«Սուրբ Հոգին Քրիստոսի Մարմնի և Եկեղեցու համար այն է, ինչ հոգին մարդու մարմնի համար»:
Հոկտեմբերի 9-ի ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը վերսկսեց քրիստոնեական ուսուցումների շարքը Սուրբ Հոգու և Եկեղեցու վերաբերյալ:
Դիմելով Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված 25.000 ուխտավորներին՝ Նորին Սրբությունն ընդգծեց, որ Պենտեկոստեի օրը (Հոգեգալուստ) խորհրդանշում է Եկեղեցու ծնունդը և նրա ընդհանրական առաքելության սկիզբը: Սուրբ Հոգին քամու և կրակի լեզուների նման իջնում է առաքյալների վրա՝ նրանց լցնելով Իր ներկայությամբ (տես՝ Գործք 2,4): Հենց Նա է Եկեղեցու միասնության և ընդհանրականության չափման աղբյուրը. Սուրբ Հոգու իջնելուց հետո առաքյալները խոսում են ուրիշ լեզուներով, որը դառնում է Եկեղեցու առաքելության տեսանելի դրսևորումը:
Սրբազան Քահանայապետի խոսքերի համաձայն, Սուրբ Հոգին գործում է երկու ձևով: Նախ, Նա նպաստում է Եկեղեցու արտաքին ընդարձակմանը՝ բոլոր ժողովուրդներին ընդգրկելու համար: Այդ «արտաքին» շարժումը նկատելի է Կոռնելիոսի դարձի պատմության մեջ, երբ առաքյալները հաղթահարում են հրեաների և հեթանոսների միջև եղած արգելքը։ Տեղի է ունենում առաքելության էթնիկ և աշխարհագրական ընդլայնում՝ Սուրբ Հոգու ուղղորդությամբ այնպես, ինչպես ցույց է տալիս Պողոս առաքյալի Մակեդոնիա կատարած ճանապարհորդությունը, որը խորհրդանշում էր Ավետարանի անցումը Ասիայից Եվրոպա:
Երկրորդ, Սուրբ Հոգին ամրապնդում է Եկեղեցու ներքին միասնությունը, որն ակնհայտորեն դրսևորվում է Երուսաղեմի ժողովում, երբ քննարկվում էր նորադարձ հեթանոսներին վերաբերող Մովսեսի Օրենքի պահանջների հարցը և դա արվում էր մեծ զգուշությամբ՝ Եկեղեցու միասնականությունը չվտանգելու համար: Այս անգամ Սուրբ Հոգին ակնթարթորեն և հրաշքով չի գործում, ինչպես Պենտեկոստեի օրը, այլ աղոթքի, քննարկման և ժողովի որոշման միջոցով: Այդ սինոդական գործընթացը հանգեցնում է «հաճելի թվաց Սուրբ Հոգուն և մեզ» (Գործք 15,28) բանաձևին, որն արտահայտում է Աստծո կամքի և մարդկային ջանքերի ներդաշնակությունը:
Նորին Սրբությունը մեջբերում է Օգոստինոս Երանելուն. «Սուրբ Հոգին Քրիստոսի Մարմնի և Եկեղեցու համար այն է, ինչ հոգին մարդու մարմնի համար» (Խոսք 267,4): Սուրբ Հոգին նպաստում է միասնությանը ոչ միայն արտաքուստ, այլև հենց Ինքն է դառնում «միասնության կապը» Եկեղեցու ներսում:
Եկեղեցու միասնությունը, ընդգծեց Ֆրանցիսկոս Պապը, վերացական գաղափար չէ, այլ կենդանի փոխներգործություն մարդկանց միջև: Այն դժվարամատչելի է նույնիսկ ընտանեկան և ամուսնական կյանքում, որովհետև ամեն ոք միասնությանը նայում է իր տեսակետից: Պենտեկոստեի իսկական միասնությանը հասնում ենք միայն այն ժամանակ, երբ «կենտրոնում դնում ենք Աստծուն, այլ ոչ թե մեզ»: Այսպիսով, քրիստոնեական միասնությունը չի կառուցվում այն սպասումով,թե երբ ուրիշները կկիսեն մեր դիրքորոշումը, այլ մեր միասնական շարժով դեպի Քրիստոսը:
Խորհրդածության ավարտին Սրբազան Քահանայապետը կոչ արեց հավատացյալենրին.
«Եկե՛ք խնդրենք Սուրբ Հոգուն, որ օգնի մեզ դառնալ միասնության և խաղաղության գործիքներ»:
Վատիկան նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը