• Ինչու՞ է կարևոր եկեղեցում ժողովրդի հետ միասին աղոթելը եւ Սուրբ Պատարագին մասնակցելը

    «Ինչու՞ եղբորդ աչքի միջի շյուղը տեսնում ես, իսկ քո աչքի միջի գերանը չես նկատում… Կեղծավո՛ր, նախ այդ գերանը հանիր քո աչքից, որ կարողանաս հստակ տեսնել եւ ապա կհանես շյուղը՝ եղբորդ աչքից», Մտթ. 7, 3-5


    Այսօր հոգևոր դաշտում կա մի փաստ, որ համատարած է. այն է՝ հավատքը միայն անհատական պատկերացումների մեջ սահմանափակելու երեւույթը, երբ մարդիկ կարեւորություն չեն տալիս բոլորի հետ միասին եկեղեցում աղոթելուն եւ կիրակնօրյա Սուրբ Պատարագին մասնակցելուն:  Սա, ինչպես գրեցինք, անաստվածության պետական քարոզչության տարիների եւ մեր օրերում հոգեւորի հանդեպ ընդհանուր եւ «մոդայիկ, առաջադեմ» անտարբերության կամ անբավարար հետաքրքրվածության հետեւանք է: Այսօր Աստվածաշունչը, Եկեղեցին, հոգեւոր աճը կարեւոր տեղ չունեն մեզանից շատերի առօրյայում, որը հագեցած է սոցիալական հարցերով, գյուղատնտեսական ծանր աշխատանքներով, ընտանեկան խնդիրներով:

     

    Աստծո առաջ պարտականություններ ունենալու գաղափարն, այսօր ի սպառ բացակայում է համայնքի մեծամասնութան պատկերացումներից. մարդկանց թվում է, թե Աստված ամեն ինչ ներում է եւ կների:

     

    Ցավոք, հոգեւորը, սիրո գործերը հիմնականում տեղ չունեն նաեւ երիտասարդների նպատակների եւ երազանքների մեջ:

     

    Հոգեւորը մղված է երկրորդ պլան եւ մեկուսացած, մոռացված է տների սրբապատկերների անկյուններում, պատերի վրա, որտեղ տարիներով փոշոտվում են չօգտագործված աստվածաշնչերն ու վարդարանների համրիչները: Մարդիկ չեն ուզում ժամանակ տրամադրել այդ ամենին, նույնիսկ՝ մեկ ժամ՝ ամբողջ շաբաթվա մեջ:

     

    Բայց սա մեղք է Աստծո հանդեպ. սա նշանակում է՝ Աստծուն արժանի տեղ չհատկացնել մեր կյանքում:

     

    Մեզ, գուցե, թվում է՝ եթե մենք հավատում ենք, որ Աստված գոյություն ունի, ապա այդքանը բավարար է, եւ իրավունք ունենք խնդրելու կամ պահանջելու, որ Աստված իր առատ օրհնությունները բաշխի մեզ, իսկ երբ չենք վայելում այդ օրհնությունները, մեր աղոթքները պատասխանի չեն արժանանում, մտածում ենք, որ անօգուտ է Աստծուն աղոթելը, միեւնույնն է՝ չի լսի, կամ, միեւնույնն է՝ Աստծո կամքն անհայտ է մեզ: Հետեւանքը լինում է այն, որ շատերն աստիճանաբար մոռանում են նաեւ իրենց անհատական աղոթքները կատարել կամ անում են միայն շատ ընկճված, վախեցած ժամանակ, կամ էլ նեղանում են Աստծուց եւ հրաժարվում որեւէ քայլ անել՝ Աստծո կամքը ավելի լավ հասկանալու համար: Բայց Աստված անտարբեր չէ, Նա ճանաչում է յուրաքանչյուրիս՝ անուն առ անուն, նա գիտի մեր խնդիրները, լսում է մեր աղոթքները եւ «գիտի, թե ձեզ ինչ է պետք՝ նախքան, որ դուք իրենից կխնդրեք ինչ-որ բան», ինչպես ասում է Հիսուս (Մտթ. 6, 8): Աստված կենդանի Աստված է, մեր կյանքում ներկա է՝ մեզ համար անտեսանելի ձեւով, հետեւում է մեր յուրաքանչյուր քայլին եւ մեծ համբերությամբ սպասում է, թե երբ ենք ջանքեր գործադրելու՝ Իր հետ ավելի մտերիմ լինելու համար, թե երբ ենք ջանքեր գործադրելու, որ հասկանանք, թե ի՛նչ է Ինքը ուզում մեզանից, թե ո՛րն է Իր կամքը: Գուցե, ոչ թե Աստված է անտարբեր, այլ մե՞նք ենք թերանում Աստծո հանդեպ մեր պարտավորությունների մեջ, չէ՞ որ ոչ միայն ծնողն է պարտական զավակի հանդեպ, այլեւ, նախեւառաջ, զավակը՝ ծնողի հանդեպ: Ուրեմն, ի՞նչ է ուզում մեր Ծնողը, մեր Արարիչ Հայրը մեզանից՝ իր զավակներից:

     

    Հայր Աստծո կամքն է՝ յուրաքանչյուրիս ազատագրումը մեղքի գերությունից և յուրաքանչյուրիս սրբությունը, որի մեջ է կայանում մեր երջանկությունը եւ ներքին խաղաղությունը՝ այս կյանքում եւ հավիտենական կյանքում՝ Տիրոջ հետ միասին:

     

    Աստված ի սկզբանե այս ամենը սահմանել է մարդ արարածի համար՝ որպես մարդկային կյանքի իմաստ եւ առաքելություն:

     

    Աստված նաեւ սահմանել է, որ մեր սրբությանը եւ փրկությանը հասնենք Իր Միածին Որդու՝ Տեր Հիսուս Քրիստոսի եւ Նրա հիմնած Մեկ, Սուրբ Կաթողիկէ Եկեղեցու միջոցով, որը մարդկության համար Նոյան տապանի նման մի նավ է, որի նավապետը Ինքը Քրիստոսն է եւ որի մեջ մենք կարող ենք փրկվել այս աշխարհի մեղքի ջրհեղեղից եւ հավիտենական դժոխքի կրակից:

     

    Աստված Ի՛նքն է կամեցել, որ մարդն այս կյանքում ընդունի Իր աստվածային օրհնությունները, լինի երջանիկ եւ փրկության հասնի՝ բայց ոչ թե առանձին, մենակ աղոթելով, ոչ թե միայն իր բարեկամների հետ մատաղ անելով եւ սեղան նստելով, ոչ թե միայն մկրտվելով, պսակվելով եւ հետո եկեղեցի չհաճախելով, այլեւ լիապե՛ս ապրելով՝ որպես Քրիստոսի Եկեղեցու ջերմեռանդ անդամ, միասի՛ն աղոթելով Քրիստոսի բոլոր եղբայրների եւ քույրերի հետ, այսինքն՝ իր ընտանիքի անդամների հետ, իր ընկերների, հարեւանների, համագյուղացիների, համաքաղաքացիների հետ միասին, նաեւ՝ նրանց հետ, ում հետ տարաձայնություններ կան, անծանոթների հետ միասին, որովհետեւ Աստված սիրում է իր բոլոր զավակներին եւ բոլորի՛ն է հրավիրում եկեղեցի՝ միասնաբար ներկա լինելու Իր Սուրբ Սեղանի շուրջ եւ հարստնալու իր Իր աստվածային ներկայության հոգեւոր զորությամբ, ճիշտ ինչպես իր առաքյալներին հրավիրեց Վերնատուն՝ Խորհրդավոր ընթրիքին եւ նրանց հետ կիսեց հացը եւ բաժակը՝ դրանք դարձնելով Իր Մարմինն ու Արյունը անտեսանելի, խորհրդավոր կերպով: Ճիշտ առաքյալների պես հացի եւ գինու տեսքով ճաշակելով Տեր Հիսուս Քրիստոսի Մարմինն ու Արյունը՝ մեր մեջ ենք ընդունում Քրիստոսի ներկայությունը, եւ նրա միջոցով՝ ամբողջ Սուրբ Երրորդության ներկայությունը. Աստված բնակվում է մեր մեջ, իսկ մենք՝ Աստծո մեջ, ըստ Քրիստոսի խոսքի, որն անվիճելի է եւ ճշմարիտ: Եկեղեցում Սուրբ Սեղանի մոտ հավաքվելիս՝ մենք յուրաքանչյուրս, ճաշակելով Քրիստոսի Մարմինն ու Արյունը՝ միանում ենք ոչ միայն Քրիստոսին, այլեւ՝ միմյանց, որովհետեւ սնվում ենք նույն Քրիստոսով, Նրա միեւնույն Սուրբ Մարմնով եւ Արյամբ, որի մեջ ներկա է Աստված ճշմարտապես, բոլորս լցվում ենք աստվածային նույն ներկայությամբ, դառնում ենք մեկ հոգեւոր մարմին՝ ոչ միայն Քրիստոսի հետ, այլեւ՝ միմյանց հետ: Ուրեմն, հավաքվելով Տիրոջ Սեղանի շուրջ եւ ճաշակելով Նրա Սուրբ Մարմինն ու Արյունը, բոլոր քրիստոնյաները միմյանց հետ կապվում ենք նույն հոգեւոր կապով՝ հարազատությամբ, դառնում են Քրիստոսի եղբայրները եւ քույրերը՝ ըստ Տիրոջ կամքի, դառնում են Քրիստոսի նույն հոգեւոր կամ խորհրդավոր Մարմնի անդամները: Սուրբ Պողոս առաքյալը, որ մինչեւ դարձի գալը հալածում էր Քրիստոսի Եկեղեցին, երբ դարձավ Քրիստոսի առաքյալ, իր հիմնած առաջին համայնքներին գրում էր.

     

    «Ինչպես որ մարմինը մեկ է եւ բազում անդամներ ունի, եւ մարմնի բոլոր անդամները, որ բազում են, մեկ մարմին են կազմում, այդպես է նաեւ Քրիստոսը, որովհետեւ մենք ամենքս՝ հրեա, թե հեթանոս, ծառա, թե ազատ, մեկ Հոգով մկրտվեցինք՝ մեկ մարմին կազմելու համար, եւ ամենքս էլ նույն Հոգուց խմեցինք», Ա Կորնթ. 12, 12:

     

    Եկեղեցում ի մի հավաքվելով՝ մենք ստանում ենք նույն Սուրբ Հոգին, որը մեզ սովորեցնում է.

    -առավել լավ հասկանալ Աստծուն եւ մեր կյանքի իմաստը,

    -ավելի շատ սիրել Աստծուն,

    -դարձնում է խոնարհ՝ հասկանալու մեր մեղքերը եւ զղջալու դրանց համար,

    -դարձնում է ուժեղ՝ պայքարելու մեղքի դեմ, ապրելու սուրբ, աստվածահաճո կյանքով, սիրելու ուրիշներին՝ որպես քույրերի եւ եղբայրների, լինելու ներողամիտ, ապրելու միասնաբար՝ որպես Աստծո մեկ ժողովուրդ, որպես կենդանի Եկեղեցի՝ հոգեւոր ամենօրյա գործունյա ավյունով:

    Իսկ միայնակ աղոթելով, տանը մնալով եւ միայն առօրյա գործերով զբաղվելով՝ այս ամենն ունենալն անհնարին է, եւ մեղքի մեջ ակամայից ընկնելը՝ շատ հեշտ:

     

    Այսպես՝ միանական աղոթքով, Տիրոջ Սուրբ Խորանի առջեւ եւ Սուրբ Սեղանի շուրջ հավաքվելով՝ կազմավորվել եւ այսօր էլ շարունակում է կայանալ Քրիստոսի Եկեղեցին, որն, ուրեմն, պետք է հասկանանք ոչ թե միայն քարե շինության իմաստով, այլ՝ իր բուն՝ հոգեւոր իմաստով՝ որպես Հիսուս Քրիստոսին եւ Աստծուն հավատացողների խումբ, ընտանիք, որպես Քրիստոսի խորհրդավոր, հոգեւոր Մարմին:

     

    Ա՛յս պատճառով է անհրաժեշտ եւ պարտադիր յուրաքանչյուրիս համար՝ մեր աղոթքը կատարել ոչ միայն առանձին, այլեւ՝ միասին եւ, հատկապես, Սուրբ Պատարագի ժամանակ՝ հաղորդվելով Տիրոջ Մարմնին եւ Արյանը՝ որպես Քրիստոսի հոգեւոր Մարմնի՝ Եկեղեցու լիարժեք անդամներ, որ չեն ապրում առանձին Գլխից, որ Հիսուսն է, եւ զատված մյուս անդամներից:

     

    Ուրեմն, միասնական աղոթքին չմասնակցելով՝ մենք մասնատում ենք Տիրոջ Եկեղեցին, քայքայում Տիրոջ ընտանիքը, վարվում եսասիրաբար եւ մեղք ենք գործում Աստծո եւ միմյանց դեմ:

     

    Իսկ եթե ձեզանից մեկը խնդիր ունի քահանաների հետ եւ չի ուզում նրանց հետ շփվել, ապա միշտ պետք է մտածել, որ եկեղեցին միայն քահանաները չեն, այլ Եկեղեցին նախ Քրիստոսն է, ապա՝ դուք եւ բոլոր մկրտվածները՝ ներառյալ քահանաները, եւ ոչ ոք՝ որպես մարդ, զերծ չէ թերություններից եւ մեղքերից: Չի կարելի երես թեքել Քրիստոսից, Նրա Եկեղեցուց եւ մեղք գործել՝ մարդկանց հետ խնդիր ունենալու կամ մարդկանց թերությունները նկատելու պատճառով: Հիսուսն ասում է.

     

    «Ինչու՞ եղբորդ աչքի միջի շյուղը տեսնում ես, իսկ քո աչքի միջի գերանը չես նկատում… Կեղծավո՛ր, նախ այդ գերանը հանիր քո աչքից, որ կարողանաս հստակ տեսնել եւ ապա կհանես շյուղը՝ եղբորդ աչքից», Մտթ. 7, 3-5:

     

    Մենք բոլորս իրավունք ունենք եւ լիովին ազատ ենք՝ մեր կարծիքները եւ պատկերացումները ունենալու ցանկացած հարցի շուրջ՝ նաեւ հոգեւոր ոլորտում, բայց երբ մկրտվում ենք եւ ինքներս մեզ հայտարարում ենք «քրիստոնյա», ապա պետք է հասկանանք, որ քրիստոնյա լինել՝ նշանակում է կրել Քրիստոսի անունը, իսկ դա էլ նշանակում է այն, որ մարդը ինքն իրեն համարում է Քրիստոսի հետեւորդ՝ Նրա ուսուցումների, Նրա կյանքի օրինակի հետեւորդ եւ պետք է պարտավորված զգա՝ կատարելու այն ամենը, ինչ գրված է Տիրոջ Ավետարանում եւ ինչ որ սովորեցնում է Քրիստոսի Եկեղեցին՝ հոգեւոր սպասավորների միջոցով: Իսկ Քրիստոս պատվիրեց իր աշակերտներին՝ միշտ աղոթել ոչ միայն առանձին, այլեւ՝ միասին եւ միշտ կատարել Սուրբ Պատարագը, նույն Սեղանի շուրջ ճաշակել Իր Մարմինն ու Արյունը եւ այդպես հիշել այն Իր խաչելությունը, մահը եւ հարությունը (Ա Կորնթ. 11, 23-27):

     

    Քրիստոսի առաքյալների հաջորդները դարերի ընթացքում եղել են եպիսկոպոսները եւ քահանաները, որոնք շարունակել են մատուցել Տիրոջ Սուրբ Պատարագը եկեղեցում, Քրիստոսի բառերով սրբագործել հացն ու գինին եւ Տիրոջ Մարմինն ու Արյունը բաշխել Տիրոջ ժողովրդին: Ոչ միայն նրանք, այլեւ բոլոր քրիստոնյաները Տիրոջ կողմից հրավիրված են մասնակցելու ընդհանուր աղոթքներին եւ Սուրբ Պատարագին, հետեւաբար, ներկա չլինել Պատարագին՝ նշանակում է գիտակցաբար չկատարել Քրիստոսի պատվիրանը, ինչը ծանր մեղք է եւ ենթակա է արձակման՝ միայն Խոստավանություն կատարելու միջոցով:

     

    Վստահ եմ, որ այս ամենը խորապես հասկանալով՝ չպիտի ուզենաք շարունակել ապրել մեղքի մեջ, եւ հիմա, երբ կարդացիք եւ գիտեք, առավել եւս ծանր մեղք կհամարվի ձեզ համար, եթե հեռու մնաք Սուրբ Պատարագից եւ շարունակեք ձեր նախկին ընթացքը:

     

    Ի վերջո, շաբաթվա մեջ, գոնե, մեկ ժամ Աստծուն նվիրելը եւ Սուրբ Պատարագին մասնակցելը նաեւ հիմնված է Տասը պատվիրաններից 3-րդի վրա՝ «Տիրոջ օրը սու՛րբ պահիր»: Հրեաների համար այդ օրը սահմանվեց շաբաթ օրը, իսկ մեզ համար շաբաթ օրվանից բացի առավել կարեւոր է կիրակին, քանի որ Հիսուս Քրիստոս հարություն առավ կիրակի օրը: Սուրբ պահել օրը՝ նշանակում է՝ հանգստանալ առօրյա բոլոր գործերից եւ օրն անցկացնել աղոթքով, Սուրբ Գիրք ուսումնասիրելով եւ բարեգործությամբ: Հասկանալի է, որ, մանավանդ, գյուղում պետք է միշտ կատարել նաեւ անհրաժեշտ շատ աշխատանքներ, որոնք կարեւոր են ընտանիքի համար: Սա թույլատրելի է նաեւ Սուրբ Գրքով (Ելք 12, 6), բայց նաեւ աշխատանքի մեջ, այդ օրերին, մանավանդ, կիրակի, բոլորս պարտավոր ենք, գոնե, մեկ ժամ նվիրել Աստծուն եւ գնալ եկեղեցի՝ աղոթելու բոլորի հետ միասին, խոստովանելու մեր մեղքերը, հաղորդվելու Տիրոջ Մարմնին եւ Արյանը՝ որպես շնորհակալություն արտահայտություն աշխատանքի, բարիքների եւ ընտանիքի առողջության համար: Վստահ եմ, որ ձեր դժվարությունների մեջ շատ բաներ կան, որոնց համար պետք է շնորհակալություն հայտնել Տիրոջը: Իսկ շնորհակալության լավագույն ձեւը Սուրբ Պատարագին մասնակցելն է:

     

    Սիրելի՛ հավատացյալներ, Տեր Հիսուս Քրիստոս միշտ խոսում է սիրով, բայց՝ կտրուկ եւ հստակ, նույնիսկ, եթե Նրա խոսքերը վիրավորում են մարդուն եւ մտահոգության առիթ դառնում, որովհետեւ Տիրոջ նպատակը մարդկանց բուժելն է, սթափեցնել է՝ հոգեւոր անտարբերությունից, իսկ բուժական միջամտությունները նախ ցավեցնում են, հետո՝ բուժում: Նույնն է նաեւ մեր՝ քահանաներիս, նպատակը եւ պարտականությունը: Մենք պարտավոր ենք որպես Տիրոջ կողմից կարգված պահակներ եւ հոգեւոր ուղեկիցներ, առաջնորդներ, զգուշացնել ձեզ, որ կատարեք ձեր հոգեւոր պարտականությունները եւ փրկեք ձեր հոգիները, ուղղեք ձեր ընթացքը եւ վայելեք Տիրոջ օրհնությունները ձեր եւ ձեր ընտանիքների համար.

     

    «Մենք մեզ չէ որ քարոզում ենք, այլ՝ Հիսուս Քրիստոսին՝ Տիրոջը, իսկ մեզ՝ որպես ձեր ծառաների՝ ի սեր Քրիստոսի: Որովհետեւ Աստված, որ ասաց, թե «Խավարից թող լույս ծագի», հենց Ւնքը ծագեց մեր սրտերում, որպեսզի լուսավորվենք Աստծու փառքի գիտությամբ, որ ճառագայթում է Հիսուս Քրիստոսի դեմքից», Բ Կորնթ. 4, 5-6:

     

    Խորապես շնորհակա՛լ եմ բոլոր նրանց, ովքեր այս ամենը գիտակցում են եւ կանոնավոր կերպով ներկա են միասնական աղոթքներին եւ Սուրբ Պատարագին:

    Հասկանում եմ նաեւ նրանց, ովքեր այս օրերին ընդհանուր աղոթքներին ներկա չեն՝ համաճարակի տարածումը կանխելու պատճառով:

     

    Տ. Հովսեփ՝ ձեր խոնարհ ծառան՝ ի սեր Քրիստոսի

    Հունիս, 2020

    «Սուրբ Փրկիչ» թերթի համար

Օրացույց

Օրացույց