
ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆ
ԱՂՈԹՔԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ
2001թ. սեպտեմբերի 25-27-ը Սբ. Հովհաննես Պողոս Բ Սրբազան Քահանայապետը ուխտագնացություն կատարեց դեպի Հայաստան՝ քրիստոնեության պետական կրոն հռչակման 1700-ամյա տոնակատարության առիթով: Սա պատմական աննախադեպ իրադարձություն էր. Կաթողիկէ Եկեղեցու Գլուխը՝ Սբ. Պետրոս առաքյալի հաջորդը, առաջին անգամ էր այցելում Հայաստան՝ որպես նպատակ ունենալով իր հայրական սիրո և հարգանքի տուրքը բերելու հայ ժողովրդին, գնահատելու հայոց հոգևոր և պատմական վիթխարի ժառանգությունը, որ իր ուրույն տեղն ունի Ընդհանրական Եկեղեցու հոգևոր ժառանգության պատմական գանձարանում:
Դեռևս Զվարթնոց օդանավակայանում, որտեղ նրան դիմավորում էին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, բարձրաստիճան հոգևորականներ, ընդ որում՝ Հայաստանի, Վրաստանի և Արևելյան Եվրոպայի Կաթողիկէ Հայոց Առաջնորդ Արհ. Տ. Ներսես Արքեպս. Տեր-Ներսեսյանը՝ ընկարակից հայ կաթողիկէ հոգևոր դասի հետ միասին, բարձրաստիճան պետական պաշտոնյաներ, Սբ. Հովհաննես Պողոս Բ Պապն ասաց հետևյալը.
«Համայն Կաթողիկէ Եկեղեցին կիսում է ձեր և բոլոր հայերի անհուն ուրախությունը՝ այս մեծապես սիրեցյալ երկրում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակման 1700-ամյակի առթիվ… Սուրբ Գրիգոր Լուսավորչի վկայության և գործունեության շնորհիվ, առաջին անգամը լինելով՝ քրիստոնեությունը դարձավ մի ամբողջ ազգի հավատքը… Դուք նախանձախնդրորեն պահում եք ձեր բազմաթիվ մարտիրոսների հիշատակը, եւ իրոք՝ մարտիրոսությունը եղել է Հայ եկեղեցու եւ հայ ժողովրդի բնորոշ հատկանիշը»:
Որպես ամանեագեղեցիկ նկարագրություն այդ երեք պատմական օրերի՝ ստորև ներկայացնում եմ հատվածներ՝ այն օրերի Կաթողիկէ Հայոց Առաջնորդ, երջանկահիշատակ Արհ. Տ. Ներսես Արքեպս. Տեր-Ներսեսյանի հիշողություններից՝ գրի առնված իր իսկ ձեռքով.
«Հայաստանի Հանրապետութեան Նախագահի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաւէրով` Հայաստան է գալիս Հռոմի Սրբզ. Պապը, որ ժամանելու պահից, Երեւանի «Զուարթնոց» օդանաւակայանում (25.09.2001), քաղաքական ու եկեղեցական գերագոյն իշխանութիւնների կողմից հիւրընկալուած, առարկայ դարձաւ բացառիկ պատիւների եւ յատուկ ուշադրութեան, մինչեւ մեկնումի յուզիչ երեկոն (27.09.2001)… ինքնաթիռից իջնելիս, իր շքախումբի հետ, Սրբազան Պապը նախեւառաջ համբուրեց Հայաստանի սուրբ հողը, ի նշան խորին յարգանքի` հաւատքի մեր բազմահազար նահատակներին։ Ողջոյնի խօսքերի փոխանակումից յետոյ, մի երկար թափօրի շարասիւն շարժուեց, կէսօրուայ ջերմ արեւի տակ, դէպի Ս. Էջմիածին, ուր` Մայր Տաճարում եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Վեհարանում կատարուեցին եղբայրական ու սրտակցական փոխադարձ ելոյթներ, աղօթքներով, շարականներով եւ ուղերձներով, ուրախ եւ բարեհաճ մթնոլորտի մէջ, ի ներկայութեան բազում Կարդինալների, Եպիսկոպոսների եւ այլ լատին, առաքելական ու հայ կաթողիկէ հոգեւորականների։ Փոխանակուեցին հաճելի նուէրներ… Բացառիկօրէն մտերմական բնոյթ ունէր Սրբզ. Պապի այցը Հանրապետութեան Նախագահին, յուզիչ էր` Ծիծեռնակաբերդի Յուշահամալիրի մէջ կատարուած աղօթքի ներամփոփ պահը, ի յիշատակ 1915-1922 թուականի ցեղասպանութեան զոհերի, որոնց ի պատիւ Սրբզ. Պապը օրհնեց մի նորատունկ ծառ։ Պաշտօնական մի ճաշկերոյթ, Ս. Էջմիածնի Վեհարանում, փակեց Պապական այցի երկրորդ օրուայ առաջին մասը։ Երեկոյեան, աղօթքի էկումենիկ արարողութիւն կատարուեց Երեւանի նորակառոյց Մայր Եկեղեցում, որը աւարտուեց Ս. Գրիգոր Լուսաւորչի մասունքների հանդէպ յարգանքով. մասնակցեցին բազմահազար հաւատացեալներ, մայրաքաղաքում ապրող հայ կաթողիկէ խմբակներ, ինչպէս նաեւ Հայ Քոյրերը, իրենց աշակերտուհիներով, որոնց խմբերգը հնչեցնում էր բակում «Դու ես վէմ» հռչակաւոր օրհներգը (26.09.2001)։ Այցելութեան վերջին օրը (27.09.2001), տօների հրաշափառ եզրափակումն էր, Պապական հանդիսաւոր պատարագով, ըստ Լատին ծէսի, Ս. Էջմիածնի նորակառոյց բաց-խորանի առաջ։ Սրբզ. Պապի կողքին համապատարագում էր Հայաստանի Հայ Կաթողիկէ Եկեղեցու Առաջնորդ Գրշն. Հ. Ներսէս Արքպս. Տէր-Ներսէսեանը, իր շուրջն ունենալով բազմաթիւ հայ կաթողիկէ վարդապետներ, սարկաւագներ ու դպիրներ, ասեղնագործ շքեղ շուրջառներ ու դպրաշապիկներ հագած, որոնք մեծ հանդիսաւորութեամբ ոգեւորում էին ծիսակատարումն՝ սփռելով խունկի բոյրն անուշ, քշոցների եւ բուրվառի հանդարտ նազանքով։ Երեւանի ակադեմիական երգչախումբը, հայկական պատարագի ներդաշնակ մեղեդիներով յաճախ միջամտում էր, արարողութեան համապատասխան պահերին։ Ն.Ս. Օծ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որ ներկայ էր` մի քանի եպիսկոպոսներով բացեց արարողութիւնը, ողջոյնի ջերմ ու սրտայոյզ խօսքերով՝ ի պատիւ պատարագիչ Սրբազան Պապի։ Ապա Գրշն. Հ. Ներսէս Արքպս. Տէր-Ներսէսեան, երկարաշունչ ուղերձով ոգեկոչեց դարաւոր կապերը ընդ մէջ Հռոմի Ս. Աթոռի եւ Հայ Կաթողիկոսների։ Յուզմունքով, երախտագէտ զգացումներով շնորհակալութիւն յայտնեց Սրբզ. Պապին` այն մեծ նուէրների համար, որոնք պարգեւել էր Հայաստանին (հիմնարկում Աշոցքի «Տիրամայր Նարեկի» հիւանդանոցի, ստեղծում Առաջնորդական Թեմի), եւ այն քաջալերական ու մխիթարիչ վերաբերմունքի համար, որը ցոյց էր տուել վերջին տասնամեակում։ Սրբզ. Պապի քարոզը, հայերէն ընթերցումով, յուզեց բոլոր ներկաներին։ Նրա հայրական յորդորը, վերանորոգ ոգով ապրելու քրիստոնէական կեանքը, խորացած հաւատով, եղբայրական սիրով ու էկումենիկ զգացումներով արծարծուն, խանդավառեց բոլորի սրտերը։ Հայ հին եւ նոր մարտիրոսների ոգեկոչումով, Իր կողմից վերջին ժամանակներում Հայաստան ուղարկուած վեհանձն ու քաջարի անձնաւորութիւնների յիշատակութեամբ լուսաւորուեցին Սրբզ. Պապի խօսքերը, որոնց աւելացրեց իր առաքելական օրհնութիւնը` հաւատացեալնեերի երկար ծափահարութիւնների մէջ։
8.000 Կաթողիկէ Հայեր՝ Հայաստանի եւ Վրաստանի 37 բնակավայրերից, նոյնիսկ շատ հեռաւոր գիւղերից ու քաղաքներից գիշերն ամբողջ ճանապարհորդելով, արշալոյսին ոտք էին դրել Ս. Էջմիածնի սրբաշէն հրապարակում, որ բոլոր Հայրերի կրօնական Կենտրոնն է, բարեպաշտօրէն մասնակցելու համար անկրկնելի արարողութեանը։ Հարիւրաւոր դրօշներ ու պաստառներ ծածանում էին յողջոյն Սրբզ. Պապին, հոգեւոր անպատմելի հրճուանքով։ 20 Հայ կաթողիկէ վարդապետներ Ս. Հաղորդութիւն էին բաշխում, հացի եւ գինու տեսակներով, բազմահազար ուխտաւորներին։ Պատարագից յետոյ, մի հաճելի այցելութիւն ի Քանաքեռ՝ կաթողիկէ հայոց Առաջնորդարան, նոր լոյսով ողողեց Հայ Կաթողիկէ Կենտրոնի Վանատունը։ Ժամը 13.30-ին, Սրբզ. Պապի շքախուբը կանգ առաւ դրօշազարդ դարպասի առաջ, հաւաքուած հաւատացեալների խանդավառ ծափահարութիւնների մէջ։ Երկու երեխաներ, հայկական տարազներով, Կենտրոնի մուտքին, աւանդական աղն ու հացը նուիրեցին Սրբզ. Հիւրին, որ ճաշակեց՝ օրհնելով փոքրիկներին։ Մատրան մէջ, աղօթքի լուռ պահից յետոյ. Սրբզ. Պապը Գրշն. Առաջնորդին նուիրեց ոսկեզօծ գեղեցիկ սկիհ։ Ի պատիւ Սրբզ Պապի տրուած ճաշին, մասնակցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` երկու Արքեպիսկոպոսների ընկերակցութեամբ։ Սրբզ. Պապին հետեւում էին Կարդինալներ ու Եպիսկոպոսներ, Կաթողիկէ Հայոց Ամենապատիւ Կաթողիկոս Պատրիարքը՝ իր Եպիսկոպոսներով, հայ կաթողիկէ 25 վարդապետներ` մեր Առաջնորդական Թեմից ու արտասահմանից։ Ճաշի ընթացքում, Գրշն. Առաջնորդը հակիրճ ուղերձով, խոնարհաբար ողջոյն մատուցեց Սրբզ. Պապին, Եղիսաբեթի յուզիչ խօսքերով` ուղղուած Մարիամ Կոյսին, Ային-Քարեմում։ Ապա Սրբզ. Պապին նուիրեց գեղաքանդակ մի մեծ սափոր, Աստուածամօր Աւետման տեսարանի գունազարդ պատկերագրութեամբ։ Ճաշից յետոյ, Սրբզ. Պապը օրհնեց Հայ Քոյրերին, որոնք ծառայում են Հայաստանի Հայ Կաթողիկէ Թեմում, նոյնիսկ սեղանի ծառայող սպասեակներին, եւ շէնքի փոքրիկ պատշգամբից օրհնեց երեխաներին, որոնք ուրախութեամբ ու երգերով ներքեւից աղաղակում էին եւ հայցում Սրբզ. Պապի օրհնութիւնը։ Շքախումբը վերադառձաւ Ս. Էջմիածին, ուր` երեկոյեան ժամին, կատարուեց մի կարճատեւ արարողութիւն հրաժեշտի, եւ Սրբզ. Պապի ու Կաթողիկոսի կողմից համատեղ ստորագրութեամբ մի փաստաթուղթ հրապարակուեց՝ ոգեկոչելու համար 2001 թուականի փառապանծ Յոբելեանը, Ս. Գրիգոր Լուսաւորչի օրհնեալ յիշատակով պայծառացած, բայց նաեւ ընդգծելու մեր պատմութեան ամէնից արիւնոտ իրադարձութիւնները` 1915 թուականի ողբերգական էջը, այժմ Սրբզ. Պապի այցելութեամբ եւ օրհնութեամբ անջնջելի։ Փաստաթղթում նշւում են նաեւ Ամենայն Հայոց վերջին երկու Կաթողիկոսների հետ ստորագրուած համաձայնագրերը, եւ ի մասնաւորի` քրիստոսաբանական դաւանանքի շուրջ կատարուած յայտարարութիւնները։
Խոր-Վիրապում, իբր վերջին անգամ` հնչեցին շարականներ ու աղօթքներ՝ մինչ ուխտական մի վառ լապտեր, Լուսաւորչի տառապանքի վիրապից ստանալով իր լոյսը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռքից փոխանցւում էր Սրբզ. Պապին։ Օդանաւակայանում, հրաժեշտի ուղերձներից յետոյ, վերջալոյսի յետին ցոլքերի հետ, մինչ Հռոմի Սրբզ. Քահանայապետը յամրաքայլ բարձրանում էր ինքնաթիռի սանդուղով, թրթռում էր լապտերի բոցն ուխտական։ Լո՜յս սուրբ, որ միացնելու էր Հայաստանն ու Արեւելքը համայն` Յաւերժական Քաղաքին։ Եւ ճրագի լոյսն այդ դողդոջ վերարծարծում էր Հայոց սրտերում Ս. Ներսէս Շնորհալի Կաթողիկոսի ձեռամբ 1144 թուականին արձանագրուած տողերը, որոնք հնչում են այսպէս. «Եւ դու՛, Հռոմ, մայր քաղաքաց – գերապայծառ եւ պատուելի, Մեծին Աթոռդ Պետրոսի – Առաքելոց Գլխաւորի, Եկեղեցիդ անշարժելի – ի Կեփայեան շինեալ Վիմի, Դրանց դժոխոց անվանելի – եւ կնիք երկնիցն բացողի»։ (Ողբ Եդեսիոյ, տպ. Վենետիկ, 1928, սկիզբ)»։
Սբ. Հովհաննես Պողոս Բ Քահանայապետի Հայաստան այցելության ժամանակ տրված ուղերձներին, քարոզներին և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ ստորագրված համատեղ հայտարարությանը կարող եք ծանոթանալ սույն կայքի նույն բաժնի ստորև բերված հրապարակումներում
ինչպես նաև՝ Հայաստանում Պապական նվիրակության պաշտոնականն կայքէջին:
Պատրաստեց՝
Տ. Հովսեփ Քհն. Գալստյան
Դիվանապետ Առաջնորդության
Ահա՛ մի տեսանյութ, որտեղ կարող եք տեսնել կադրեր՝ Սբ. Հովհաննես Պողոս Բ Քահանայապետի այցից Հայաստան:





