• Վեր կենա՛նք Մարիամի նման և Հիսուսի ուրախությունը տանենք բոլորին

    «Եկե՛ք Սուրբ Կույս Մարիամից սովորենք նման կերպ արձագանքել. վեր կենալ, հատկապես, երբ դժվարությունները սպառնում են ջախջախել մեզ»


    Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը՝ Հինանց չորրորդ կիրակիի «Հրեշտակ Տեառն» աղոթքը կարդալուց առաջ, խորհրդածեց օրվա ավետարանական հատվածի շուրջ, որը պատմում է, թե ինչպես Մարիամն այցելեց Եղիսաբեթին (Ղկ. 1,39-45):

     

    Հրեշտակից ստանալով Ավետման լուրը՝ Սուրբ Կույս Մարիամը չի մնում տանը, որպեսզի մտածի կատարվածի մասին և գնահատի Իր առջև ծառացած խնդիրների ողջ լրջությունը, ընդգծեց Նորին Սրբությունը, քանզի խեղճ աղջիկը չգիտեր, ինչպես ընկալեր այդ լուրը, ինչպիսի ընթացք կունենար՝ նկատի ունենալով այն ժամանակների սովորույթներն ու բարքերը։ Այնուամենայնիվ, իր խնդիրների մեջ խորասուզվելու փոխարեն Նա մտածում է Եղիսաբեթի՝ իր վաղեմի բարեկամի մասին, քանի որ հրեշտակը հաղորդեց, որ նա հղի է, իսկ դա տարօրինակ էր և հիասքանչ։ Մարիամը ճանապարհ է ընկնում վեհ զգացմունքներով համակված՝ չվախենալով ճանապահորդության դժվարություններից և առաջնորդվելով Եղիսաբեթին մոտ լինելու ու նրան օգնելու ներքին մղմամբ: Ամբողջ երկար ճանապարհը Մարիամը ոտքով անցավ: Եղիսաբեթի հետ Մարիամը կիսում է Իր ուրախությունը, որ Հիսուսից էր. Նա այդ ուրախությունը կրում էր իր արգանդում և սրտում: Մարիամն իր զգացմունքներն արտահայտում է վեհ խոսքերով, որոնք հետագայում աղոթք են դառնում և որը գիտենք մենք բոլորս:

     

    Ավետարանում ասվում է. «Այդ օրերին Մարիամը վեր կացավ և շտապով գնաց» (տես՝ Ղկ. 1,39): Նա վեր կացավ և գնաց: Եկե՛ք մենք ևս առաջնորդվենք այս երկու բայերով, հորդորեց Սրբազան Քահանայապետը. Մարիամը վեր կացավ ու շտապ գնաց, և Նա մեզ կոչ է անում նման կերպ վարվել Սուրբ Ծննդի նախաշեմին.

     

    «Ամենից առաջ պետք է վեր կենալ: Հրեշտակի Ավետումից հետո Մարիամին դժվարին ժամանակներ էին սպասվում. այդ ժամանակի բարքերի համաձայն, Նրա հանկարծակի հղիությունը սպառնալիք էր Իր կյանքի համար, քանի որ հասարակությունը չէր հասկանա և շատ խիստ կպատժեր Նրան, նույնիսկ կքարկոծեր: Պատկերացրե՛ք, թե որքա՜ն հոգսեր ուներ Մարիամը: Սակայն Նա չէր հուսալքվում: Նա վեր կացավ: Նա նայում էր Աստծուն, այլ ոչ թե իր խնդիրներին: Նա  մտածում էր ում օգնել, այլ ոչ թե ումից օգնություն խնդրել: Մարիամը միշտ մտածում է ուրիշների և մարդկանց կարիքների մասին: Ճիշտ այդպես Նա կվարվի ավելի ուշ Կանայում հարսանիքի ժամանակ, երբ կնկատի, որ գինին վերջացել է: Սա ուրիշների խնդիրն է, բայց Նա մտածում է դրա մասին և լուծում փնտրում։ Մարիամը միշտ մտածում է ուրիշների մասին: Նա նաև մեր մասին է մտածում»:

     

    Եկե՛ք Սուրբ Կույս Մարիամից սովորենք նման կերպ արձագանքել. վեր կենալ, հատկապես, երբ դժվարությունները սպառնում են ջախջախել մեզ, շարունակեց Նորին Սրբությունը. «Վեր կենալ՝ խնդիրների մեջ չխորասուզվելու, չինքնախղճահարվելու և չհուսալքվելու համար: Սակայն մենք ինչու՞ պետք է վեր կենանք: Որովհետև Աստված մեծ է, և Նա պատրաստ է մեզ բարձրացնել, եթե մենք մեր ձեռքը մեկնենք դեպի Նա: Ուրեմն, եկե՛ք Նրան վստահենք բոլոր բացասական մտքերը, վախերը, որոնք կոտրում են մեր ոգևորությունը և խանգարում առաջ գնալ, ապա վարվենք Մարիամի պես. նայեք մեր շուրջբոլորը և փնտրեք մեկին, ում կարող ենք օգնել: Միգուցե մենք ունենք տարեց ծանոթներ, ում կարող ենք օգնել, ընկերակցել: Կամ էլ զանգահարենք, բարի գործ անենք որևէ մեկի համար: Եկե՛ք մտածենք, թե ում կարող ենք օգնել: Վեր կենանք և օգնենք: Օգնելով ուրիշներին՝ մենք օգնում ենք ինքներս մեզ վեր կենալ և հաղթահարել դժվարությունները:

     

    Վեր կենալ և «հապճեպ» գնալ, սակայն սա չի նշանակում հուզված և շտապ գնալ, ասաց Սրբազան Քահանայապետը: Ընդհակառակը, դա նշանակում է ուրախությամբ առաջ գնալ, վստահորեն առաջ նայել, մի կերպ ոտքերը քարշ չտալ, ոչ ոքից և ոչնչից չբողոքել, մեղավորներ չփնտրել: Դեպի Եղիսաբեթի տուն Մարիամը գնում է այնպիսի մարդու արագ քայլերով, ում սիրտն ու կյանքը լի են Աստծով, Նրա ուրախությամբ, ընդգծեց Նորիին Սրբությունը և կոչ արեց մտածել, թե կյանքում ինչպիսի՞ քայլերով ենք առաջ գնում: Արդյո՞ք մենք նախաձեռնող ենք, թե՞ տխրության մեջ ենք։ Արդյո՞ք մենք լիահույս ենք առաջ շարժվում, թե՞ կանգ ենք առնում ու խղճում ինքներս մեզ: Փնթփնթալով և ուրիշներին զրպարտելով՝ մենք ոչ ոքի էլ Աստծո մոտ չենք տանի, միակ բանը, որ կկարողանաք տալ ուրիշներին՝ դառնությունն ու հուսահատությունն է։ Փոխարենը, օգտակար է առողջ հումորի զգացում զարգացնել, ինչպես, օրինակ, Սբ. Թոմաս Մորը կամ Սբ. Ֆիլիպպ Ներին: Մենք նույնիսկ կարող ենք խնդրել այդ շնորհը՝ առողջ հումորի շնորհը, քանի որ դրանից շատ օգուտներ կան: Եկե՛ք չմոռանանք, որ ողորմածության առաջին արարքը, որ կարող ենք անել մեր մերձավորի համար՝ մեր հանգստությունն ու ժպիտն է որևէ մեկին հանդիպելիս: Դա նշանակում է ուրիշին տանել Հիսուսի ուրախությունը, ինչպես որ Մարիամն արեց Եղիսաբեթին:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան

Օրացույց

Օրացույց