Ընտանիքը դազգահ չէ, որից կարելի է միայն շահույթ ստանալ ու դեն շպրտել
21 օգոստոսի, 2015թ.
2015թ. օգոստոսի 19-ի հրապարակային ունկնդրության թեման աշխատանքն ու ընտանիքն էր: Աշխատանքը ընտանիքի գոյության հիմնական նախապայմաններից մեկն է, որը օգնում է ընտանիքին ապրել արժանապատիվ կյանքով, երեխաների մեջ դաստիարակել աշխատասիրության ձգտումը:
Սուրբ Ընտանիքը Նազարեթի աշխատավոր ընտանիքներից էր, Հիսուսն ինքը հյուսն էր՝ հյուսին որդի (Մրկ., 6:3): Հոգևոր կյանքը չի կարող առողջ լինել առանց աշխատանքի, բացատրում է Սրբազան Պապը՝ հիշեցնելով Պողոս առաքյալի հորդորը, թե «եթե մեկը չի աշխատում, թող չուտի» (Ա Թես., 3:10): Աշխատանքն ու աղոթքը քրիստոնյայի կյանքում պետք է միմյանցից անբաժան լինեն:
Աշխատելը մարդու համար Աստծո պատկերով արարված լինելու արժանապատվության արտահայտությունն է.ուստի աշխատանքը սուրբ է:
«Զբազվածությունը կառավարելը մարդկային և սոցիալական մեծ պատասխանատվություն է, որը չի կարելի թողնել քչերի ձեռքում կամ՝ ինչ-որ աստվածացված «շուկայի»: Աշխատատեղերի կորստյան պատճառ դառնալը նշանակում է մեծ վնաս հասցնել հասարակությանը: Տխուր է՝ տեսնել գործազուրկների…ովքեր զրկված են տան համար հաց վաստակելու արժանապատվությունից: Եվ շատ ուրախալի է, երբ տեսնում եմ կառավարություններ, որոնք մեծ ջանքեր են գործադրում՝ աշխատատեղեր գտնելու և այնպես անելու, որ բոլորն աշխատանք ունենան: Աշխատանքը արժանապատվություն է տալիս ընտանիքին».ասել է Նորին Սրբությունը:
Աստված աշխարհն արարելիս մարդուն հանձնարարեց աշխատել ու մշակել երկիրը: Սա նշանակում է, որ երկրի գեղեցկությունը սերտորեն կապված է մարդու աշխատանքի հետ, մարդու վերաբերմունքն ու բնական միջավայրը պետք է ներդաշնակ լինեն միմյանց և աստվածային ծրագրի հետ:
Երբ այդ ներդաշնակությունը խախտվում է, ամեն բան ապականվում է: «Երբ աշխատանքը գերի է ընկնում միայն շահույթի տրամաբանությանը, և մարդկային կյանքն արհամարհվում է, հոգու թունավորումը վարակում է ամեն ինչ՝ նույնիսկ օդը, ջուրը, խոտը, սնունդը…հասարակական կյանքը այլասերվում է, և մարդկության տունը փլվում է: Իսկ հետևանքները հիմնականում կրում են աղքատ ընտանիքները»:
Ընտանիքը ներկայիս այսպես կոչված «խելացի քաղաքի» արտադրության համար բեռ է դարձել, այդպիսի քաղաքում երեխաներն ու ծերերը մի կողմ են շպրտված: Մարդիկ, ընտանիքները միայն օգտագործման և շահույթ ստանալու համար են, կարծես դազգահներ: Մարդկությունը սկսել է աշխատել ինքն իր դեմ:
Նման պայմաններում քրիստոնյաները մեծ առաքելություն ունեն, բացատրում է Քահանայապետը, նրանք պետք է պահպանեն տղամարդու և կնոջ միությունը, որդեծնությունը, մշակեն երկիրն ու բնակելի դարձնեն աշխարհը: