• Մտքեր՝ սիրո և սրբության մասին. Գերհ. Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայան

    Սերը քրիստոնեական կյանքի կենտրոնն է, իմաստը, առանցքը, շարժիչն ու նպատակը


    Սուրբ Պողոսը «Սիրո օրհներգում» (Ա Կորնթ. 13) հանդիսավոր կերպով հայտարարում է, որ առանց սիրո ոչ մի բանից ոչ օգուտ կա, ոչ էլ իմաստ՝ ո՛չ զոհողությունների մեջ, ո՛չ գիտելիքի մեջ, ո՛չ հերոսության մեջ:

     

    Սերը քրիստոնեական կյանքի, բարեպաշտության և բարոյականության կենտրոնն է, իմաստը, առանցքը, շարժիչն ու նպատակը:

     

    Մեր ամբողջ կյանքը մեզ տրված է նրա համար, որպեսզի մենք սովորենք սիրել Աստծուն, ինքներս մեզ և մերձավորին:

     

    Տերն Ինքն ասում է, որ ամեն ինչ հիմնված է Աստծո և մերձավորի հանդեպ սիրո պատվիրանի վրա:

     

    Միայն սերն է թևեր տալիս հոգու թռիչքի, զոհաբերության, մեղքի դեմ պայքարելու համար:

     

    Սրբությունը յուրաքանչյուր քրիստոնյայի կոչումն է, նրա նպատակը, իսկ ուղին՝ սերն է:

     

    Իհարկե, խոսելով սիրո մասին՝ ես նկատի չունեմ կիրքը, այլ՝ գեղեցիկի ու բարու կամեցողութունը՝ քո և մյուսների համար:

     

    Ես չեմ վախենա հավասարի նշան դնել սրբության և սիրո միջև: Սուրբ է նա, ով ապրում է սիրով:

     

    Սուրբ Օգոստինոս Երանելին 5-րդ դարում բացականչել է. «Սիրի՜ր և արա այն, ինչ ուզում ես»: Իսկ Հիսուս ցույց է տալիս, որ սիրել՝ նշանակում է ինքդ քեզ տալ ուրիշներին, լինել ընծա ուրիշների համար: Սրբության ուղիով գնալ՝ նշանակում է պայքարել հանուն սիրո:

     

    Ինչ էլ որ անելիս լինեմ, ես կամ ձգտում եմ սիրո և ամրապնդվում նրանում՝ շուրջբոլորս սերմանելով անուշաբույր պտուղներ կամ էլ հեռանում եմ նրանից դեպի եսասիրություն և միայնություն, որը ոչնչացնում է ինձ և ամեն ինչ շուրջբոլորս:

     

    Ահա՛ քրիստոնեության ողջ էությունը. Աստված սեր է, և ով սիրում է, նա ճանաչում է Աստծուն: Չկա այլ իմաստ: Եվ ինչպես ասել է մեծ սուրբ խորհրդաբան Հովհաննես Խաչին, ով ապրել է 16-րդ դարում. «Մեր կյանքի երեկոյան մենք դատվելու ենք այն բանի համար, թե ինչպես ենք սիրել»:

     

    Եկե՛ք ընտրենք սերը և պայքարենք նրա հաղթանակի համար մեր մեջ, հետևաբար նաև՝ աշխարհում:

     

    Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայան

    Առաջնորդական Փոխանորդ Ռուսաստանի Կաթողիկէ Հայոց,

    Մոսկվայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայ կաթողիկէ համայնքի ժողովրդապետ

Օրացույց

Օրացույց


Recent Comments