• «Ես մեղքերս խոստովանում եմ 15-20 օրը մեկ».Պապի հարցազրույցը՝ պորտուգալական Renascença ռադիոկայանին

    «Ես նախընտրում եմ հաշմված Եկեղեցի, բայց ոչ՝ նեխած».Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետ


    15 սեպտեմբերի, 2015թ.

    Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը օրեր առաջ հարցազրույց է ունեցել պորտուգալական Renascença ռադիոկայանի հետ, որտեղ, իրեն հատուկ անմիջական անկեղծությամբ, խոսել է ամենատարբեր թեմաներից: Ահա՛ մի քանի հատված:

     

    Պապը հասկանում է գաղթականներին

     

    Այդ աղքատ մարդիկ փախնում են պատերազմից, սովից, բայց դա միայն սառցաբեկորի գագաթն է: Որովհետև պատճառը տակն է՝ վատ, անարդար սոցիալ-տնտեսական համակարգը…որը գերիշխում է մեր օրերում, այն մի կողմ է շպրտել մարդ-անհատին և կենտրոնացել է փողի աստվածության, նորաձևության կուռքի վրա: Կա վիճակագրություն. եթե չեմ սխալվում, աշխարհի բնակչության 17%-ի ձեռքում է գտնվում աշխարհի հարստության 80%-ը:

     

    Գաղթականությունը, աղքատությունը, տնտեսական անարդարությունը փոխկապակցված են, ուստի հարկ է պատճառնե՛րը բուժել: Որտեղ, որ սով կա, աշխատա՛նք պետք է ստեղծել, ուր որ պատերազմ է, խաղաղությու՛ն պետք է բերել: Աշխարհն այսօր պատերազմում է ինքն իր դեմ, փոքր կտորների համար, բայց նաև պատերազմում է երկրի դեմ, որովհետև ոչնչացնում է երկիրը, մեր ընդհանուր տունը, միջավայրը…

     

    Քահանայապետը լավ է հասկանում գաղթականների խնդիրները, նրա ծնողներն Իտալիայից Արգենտինա գաղթածներից են: 1930-ականներին, երբ Արգենտինայում տնտեսական ճգնաժամ էր, նրանք էլ, շատերի նման, մնացել են փողոցում, անգործ: Քահանայապետի պապը ժամանակավոր մի հյուղակ է գնել պարտքով վերցված գումարով, հայրը փողոցում մանրավաճառություն է արել: Քահանայապետը տեսել է նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների գաղթականության վիճակը, գաղթականները Արգենտինա էին լցվում է եվրոպական ու մերձավորարևելյան տարբեր երկրներից:

     

    Տատիկ Եվրոպան չի ուզում մայր լինել

     

    Կա մեկ այլ փաստ ևս, ներկայիս գաղթականության հոսքը եվրոպական երկրներում լցնում է ծնելիության ցածր մակարդակի հետևանքով առաջացած բացը: Իտալիայում, Պորտուգալիայում, Իսպանիայում այդ ցուցանիշը 0-ի է մոտենում: Պատճառը հարմարավետություն փնտրող մշակույթն է:

    «Իմ իտալացի զարմիկը մի անգամ ասաց ինձ.«Երեխանե՞ր: Ո՛չ: Նախընտրում եմ ճամփորդել, գնել մի առանձնատուն կամ մեկ այլ բան անել»…Հետևանքում ծերերը ավելի ու ավելի են միայնակ մնում: Վստահ եմ, որ Եվրոպայի մեծագույն խնդիրը նորից մայր Եվրոպա դառնալն է, ոչ թե՝ տատիկ Եվրոպա…».ասել է Սրբազան Պապը:

     

    Նարցիսական քաղաքակրություն

     

    Մարդկության խորքային խնդիրների լուծման համար հարկավոր է ճիշտ կազմակերպել կրթությունը: Մենք միշտ պահանջում ենք մեր իրավունքները, բայց պետք է իմանանք նաև մեր պարտականությունները հասարակության հանդեպ: Այլապես կերտում ենք հայելային կրթություն.որովհետև հայելու դեմ կրթությունը նարցիսականություն է, այսօր մենք ապրում ենք նարցիսական քաղաքակրթության մեջ: Բայց այդպես կխեղդվենք, ինչպես Նարցիսը: Հարկ է նպատակներ փնտրել մեզանից դու՛րս, առա՛ջ շարժվել, ոչ թե տեղում կանգնել ու հայելու մեջ զմայլվել ինքներս մեզնով:

     

    Եկեղեցին չպետք է նեխված լինի

     

    Եթե եկեղեցին, համայնքը, թեմը ապրում է ինքն իր մեջ փակված, հիվանդանում է, ինչպես փակված սենյակը, որտեղից վատ հոտ է գալիս, եկեղեցին նեխվում է՝ խիստ կանոններով և առանց ստեղծագործական մոտեցման: Այդպես այն կարող է ապահովագրված լինել ապահովագրական ընկերություններում, բայց ապահով չէ՛: Եվ հակառակը, եթե եկեղեցին, համայնքը դուրս է գալիս աշխարհ, ցանկացած մեկի նման կարող է դժբախտ պատահար ունենալ: Բայ Պապը նախընտրում է վիրավոր եկեղեցին, քան թե՝ հիվանդը, «որովհետև հաշմվածը գոնե դուրս եկավ փողոց», ասում է նա:

     

    Պապի անձնական կյանքի մասին

     

    Լրագրողը հարցրել է, թե ինչ է Սրբազան Պապը մտածում իր մեծ ժողովրդականության մասին. շատերը կուզենային, որ նա Նոբելյան մրցանակ ստանար: Սրբազան Պապը պատասխանել է.

     

    Հիսուսն էլ որոշ ժամանակ շատ սիրված էր, բայց տեսեք, թե ինչ եղավ հետո: Ոչ մեկի երջանկությունն այս աշխարհում երաշխավորված չէ:  Միակ բանը, որ խնդրում եմ, այն է, որ սրտիս խաղաղությունը պահեմ, և Աստված իր շնորհի մեջ պահի ինձ…Մի բան ինձ մխիթարում է.Սբ. Պետրոսը ծանր մեղք գործեց՝ ուրանալով Հիսուսին, բայց հետո Պապ դարձավ…Եթե նրան Պապ դարձրին այդ մեղքը գործած լինելով հանդերձ, իմ բոլոր մեղքերս ի նկատի ունենալով՝ ինձ համար մեծ մխիթարություն է, որովհետև Աստված հոգ կտանի իմ մասին, ինչպես հոգ տարավ Պետրոսի մասին….

     

    -Որքա՞ն հաճախ եք գնում խոստովանության,-հարցրել է լրագրողը:

     

    -15 կամ 20 օրը մեկ: Ես խոստովանում եմ մի ֆրանցիսկյան քահանայի՝ Հայր Բլանկոյին, ով այնքան բարի է, որ գալիս է ու լսում իմ խոստովանությունը: Եվ ես երբեք ստիպված չեմ եղել շտապօգնություն կանչելու, որ տանեն նրան՝ ցնցված իմ մեղքերից,-ասել է Պապը ծիծաղելով:

     

Օրացույց

Օրացույց