• Սրբազան Քահանայապետը Լիբանանի եպիսկոպոսների հետ միասին աղոթեց այդ երկրի խաղաղության համար

    «Բավական է Լիբանան ու Մերձավոր Արևելքն օգտագործել երկրորդական շահերի և հետաքրքրությունների համար: Լիբանանցիներին պետք է հնարավորություն տրվի լինել լավ ապագայի գլխավոր հերոսներն իրենց իսկ հողի վրա՝ առանց անարդար միջամտությունների»


    Հուլիսի 1-ին՝ խորհրդածության և Լիբանանում խաղաղության համար աղոթքի Օրը Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը եզրափակեց հատուկ ուղերձով. Արևելյան Եկեղեցիների առաջնորդների հետ միասին մասնակցեց հանդիսավոր էկումենիկ աղոթքին:

     

    Նորին Սրբությունն ընդգծեց, որ խորհրդածության և հանուն խաղաղության աղոթքի Օրվա նպատակն էր ուշադրություն հրավիրել «Լիբանանի հուսախաբ եղած և տառապած ժողովրդի աղաղակին, որը փափագում է անվտանգություն, հույս և խաղաղություն»: Այդ սքանչելի երկիրը, որը քաղաքակրթության, իմաստության և հոգևորության գանձարանն է, չի կարող թողնվել ճակատագրի քմահաճույքին կամ էլ նրանց հույսին, ովքեր շահադիտական նպատակներ ունեն: Լիբանանը խաղաղության ու եղբայրության ուղերձ է Մերձավոր Արևելքից և Աստված ունի խաղաղության, այլ ոչ թե կործանման ծրագրեր, ուստի Լիբանանը պետք է մնա որպես «խաղաղության նախագիծ»: Դիմելով իշխանավորներին՝ Սրբազան Քահանայապետն իր ձայնը բարձրացրեց ի պաշտպանություն տառապող ժողովրդի.

     

    «Բավական է Լիբանան ու Մերձավոր Արևելքն օգտագործել երկրորդական շահերի և հետաքրքրությունների համար: Լիբանանցիներին պետք է հնարավորություն տրվի լինել լավ ապագայի գլխավոր հերոսներն իրենց իսկ հողի վրա՝ առանց անարդար միջամտությունների»:

     

    Նորին Սրբությունը կոչ արեց միջազգային հանրությանը աջակցել Լիբանանի խաղաղության Աստծո ծրագրին և թույլ չտալ, որ երկիրը կործանվի: Լիբանանցիները չպետք է հուսահատվեն, այլ պետք է հույսը փնտրեն իրենց պատմության ակունքներում, քաղաքական գործիչները պարտավոր են գտնել «ներկայիս ճգնաժամի հրատապ և երկարաժամկետ լուծումներ, հիշելով, որ առանց խաղաղության չկա արդարություն»:

     

    Ապագան կլինի բարեկեցիկ միայն այն միասին կառուցելու դեպքում, ընդգծեց Սրբազան Քահանայապետը. «Մարդկանց միջև հարաբերությունները չեն կարող հիմնված լինել շահերի, հետաքրքրությունների և միակողմանի օգուտների վրա»: Քրիստոնյաները կանչված են խաղաղություն և եղբայրություն սերմանելու համար՝ հետևում թողնելով անցյալի հոգսերը, պատասխանատվություն կրելով ներկայի համար և լիահույս ապագայի նկատմամբ: «Եկե՛ք վստահեցնենք մեր մահմեդական եղբայրներին ու քույրերին և այլ դավանանքների հավատացյալներին, որ մենք պատրաստակամ ենք համագործակցել հանուն եղբայրության և խաղաղության»:

     

    Մեկնաբանելով երիտասարդների արարքը, ովքեր՝ որպես հույսի նշան, վառված լապտերներ տվեցին Պատրիարքներին, Նորին Սրբությունն ընդգծեց, որ երկրի ճակատագիրը որոշելիս պետք է հաշվի առնել երիտասարդության երազանքները, կանանց ներդրումները և տարեց մարդկանց խորհուրդները:

     

    Ճգնաժամի գիշերը պետք է լինել միասնական, ավարտին ասաց Սրբազան Քահանայապետը. «Թո՛ղ մարի երկպառակության գիշերը և բացվի հույսի արշալույսը: Թո՛ղ վերջանա թշնամությունը, հանդարտվեն տարաձայնությունները, թո՛ղ Լիբանանը կրկին փայլի խաղաղության լույսով»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան

Օրացույց

Օրացույց