ դատավորն ի վերջո, կնոջ երկար թախանձանքներից հետո որոշեց ինքն իրեն ազատել գլխացավանքից և այրի կնոջ դատական հայցը ուսումնասիրեց: Դատավորը չէր առաջնորդվում իր խղճով կամ հավատքով, այլ պարզապես հեշտասեր, անիրավ, անսկզբունք մեկն էր, որ մեզ համար բնավ օրինակելի չէ: Հիսուս ուզում է մեզ ցույց տալ, որ եթե այս աշխարհի դատավորներն անգամ, որոնց մեջ քիչ չեն անարդարները, կողմնապահները, զուտ իրենց հանգստության համար երբեմն հանդուրժում և ընդառաջում են իրենց դիմողների խնդրանքներին, ապա Աստված, որ Դատավորն է ողջերի և մեռյալների, որ իմաստության, արդարության, գթասրտության ճշմարտագույն աղբյուրն է, միթե՞ չի լսի և «արդարութիւն չի անի իր այն ծառաներին, որոնք գիշեր եւ ցերեկ աղաղակում են. եւ նրանց հանդէպ միայն համբերատա՞ր կը կլինի». ասում է Հիսուս: Աստված ոչ միայն հանդուրժող է, համբերատար է, այլև սիրով է ընդառաջում իր ծառաների խնդանքներին և միշտ արդարացի որոշումներով հոգ է տանում բոլորի մասին՝ և՛ չարերի և՛ բարիների մասին: Աստված մի Դատավոր է, ում համար սե՛րն է արդարության չափորոշիչը և հիմքը: Աստված յուրաքանչյուրին հատուցում է ըստ իր հավատքի չափի և գործերի, բայց պետք է միշտ հիշել, որ Աստծո սերը և ողորմությունը անբաժան է Իր արդարությունից, այլ խոսքով, Աստծո բոլոր արդարացի հատուցումերը Իր անսահման սիրո արտահայտություններն են: Աստված «կամենում է, որ բոլոր մարդիկ փրկուեն եւ հասնեն ճշմարտութեան գիտութեանը» (Ա Տիմ. 2, 4): Աստուած իր բոլոր զավակներին սիրում է հավասարապես. «քանի որ նա իր արեգակը ծագեցնում է չարերի եւ բարիների վրայ եւ անձրեւ է թափում արդարների եւ մեղաւորների վրայ» (Մտթ. 5, 45): Երբ մարդիկ կրում են իրենց սխալների և մեղքերի հետևանքները, ժամանակավոր դժվարությունները կամ պատիժները, դա ևս աստվածային ողորմության արտահայտություն է, որովհետև դրանք մարդու համար ապաշխարելու, վերափոխվելու և հատուցում կատարելու անփոխարինելի հնարավորություններ են: Նույնիսկ քավարանն՝ իր այրող կրակով, մարդու համար մաքրագործման ժամանակ է, որ Աստված շնորհում է՝ մարդուն վերջնականապես Երկինք տանելու համար: Միայն երբ մարդ գիտակցաբար մերժում է Աստծո սերը և չի ուզում օգտագործել իր կյանքի դժվարությունները՝ որպես ապաշխարության և ինքնակատարելագործման հնարավորություն, այդ դժվարությունները ընկալում է որպես անարդարացի պատիժ՝ Աստծո կողմից և ապստամբում է Աստծո դեմ: Բայց Աստված ոչ մեկին պատժել չի ուզում, ոչ մեկի մահը չի կամենում, ոչ մեկի հանդեպ անտարբեր չէ և ոչ մեկի աղոթքը Նրա համար ձանձրալի չէ և պարզապես հանդուրժելի չէ, այլ միշտ ցանկալի և փափագելի է: Աստված Հայր է բոլորիս համար և ուզում է, որ յուրաքանչյուր մարդ աղոթի զավակի նման և Իրեն դիմելիս ասի՝ Հա՜յր, ինչպես Հիսուսն էր աղոթում. «Աբբա՛, Հա՛յր» (Մրկ. 14, 36): Աստծո բոլոր զավակները կոչված են Հայր Աստծո հետ մշտական երկխոսության, անդադար աղոթքի, գիշեր, ցերեկ Հոր օգնությունը աղերսելու, աղաղակելու, ինչպես Հիսուսն է ասում: Աղաղակել գիշեր, ցերեկ՝ նշանակում է ոչ թե երկարացնել մեր աղոթքները, մեր խնդրանքները, այլ անդադար, առակի այրի կնոջ նման համառորեն հայցել երկնային դատավորի՝ Հայր Աստծո օգնությունը՝ լիապես վստահ, որ միա՛յն Աստված կարող է օգնել մեզ, որովհետև միա՛յն Ինքը գիտի, թե մեզ ինչ է պետք, նախքան, որ մենք Իրենից մի բան կխնդրենք, իսկ Աստված երբեք ու երբեք իր օգնությունը խնդրող զավակներին չի կարող վատ բան տալ. «Ձեզնից ո՞վ է այն հայրը, որի որդին եթէ ձուկ ուզի, միթէ՞ ձկան փոխարէն օձ կտայ նրան, եւ կամ ձու ուզի, միթէ՞ կարիճ կտայ նրան…Ասում եմ ձեզ, խնդրեցէ՛ք եւ Աստծուց կը տրուի ձեզ, փնտռեցէ՛ք եւ կը գտնէք, բախեցէ՛ք եւ կը բացուի ձեզ համար, որովհետեւ ով որ խնդրում է, առնում է, ով որ փնտռում է, գտնում է եւ ով որ բախում է, բացւում է նրա առաջ», Ղկ. 11, 9-12:
Աստված Ինքն է մեզ հրավիրում աղոթքի, Ինքն է կարոտով սպասում մեզ հետ զրույցի: Եսայի մարգարեի բերանով Աստված ասում է. «Եկէ՛ք խօսենք իրար հետ, եթէ ձեր մեղքերը արրեան պէս կարմիր են, ես ձեան պէս ճերմակ կը դարձնեմ…Եւ եթէ հօժար լինէք ու լսէք ինձ, դուք կը ճանաչէք երկրի բարիքները, իսկ եթէ չը կամենաք ինձ լսել, սու՛րը պիտի ուտի ձեզ, քանզի Տիրոջ շուրթերն ասացին այս», Ես. 1, 18-20:
Ուրեմն, Աստծուն աղօթելը նշանակում է ոչ միայն Աստծո առաջ կանգնել սեփական խնդրանքներով, այլ Տիրոջը մոտենալ սեփական մեղքերը գիտակցելով, զղջացող հոգով և պատրաստ՝ լսելու և կատարելու Տիրոջ պատվիրանները, որովհետև աղոթքով կանգնել Տիրոջ առաջ՝ նշանակում է անկեղծորեն զղջալով՝ թույլ տալ, որ Աստված մաքրի մեզ և ձյան պես ճերմակեցնի մեր սիրտն ու հոգին, մեզ դարձնի նոր արարած, մաքուր թուղթ, որի վրա իր մատով Ինքը կարողանա գրել Իր սուրբ կամքը, որը մենք պետք է անվերապահորեն հանձն առնենք կատարել մեր կյանքում. «Նոր սիրտ եմ տալու ձեզ, նոր հոգի եմ դնելու ձեզ մէջ. ձեր մարմիններից հանելու եմ քարեղէն սիրտն ու մարմնեղէն սիրտ եմ տալու ձեզ. իմ հոգին եմ տալու ձեզ», Եզկ. 36, 26:
Մարդու կյանքը և աղոթքը պետք է լիովին համահունչ լինեն: Զղջալ սխալների համար պետք է նշանակի անպայմանորեն դարձ կատարել, փոխել կյանքը: Եթե մենք գալիս ենք Աստծո առաջ աղոթելու այսօրվա առակի մաքսավորի նման, որ չէր համարձակվում անգամ աչքերը վեր բարձրացնել և ասում էր՝ Տէ՛ր, ների՛ր ինձ՝ մեղավորիս, ապա երբ դուր գանք եկեղեցուց չպետք է վերստին վերադառնանք մեր մեղավոր ընթացքին, այլ պետք է աղոթքից հետո դուրս գանք նորացված, նոր մարդ դարձած, փոխվելու վճռական դիտավորությամբ, այլապես շատ չենք տարբերվի այն փարիսեցուց, որ աղոթքի կանգնած՝ գոհանում էր ինքն իրենից և արհամարհում էր մաքսավորին: Եկեղեցի առավել հաճախ գալը և Պատարագին մասնակցելը պետք է լինի անկեղծ և ուղեկցվի առավել անկեղծ և խոր զղջմամբ:
Մեզ պետք է միշտ ուղեկցի Հիսուսի հարցը. «Իսկ երբ Մարդու Որդին գայ, արդեօ՞ք երկրի վրայ հաւատ կը գտնի՞», Ղկ. 18, 8: Այսինքն, Աստված միշտ արդարություն անում է Իր ծառաներին, բայց մենք ինչպիսի՞ հավատով ենք կանգնում Աստծո առաջ, փարիսեցու նմա՞ն, թե՞ մաքսավորի: Կամ, մեր համառությունը աղոթքի մեջ մի բան Տիրոջից անպայամնորեն պոկելու համա՞ր է, թե՞ ինքներս մեզ ամբողջությամբ Տիրոջ կամքին ընծայելու, Տիրոջից մեր ճշմարիտ երջանկությունը ընդունելու համար է: Երկրորդ դեպքում մեզ անսահման խոնարհություն, հեզություն և հոգու աղքատություն է պետք, Պողոս առաքյալի նման համարձակություն է պետք՝ հրաժարվելու ամեն ինչից, որից կախված ենք այն աստիճան, որ մոռանում ենք Աստծուն, որպեսզի շահենք Քրիստոսին, Ում հետ միացա՛ծ միայն, Ում մե՛ջ հոգով-սրտով ապրելո՛վ միայն հնարավոր է մարդու փրկությունը: Այսօր լսեցինք, թե ինչպես է Պողոսը գրում փիլիպեցիներին, որ ինքն էլ նախկինում հալածում էր Քրիստոսին, ինքն էլ փարիսեցի էր, բայց դարձավ դեպի Քրիստոսը և ամեն ինչ թողեց՝ հանուն Նրա. «Ինչ որ ինձ համար շահ էր, վնաս համարեցի Քրիստոսի համար…Նրա համար ամէն ինչից զրկուեցի,-եւ այդ բոլորը աղբ եմ համարում,-որպէսզի շահեմ Քրիստոսին եւ գտնուեմ Նրա մէջ…որպէսզի ճանաչեմ Նրան եւ նրա հարութեան զօրութիւնը ու մասնակից լինեմ Նրա չարչարանքներին, կերպարանակից՝ Նրա մահուան, որպէսզի հասնեմ մեռելներից յարութիւն առնելուն», Փիլ. 3, 7-11:
Մեր աղոթքը կատարյալ է դառնում, երբ այն միացնում ենք Քրիստոսի աղոթքին և նրա հետ միասին ինքներս մեզ ընծայաբերում ենք Աստծուն: Քրիստոսի օգնությամբ և Նրա հետ միասին մեզ սպասում են լուսավոր հորիզոններ, անսահման հնարավորություններ՝ սրբության ճանապարհին և երկրային կյանքում: «Պետրոսն ասաց. «Ահաւասիկ, մենք թողել ենք ամէն բան եւ եկել ենք քո յետեւից»: Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, չկայ մէկը, որ թողած լինի տուն կամ եղբայրներ կամ քոյրեր, կամ հայր, կամ մայր, կամ որդիներ, կամ ագարակներ ինձ համար կամ Ավետարանի համար, եւ այժմ՝ այս ժամանակի մէջ հարիւրապատիկը չը ստանայ՝ տներ եւ եղբայրներ եւ քոյրեր եւ մայրեր եւ որդիներ եւ ագարակներ՝ հալածանքներով հանդերձ եւ այն աշխարհում, որ գալու է, յաւիտենական կեանք: Սակայն, շատեր, որ առաջին են, պիտի լինեն վերջին, իսկ վերջիններ՝ առաջին», Մրկ. 10, 26-31: Փարիսեցու և մաքսավորի աղոթքի մասին առակի վերջում էլ Հիսուս ասում է. «ով որ բարձացնում է իր անձը, կը խոնարհուի, եւ ով որ խոնարհեցնում է իր անձը, կը բարձրացուի», Ղկ. 18, 14:
Աստվածածի՛նն է մարդկանց մեջ խոնարհագույնը և հոգով աղքատագույնը, և Աստված բարձրացրեց նրան, ինչպես ինքն է ասում իր օրհներգության մեջ. «Իմ անձը կը մեծարի Տիրոջը… որովհետեւ նա իր հայեացքը դարձրեց իր աղախնի խոնարհութեան վրայ», Ղկ. 1, 46-47: Աղոթե՛նք Աստվածամորը և խնդրենք նրանից խոնարհության, դարձի և անկեղծ աղոթքի շնորհները. Ամեն:
Տ. Հովսեփ Գալստյան
30 մարտի, 2019թ.