• Սբ. Հովհաննես Պողոս Բ Քահանայապետի ուղերձը՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում

    ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆ
    ՈՂՋՈՒՅՆԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
    ՍԲ. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊՈՂՈՍ Բ ՔԱՀԱՆԱՅԱՊԵՏՒ ՈՒՂԵՐՁԸ

    «Զվարթնոց» միջազգային օդանավակայան
    Երևան, 25 սեպտեմբերի 2001 թ.


    Պարո՛ն Նախագահ,

    Ձե՛րդ Սրբություն,

    Սիրելի՛ հայ բարեկամներ,

     

    Գոհություն եմ հայտնում Ամենակալ Աստծուն, որ այսօր առաջին անգամ Հռոմի Եպիսկոպոսը ոտք է դնում հայոց հողի վրա՝ այս հնամենի և սիրելի երկրում, որի մասին ձեր մեծ բանաստեղծ Դանիել Վարուժանը մի անգամ գրել է. «Գյուղերեն մինչև հեռու հորիզոններ, Երկիրը կփռվի որպես մայր» («Կանչը»): Ես երկար ժամանակ սպասել եմ շնորհի և ուրախության այս պահին, հատկապես Վատիկան կատարած Ձեր այցելություններից ի վեր, պարո՛ն Նախագահ, և Ձերդ Սրբություն՝ Ամենայն Հայոց Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս:

     

    Խորապես շնորհակալ եմ Ձեզ, պարո՛ն Նախագահ, Հայաստանի Կառավարության և ժողովրդի անունից հղած ողջույնի ջերմ խոսքերի համար: Այս առիթն օգտագործում եմ շնորհակալություն հայտնելու քաղաքացիական և ռազմական իշխանություններին, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսին՝ այսօր ինձ այստեղ ողջունելու համար: Ողջունելով Ձեզ՝ իմ հարգանքն ու բարեկամությունը տարածվում են ոչ միայն այստեղ՝ ձեր հայրենիքում ապրող հայերի, այլև ողջ աշխարհում սփռված միլիոնավոր հայերի վրա, ովքեր հավատարիմ են մնում իրենց ժառանգությանն ու ինքնությանը, և այսօր նորոգված հպարտությամբ ու ուրախությամբ են նայում իրենց ծագման երկրին: Նրանց սրտերը նույնպես բաբախում են այն զգացմունքներով, որոնք Վարուժանը նկարագրել է իր բանաստեղծություններից մեկում. «Հոգիս կփափագի սուզվել կապույտի ալիքի մեջ փայլուն, Սուզվել, եթե պետք է, երկնային հրդեհների մեջ, Ճանաչել նոր աստղեր, հնամենի կորուսյալ հայրենիքը,  Ուրկե ընկել է հոգիս և դեռ լալիս է՝ հիշելով երկինքը» («Կալին երգերը»):

     

    Ձե՛րդ Սրբություն, Գարեգին Կաթողիկոս, Տիրոջով եղբայրական սիրով ողջագուրվում եմ Ձեզ և այն Եկեղեցուն, որը Ձեզ է վստահված: Առանց Ձեր քաջալերանքի ես այժմ այստեղ չէի լինի՝ որպես ուխտավոր հոգևոր ճանապարհորդության մեջ՝ պատվելու քրիստոնեական կյանքի այն արտասովոր վկայությունը, որը Հայ Առաքելական Եկեղեցին բերել է դարեր շարունակ, և ոչ պակաս՝ Քսաներորդ դարում, որը ձեզ համար անասելի ահաբեկչության և տառապանքի ժամանակաշրջան էր: Ամբողջ Կաթողիկէ Եկեղեցին կիսում է Ձեր և համայն հայության խորին ուրախությունը այս նվիրական երկրում Քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակման 1700-ամյակի առթիվ:

     

    Ողջագուրվում եմ իմ եղբայր Եպիսկոպոսներին և Հայաստանում ու հարակից շրջաններում Կաթողիկէ Եկեղեցու բոլոր հավատացյալներին՝ փափագելով ամրապնդել ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի սիրո մեջ և ձեր մերձավորի ու ձեր երկրի ծառայության գործում:

    Խորապես հուզված եմ, երբ մտածում եմ այս երկրում քրիստոնեության փառահեղ պատմության մասին, որն ըստ ավանդության, սկիզբ է առնում Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների քարոզչությունից: Հետագայում, Սուրբ Գրիգոր Լուսավորչի վկայության և գործունեության միջոցով, քրիստոնեությունն առաջին անգամ դարձավ ամբողջ ազգի հավատքը: Տիեզերական Եկեղեցու տարեգրության մեջ ընդմիշտ կգրվի, որ Հայաստանի ժողովուրդն առաջինն էր, որ որպես ամբողջական ժողովուրդ, ընդունեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ավետարանի շնորհն ու ճշմարտությունը: Այդ հերոսական ժամանակներից ի վեր ձեր Եկեղեցին երբեք չի դադարել փառաբանել Հայր Աստծուն, տոնել Նրա Որդու՝ Հիսուս Քրիստոսի Մահվան և Հարության խորհուրդը և հայցել Սուրբ Հոգու՝ Մխիթարչի օգնությունը: Դուք նախանձախնդրորեն պահպանում եք ձեր բազմաթիվ նահատակների հիշատակը. իրոք, նահատակությունը եղել է Հայ Եկեղեցու և հայ ժողովրդի հատուկ դրոշմը:

     

    Հայաստանի անցյալն անբաժանելի է նրա քրիստոնեական հավատքից: Հիսուս Քրիստոսի Ավետարանին հավատարմությունը ոչ պակաս նպաստ կբերի այն ապագային, որը ազգը կառուցում է անցյալ դարի ավերածություններից այն կողմ: Պարո՛ն Նախագահ, սիրելի՛ բարեկամներ, դուք նոր եք նշել անկախության տասնամյակը: Դա նշանակալից քայլ էր դեպի արդար և ներդաշնակ հասարակություն տանող ճանապարհին, որտեղ բոլորն իրենց լիարժեքորեն տանը կզգան և կտեսնեն իրենց օրինական իրավունքների հարգումը: Յուրաքանչյուր ոք, հատկապես հանրային կյանքի համար պատասխանատուները, այսօր կոչված են ճշմարտապես նվիրվելու ընդհանուր բարօրությանը՝ արդարությամբ և համերաշխությամբ, ժողովրդի առաջընթացը գերադասելով ցանկացած մասնավոր շահից: Սա ճշմարիտ է նաև տարածաշրջանային մակարդակում խաղաղության շտապ որոնման գործում: Խաղաղությունը կառուցվելու է միայն փոխադարձ հարգանքի, միջհամայնքային հարաբերություններում արդարության և ուժեղների կողմից վեհանձնության ամուր հիմքերի վրա:

     

    Հայաստանը դարձել է Եվրոպայի Խորհրդի անդամ, և սա ցույց է տալիս ձեր վճռականությունը՝ վճռականորեն և արիաբար աշխատելու երկրի հաստատությունների ժողովրդավարական բարեփոխումներն իրականացնելու ուղղությամբ, որոնք անհրաժեշտ են նրա քաղաքացիների մարդկային և քաղաքացիական իրավունքների հարգումը երաշխավորելու համար: Սրանք դժվարին, բայց նաև մարտահրավերներով լի և ոգեշնչող ժամանակներ են ազգի համար: Թող դրանք դիմավորվեն բոլորի ամուր վճռականությամբ՝ սիրելու իրենց հայրենիքը և զոհաբերվելու նրա ժողովրդի հոգևոր և նյութական բարօրության համար:

     

    Աստված օրհնի հայ ժողովրդին ազատությամբ, բարգավաճմամբ և խաղաղությամբ:

Օրացույց

Օրացույց