• Սբ․ Հովհաննես Պողոս Բ Պապի հուզիչ հայրական խոսքն՝ ուղղված հայ ժողովրդին, Սբ․ Էջմիածնում

    ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆ
    ԼԱՏԻՆԱԿԱՆ ԾԵՍՈՎ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ
    ՍԲ. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊՈՂՈՍ Բ ՊԱՊԻ ՔԱՐՈԶԸ
    Բացօթյա Մեծ Խորան
    Էջմիածին, 27 սեպտեմբերի 2001 թ․


    Սիրելի՛ եղբայրներ և քույրեր,

    Ողջունում և օրհնում եմ ձեզ ամենքիդ:

    «Տերն իմ լույսն է և իմ փրկությունը» (Սղմ. 26:1):

     

    Սաղմոսի այս խոսքերն արձագանքեցին հայերի սրտերում, երբ Բարթողիմեոս և Թադեոս առաքյալների կողմից այս հողում առաջին անգամ քարոզված քրիստոնեական հավատքը տասնյոթ դար առաջ դարձավ ազգի կրոնը: Այդ ժամանակվանից ի վեր հայ քրիստոնյաներն ապրել ու իրենց կյանքն են մեր Տեր Հիսուս Քրիստոսի «շնորհով և ճշմարտությամբ» (Հովհ. 1:17): Ավետարանի լույսն ու փրկությունը ոգեշնչել և սատարել են ձեզ դարերի ընթացքում ձեր ուխտագնացության յուրաքանչյուր հանգրվանում: Այսօր մենք պատվում և հիշատակում ենք Հայաստանի հավատարմությունը Հիսուս Քրիստոսին այս Սուրբ Պատարագի ընթացքում, որը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսը, եղբայրական սիրով, հրավիրեց ինձ մատուցելու այն սուրբ հողի վրա, որտեղ Աստծո Որդին հայտնվեց հավատքի մեջ ձեր հորը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչին:

     

    Որքա՜ն էր Հռոմի Եպիսկոպոսը փափագում այս օրվան: Անհուն ուրախությամբ ողջունում եմ Նորին Սրբություն Կաթողիկոսին, նրա աթոռակից Արքեպիսկոպոսներին ու Եպիսկոպոսներին և Հայ Առաքելական Եկեղեցու հավատացյալներին: Ջերմորեն ողջունում եմ Արհիապատիվ Տ. Ներսես Արքեպս. Տեր-Ներսեսյանին, Աթոռակից Արքեպիսկոպոս Վարդան Քեշիշյանին, և նրանց միջոցով իմ մտքերն ուղղվում են դեպի Նորին Ամենապատվություն Ներսես Պետրոս ԺԹ Պատրիարքին, ինչպես նաև հայ եպիսկոպոսներին ու հավատացյալներին ողջ աշխարհում: Ես ողջագուրում եմ քահանաներին, կրոնավորներին ու կրոնավորուհիներին, և ձեզ ամենքիդ՝ տարբեր ծխերից ժամանած Հայ Կաթողիկէ Եկեղեցու դստրերին ու որդիներին: Ողջունում եմ Եպիսկոպոս Ջուզեպպե Բազոտտոյին՝ Կովկասի լատինածես Առաքելական Ադմինիստրատորին, և բոլոր նրանց, ովքեր ժամանել են Վրաստանից և Կովկասի այլ մասերից:

     

    Երկար տարիներ քահանայի ձայնը լռել էր ձեր եկեղեցիներում, բայց ժողովրդի հավատքի ձայնը դեռ լսելի էր՝ լի նվիրվածությամբ և որդիական սիրով հանդեպ Պետրոս Առաքյալի Հաջորդի:

     

    Երբ չարասիրտ մարդիկ կրակեցին Փանիկի զանգակատան Խաչի վրա, նրանք փորձեցին վիրավորել Աստծուն, Ում չէին հավատում: Բայց նրանց բռնությունն ուղղված էր նախ և առաջ այն ժողովրդի դեմ, ով քարեր էր հավաքել Տիրոջ համար տուն կառուցելու համար. ձեր դեմ, ովքեր այդ եկեղեցիներում ստացել էիք հավատքի պարգևը՝ Մկրտության ջրերում և Սուրբ Հոգու պարգևը Դրոշմի մեջ. ձեր դեմ, ովքեր հավաքվում էիք կիսելու երկնային խնջույքը՝ Հաղորդության սեղանի շուրջ. ձեր դեմ, ովքեր աղոթքի այդ վայրերում օրհնել էիք ձեր ամուսնությունները, որպեսզի ձեր ընտանիքները սուրբ լինեն, և հրաժեշտ էիք տվել ձեր սիրելիներին՝ այն հաստատուն հույսով, որ մի օր նորից կմիավորվեք նրանց հետ երկնքում: Նրանք կրակեցին Խաչի վրա, բայց դուք դարձյալ երգում էիք Տիրոջ գովքը՝ պահպանելով և հարգելով ձեր վերջին քահանայի սքեմը՝ որպես ձեր մեջ նրա ներկայության հետք: Դուք երգում էիք ձեր հոգևոր երգերը՝ այն հաստատ համոզմունքով, որ երկնքից նրա ձայնը միահյուսված է ձեր ձայնին՝ փառաբանելով Քրիստոսին՝ հավիտենական Քահանայապետին: Դուք զարդարում էիք ձեր աղոթատեղիները որքան կարող էիք, և Հիսուսի ու Նրա Մոր՝ Մարիամի պատկերների կողքին հաճախ տեղադրված էր Հռոմի Պապի նկարը՝ Հայ Առաքելական Եկեղեցու Կաթողիկոսի նկարի կողքին: Դուք հասկացաք, որ այնտեղ, որտեղ քրիստոնյաները տառապում էին, թեև իրարից բաժանված, արդեն իսկ գոյություն ուներ խորը միություն:

     

    Ահա՛ թե ինչու ձեր վերջին պատմությունը չի նշանավորվել Եկեղեցիների միջև տխուր հակադրությամբ, որն այնքան անհանգստացրել է այստեղից ոչ հեռու գտնվող այլ երկրների քրիստոնյաներին: Ես դեռ հիշում եմ, թե ինչպես, երբ գաղափարախոսական աթեիզմի ձմեռն անցավ, լուսահոգի Վազգեն Ա Կաթողիկոսը հրավիրեց Հռոմի Սուրբ Աթոռին քահանա ուղարկել Հայաստանի կաթողիկէների համար: Ես ձեզ համար ընտրեցի Հայր Կոմիտասին՝ Աբբահայր Մխիթարի հոգևոր որդիներից մեկին: Այս տարի Մխիթարյան միաբանությունը նշում է իր հիմնադրման 300-ամյակը: Երախտագիտություն հայտնենք Տիրոջը այն փառավոր վկայության համար, որ տվել են կրոնավորները, և շնորհակալ լինենք նրանց այն ամենի համար, ինչ նրանք անում են հիմա՝ հայ մշակույթը նորոգելու համար:

     

    Թեև այլևս երիտասարդ չէր, Հայր Կոմիտասն անմիջապես և մեծ ոգևորությամբ համաձայնեց միանալ ձեզ՝ վերակառուցման դժվարին գործում: Նա եկավ ապրելու Փանիկում, որտեղ վերականգնեց այն Խաչը, որը կրակողները փորձել էին ոչնչացնել: Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականության և հավատացյալների հետ եղբայրության ոգով նա վերաբացեց և զարդարեց եկեղեցին կաթողիկէների համար, որոնք այնքան երկար պաշտպանել էին այն: Այժմ նա ննջում է դրա կողքին՝ նույնիսկ մահվան մեջ մոտ լինելով իր ժողովրդին, մինչ սպասում է մեռելների Հարությանը:

     

    Հետագայում, Վազգեն Կաթողիկոսի եղբայրական ըմբռնմամբ, ով ազգային Խորհրդարանում պաշտպանել էր Հայաստանի կաթողիկնէերի իրավունքները, ես կարողացա ձեզ մոտ որպես հովիվ ուղարկել մեկ այլ Մխիթարյան միաբանի՝ Հայր Ներսեսին, ում եպիսկոպոս ձեռնադրեցի Սուրբ Պետրոսի Բազիլիկ տաճարում: Նա հավատքը խոստովանողի որդի է, ով Քրիստոսին իր հավատարմության համար վճարել է կոմունիստական բանտերում: Ես ցանկանում եմ շնորհակալության հատուկ խոսք ասել Ներսես Արքեպիսկոպոսին: Երբ նրան խնդրեցին, նա շտապեց թողնել Վենետիկի Սուրբ Ղազար կղզու իր սիրելի Մխիթարյան համայնքը, որպեսզի ծառայի ձեր մեջ՝ որպես սիրող հայր և հարգարժան ուսուցիչ: Այժմ նրան օգնում է Արքեպիսկոպոս Վարդանը՝ Աբբահայր Մխիթարի մեկ այլ հոգևոր որդին: Նրան նույնպես մաղթում եմ երկարատև և պտղաբեր հովվական ծառայություն:

     

    Իր նախկին Փոխանորդի հետ միասին, ով հետագայում դարձավ Իրանի հայ կաթողիկէների Եպիսկոպոսը, իսկ այժմ Աթոռակից Արքեպիսկոպոսի, քահանաների և քույրերի հետ, ովքեր աննկուն նվիրվում են Ավետարանի համար, Ներսես Արքեպիսկոպոսը սովորեցրել է ձեզ և ցույց տվել, որ Կաթողիկէ Եկեղեցին այս հողում մրցակից չէ: Եղբայրական վերաբերմունքը համակում է մեր բոլոր հարաբերությունները: Ինչպես լռության տարիներին դուք Պապի նկարը տեղադրում էիք Կաթողիկոսի նկարի կողքին, այնպես էլ այսօրվա Պատարագին մենք կաղոթենք ոչ միայն կաթողիկէ նվիրապետության, այլև Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի համար:

     

    Ձեր բարությամբ, Ձե՛րդ Սրբություն, Դուք հրավիրեցիք Հռոմի Եպիսկոպոսին Սուրբ Էջմիածնում կաթողիկէ համայնքի հետ տոնակատարելու Սուրբ Հաղորդությունը, և Դուք պատվում եք մեզ Ձեր ներկայությամբ այս ուրախալի առիթին: Սա մեր ընդհանուր հավատքի հրաշալի նշան չէ՞ արդյոք: Արդյո՞ք սա չի արտահայտում մեր այնքան շատ եղբայրների ու քույրերի իղձը, ովքեր ցանկանում են տեսնել մեզ արագ առաջ ընթանալիս միության ուղիով: Իմ սիրտը փափագում է արագացնել այն օրը, երբ մենք միասին կտոնակատարենք Աստվածային այն Պատարագը, որը բոլորիս մեկ է դարձնում: Այս խորանի առջև, որը Ձեր խորանն է, ես խնդրում եմ Տիրոջը ներել մեր անցյալի սխալները միության դեմ և առաջնորդել մեզ դեպի այն սերը, որը հաղթահարում է բոլոր արգելքները:

     

    Սիրելի՛ կաթողիկէ եղբայրներ և քույրեր, դուք իրավամբ հպարտ եք ձեր նախնիների այս հնագույն հողով, և դուք նույնպես նրա պատմության ու մշակույթի ժառանգորդներն եք: Կաթողիկէ Եկեղեցում գովաբանության օրհներգը բարձրանում է առ Աստված՝ բազմաթիվ ժողովուրդներից, բազմաթիվ լեզուներով: Բայց տարբեր ձայների այս միաձուլումը մեկ մեղեդու մեջ ոչ մի կերպ չի ոչնչացնում ձեր ինքնությունը որպես հայեր: Դուք խոսում եք ձեր նախնիների քաղցր լեզվով: Դուք երգում եք ձեր ծեսը այնպես, ինչպես ձեզ սովորեցրել են Հայ Եկեղեցու սուրբ Հայրերը: Առաքելական Եկեղեցու ձեր եղբայրների և քույրերի հետ դուք վկայում եք նույն Տեր Հիսուսին, Ով բաժանված չէ: Դուք պատկանում եք ոչ թե Ապողոսին, ոչ Կեփասին, ոչ էլ Պողոսին. «Դուք Քրիստոսի՛նն եք, իսկ Քրիստոսը՝ Աստծունը» (1 Կորնթ. 3:23):

     

    Որպես հայեր, ունենալով նույն իրավունքներն ու պարտականությունները, ինչ բոլոր հայերը, դուք օգնում եք վերակառուցել ազգը: Վստահ եմ, որ այս կարևորագույն գործում Հայ Առաքելական Եկեղեցու մեր եղբայրներն ու քույրերը նայում են կաթողիկէ համայնքի անդամներին որպես նույն մոր՝ Հայաստան օրհնյալ հողի զավակների, նահատակների ու կրոնավորների, գիտնականների ու արվեստագետների հողի: Առաջացած բաժանումները արմատն անխաթար թողեցին: Մենք պետք է մրցենք միմյանց հետ՝ ոչ թե բաժանում ստեղծելու կամ միմյանց մեղադրելու, այլ փոխադարձ սեր ցուցաբերելու մեջ: Տիրոջ աշակերտների միջև հնարավոր միակ մրցակցությունը տեսնելն է, թե ով կարող է ավելի մեծ սեր տալ: Հիշենք ձեր մեծ Եպիսկոպոս Ներսես Լամբրոնացու խոսքերը. «Աստծո հետ հաշտվելու ոչ մի ձև չկա որևէ մեկի համար, եթե մարդիկ նախ իրենց մեջ հաշտված չեն… Եթե մենք սիրում ենք, և սա է մեր չափանիշը, սերը կլինի մեր ժառանգությունը. եթե մեր չափանիշը ոխն ու ատելությունն են, ապա այն ամենը, ինչ կարող ենք ակնկալել, ոխն ու ատելությունն են»:

     

    Այս պահին Հայաստանին իր բոլոր որդիներից ու դստրերից անհրաժեշտ են թարմ ջանքեր և նոր զոհողություններ: Հայաստանն այսօր կարիք ունի, որ իր բոլոր զավակներն ամբողջ սրտով աշխատեն ընդհանուր բարօրության համար: Քանզի միայն դա կապահովի, որ հասարակական կյանքում ազնիվ ու առատաձեռն ծառայությանը ժողովուրդը պատասխանի վստահությամբ և հարգանքով, որ ընտանիքները լինեն միասնական և հավատարիմ, և որ յուրաքանչյուր մարդկային կյանք սիրով ընդունվի հղացման պահից և հոգատարությամբ փայփայվի նույնիսկ հիվանդության կամ աղքատության ժամանակ: Եվ որտե՞ղ եք գտնելու ուժ՝ այս մեծ ընդհանուր ջանքերի համար: Դուք այն կգտնեք այնտեղ, որտեղ հայ ժողովուրդը միշտ ոգեշնչում է գտել՝ հարատևելու իր բարձր իդեալների մեջ և պաշտպանելու իր մշակութային ու հոգևոր ժառանգությունը, այն լույսի և փրկության մեջ, որոնք ձեզ մոտ են գալիս Քրիստոսից:

     

    Հայաստանը քաղցած է և ծարավի Հիսուս Քրիստոսին, Ում համար ձեր նախնիներից շատերն իրենց կյանքը տվեցին: Այս դժվարին ժամանակներում մարդիկ հաց են փնտրում: Բայց երբ նրանք ունենան դա, նրանց սրտերը դեռ ավելիին կձգտեն՝ ապրելու պատճառի և մի հույսի, որը նրանց կսատարի իրենց ամենօրյա աշխատանքում: Եվ ո՞վ նրանց կմղի իրենց վստահությունը դնելու Հիսուս Քրիստոսի վրա: Դո՛ւք, Հայաստանի քրիստոնյաներդ, և դուք ամենքդ միասին:

     

    Բոլոր հայ քրիստոնյաները միասին նայում են Հիսուս Քրիստոսի Խաչին՝ որպես աշխարհի միակ հույսին և որպես Հայաստանի ճշմարիտ լույսին ու փրկությանը: Խաչի վրա դուք բոլորդ ծնվել եք Քրիստոսի խոցված կողից (հմմտ. Հովհ. 19:34): Դուք փայփայում եք Խաչը, որովհետև գիտեք, որ այն կյանք է, ոչ թե մահ, հաղթանակ է, ոչ թե՝ պարտություն: Դուք գիտեք սա, որովհետև սովորել եք այն ճշմարտությունը, որը Սուրբ Պողոսը հայտնում է փիլիպեցիներին՝ որ իր բանտարկությունը միայն ծառայեց Ավետարանի առաջխաղացմանը (1:12): Նկատի ունեցե՛ք ձեր սեփական դառը փորձառությունը, որը մի տեսակ բանտարկություն էր: Դուք վերցրել եք ձեր Խաչը (հմմտ. Մատթ. 16:24), և այն ձեզ չի ոչնչացրել: Այն իրականում վերաստեղծել է ձեզ խորհրդավոր և հրաշալի եղանակներով: Ահա թե ինչու տասնյոթ դար անց դուք կարող եք Միքիա մարգարեի հետ միասին ասել. «Մի՛ ուրախացիր ինձ վրա, ո՛վ իմ թշնամի. որովհետև թեև ընկա, նորից կբարձրանամ. թեև խավարի մեջ նստեմ, Տերն իմ լույսը կլինի» (7:8): Հայաստանի՛ քրիստոնյաներ, մեծ փորձությունից հետո հիմա հարություն առնելու ժամանակն է: Հարությո՛ւն առեք Նրա հետ, Ով բոլոր դարերում եղել է ձեր լույսն ու ձեր փրկությունը:

     

    Այս էկումենիկ ուխտագնացության ընթացքում ես շատ էի ցանկանում այցելել այն վայրերը, որտեղ կաթողիկէ հավատացյալներն ապրում են ավելի մեծ թվով: Կցանկանայի աղոթել 1988 թվականի ահավոր երկրաշարժի զոհերի գերեզմաններին՝ իմացած լինելով, որ շատերը դեռ տառապում են դրա ողբերգական հետևանքներից: Ցանկանում էի անձամբ այցելել «Redemptoris Mater» («Փրկչի Մայր») հիվանդանոց, որի ստեղծմանն ուրախ էի իմ նպաստն ունենալ Հայաստանի աղետալի օրերին, և որը, գիտեմ, շատ է գնահատվում իր մատուցած ծառայության համար՝ շնորհիվ Կամիլյան հայրերի և Հիսուսի Փոքրիկ Քույրերի անխոնջ աշխատանքի: Բայց սրանցից և ոչ մեկը հնարավոր չեղավ: Իմացե՛ք, որ դուք բոլորդ տեղ ունեք իմ սրտում և իմ աղոթքում:

     

    Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, երբ այս սուրբ վայրից տուն վերադառնաք, հիշե՛ք, որ Հռոմի Եպիսկոպոսը եկավ հարգելու հայ ժողովրդի հավատքը, որի անդամները հատկապես թանկ են իր համար: Նա եկել է նշելու ձեր հավատարմությունն ու քաջությունը և փառաբանելու Աստծուն, Ով ձեզ շնորհեց տեսնել ազատության օրը: Այստեղ՝ այս չքնաղ խորանի առջև, հիշենք նրանց, որոնք պայքարեցին այս օրը տեսնելու համար և չտեսան այն, բայց ովքեր այժմ խոկում են դրա շուրջ Աստծո Թագավորության հավիտենական փառքի մեջ:

     

    Թող Աստվածամայրը, ում դուք անսահման սիրում եք, հսկի իր հայ զավակներին և ձեզ բոլորիդ՝ փոքրիկներին, երիտասարդներին, ընտանիքներին, տարեցներին, հիվանդներին, հավերժ ապահով պահի իր պաշտպան քողի տակ: Armenia semper fidelis (Միշտ հավատարիմ Հայաստան): Աստծո օրհնությունը թող միշտ լինի ձեզ հետ: Ամեն:

Օրացույց

Օրացույց