Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանն այս թեմայով հարցազրույց է ունեցել Ռադիո Վատիկանի հետ:
7 սեպտեմբերի, 2015թ.
2015թ. սեպտեմբերի 7-ին Սրբազան Ֆրանցիսկոս Քահանայապետի հետ միասին Հռոմի Սուրբ Մարթայի տաճարում համապատարագել են Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Ամեն. Տ. Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս Պատրիարքը և հայ կաթողիկէ եպիսկոպոսները, ինչպես նաև՝ Սուրբ Աթոռի Արևելյան Եկեղեցիների կոնգրեգացիայի նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրին, քարտուղար արքեպիսկոպոս Կիրիլ Վասիլը, ենթաքարտուղար Հայր Լորենցո Լորուսսոն:
Սուրբ Պատարագի ընթացքում միասին Քրիստոսի Զոհը մատուցելը և միասին Քրիստոսին հաղորդվելը լրումն է այս տարվա հուլիսի 25-ին Սրբազան Քահանայապետի կողմից նորընտիր Կաթողիկոս Պատրիարք Ամեն. Տ. Գրիգոր Պետրոս Ի-ին շնորհված եկեղեցական հաղորդության, որը սահմանված նորմ է եկեղեցական իրավունքի մեջ և նշանն է ինքնավար եկեղեցու գլխի՝ Պատրիարքի, և Սրբազան Պապի միջև նվիրապետական հաղորդության (կանոններ՝ 76, 92):
Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը Ռադիո Վատիկանի հայկական բաժնի հետ նույն օրը ունեցած հարցազրույցի ընթացքում պատմում է, թե նախկինում Սրբազան Պապի և Պատրիարքի միջև հաղորդության այդ արտահայտությունը եղել է պալլիումի տվչությամբ, որը եպիսկոպոսական եմիփորոնի նման հանդերձանք է և մինչ օրս գործածվում է լատին արարողակարգում.օրինակ, Պապը շնորհում է այն նորընտիր միտրոպոլիտներին: Հայ Եկեղեցում պալլիումի տվչությանը փոխարինում է համապատարագումը:
Սրբազան Պապը Սբ. Պատարագի ժամանակ աղոթել է Տիրոջը և խնդրել, որ դյուրացնի նորընտիր հայ կաթողիկէ Պատրիարքի առաքելությունը և որ նա ամրապնդված մնա Քրիստոսի մեջ:
Հայ Կաթողիկէ Պատրիարքարանի հայտարարության մեջ նկարագրված է Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Պապի և Ամեն. Տ. Գրիգոր Պետրոս Ի-ի միասնական հաղորդության պահը.
«Սրբազան Պապը բարձրացնում է մաղզման, որտեղ դրված է Քրիստոսի Մարմինը և առաջարկում այն Պատրիարքին: Երկուսով չորս ձեռքով բարձրացնում են Տիրոջ Մարմինը: Ապա Սրբազան Պապը բարձրացնում է Տիրոջ արյունով լի սկիհը, առաջարկում է Պատրիարքին և նրանք չորս ձեռքով բարձրացնում են այն: Մի պահ լռությունից հետո Սրբազան Պապը Քրիստոսի Մարմինը առաջարկում է Պատրիարքին և նրանք լուռ հաղորդվում են միասին: Սրբազան Պապը ըմպում է Քրիստոսի Արյունը և առաջարկում Պատրիարքի»:
Ապա հայտարարությունը բացատրում է.
Քահայապետի և Պատրիարքի եկեղեցական «հաղորդությունը մեծ պատիվ էր վաղ Եկեղեցում և է՛ նաև այսօր: Այն մի աղոտ զգացում չէ,այլ՝ օրգանական իրականություն, որը պահանջում է օրինական ձև և, միևնույն ժամանակ, կյանք է առնում է եղբայրասիրությամբ»:
Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Պապը քարոզի ժամանակ շեշտել է, որ հայ ժողովուրդը քրիստոնեությունն ընդունած առաջին ժողովուրդն է, որը մինչև այսօր հալածվում է Քրիստոսի համար: Հայերը հալածվեցին՝ պարզապես քրիստոնյա լինելու համար, տեղահանվեցին իրենց հայրենիքից, քշվեցին անապատ՝ առանց օգնության: Սա հալածանք է Հիսուսի դեմ, ինչ, որ արել են Հիսուսին, պատմության ընթացքում նույնը արել են Հիսուսի մարմնին՝ Եկեղեցուն: Չկա քրիստոնեություն՝ առանց հալածանքի, ասել է նա:
Սրբազան Պապը հիշեցրել է Ավետարանի տողերը.
«Երանի է ձեզ, երբ ձեզ նախատեն և հալածեն և իմ պատճառով ձեր մասին ամեն տեսակ չար խոսք, սուտ ասեն».Մտթ.5:11»:
Այսօր լրագրերում կարդում ենք այն արհավիրքների մասին, որ գործում են ահաբեկչական խմբավորումները, կոտորում են մարդկանց՝ պարզապես նրանց քրիստոնեական ինքնության պատճառով: Ի տես այդ հալածանքների, որ քրիստոնյաների հանդեպ սանձազերծված են աշխարհի չորս կողմերում, շատ իշխանություններ մնում են լուռ և մեղսակից՝ այդ հանցանքներին: Սա է քրիստոնեական ճանապարհը՝ քայլել Հիսուսի ճանապարհով.ասել է Քահանայապետը:
Հիշեցնեմ, որ հայ կաթողիկէ եպիսկոպոսներն այս օրերին՝ սեպտեմբերի 1-10-ը, Հռոմի Լևոնյան վարժարանում գումարում են սինոդի արտահերթ նստաշրջանը: