Քույր Նոյելը ստացավ Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևը՝ «Պատվո լեգէոնի» շքանշանը
Աշոցքի «Տիրամայր Նարեկի» հիվանդանոցում 2014թ. հոկտեմբերի 2-ին տոնական տրամադրություն էր. հիվանդանոցի ամբողջ աշխատակազմը, հիվանդները, հոգևորականներ, պապական նվիրակը, եպիսկոպոսներ, վանական եղբայրներ և քույրեր, լրագրողներ՝ բոլորը շտապում էին շնորհավորել այդ հիվանդանոցում 23 տարի իր կրոնավորական նվիրյալ ծառայությունը կատարող ֆրանսիացի միանձնուհի քույր Նոյելին. Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Քույր Նոյել Լոքաթելլիին շնորհել է «Պատվո լեգէոնի» (“Legion d’honneur”) շքանշան, որը Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևն է:
Շքանշանի հանձնումը վստահված էր Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյին, ով չուշացավ սիրով կատարելու իր պարտականությունը մի ֆրանսիացու նկատմամբ, ով իր կյանքի օրինակով եզակի մարմնացում է ֆրանսիացի և հայ ժողովուրդների եղբայրասիրական հարաբերությունների:
Դեսպանը ներկաներին մանրամասն պատմեց քույր Նոյելի կյանքի պատմությունը՝ աշխատելով բաց չթողնել և ոչ մի կարևոր դրվագ.ամեն ինչ այդ միանձնուհու կյանքում վկայում է սիրո ու նվիրվածության մասին և, վերջացնելով, ծափահարությունների ուղեկցությամբ այդ փոքրամարմին, խոնարհ միանձնուհու կրծքին ամրացրեց «Պատվո լեգէոնի» շքանշանը՝ վրան գրված «Ֆրանսիայի հանրապետություն» և մեջտեղում՝ Նապոլեոն Բոնապարտի դիմապատկերով:
Այս պարգևը սահմանել է Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտը, 1802թ.՝ պարգևատրելու զինվորականներին և քաղաքացիականներին՝ հայրենիքի համար նվիրյալ ծառայություն կատարելու համար, անկախ սեռից և զբաղմունքից: Պատվո լեգէոնի առաջին կրողը ինքը կայսրն էր, հետագայում Պատվո լեգէոնը հաստատվեց որպես այդ պարգևին արժանացած անձանց միաբանություն, որի ղեկավարն այսօր Ֆրանսիայի նախագահն է:
Սրանից ավելի բարձր գնահատանք պաշտոնատար անձանցից, երևի, դժվար է ակնկալել: Բայց քույր Նոյելի համար կարևորը Աստուծոյ առաջ պատասխան տալն է, Ատուծոյ գնահատականն է, ոչ թե մարդունը: Մեզ հետ առանձին զրուցելիս ասաց.
«Ես պարգևի համար չեմ աշխատում, այլ՝ Աստուծոյ համար: Խոնարհությամբ ընդունում եմ այս պարգևը, շատերը պետք է ստանան, բայց չեն ստանում, որովհետև ծածկված են: Կարևորն այն է, որ մեր աշխատանքով Հիսուս ներկա լինի ժողովրդի մեջ: Ես ընտրեցի ապրել ժողովրդի մեջ, աղոթքով», իսկ պարգևատրման ժամանակ, շնորհակալություն հայտնելով, ասաց.«Ինձ շնորհված պատվո շքանշանին արժանի չեմ, քանի որ հատուկ մի բան չեմ արել դրան արժանանալու համար»:
Քույր Նոյելը Հիսուսի փոքր քույրերի միաբանության անդամ է՝ մի միաբանություն, որի առաքելությունը Հիսուսի Նազարեթում ապրած խոնարհ ու անձուկ կյանքի օրինակին հետևելն է՝ ապրելով ամենաղքատների, արհամարհվածների, թշվառների հետ, նույն կենցաղով, կիսելով նրանց վշտերն ու ուրախությունները և անդադար աղոթելով նրանց համար, կյանքով քարոզել Տիրոջ Ավետարանը: Այդպիսին է ք. Նոյելը: Բայց նախ՝ մի հայացք գցենք նրա անցած ուղուն:
Քույր Նոյել Լոքաթելլին ծնվել է 1938. Դեկտեմբերի 24-ին, Ֆրանսիայում, ներգաղթյալ իտալացու ընտանիքում: 20 տարեկանում մտել է Հիսուսի փոքր քույրերի միաբանություն: «Աստված ձեռիցս բռնեց, և ես կուրորեն Իրեն հետևեցի».պատմում է քույր Նոյելը:
Վանք մտնելուց մեկ ամիս հետո ուղարկվել է Բեյրութ՝ Սանջակ հայկական գաղթավայրը, որտեղ ցեղասպանությունը վերապրած հայերի հետ ապրել է 30 տարի, ինչպես մեկ ընտանիքում: Այդ ընթացքում մի քանի անգամ Հայաստան է այցելել և ցանկություն է ունեցել Հայաստանում ծառայելու, ինչն իրականություն է դարձել միայն 1991թ., երբ Աշոցքում Հովհաննես Պողոս Բ Սրբազան Քահանայապետի կողմից, Հայաստանին որպես նվեր, կառուցվեց «Տիրամայր Նարեկի» հիվանդանոցը, ուր և քույր Նոյելն ուղարկվել է ծառայության պապական նվիրակ Գուջերոթիի կողմից:
«Այսպես, պետք է պատրաստ լինես ընտրելու այն աղքատ և լքված վայրերը, ուր ոչ ոք չի ուզում գնալ: Պետք է աշխարհում գտնես մի հեռավոր անկյուն, ուր ապրում են փոքրաթիվ մարդիկ, որոնցով ոչ ոք չի զբաղվում, և ոչ ոք չի ուզում գնալ և ասել նրանց, որ Հիսուս իրենց էլ է սիրում, իրենց համար էլ չարչարվեց ու մեռավ Խաչի վրա».ասում է քույր Նոյելը: Աշոցքը, երևի, հենց նման մի տեղ է մինչ օրս, բայց մարդիկ այլևս լքված չեն, գոնե հիվանդանոցում, ուր նրանց մարմինների պետքերի մասին հոգ են տանում բժիշկները, իսկ հոգևոր դեղահաբեր հիվանդները, շրջակա գյուղերի բնակիչները ստանում են քույր Նոյելի միշտ հասանելի ձեռքերից: Այդ նույն ձեռքերը, վերցնելով Ֆրանսիայի բարձրագույն պարգևը, հազիվ նկատելի դողում էին հուզմունքից.հեռավոր երկրում նստած մշտազբաղ պետական պաշտոնյաները ևս շնորհակալ են իր աշխատանքի համար: «Լիբանանում պատերազմի տարիներին հիվանդների համար դեղ հայթայթելիս վտանգել է իր կյանքը…Ամեն օր քույր Նոյելը իր շրջապատում տարածում է իր հաստատակամությունը…Գտել է 500 իտալացի ընտանիքների, ովքեր պատրաստ են օգնել Աշոցքի և Շիրակի գյուղերին սնունդով և հագուստով…Այստեղ քույր Նոյելը երջանիկ է, ինքն իրեն յուրային է համարում…Այդքան մեծ նվիրումը չէր կարող աննկատ մնալ Ֆրանսիայի նախագահի կողմից…».հպարտ կեցվածքով հայտարարում էր դեսպան Անրի Ռենոն, իսկ քույր Նոյելը լսում էր շիկնած ու հուզված:
Պարգևատրման արարողությանը ներկա էին և քույր Նոյելին ջերմորեն շնորհավորեցին Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ Գերշն. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը, Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում Սրբազան Քահանայապետի նվիրակ Մարեկ Սոլչինսկին և Կովկասի լատինածես կաթողիկեների առաջնորդ Գերշն. Տ. Ջուզեպպե Եպս. Պազոտտոն: Քույր Նոյելի նվիրյալ կյանքը գնահատանքի է արժանացել նաև ՀՀ իշխանությունների կողմից.երկու տարի առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից միանձնուհին պարգևատրվել է Մխիթար Հերացու անվան մեդալով: