«Կարևորն այն է, որ մեր աշխատանքով Հիսուս ներկա լինի ժողովրդի մեջ».քույր Նոյել Լոքաթելլի:
1988թ. դեկտեմբերի 7…
Աղետալի երկրաշարժը մի րոպեում խլեց հազարավոր մարդկանց կյանքեր՝թողնելով վիրավորներ, խեղված ճակատագրեր, որբացած երեխաներ ու որդեկորույս մայրեր: Ահեղ ուժով ցնցվեց Հայաստանի հյուսիսի փոքր հողակտորը, սակայն էլ ավելի ուժեղ էր այստեղ ապրող մարդկանց հոգու ցնցումը: Քսանհինգ հազար մարդկային կյանք զոհ գնաց այս արհավիրքին, վիճակն անմխիթար էր հատկապես հայաստանի ամենահեռավոր, հյուսիսային հատվածներում: Այստեղ մարդիկ սպասում էին,որ Աստծո լույսը կբացվի իրենց վրա և բժշկության կարիք ունեցողները կարեկից ձեռք կունենան:
Բժշկության կարիք ունեցողին հասնելու աստվածահաճո գործի արգասիքն էր Հռոմի Սբ. Հովհաննես Պողոս Երկրորդ Պապի նախաձեռնությամբ Աշոցքի Տիրամայր Նարեկի հիվանդանոցի հիմնումը, որը 1991թ հոկտեմբերի 7-ին հանձնվեց շահագործման:
Հիվանդանոցն սկսեց ծավալել իր գործունեությունը միայն բարեգործական հիմունքներով՝ բուժծառայություն մատուցելով տարածաշրջանի եւ հարակից բնակավայրերի հիվանդներին՝ շնորհիվ արտասահմանյան բարերարների: Ստեղծման օրվանից մինչեւ 1998թ. հիվանդանոցը ֆինանսավորվում էր իտալական կարիտասի կողմից: 1999-2002թթ կարիտասի մարդասիրական եւ աստվածահաճո գործին իր մասնակցությունը բերեց նաեւ Իտալիայի Լամբարդո Բեներրո գավառը, որից հետո մինչեւ 2005թվականը հիվանդանոցի միակ օժանդակողը Կամիլյանների միաբանությունն էր:
2006-11թթ. Կամիլյաններին աջակցեց Իտալական Եպիսկոպոսների խորհուրդը, այս մեծ օժանդակողների խումբը տարեց տարի համալրվեց 200-ից ավելի գործարարներով, անմասն չմնացին նաեւ տարբեր ժողովրդապետություններ, ընկերակցություններ, անհատ քաղաքացիներ:
«Աստծո նախախնամությամբ և բարերարների օգնությամբ բացվեց այս հիվանդանոցը, ինչից հետո սկսեց ծառայել անխտիր բոլորին՝ առանց որևէ դահեկան պահանջելու. անգամ այստեղ բուժվող հիվանդը սնվում է հիվանդանոցի հաշվին: Հազարավոր մարդիկ բուժօգնություն գտան այս հիվանդանոցում».մեզ հետ զրույցում նշեց Արհ. Տ. Նշան արքեպս. Կարաքեյանը, ով Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արլ. Եվրապայի հայ կաթողիկէների առաջնորդն էր 2005-2010թթ.:
Հարյուր մահճակալ ունեցող հիվանդանոցում գործում է 5 բաժանմունք՝մանկական, թերապեւտիկ-նարդային եւ կարդիոլոգիական բաժիններով, վիրաբուժական, որի մեջ մտնում են քիթ, կոկորդ ականջի ոլորտի բաժինները, մանկաբարձագինեկոլոգիական, եւ պոլիկլինիկական ախտորոշիչ բաժինները, բացի այդ՝ հարակից 21 գյուղերում գործում են բուժամանկաբարձական կետեր՝ կրճատելով հիվանդին բժշկի մոտ տանող ճանապարհը:
Մեզ հետ զրույցում հիվանդանոցի բուժական մասի տնօրեն Սարգիս Վարդանյանը վստահեցրեց, որ հիվանդանոցը չի զիջում բարձրակարգ բուժհաստատություններին ոչ միայն նյութատեխնիկական հագեցվածությամբ, այլև հմուտ բժշկական անձնակազմով:
Առանձնահատուկ նշենք մի հանգամանք.
ամբողջ հանրապետությունում այս հիվանդանոցը միակն է, որտեղ չի կատարվում հղիության արհեստական ընդհատում, հիվանդանոցը հավատարիմ է իր կոչմանը՝ փրկե՛լ եւ ո՛չ թե վերջ տալ դեռ չսկսված կյանքին:
Հիվանդանոցը գործում է անվճար հիմունքներով, ավելին, բարձրակարգ եւ բարեխիղճ բուժծառայություններից օգտվելուց բացի հիվանդների համար ստեղծված են բոլոր պայմանները հիվանդներին իրենց տանը զգալու համար՝անվճար դեղորայքի մատակարարում, մեծ եւ սանիտարական բոլոր նորմերին համապատասխանող լվացքատուն, անթերի խոհանոցն էլ իր բոլոր անհրաժեշտ պարագաներով ու սննդամթերքի առատությամբ ապահովում է երեքանգամյա բազմազան ու համեղ սնունդ:
Բարեգործները իրենց առաքելությունը չեն սահմանափակում միայն հիվանդանոցի ֆինանսավորմամբ: Բազմաթիվ կարոտյալ ընտանիքներ կարողացան լուծել իրենց հանապազօրյա հացի խնդիրը՝ ստանալով նյութական, ֆինանսական աջակցություն, շատերը՝ նաև աշխատանք հիվանդանոցում: Այս ընտանիքները զգացին, որ բացի աջակցությունից ձեռք են բերել կարեկից բարեկամներ՝ հանձինս Տիրամայր Նարեկի հիվանդանոցի վարչական մասի տնօրեն Հայր Մարիո Կուկարոլլոյի, ով Կամիլյանների միաբանության անդամ է և այս հիվանդանոցում ապրող ու աշխատող <<Հիսուսի փոքրիկ քույրեր>>միաբանության անդամ Քույր Նոել Դոմինիկի: Նրանք են կազմակերպում աջակցության բոլոր ծրագրերը, վերահսկում հիվանդանոցի աշխատանքը, հոգ տանում անձնակազմի, հիվանդների և իրենց դիմող մարդկանց հոգևոր զարգացման մասին: Ամեն շաբաթ հիվանդանոցի մատուռում մատուցվում է հայ ծեսով Սբ. Պատարագ՝ ձեռամբ Աշոցքի հայ կաթողիկէների ժողովրդապետի:
«Իմ մարդկային տեսակն այնպիսին է, որ ինչ որ անում եմ, պետք է անեմ կատարյալ, հետևաբար անում եմ ամեն ինչ՝ հիվանդանոցը ավելի կատարյալ դարձնելու համար: Աստծո կամոք հուսանք, որ հաջորդ 25 ամյակը կդիմավորենք առավել զարգացած ու առաջընթաց ունեցած հիվանդանոցում»,-նշեց Հայր Մարիո Կուկարոլլոն:
Երկու տարի առաջ, երբ իր անձնվեր ծառայության համար քույր Նոյելը ստացավ Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևը՝ Պատվո լեգէոնի շքանշանը, ասաց.
«Կարևորն այն է, որ մեր աշխատանքով Հիսուս ներկա լինի ժողովրդի մեջ»:
Քույր Նոյելի մասին առավել մանրամասն՝ այստեղ:
Աշոցքի Տիրամայր Նարեկի հիվանդանոցի գործունեության մասին խոսեց նաև Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը՝ 2016թ. հունիսի 25-ին, Գյումրիում Սբ. Պատարագ մատուցելիս՝ որպես Կաթողիկէ Եկեղեցու բարեգործության մի գեղեցիկ արտահայտություն:
2016թ. հոկտեմբերի 7–ին հիվանդանոցում սովորական դարձած եռուզեռը ոչ միայն գործնական էր, այլև՝ տոնական, լրացավ հիվանդանոցի գործունեության քսանհինգ ամյակը: Տնօրինությանը, բուժանձնակազմին և հիվանդներին անձամբ շնորհավորելու եւ իրենց բարեմաղթանքն ուղղելու նպատակով այստեղ էին Հայաստանի,Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը, այլ հոգևորականներ, Անարատ հղության հայ քույրերի միաբանության առաքինազարդ քույրեր, Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը և այլ հյուրեր: Ներկաները վայելեցին Սրբազան հոր ձեռամբ մատուցված Սբ. Պատարագը, որի ընթացքում Սրբազան Հայրն իր խոսքն ուղղեց ներկաներին.
«Այսօր հավաքվել ենք Սուրբ Խորանի առջև` աղոթքով ընդունելու 25 տարիների հիշատակությունը այս հիվանդանոցի: Այս հիվանդանոցը ծնվեց ցավի մեջ`երկրաշարժի օրերին և լռության մեջ ծառայեց այս բոլոր տարիներին` ընդառաջելով բոլոր նրանց, ովքեր պետք ունեին և հոգևոր, և մարմնավոր բուժումի: Հատկանշական է, որ 2016 թվականին, որը Ողորմության տարի է, հենց այս տարում է լրանում 25 ամյակը: Հետևաբար, կարող ենք ասել, որ այս 25 տարիների ընթացքում սա Քրիստոսի ողորմության նշանն էր մեր կյանքում, մեր հայրենիքում, և դուք ծառայեցիք այս հիվանդանոցի մեջ`հիվանդներին տալով մխիթարություն, քաջալերանք, որպեսզի նվազի ցավը, չարչարանքը՝ մեր ժողովրդի սրտերից: Աստված ինքն է ձեր աշխատանքի վարձքը տալու»:
Վերջում եղան բազմաթիվ շնորհավորական խոսքեր՝ուղղված մեկմեկու և պարային ու երաժշտական կատարումներ: Ընթերցվեց նաև Կովկասի լատին ծեսի կաթողիկէների առաջնորդ Արքեպիսկոպոս Ջուզեպպէ Բազոտտոյի շնորհավորական ուղերձը, որտեղ բարձրաստիճան հոգևորականը հիվանդանոցի գործունեությունը համարում է Աստծո ողորմության դրսևորում:
«Մաղթում եմ ձեզ առավել մեծ խանդավառություն այս դժվարին գործում,որը վստահված է ձեզ: Հուսամ, որ շուտով կկարողանամ այցելել ձեզ»,-եզրափակվում է Հայր Ջուզեպպե Բարոտտոյի ուղերձը:
Աննման Մինասյան