«Սուրբ Հոգին կյանք տվող Տեր է, Որը բխում է Երկնային Հորից և Ում պիտի փառաբանենք ու երկպագենք այնպես, ինչպես Հորը և Որդուն»:
Հոկտեմբերի 16-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շարունակեց քրիստոնեական ուսուցումների շարքը Սուրբ Հոգու վերաբերյալ. «Սուրբ Հոգին ներկա է և գործում է մեր քրիստոնեական կյանքում»,- ասաց Նորին Սրբությունն՝ ընդգծելով, որ Հոգին «բնակվում է մեր մեջ» և «մեր ներսում»։
Առաջին երեք հարյուրամյակում Եկեղեցին Սուրբ Հոգու հանդեպ իր հավատքի մանրամասն ձևակերպման անհրաժեշտությունը չի տեսել: Հավատամքի ամենահին խոստովանության մեջ, որը հայտնի է որպես Առաքելական հավատո հանգանակ, Սուրբ Հոգին միայն հիշատակվում է. «Ես հավատում եմ Սուրբ Հոգուն», առանց լրացուցիչ պարզաբանության: Սակայն IV դարում հերետիկոսության ի հայտ գալը Եկեղեցուն դրդեց պարզաբանել իր հավատաքը, ինչը հատկապես արտացոլվել է սուրբ Աթանաս Մեծի աշխատություններում: Սուրբ Հոգու սրբագործող և աստվածացնող հատկանիշն էր, որ հանգեցրեց Նրա Աստվածության լիակատար ճանաչմանը, որը պաշտոնապես հաստատվեց Կոստանդնուպոլսի Տիեզերական ժողովում 381 թվականին:
Այդ ժողովում Սուրբ Հոգին հռչակվեց «կյանք տվող Տեր, Որը բխում է Երկնային Հորից և Ում պիտի փառաբանենք ու երկպագենք այնպես, ինչպես Հորը և Որդուն»: Երկրպագության մեջ հասարության այս հաստատումը դարձավ ուսմունքի կարևորագույն մասը, հատկապես՝ Սբ. Բարսեղ Մեծի և Սբ. Գրիգոր Աստվածաբանի շնորհիվ, ընդգծեց Սրբազան Քահանայապետը:
Սակայն այս սահմանումը միայն մեկնակետ էր, որովհետև դեռ պետք էր ընկալել Սուրբ Հոգու ունեցած դերը Եկեղեցում: Արևելյան և Արևմտյան Եկեղեցիների միջև ծագած վեճերը Filioque-ի ձևակերպման շուրջ (Սուրբ Հոգին նաև բխում է Որդուց) հանգեցրին լարվածության, անհամաձայնության և պառակտման, որը շարունակվում էր շատ երկար դարեր: Սակայն այսօր՝ երկխոսության շնորհիվ, տվյալ հարցը կորցրել է իր հրատապությունը, որն էլ հույս է ներշնչում, որ կընդունվեն «տարաձայնությունները հարթեցնող» որոշումներ:
Ժամանակակից հավատացյալները պիտի գիտակցեն, որ Սուրբ Հոգին Նա է, Ով կյանք է տալիս: Հին Կտակարանում Աստված կենդանության շունչ փչեց Ադամի վրա և նա դարձավ կենդանի էակ: Նոր Կտակարանում Սուրբ Հոգին հավատացյալներին միանգամայն նոր կյանք է տալիս. հոգևոր կյանք Քրիստոսով, Աստծո զավակների երկնային կյանքը: Պողոս առաքյալը պնդում է, որ «Քրիստոս Հիսուսով կյանք տվող հոգու օրենքը ինձ փրկեց մեղքի և մահվան օրենքից» (Հռոմ. 8,2): Սուրբ Հոգու պարգևած կյանքը չունի ժամանակային սահմանափակումներ: Հավատքն առ Քրիստոս, ով մահացավ և հարություն առավ, մեզ ազատում է այն վախից, որ կյանքն ավարտվում է այստեղ՝ երկրի վրա. այն հաստատում է, որ կա հարություն առնելու, անարդարությունից և տառապանքից ազատվելու հույս:
Նորին Սրբությունն իր խորհրդածությունն ավարտեց այդ հավատքը պահպանելու կոչով, հատկապես նրանք, ովքեր, հնարավոր է, ոչ իրենց կամոք են զրկվել այդ հավատքից, և շնորհակալություն հայտնել Քրիստոսին՝ Սուրբ Հոգով տրված հավիտենական կյանքի անգին պարգևի համար:
Վատիկան նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը