• Սբ. Հովհաննես Պողոս Բ Պապի ուղերձը Սբ. Էջմիածնում

    ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆ
    ԱՂՈԹՔԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ
    ՍԲ. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊՈՂՈՍ Բ-Ի ՈՒՂԵՐՁԸ

    Մայր Տաճար, Էջմիածին
    25 սեպտեմբերի 2001 թ․


    Սիրելի՛ Եղբայր, Ամենայն Հայոց Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս,

    Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս,

    Աստծո օրհնությունը լինի ձեզ ամենքիդ վրա:

     

    Իմ ուխտավորի քայլերը ինձ բերել են Հայաստան՝ փառաբանելու Աստծուն Ավետարանի լույսի համար, որը տասնյոթ դար առաջ այս վայրից տարածվեց այս երկրով մեկ, որտեղ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը ստացավ Աստծո Որդու երկնային տեսիլքը՝ լույսի կերպարանքով: Սուրբ Էջմիածինը կանգնած է որպես Հայաստանի հավատքի մեծ խորհրդանիշ՝ հանդեպ Աստծո միածին Ուրդուն, ով իջավ երկնքից, մահացավ՝ մեզ մեղքերից փրկելու համար, և Ում հարությունը սկզբնավորում է նոր երկինքն ու նոր երկիրը: Բոլոր հայերի համար Էջմիածինը մնում է այդ հավատքի մեջ հարատևման գրավականը՝ հակառակ անցյալի և ներկայի տառապանքների ու արյունահեղության, որոնք ձեր փոթորկալից պատմությունը դարձրել է ձեր հավատարմության գինը: Այս վայրում ես ցանկանում եմ վկայել, որ ձեր հավատքը մեր հավատքն է առ Հիսուս Քրիստոս՝ ճշմարիտ Աստված և ճշմարիտ մարդ. «Մեկ Տեր կա, մեկ հավատ, մեկ մկրտություն» (Եփես. 4:5):

     

    Այստեղ՝ Սուրբ Էջմիածնում, ես անհունորեն ուրախ եմ վերադարձնելու խաղաղության համբույրը, որը Ձերդ Սրբությունն ինձ տվեց անցյալ նոյեմբերին Հռոմում՝ Պետրոս Առաքյալի գերեզմանի մոտ: Խորին հուզմունքով ողջունում եմ Ձեզ և սիրելի Հայ Առաքելական Եկեղեցու արքեպիսկոպոսներին, եպիսկոպոսներին, աբեղաներին, քահանաներին ու հավատացյալներին: Որպես Հռոմի Եպիսկոպոս՝ ես ծնկի եմ իջնում հիացմունքով ձեր ժողովրդի Մկրտության երկնային պարգևի առջև և իմ հարգանքի տուրքն եմ մատուցում ազգի խորհրդանիշ այս տաճարին, որն ի սկզբանե, Սուրբ Գրիգորի տեսիլքի համաձայն, իր սյուների վրա կրում է նահատակության նշանը:

     

    Շնորհակալություն, Ձե՛րդ Սրբություն, ինձ Ձեր տանը հյուրընկալելու համար: Սա առաջին անգամն է, որ Հռոմի Եպիսկոպոսը, որևէ երկիր կատարած այցելության ողջ ընթացքում, հանգրվանում է մի Եղբոր տանը և կիսում նրա առօրյա կյանքը, ով գլխավորում է Արևելքի փառապանծ Եկեղեցիներից մեկը: Շնորհակալություն սիրո այս նշանի համար, որը խորապես հուզում է ինձ և բոլոր կաթոլիկների սրտերին խոսում է խոր բարեկամության ու եղբայրական սիրո մասին:

     

    Իմ մտքերն այս պահին ուղղվում են դեպի Ձեր լուսահոգի նախորդները: Ես մտածում եմ Վազգեն Ա Կաթողիկոսի մասին, ով այնքան աշխատեց, որպեսզի իր ժողովուրդը տեսնի ազատության ավետյաց երկիրը, և գնաց առ Աստված հենց այն պահին, երբ վրա հասավ անկախությունը: Ես մտածում եմ անմոռանալի Գարեգին Ա Կաթողիկոսի մասին, ով ինձ համար եղբոր պես էր: Նրան այցելելու իմ ցանկությունը, երբ վատառողջությունը վերջնականապես պատել էր նրան, չկարողացավ իրականանալ, թեև ես դա ցանկանում էի իմ ամբողջ սրտով: Այդ ցանկությունն իրականանում է այստեղ այսօր Ձերդ Սրբության հետ՝ հավասարապես թանկագին և սիրելի Եղբայր: Ես անհամբերությամբ եմ սպասում այս օրերին, երբ Ձեզ հետ ձեռք ձեռքի տված կհանդիպեմ հայ ժողովրդին, և միասին շնորհակալություն կհայտնենք Ամենակալ Աստծուն տասնյոթ դարերի քրիստոնեական հավատարմության համար:

     

    Տե՛ր և Փրկի՛չ Հիսուս Քրիստոս, շնորհի՛ր մեզ հասկանալ այն հրաշալի ճշմարտությունը, որը Սուրբ Գրիգորը լսեց այստեղ. որ Քո արարածների հանդեպ Քո սիրո դռները լայնորեն բացվել են… որ երկիրը լցնող լույսը Քո Ավետարանի քարոզչությունն է:

     

    Արժանի՛ արա մեզ, Տե՛ր, այս օրերի շնորհին: Ընդունի՛ր մեր միասնական աղոթքը. ընդունի՛ր համայն Եկեղեցու երախտագիտությունը հայ ժողովրդի հավատքի համար: Ոգեշնչի՛ր մեզ խոսքերով և քայլերով, որոնք ցույց են տալիս եղբոր սերը մյուս եղբոր հանդեպ:

     

    Մենք խնդրում ենք սա Աստվածամոր՝ Հայաստանի Թագուհու, և Սուրբ Գրիգորի բարեխոսությամբ, ում Բանն այստեղ հայտնվեց լույսի կերպարանքով: Ամեն:

Օրացույց

Օրացույց