• Ֆաթիմայի գաղտնիքը և աշխարհաքաղաքական զարգացումները
    2015-10-13-niles-j

    Ամեն օր աղոթեցե՛ք Վարդարանը և աշխարհում խաղաղություն կհաստատվի


    Տ. Հովսեփ քհն. Գալստյան

     

    Ֆաթիմայում Աստվածամոր երևումների 100-ամյա հոբելյանը առիթ է նոր լույսի տակ և նոր պատմական պայմաններում վերլուծելու մանուկների միջոցով աշխարհին փոխանցված ուղերձների իմաստն ու արժեքը՝ ամբողջ աշխարհի և հայերիս համար: Ուզում եմ մեկ առ մեկ ձեր ուշադրությունը հրավիրել երևումների մասնակից մանուկների ընտրության, պատգամների ու «գաղտնիքի» երեք մասերի, երևումների պատմական համատեքստի ու նշանակության և, վերջապես, մեր օրերում խաղաղության կառուցման շատ կոնկրետ լուծման վրա՝ Ֆաթիման ունենալով որպես մի բանալի:

     

    Ինչու՞ պորտուգալական գյուղի հովիվ մանուկները

     

    Կարող է տարօրինակ թվալ, որ Աստված ամբողջ աշխարհին և իր Սուրբ Եկեղեցուն ուղղված իր պատգամները փոխանցում է մի մոռացված գյուղում ապրող, անկիրթ, դեռևս կյանքի փորձառություն չունեցող, ոչխարներ արածացնող 8, 9, 10 տարեկան փոքրիկների միջոցով: Պատգամների լրջության մասին կխոսենք ստորև, բայց մտածենք, թե ինչու է Աստծո գործողությունների տրամաբանությունը այդքան էականորեն տարբերվում մարդկային ակնկալիքներից: Ինչու՞ նման լուրջ պատգամներ՝ այդքան աննշան մարդուկների միջոցով:

     

    The Children of Fatima - UFOs Mystery and Meaning - Apparitions - Lord of the Harvest - Peter Crawford

    Սուրբ Գիրքն ու Սրբազան Ավանդությունը մեզ սովորեցնում է, որ Աստված միշտ իր գործն աշխարհում կատարում է ամենաաննշան, արհամարհված, ոչ մի հասարարական դիրք ու իշխանություն, փող չունեցող, մերօրյա տերմինով՝ լուսանցքային (marginal) մարդկանց միջոցով.Մովսեսը, որ լեզվի արատ ուներ, Եսային, որ ասում էր Տիրոջը, թե մի մանուկ է, Հովսեփը, Մարիամը, ձկնորս առաքյալները, որ պարզ, անուս մարդիկ էին, և, վերջապես, Հիսուս Նազովրեցին՝ մեր Տերն ի՛նքը, որ երեսուն տարի հայտնի էր միայն որպես նազարեթցի մի հյուսն: Այս շարքը կարելի է երկար թվարկել՝ գրկելով սրբերի մի ամբողջ բույլ: Գուցե, պորտուգալական այս գյուղում Աստված գտավ մի անմեղ, ջերմեռանդ հավատք: Սա առիթ է, որ մենք ցնծա՛նք մի հույսով, որ մեր մոռացված հայկական գյուղերում էլ գուցե եղել են և կլինեն նման երևումներ, որոնցով մեր ազգը և աշխարհն հանուր կարևոր պատգամներ կստանան: Մի բան հստակ է, որ այդ մանուկներն աղոթում էին միշտ, և երևումներից հետո էլ հավատարիմ մնացին Տիրամոր մշտական պատգամին՝ ամեն օր աղոթել Վարդարանը, որպեսզի աշխարհում խաղաղություն հաստատվի, կատարել զոհողություններ՝ բոլոր մեղավորների դարձի համար:

     

    Պատմական հանգամանքները և մարգարեությունները

     

    Պատահական չէ, որ Աստվածամայրը Փաթիմայում երևաց 1917-ին:130521-bishop-ww1-tease

    Սա մի սոսկալի ճգնաժամային տարեթիվ է. ընթանում էր Առաջին համաշխարհային պատերազմը, որը սկսվել էր 1914-ի ամռանը և ավարտվեց միայն 1918-ի նոյեմբերին: Աշխարհը հյուծված էր երկու մայրցամաքներում 4 տարուց ավելի մոլեգնող ահավոր պատերազմից, որը խլեց մոտ 16 մլն մարդու կյանք՝ մոբիլիզացնելով ավելի քան 70 մլն զինվորական անձնակազմ, վատնեց ազգերի կենսական, տնտեսական, մտավոր, հոգևոր ռեսուրսները, առիթ դարձավ 1,5 մլն հայերի ցեղասպանության և բալկանյան այլ ժողովուրդների բնաջնջման, դարձավ մեկնակետ՝ Եվրասիական աշխարհամասում և կենտրոնական Ամերիկայում մեծագույն չարիքներից մեկի՝ բոլշևիկյան կամ լենինյան հեղափոխության և համայնավարական աստվածատեաց ռեժիմի հաստատման համար, որը քրիստոնեական հավատքի դեմ ծավալված մեծագույն հալածանքներից մեկն է:

     

    5c81f20b96d4d1b7b3f893b5d99abaa6

    Բայց նախ կանգ առնենք 1917-ի վրա: Հենց առաջին երևման ժամանակ՝ 1917-ի մայիսի 13-ին, Աստվածամայրը փոքրիկ հովիվներին ասաց.

     

    «Ամեն օր աղոթեցե՛ք Վարդարանը, որպեսզի ձեռք բերեք խաղաղությունն աշխարհի և ավարտը պատերազմի» (այս և պատգամների հաջորդ խոսքերը բառացի՝ արևելահայերեն թարգմանությամբ, վերցրել եմ Հ. Մեսրոպ Հայունու հայացրած, Անտոնիո Պորելլի Մախատոյի «Ֆաթիմա՝ պատգամ ողբերգությա՞ն, թե հույսի» գրքից, Այնճար, 2015):

     

    Կատարված մեկ մարգարեությու՞ն է արդյոք, թե՞ Վարդարանի հրաշագործ զորության, Աստվածամոր միջամտության գեղեցիկ մի օրինակ, թե պարզապես կռվազան կողմերի ուժասպառում, որ 1917-ի մայիս-հոկտեմբեր ամիսների երևումներից ուղիղ մեկ տարի հետո աշխարհը շունչ քաշեց Առաջին Համաշխարհային պատերազմի ավարտով, որը սակայն ճանապարհ բացեց աշխարհաքաղաքական նոր վտանգավոր վերադասավորումների համար, որոնք 21 տարի անց սանձազերծեցին 2-րդ՝ է՛լ ավելի սարսափելի համաշխարհային պատերազմը:

     

    Բայց Առաջին աշխարհամարտը դեռևս չարիքների սկիզբն էր, որ բաժին ընկան 20-րդ դարին՝ պատերազմներով ամենաահասարսուռ դարը պատմության մեջ: Գուցե, այս վերջին փաստն էր պատճառը, որ Աստվածամայրը երևաց հենց 20-րդ դարասկզբին: 2017-ի հուլիսի 13-ի երրորդ երևման ժամանակ Աստվածամայրը երեք մանուկներին փոխանցեց այսպես կոչված «գաղտնիքի երեք մասերը», որոնք ամբողջությամբ Լուսիան բացահայտեց աշխարհին միայն 1944-ին, երկար հարցաքննություններից, վիճակավոր եպիսկոպոսների պահանջներից, և, ի վերջո, 1944-ի հունվարի 2-ին Աստվածամոր մեկ այլ երևումից հետո: Գաղտնիքի առաջին երկու մասերը հայտնի եղան մինչև 1944-ը, իսկ երրորդը երկար ճանապարհ անցավ, պահվեց փակի տակ Վատիկանում և աշխարհին հայտնվեց միայն 2000թ.՝ կարդինալ Տարսիսիո Բերտոնեի շուրթերով: Շատերը կասկածում են, որ երրորդը բացահայտված չէ մինչև վերջ: Բայց՝ հերթականությամբ:

     

     1917-ի հուլիսյան երևման ժամանակ, ինչպես վկայում են Լուսիայի օրագրի գրառումները և մանրազնին հարցաքննությունների տեքստերը, Աստվածամայրը երեխաներին նախ ցույց տվեց գաղտնիքի առաջին մասը՝ դժոխքը, որի մեջ հայտնվել էին մեղավոր մարդկանց հոգիները, որոնց համար Աստվածամայրը խնդրում էր մանուկներին աղոթել: Տեսարանը սարսափելի է ըստ Լուսիայի նկարագրության.

     

    «Բոռոցն ու հառաչանքը, լի ցավով և հուսահատությամբ, առաջացնում էին վախ և դողացնում սարսափից…» (Անտոնիո Պորելլի Մախատո, «Ֆաթիմա՝ պատգամ ողբերգությա՞ն, թե հույսի», Այնճար, 2015, էջ 58): Աստվածամայրը մեղմ քնքշությամբ հանգստացնում է վախեցած փոքրիկներին և ասում.

     

    «Եթե դուք անեք ասածներս, շատ հոգիներ պիտի փրկվեն, և խաղաղությունը պիտի տիրի: Թեպետ պատերազմը կավարտվի, բայց եթե շարունակեն վիրավորել Աստծուն, Պիոս 11-րդ Քահանայապետի օրոք դեռ ավելի վատ պատերազմ պիտի ծագի» (նույն տեղում, էջ 59):

     

    2-րդ համաշխարհայինը պայթեց Պիոս 12-րդի օրոք՝ 1939-ին, բայց Պիոս 11-րդի օրոք արդեն կային բոլոր նախապայմանները, ինչպես բացատրում է Լուսիան: Աստվածամայրը հայտնեց նաև պատերազմի սկսվելու նշանը՝ «անծանոթ լույսով լուսավորված մի գիշեր», որը Լուսիան տեսավ 1938-ի հունվարին, Եվրոպայի երկնքում և որը աստղագետները բացատրեցին որպես հյուսիսափայլ:

     

    Սուրբ Կույսը բացատրեց պատերազմի պատճառը և երեխաների միջոցով մի կարևոր առաքելություն հանձնարարեց Սրբազան Քահանայապետին, որ նաև մի կատարված մարգարեություն եղավ.

     

    «…Աստված աշխարհը ոճիրների համար պիտի պատժի պատերազմով, սովով և Եկեղեցու և Պապի դեմ հալածանքներով: Սա խափանելու համար խնդրում եմ, որ Ռուսաստանը նվիրվի իմ Անարատ Սրտին և առաջին շաբաթներին կատարվի Ամենասուրբ Հաղորդության քավությունը: Եթե իմ խնդրանքներս կատարվեն, Ռուսաստանը դարձի կգա և խաղաղություն կլինի: Այլապես իր մոլորությունները պիտի տարածի ամբողջ աշխարհի վրա.պիտի լինեն պատերազմներ և հալածանքներ Եկեղեցու դեմ, բարիները պիտի տանջվեն ու սպանվեն, Սրբազան Հայրը շատ պիտի տառապի, բազմաթիվ ազգեր պիտի ջնջվեն: Սակայն, ի վերջո, իմ Անարատ Սիրտը կհաղթանակի: Սրբազան Հայրն ինձ կնվիրի Ռուսաստանը, որը դարձի կգա և աշխարհին կտրվի մի որոշ ժամանակ՝ ապրելու խաղաղության մեջ…» (նույն տեղում, էջ 60):

     

    Պիոս 12-րդ Սրբազան Քահանայապետը 1952թ. հուլիսի 7-ին Ռուսաստանի բոլոր ժողովուրդներին վստահեց Մարիամի Անարատ Սրտին: Նրա առաքելական նամակում գրված էր. «Դժոխքի դռները երբեք չպետք է հաղթահարեն այնտեղ, որտեղ Մարիամը պաշտպանում էՍխալն ու աթեիզմը կհաղթահարվեն նրա օգնությամբ…»: Սբ. Հովհաննես Պողոս Քահանայապետն էլ 1984թ. ամբողջ աշխարհը նվիրեց Մարիամի Անարատ Սրտին՝ առանց բացահայտորեն նշելու Ռուսաստանը: Քույր Լուսիայի հետ հարցազրույցներից հստակ չէ, Ռուսաստանը նվիրելու մասին Աստվածամոր պահանջը կատարվել է՞, թե դեռ ոչ, բայց հստակ է՝ որ համայնավարական ռեժիմի մոլորությունները՝ մարքսիզմն ու լենինիզմը տարածվեցին թե՛ միության 15 հանրապետություններում, թե՛ Արևելյան Եվրոպայի երկրներում, Չինաստանում, Կուբայում, որտեղ այդ գաղափարախոսությունը և ռեժիմը մինչ օրս կենսունակ են, իսկ նախկին խորհրդային միության երկրներում դեռ տասնամյակներ են պետք՝ համայնավարների հոգևոր անապատասման հետևանքները վերացնելու և համայնքների հոգևոր կայուն զարգացումն ապահովելու համար:

     

    Բայց արդյո՞ք Ռուսաստանը դարձի եկել է: Ապաշխարությունն ընդհանրապես միայն Ռուսաստանի պարտականությունը չէ, իհարկե, և ապաշխարության պակասն է արմատը այսօրվա չարիքների, ըստ Ֆաթիմայի երևումների պատգամների, որոնք լիովին արտահայտում են Ավետարանի տրամաբանությունը և ուղերձը:

     

    Ամենամեծ քննարկումների և հակասական մեկնությունների տեղիք տվել է գաղտնիքի երրորդ մասը:

    Այս երրորդ մասի հրապարակումը, ինչպես ասացի, ձգձվեց մինչև 2000թ., մինչ այդ Լուսիայի ձեռագիր բացատրությունը պահվեց փակի տակ՝ Վատիկանում, և միայն Քահանայապետերն ու սակավ անձինք էին ծանոթացել դրա բովանդակությանը: Ինչու՞ : Լուսիան, Աստվածամոր հետ իր անձնական երկխոսության հիման վրա ասում էր, որ Աստվածամայրն այն չի արտոնում հրապարակել մինչև 1960-ը, ապա Սուրբ Աթոռը հայտարարեց, թե, հավանական է, երբեք չհրապարակվի: Գաղտնիքի երրորդ մասի պարունակության հանդեպ զանգվածային հետարքրությունն այնքան էր սրվել, որ 1981-ի մայիսի 2-ին նույնիսկ մի արտասովոր դեպք եղավ. նախկին վանական Laurence James Downey-ն առևանգեց Դուբլինից Լոնդոն թռչող 112 ուղևորներով մի ինքնաթիռ և պահանջեց Սրբազան Քահայապետից բացահայտել Ֆաթիմայի գաղտնիքի երրորդ մասը: Բարեբախտաբար, ֆրանսիական հատուկ ուժերն ազատեցին գերյալներին և ձերբակալեցին առևանգողին: Մի քանի օր անց տեղի ունեցավ մի հրեշավոր արարք. մայիսի 13-ին՝ ճիշտ Ֆաթիմայի երևումների առաջին օրը, Հռոմի Սուրբ Պետրոսի հրապարակում Սբ. Հովհաննես Պողոս 2-րդ Քահայայապետի վրա կրակեցին: Այս մահափորձից հետո, Տիրոջ զորությամբ կենդանի մնացած Քահանայապետը ծանոթացավ չհրապարակված գաղտնիքի երրորդ մասին, քանի որ դրանում այդ մասին ակնարկ կա: Բայց միայն 2000թ. Քահանայապետն ի վերջո, որոշեց հրապարակել այն: Երկար սպասված հրապարակման տեքստը պարունակում է երեք տեսարաններ, ըստ Լուսիայի պատմածի.

     

    1.«Տիրամոր ձախ կողմում տեսանք մի հրեշտակ, որ բռնել էր մի հրե սուր՝ ձախ ձեռքում: Արձակում էր կայծ, որից բոցեր էին ելնում, որոնք վառելու էին աշխարհը, բայց բոցերը մարեցին, երբ շոշափեցին այն փայլը, որ ծորում էր Տիրամոր աջ ձեռքին: Տեսանք հրեշտակին, որցույց էր տալիս աշխարհը և բարձր ձայնով կանչում էրԱպաշխարությու՛ն, ապաշխարությու՛ն, ապաշխարությու՛ն»:

     

    2.«Եվ տեսանք մի հսկա լույսի մեջ, որ Աստված է, մի բան, որ տեսնում ենք ինչպես հայելու մեջ, երբ հայելու առջևից ենք անցնում, սպիտակ զգեստավորված մի եպիսկոպոս, և այն նախազգացումն ունեցանք, թե Սրբազան Քահանայապետն էր: Տեսանք տարբեր այլ եպիսկոպոսներ, քահանաներ, կրոնավորներ և կույսեր, որոնք ելնում էին մի սեպ լեռ, որի գագաթին գտնվում էր մի մեծ խաչ՝ անտաշ կոճղերով, կարծես, սնկենու կեղեևից: Այդտեղ հասնելուց առաջ Սրբազան Հայրը քայլում էր կիսակործան մի մեծ քաղաքի մեջ, դողդոջուն, տատանող քայլերով, ցավից հոգեպես ճնշված, աղոթում էր դիակների հոգիների վրա, որոնց հանդիպում էր իր ճանապարհին: Լեռանը հասնելով՝ ծնրադրեց մեծ խաչի առջև: Ահա՛ նա սպանվեց զինվորների մի խմբի ձեռքով, որոնք նրան խփեցին հրացաններով ու նետերով: Մեռան նաև եպիսկոպոսները, քահանաները, կրոնավորները, կույսերը և շատ աշխարհականներ, տղամարդիկ և կանայք…»

     

    3.«Խաչի երկու թևերի տակ կային երկու հրեշտակներ, յուրաքանչյուրի ձեռքում՝ մեկական ցնցուղ, որոնց մեջ էին հավաքում մարտիրոսների արյունը և դրանով ոռոգում հոգիներին, որոնք մոտենում էին Աստծուն» (նույն տեղում, էջ 63):

     

    Ըստ մեկնությունների, առաջին տեսարանով Աստվածամայրը աշխարհին զգուշացնում է Աստծո բարկության և հնարավոր պատժի մասին՝ մարդկության մեղքերի պատճառով: Բայց Աստվածամայրը միջամտում է և մեղմում Աստծո զայրույթը, «բոցերը մարեցին, երբ շոշափեցին այն փայլը, որ ծորում էր Տիրամոր աջ ձեռքին»: Բայց պետք է, որ բոլորս անսանք հրեշտակի կոչին և ապաշխարենք:

     

    Երկրորդ տեսարանի ահավոր աղետը խոսում է այն մասին, որ մարդիկ չեն ապաշխարում, որի հետևանքը աշխարհի կործանումն է, Եկեղեցու դեմ մեծ հալածանքը և նույնիսկ Սրբազան Քահանայապետի և եկեղեցականների, միանձնուհիների, աշխարհականների մարտիրոսությունը: Կարդինալ Razinger-ի (հետագայում՝ Բենեդիկտոս 16-րդ Քահանայապետը) մեկնությամբ, սա ոչ թե աշխարհի վերջի մասին է, այլ 20-րդ դարի խտացված պատկերն է: Իրոք 1981թ. մայիսի 13-ին մահափորձ կատարվեց Քահայայապետի դեմ, Եկեղեցին բազում հալածանքներ կրեց և կրում է իր զավակների մեղքերի պատճառով: Լեռը մագլցող Սուրբ Հոր կերպարի մեջ Razinger-ը և ուրիշ մեկնաբաններ տեղավորում են մի քանի պապերի կերպարներ, ոչ միայն անցյալ կամ ներկայիս, այլև՝ ապագայի, ովքեր ընթանում են խաչի ճանապարհով՝ տեսնելով իրենց հոտի տառապանքները:

    http-a.amz.mshcdn.comwp-contentuploads201509popeassassin-1

    Երրորդ տեսարանը հույսի տեսարան է, հույս, որի սերմը մարտիրոսների արյունն է, որը միախառնվում է Հիսուսի արյանը և սերմ դառնում քրիստոնեության գոյության, ինչպես գրում էր Տերտուլիանոսը: Հոգիների վերադարձով դեպի Աստված սկիզբ է դրվում մաքրված ու վերանորոգված մի կյանքի՝ այս աշխարհում: Սա մեր կյանքի նպատակն է, երբ սատանան պարտության կմատնվի և Մարիամի Անարատ Սիրտը կհաղթանակի և մարդիկ կմոտենան Աստծուն:

     

     

    Որոշ մեկնաբաններ, օրինակ, Հայր Paul Kramer-ը, ում «The Mystery of Iniquity» գիրքն ընթերցեցի մեծ հետաքրքրությամբ, վստահ են, որ գաղտնիքի երրորդ մասն, իրականում, լիովին բացահայտված չէ, որ Կարդինալ Bertone-ն 2000թ. չընթերցեց գաղտնիքի երրորդ մասի ամբո՛ղջ տեքստը, մի գուցե, աշխարհին գայթակղության առիթ չտալու և մարդկանց երևակայության սխալ ուղղության համար նյութ չտալու նկատառումներով: Kramer-ն իր ուշագրավ գրքում փաստեր է ներկայացնում աշխարհը կառավարող գաղտնի կազմակերպությունների և չարի իշխանության, ինչպես նաև Եկեղեցու ծոցում չարի սողոսկման (գաղափարախոսական նորարարություններով), շատ կղերականների՝ չարի թակարդն ընկնելու, մասոնական դավադրության մասին, և գաղտնիքի ենթադրյալ չբացահայտված մասը կապում է այս փաստերի հետ: Այնուամենայնիվ, սա միայն ենթադրություն է, թեև՝ լավ հիմնավորված և ուսումնասիրված:

     

    Ֆաթիմայի երևումներից մենք պետք է գիտակցենք, որ

    1.«այս աշխարհի իշխանը»  ամեն կերպ՝ զանգվածային լրատվությամբ, հասարակական, քաղաքական գաղափարախոսությամբ, հոգևոր կեղծավորությամբ, բարոյականի դիմակով ձգտում է մեզ խաբել և խաբում է:

    2.Միայն Աստվածամոր բարեխոսությունը կարող է փրկել մեզ չարի իշխանությունից: Խաղաղությունը հնարավոր է հաստատել՝ սկսելով աղոթել Վարդարան, նվիրվել ամբողջությամբ Աստվածամորը և չկասկածել Ֆաթիմայի երևումների ճշմարտացիությանը:

     

    Արքեպիսկոպոս Bernardito Auza-յի «խաղաղության ծրագիրը»՝ ՄԱԿ-ի համար

     Schermata_2015-10-21_alle_12-16-46-740x493

    2017թ. մայիսի 13-ին՝ նույն օրը, երբ Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն աղոթում էր Ֆաթիմայի Աստվածամոր ոտքերի առաջ և խաղաղություն աղերսում աշխարհի համար, հետաքրքիր զուգադիպությամբ, տեղի էր ունենում ՄԱԿ-ի համագումարը Նյու Յորքում, որը առիթ եղավ ՄԱԿ-ում Հռոմի Սուրբ Աթոռի մշտական ներկայացուցիչ Արքեպիսկոպոս Bernardito Auza-յի համար՝ խոսելու Ֆաթիմայի երևումների և մեր օրերում խաղաղության հաստատման համար դրանց նշանակության մասին՝ ՄԱԿ-ին հասկանալի լեզվով: Այս ելույթը խիստ կարևոր է՝ այսօրվա մարդկության քննադատական տրամադրվածությանը ներկայացնելու դեռևս 100 տարի առաջ արձանագրված փաստեր առ այն, որ 1917թ. մայիս-հոկտեմբեր ամիսներին Ֆաթիմայի Cova di Iria հովտում տեղի ունեցած երևումները հեքիաթ, կամ հիվանդ երևակայության պտուղ չեն: 1917թ. հոկտեմբերի 13-ին այդ հովտում Աստվածամոր խոստացած հրաշքին կամ գերբնական երևույթին ներկա մոտ 70.000 բազմության հետ միասին ներկա լրագրողների և աթեիստների վկայության փաստագրմամբ Auza-ն փորձում է համոզել ՄԱԿ-ի քաղաքական գործիչներին, իրավագետներին ու տնտեսագետներին, որ երևումները իրական փաստ են նաև անհավատների համար, ովքեր գրում են, որ այդ օրվա երևույթը չէր կարող լինել զանգվածային հիվանդ երևակայության արդյունք (mass hallucination), (այս մասին գրում է աթեիստ Richard Dawkins-ը, ”The God Delusion”):

    6f2efacc9558cea44fe2b432cf1ec75f

    Ցավալի է մերօրյա քրիստոնեության համար, որ արքեպիսկոպոսը երեխայի համար էլ հասկանալի լեզվով ՄԱԿ-ի «ուսյալ քրիստոնյաներին» ստիպված է բացատրել, թե ինչ է դարձի գալը, ապաշխարելը, հիշեցնում է Ֆրանցիսկոս Պապի խոսքերը:

     

    Ի՞նչ է Ֆաթիմայի աղետալի տեսարաններից խուսափելու բանալին.

    Ապաշխարել,

    նվիրվել Աստվածամոր Անարատ Սրտին և վերափոխվել,

    աղոթել, որովհետև աղոթքը խաղաղության հաստատման գործիք է.

    «Ֆաթիմայի ուղերձը պարունակում է մի դաս՝ աղոթքի օբյեկտիվ արժեքի մասին, այն որ աղոթքը կարող է ոչ միայն փոխել մարդու ներքին աշխարհը, այլև՝ արտաքին աշխարհը, ոչ միայն աղոթողին, այլև՝ դրսի աշխարհը».ասաց Auza-ն և կոչ արեց բոլորին աղոթել և միասին լծվել խաղաղության կերտմանը:

    Ա՛յս է խաղաղության նրա ծրագիրը, որ ներկայացրեց ՄԱԿ-ի ուշադրությանը:

     

    Ուղերձի վերջում նա խոսեց Ֆաթիմայի հովիվ երեխաներին ընտրելու Մարիամի նախապատվության մասին, որի մասին գրեցինք նաև այս հոդվածի սկզբում.

     

    «Մարիամի ընտրության չափանիշը ցույց է տալիս, որ ամեն ոք ունի դերակատարություն, նույնիսկ՝ նրանք, ում այս աշխարհը համարում է աննշան, կամ անկարող կամ շատ երիտասարդ: Եթե հովիվ երեխաները կարող էին ընտրվել և արձագանքել ի սրտե, սա նշան է, որ բոլո՛րը կարող են».ասաց Սուրբ Աթոռի ներկայացուցիչը:

     

    Ուրեմն, առանց սպասելու մի հրաշքի կամ մեզ համար մասնավոր մի երևման, ամեն օր կառուցենք խաղաղություն՝ սկսելով մեր տներից և երեխայի խոնարհությամբ և միամտությամբ աղոթենք Տիրամորն այս պարզ, բայց շատ զորեղ բառերով.

     

    Ողջոյն քեզ Մարիամ,e3c506b1ea52e56035e06ede246d8247

    Լի շնորհօք, Տէր ընդ քեզ,

    Օրհնեալ ես Դու ի կանայս եւ

    Օրհնեալ է պտուղ որովայնի Քո Յիսուս.

    Սրբուհի Մարիամ,

    Մայր Աստուծոյ,

    Բարեխոսեա՛ վասն մեր մեղավորացս,

    Այժմ եւ ի ժամու մահուան մերոյ.Ամէն:

     

     

     

     

     

     

     

     

Օրացույց

Օրացույց