
ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆ
ՀՐԱԺԵՇՏԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊՈՂՈՍ II-Ի ՃԱՌԸ
«Զվարթնոց» միջազգային օդանավակայան
Երևան, 27 սեպտեմբերի, 2001 թ.
Ձերդ Գերազանցություն Նախագահ Քոչարյան,
Ձերդ Սրբություն,
Սիրելի հայ բարեկամներ,
Հասել է հրաժեշտ տալու և Ձեզ, պարոն Նախագահ, ու Կառավարության անդամներին շնորհակալություն հայտնելու պահը այն հրաշալի հյուրընկալության համար, որ գտա Հայաստանում: Երախտապարտ եմ բոլորին՝ իշխանություններին ու աշխատակիցներին, քաղաքացիական և զինվորական անձանց, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին, բոլոր նրանց, ովքեր տրամադրել են իրենց ժամանակն ու հմտությունները՝ այս այցելությունը հաջողեցնելու համար:
Խորին հուզումով իմ շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ, Ձերդ Սրբություն, Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս, և Հայ Առաքելական Եկեղեցու նվիրապետությանն ու հավատացյալներին այն եղբայրական սիրո և հաղորդության ոգու համար, որով կիսվեցինք այս օրերին:
Հրաժեշտ ձեզ, սիրելի Արքեպիսկոպոս Ներսես, Արքեպիսկոպոս Վարդան, Եպիսկոպոս Ջուզեպպե, և Կաթողիկէ Եկեղեցու քահանաներ, կրոնավորներ ու աշխարհականներ: Անսահման ուրախությամբ մենք միասին տոնեցինք մեր հավատքի խորհուրդը, և ես անձամբ զգացի ձեր ձգտումը՝ աշխատելու ձեր բոլոր համաքաղաքացիների հետ՝ հանուն առավել արդարության և համայն հայության ավելի լավ կյանքի: Պապը ձեզ պահում է իր սրտում, և Ինքը՝ Աստված, ձեզ ուժ կտա դիմակայելու ձեր առջև ծառացած մարտահրավերներին:
Մեկ անգամ ևս իմ հարգանքն եմ հայտնում բոլոր Եկեղեցիների և Եկեղեցական համայնքների ներկայացուցիչներին, ովքեր մասնակցեցին իմ այցելության միջոցառումներին: Թող Քրիստոսի բոլոր հետևորդները աճեն վստահության և էկումենիկ բարեկամության մեջ, երբ մենք քայլում ենք դեպի Երրորդ Հազարամյակ և ընթանում առավել սերտ միության ու համագործակցության ճանապարհով:
Շնորհակալություն, հայ ժողովուրդ, ձեր բարեկամության ջերմության, մեր միասնական աղոթքի և քրիստոնեական միության ձեր ձգտման համար: Շնորհակալություն ամենից շատ ձեր հավատքի վկայության համար. մի հավատք, որից չհրաժարվեցիք մութ ժամանակներում, մի հավատք, որը մնում է խորապես արմատավորված ձեր ընտանիքներում և ազգային կյանքում:
Պատմության ընթացքում Արարատ լեռը եղել է կայունության նշան և վստահության աղբյուր հայ ժողովրդի համար: Այնուամենայնիվ, ժամանակ առ ժամանակ այդ կայունությունն ու վստահությունը ծանր փորձության են ենթարկվել բռնությունների և հալածանքների կողմից: Հայ ժողովուրդը թանկ է վճարել իր սահմանամերձ գոյության համար, այնքան, որ «սրբություն» և «նահատակություն» բառերը ձեր բառապաշարում դարձել են գրեթե նույնական: Անցյալ դարասկզբի սարսափելի իրադարձությունները, որոնք ձեր ժողովրդին հասցրին «բնաջնջման եզրին», տոտալիտար ճնշումների երկար տարիները, ավերիչ երկրաշարժի արհավիրքը. սրանցից և ոչ մեկը չկարողացավ խանգարել հայ ոգուն՝ վերագտնելու քաջությունը և վերականգնելու իր մեծ արժանապատվությունը:
Ճշմարիտ է, սրանք դժվարին տարիներ են, և ձեր սիրտը երբեմն հոգնած է ու անվստահ: Ձեր երիտասարդներից շատերը լքել են իրենց ծննդավայրը, աշխատանքը չի հերիքում, իսկ աղքատությունը պահպանվում է. դժվար է շարունակել ձգտել ընդհանուր բարօրությանը: Բայց, սիրելի հայ բարեկամներ, պահպանե՛ք հույսը: Հիշե՛ք, որ դուք ձեր վստահությունը դրել եք Քրիստոսի վրա և հավերժ «այո՛» եք ասել Նրան:
Աշխարհասփյուռ ձեր հայ եղբայրների ու քույրերի աջակցությամբ դուք հանձնառու եք ազատության մեջ վերակառուցելու ձեր երկիրն ու ձեր հասարակությունը:
Հասունացել է պահը, որպեսզի ձեր ազգը համախմբի իր մշակութային պաշարներն ու հոգևոր էներգիան մեծ, միասնական ջանքերով՝ զարգանալու և բարգավաճելու ձեր քրիստոնեական ժառանգության հիմնարար ճշմարտությունների հիման վրա. յուրաքանչյուր մարդու արժանապատվությունը, անհատի կենտրոնական դերը յուրաքանչյուր հարաբերության ու իրավիճակի մեջ, բոլորի համար հավասար արդարության բարոյական հրամայականը և համերաշխությունը տկարների ու նվազ բախտավորների հետ: Ես աղոթում եմ Տիրոջը, որ Հայաստանի և տարածաշրջանի մյուս ժողովուրդների ղեկավարներն ունենան իմաստություն և տոկունություն՝ քաջաբար առաջ ընթանալու խաղաղության ճանապարհով, քանի որ առանց խաղաղության չի կարող լինել իսկական զարգացում և բարգավաճում:
Հրաժեշտ տալիս ես լցված եմ վստահությամբ, քանի որ տեսա ձեր տոկունությունը և ձեր ձգտումների ազնվությունը: Թող հայկական սրտերը միշտ կրկնեն ձեր մեծ պոետ Հովհաննես Թումանյանի խոսքերը՝ հայրենիքի մասին.
«Ու պիտի գա երանավետ դարը նոր,
Հազար-հազար լուսապայծառ հոգիներով,
Ու պիտի գա Արարատի սուրբ լանջին
Կենսաժպիտ իր շողերը ձուլելու.
Ու պիտի գան նոր պոետներ, նոր երգերով,
Ու նոր խոսքով իմ հին երկիրը գովելու․․․»
Թող Սուրբ Գրիգոր Լուսավորիչը և հայ Նահատակաց ու Սրբոց մեծ բանակը հսկեն ձեզ այժմ և ապագայում: Եվ թող Քրիստոսի Մայրը՝ Նոր Ուխտի Տապանակը, առաջնորդի Հայաստանը դեպի այն խաղաղությունը, որն ընկած է մեծ ջրհեղեղից այն կողմ՝ Աստծո խաղաղությունը, Ով իր աղեղը դրեց ամպերի մեջ որպես Իր հավիտենական սիրո նշան (հմմտ. Ծննդ. 9:13):
Շնորհակալություն, պարոն Նախագահ: Շնորհակալություն, սիրելի եղբայր Գարեգին: Շնորհակալություն բոլորիդ:





