
ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆ
ԷԿՈՒՄԵՆԻԿ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ
ՍԲ. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊՈՂՈՍ Բ ՊԱՊԻ ՔԱՐՈԶԸ
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցի
Երևան, 26 սեպտեմբերի 2001 թ․
«Որքա՜ն բարի է և որքա՜ն վայելուչ,
որ եղբայրները բնակվում են միասին» (Սղմ. 133:1):
Փառավորյալ լինի Հիսուս Քրիստոս:
Անցյալ կիրակի Ձերդ Սրբությունն ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ունեցան ուրախությունը օծելու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ այս նոր Մայր Եկեղեցին՝ որպես արժանի հուշարձան մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին Հայաստանի տասնյոթ դարերի հավատարմության: Այս չքնաղ Սրբավայրը վկայում է ձեր հայրերի կողմից ձեզ ավանդված հավատքի մասին և բոլորիս խոսում է այն հույսի մասին, որն այսօր ոգեշնչում է հայ ժողովրդին՝ նայելու ապագային նորոգված վստահությամբ և քաջարի վճռականությամբ:
Ինձ համար մեծ անձնական երջանկության աղբյուր է Ձերդ Սրբության հետ նախագահել այս Էկումենիկ Ծեսին: Սա, կարծես, անցյալ տարի Հռոմի Սուրբ Պետրոսի Բազիլիկ տաճարում մեր համատեղ Աղոթքի շարունակությունն է: Այնտեղ մենք միասին հարգանքի տուրք մատուցեցինք Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքներին, իսկ այսօր Տերը մեզ շնորհում է դա անել դարձյալ այստեղ՝ Երևանում: Ես ողջագուրվում եմ Ձերդ Սրբության հետ այն նույն եղբայրական սիրով, որով Դուք ինձ ողջագուրեցիք Հռոմ կատարած Ձեր այցելության ժամանակ:
Երախտապարտ եմ Հանրապետության Հարգարժան Նախագահին՝ այս էկումենիկ հանդիպմանը ներկա գտնվելու համար, ինչը մեր ընդհանուր այն համոզմունքի նշանն է, որ ազգը կծաղկի և կբարգավաճի իր բոլոր հաստատությունների փոխադարձ հարգանքի և համագործակցության միջոցով: Իմ մտքերն ուղղվում են դեպի Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն և Երուսաղեմի ու Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքները. Տիրոջ սիրով հղում եմ նրանց իմ ողջույնները: Ջերմորեն ողջունում եմ այս երեկո այստեղ ներկայացված քաղաքացիական և կրոնական բոլոր մարմինների ու համայնքների ականավոր անդամներին:
Երբ Սուրբ Գրիգորի քարոզչության միջոցով Տրդատ Գ Թագավորը դարձի եկավ, նոր լույս ծագեց հայ ժողովրդի երկար պատմության մեջ: Հավատքի տիեզերականությունն անբաժանելիորեն միահյուսվեց ձեր ազգային ինքնությանը: Քրիստոնեական հավատքը հարատև կերպով արմատավորվեց այս հողում՝ Արարատ լեռան շուրջը, և Ավետարանի խոսքը խորապես ազդեց հայ ժողովրդի լեզվի, ընտանեկան կյանքի, մշակույթի և արվեստի վրա:
Պահպանելով և զարգացնելով իր սեփական ինքնությունը՝ Հայ Եկեղեցին չվարանեց երկխոսության մեջ մտնել քրիստոնեական այլ ավանդույթների հետ և օգտվել նրանց հոգևոր ու մշակութային ժառանգությունից: Շատ վաղ շրջանում հայերեն թարգմանվեցին ոչ միայն Սուրբ Գիրքը, այլև ասորի, հույն և լատին Հայրերի հիմնական երկերը: Հայոց ծեսն իր ոգեշնչումը քաղեց Արևելքի և Արևմուտքի Եկեղեցու ծիսական ավանդույթներից: Ոգու այս բացառիկ բացվածության շնորհիվ Հայ Եկեղեցին իր ողջ պատմության ընթացքում հատկապես զգայուն է եղել քրիստոնեական միության գործի նկատմամբ: Սուրբ Հայրապետներն ու Վարդապետները, ինչպիսիք են Սուրբ Սահակ Պարթևը, Բաբգեն Ոթմսեցին, Զաքարիա Ձագեցին, Ներսես Շնորհալին, Ներսես Լամբրոնացին, Ստեփանոս Սալմաստեցին, Հակոբ Ջուղայեցին և այլոք, հռչակված էին Եկեղեցու միության նկատմամբ իրենց նախանձախնդրությամբ:
Բյուզանդական Կայսրին ուղղված իր նամակում Ներսես Շնորհալին շարադրեց էկումենիկ երկխոսության սկզբունքները, որոնք չեն կորցրել իրենց արդիականությունը: Իր բազմաթիվ ճշմարտացի մտքերի շարքում նա պնդում է, որ միության որոնումը ողջ համայնքի առաջադրանքն է, և չի կարելի թույլ տալ, որ այն ներքին պառակտումներ առաջացնի Եկեղեցիների ներսում: Սուրբը նաև սովորեցնում է, որ անհրաժեշտ է հիշողության բուժում՝ անցյալի դժգոհություններն ու նախապաշարմունքները հաղթահարելու համար, որ տարբեր Եկեղեցիների ներկայացուցիչների միջև փոխադարձ հարգանքն ու հավասարության զգացումն անհրաժեշտ պայմաններ են, և վերջապես նա ասում է, որ քրիստոնյաները պետք է ունենան խոր ներքին համոզմունք, որ միությունն էական է ոչ թե ռազմավարական առավելության կամ քաղաքական շահի համար, այլ՝ հանուն Ավետարանի քարոզչության, ինչպես պատվիրում է Քրիստոս: Հայ մեծ Վարդապետի մտքերը բացառիկ հովվական իմաստնության պտուղն են, և ես այսօր ձեր մեջ դրանք դարձնում եմ իմը:
«Որքա՜ն բարի է և որքա՜ն վայելուչ, որ եղբայրները բնակվում են միասին» (Սղմ. 133:1): Երբ 1970 թվականին Պողոս VI Պապն ու Վազգեն Ա Կաթողիկոսը փոխանակեցին խաղաղության համբույրը, նրանք սկիզբ դրեցին Հռոմի Եկեղեցու և Հայ Եկեղեցու միջև եղբայրական շփումների նոր դարաշրջանին: Նրանց հանդիպմանը շուտով հաջորդեցին այլ կարևոր այցելություններ: Ես ինքս շատ պայծառ հիշողություններ ունեմ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա-ի՝ Հռոմ կատարած այցելություններից, նախ՝ որպես Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս, ապա՝ որպես Ամենայն Հայոց Կաթողիկոս: Վատիկանի Երկրորդ Ժողովին որպես դիտորդ մասնակցելու ժամանակվանից ի վեր, Գարեգին Ա Կաթողիկոսը երբեք չի դադարել աշխատել Արևելքի և Արևմուտքի քրիստոնյաների միջև բարեկամական հարաբերությունների և գործնական համագործակցության խթանման ուղղությամբ: Ես շատ կցանկանայի այցելել նրան այստեղ՝ Հայաստանում, սակայն նրա վատառողջությունը և վաղահաս մահն անհնարին դարձրին դա: Գոհություն եմ հայտնում Տիրոջը՝ մեզ Եկեղեցու այս մեծ այրին, քրիստոնեական միության իմաստուն և քաջարի պաշտպանին պարգևելու համար:
Ձե՛րդ Սրբություն, ես իսկապես երջանիկ եմ, որ կարող եմ պատասխան այց կատարել այն այցելությանը, որն արեցիք ինձ Հռոմում՝ հայ եպիսկոպոսների և հավատացյալների պատվիրակության հետ միասին: Հայաստան և Սուրբ Էջմիածին այցելելու Ձեր առատաձեռն հրավերը ես տեսա որպես բարեկամության և եկեղեցական սիրո մեծ նշան: Երկար դարեր Հայ Առաքելական Եկեղեցու և Հռոմի Եկեղեցու միջև շփումները եղել են ջերմ ու ինտենսիվ, և լիակատար միության ցանկությունը երբեք ամբողջովին չի անհետացել: Իմ այսօրվա այցը վկայում է մեր ընդհանուր ձգտման մասին՝ բնակվելու այն լիակատար միության մեջ, որը մեր Տերն է կամենում Իր աշակերտների համար: Մենք մոտ ենք Արարատ լեռանը, որտեղ, ըստ ավանդության, հանգրվանեց Նոյյան Տապանը: Խաղաղության և սիրո ձիթենու ճյուղով վերադարձող աղավնու նման (հմմտ. Ծննդ. 8:11) ես աղոթում եմ, որ իմ այցելությունը լինի մեր միջև եղած արդեն իսկ հարուստ և պտղաբեր համագործակցության մի տեսակ օծում:
Կաթողիկէ Եկեղեցու և Հայաստանի Եկեղեցու միջև կա իրական և սերտ միություն, քանի որ երկուսն էլ պահպանում են առաքելական հաջորդականությունը և ունեն վավերական խորհուրդներ, հատկապես Մկրտությունը և Հաղորդությունը: Մեր այս գիտակցումը պետք է ոգեշնչի մեզ ավելի ջանասիրաբար աշխատելու մեր էկումենիկ երկխոսությունն ամրապնդելու ուղղությամբ: Հավատքի և սիրո այս երկխոսության մեջ ոչ մի հարց, որքան էլ դժվար լինի, չպետք է անտեսվի: Գիտակցելով Հռոմի Եպիսկոպոսի ծառայության կարևորությունը քրիստոնեական միության որոնման գործում՝ իմ «Ut Unum Sint» («Որպեսզի ամենքը մեկ լինեն») շրջաբերական նամակում ես խնդրել եմ, որ մեր Եկեղեցիների եպիսկոպոսներն ու աստվածաբանները խորհրդածեն «այն ձևերի շուրջ, որոնցով այս ծառայությունը կարող է իրականացվել որպես բոլոր շահագրգիռ կողմերից ճանաչված սիրո ծառայություն» (95): Եկեղեցու կյանքի առաջին դարերի օրինակը կարող է առաջնորդել մեզ այս զատորոշման մեջ: Իմ ջերմագին աղոթքն է՝ «պարգևների փոխանակման» նորոգման համար, որի այնքան հրաշալի օրինակներ տվեց առաջին հազարամյակի Եկեղեցին: Թող այն ժամանակվա հիշողությունը, երբ Եկեղեցին «շնչում էր երկու թոքերով», մղի Արևելքի և Արևմուտքի քրիստոնյաներին քայլելու միասին՝ հավատքի միության մեջ և հարգանքով՝ հանդեպ օրինական բազմազանության՝ ընդունելով և սատարելով միմյանց՝ որպես Քրիստոսի մեկ Մարմնի անդամներ (հմմտ. Novo Millennio Ineunte, 48):
Մեկ սրտով խոկանք Քրիստոսի շուրջ, Ով մեր խաղաղությունն է և Ով միավորեց բաժանվածը (հմմտ. Եփես. 2:14): Ժամանակը շտապեցնում է, և մերը նվիրական ու հրատապ առաջադրանք է: Մենք պետք է ավետենք փրկության բարի լուրը մեր ժամանակի տղամարդկանց և կանանց: Ապրած լինելով կոմունիզմի և նյութապաշտության հոգևոր դատարկությունը՝ նրանք փնտրում են դեպի կյանք և երջանկություն տանող ուղին. նրանք ծարավի են Ավետարանին: Մենք մեծ պատասխանատվություն ունենք նրանց առջև, և նրանք մեզնից սպասում են հավատքի միության և փոխադարձ սիրո համոզիչ վկայություն: Մինչ աշխատում ենք լիակատար հաղորդության համար, եկեք միասին անենք այն, ինչ պարտավոր չենք անել առանձին: Եկեք աշխատենք միասին՝ լիակատար հարգանքով մեր յուրահատուկ ինքնությունների և ավանդույթների հանդեպ: Երբե՛ք այլևս քրիստոնյաներն ընդդեմ քրիստոնյաների, երբե՛ք այլևս Եկեղեցին ընդդեմ Եկեղեցու: Ընդհակառակը, եկեք քայլենք միասին, ձեռք ձեռքի տված, որպեսզի քսանմեկերորդ դարի և նոր հազարամյակի աշխարհը հավատա:
Հայ ժողովուրդը միշտ մեծ հարգանք է տածել Քրիստոսի Խաչի նկատմամբ: Դարերի ընթացքում Խաչը եղել է նրանց հույսի անսպառ աղբյուրը՝ փորձությունների և տառապանքների ժամանակ: Այս երկրի ցայտուն հատկանիշն են խաչքարերի տեսքով բազմաթիվ խաչերը, որոնք վկայում են քրիստոնեական հավատքին ձեր հաստատուն հավատարմության մասին: Տարվա այս եղանակին Հայ Եկեղեցին տոնում է իր մեծ տոներից մեկը՝ Սուրբ Խաչվերացը:
Խաչափայտի վրա երկրից բարձրացված՝ Հիսուս Քրիստոսը՝ մեր փրկությունը, մեր կյանքն ու մեր հարությունը, բոլորիս ձգում է դեպի Իրեն (հմմտ. Հովհ. 12:32): Ո՛վ Քրիստոսի Խաչ, մեր ճշմարիտ հույս: Ուր էլ որ մեղքն ու մարդկային տկարությունը բաժանում են առաջացրել, տո՛ւր մեզ ուժ ներելու և միմյանց հետ հաշտվելու: Ո՛վ Քրիստոսի Խաչ, եղի՛ր մեր ուժը, մինչ աշխատում ենք վերականգնել լիակատար հաղորդությունը բոլոր նրանց միջև, որոնք Խաչյալ Տիրոջը նայում են որպես Փրկչի և Աստծո: Ամեն:
Երախտապարտ եմ ձեր ուշադրության համար և հայցում եմ Աստծո օրհնությունը դեպի լիակատար միություն տանող մեր քայլերին:





