• «Ժամանակը հնարավորություն է». առցանց երիտասարդական սեմինարներ

    «Ժամանակը օգտագործեցե՛ք, քանզի օրերը չար են», Եփ. 5, 16


    Ցավալի է, որ այս չարիք համաճարակի օրերին անհնար է դարձել կազմակերպել միասնական հանդիպումներ երիտասարդների և պատանիների հետ, բայց ջանում ենք գտնել ուղիներ՝ պահելու մշտական կապը, հաղորդակցությունը միմյանց միջև, այլապես մեզ սպառնում է իրական սոցիալական հեռացումը: Մենք, որպես Տիրոջ ընտանիք, որ կապված ենք միմյանց հետ որպես Տեր Հիսուս Քրիստոսի Խորհրդավոր Մարմնի անդամներ՝ միմյանց շաղկապված Տիրոջ Սուրբ Հաղորդությամբ, պարտավոր ենք ամեն ժամ առավել զարգացնել և ջերմ պահել հոգևոր և սոցիալական մտերմությունը միմյանց միջև՝ անկախ այն բանից, թե համաճարակը դեռ քանի օր մեզ կստիպի ֆիզիկապես հեռու գտնվել միմյանցից և Սուրբ Հաղորդությունը իրապես ճաշակելուց: Այս մտայնությամբ որոշեցինք երիտասարդական հանդիպումները, սեմինարները շարունակել՝ օգտագործելով համացանցային սոցիալական ցանցերի հնարավորությունները, ինչը լավագույն արդյունք չի խոստանում, բայց, վստահաբար, միշտ արդյունավետ հոգևոր շարժման մեջ է պահում բոլորիս, և հիշում ենք, որ միասին ենք, որ ունենք միասնական առաքելություն՝ զարգանալ որպես Տիրոջ Եկեղեցի, որպես համակողմանիորեն զարգացած, հասարակական բարիք ստեղծող, նախաձեռնող անհատներ. «Հոգով եռացե՛ք», Հռմ. 12, 11:

     

    Առցանց հանդիպումների համար որպես առաջին թեմա ընտրեցինք «Ժամանակի կառավարումը», որի շուրջ խոսեցինք երկու հանդիպումների ընթացքում: Մասնակցեցին քսան երիտասարդներ ու պատանիներ՝ Բավրայից, Մեծ Սեպասարից, Ղազանչիից և Սիզավետից: Առցանց  սեմինարը վարեցին Հայկական Կարիտասի Շահերի պաշտպան Քրիստինե Մխիթարյանը, Բավրայի երիտասարդական միության համակարգող Անդրանիկ Մարգարյանը և ես:

     

     

    Առաջին հանդիպման (27 ապրիլի, 2020) ընթացքում, որպես նախաբան, նախ խոսեցի առցանց սեմինարներ կազմակերպելու այս նախաձեռնության նպատակի մասին և քաջալերեցի երիտասարդներին ակտիվորեն մասնակցել, որովհետև թանկ է յուրաքանչյուրի՛ կարծիքը և նախաձեռնությունը: Շեշտեցի, որ ժամանակը Աստծո պարգևն է մեզ և, ըստ էության, մեր կյանքն է, որ ապրում ենք այս աշխարհում: Մենք պարտավոր ենք այդ մեծ պարգևն օգտագործել պատասխանատվությամբ՝ գնահատելով յուրաքանչյուր վայրկյանը և այն դարձնել հնարավորություն՝ զարգանալու համակողմանիորեն որպես մարդ, որ կրում է Աստծո պատկերը և նմանությունը, ոչ կոչված է իր աստվածատուր տաղանդներն օգտագործել ոչ միայն իր կատարելագործման, այլև համընդհանուր բարիք ստեծելու համար՝ եղբայրասիրության ավետարանական և համամարդկային սկզբունքներով:

     

    Քրիստինե Մխիթարյանը ներկայացրեց ժամանակը ճիշտ կառավարելու մի քանի հմտություններ, սկզբունքներ, օրինակ՝ ինչպես կազմակերպել օրվա զբաղվածության ժամանակացույցը, որ հնարավոր լինի առավելագույնս արդյունավետ օգտագործել օրը և ժամանակ խնայել: Անդրանիկ Մարգարյանը կազմակերպեց խաղ-վարժանք՝ սովորելու համար, թե ինչպես կարելի է գործողությունները կատարել ավելի քիչ ժամանակ ծախսելով:

     

    Երկրորդ հանդիպումը (3 մայիսի, 2020) շարունակեց առաջինի թեման՝ այլ շեշտադրությամբ՝ «Ժամանակը հնարավորություն է»: Աստված մեզ պարգևել է մեր կյանքի ժամանակը, բայց ինչի՞ համար. սա էր գլխավոր հարցադրումս երիտասարդներին: Հրավիրեցի մտածել հետևյալ հարցերի շուրջ.

     

    -ինչպե՞ս օգտագործել ժամանակը՝ մեր նպատակներին և երազանքներին առավելագույնս ծառայեցնելու համար,

    -ինչպե՞ս տարբերել առաջնայինը երկրորդականից, ի՞նչ սկզբունքներով առաջնորդվել՝ զբաղվածության արժեքը գնահատելիս,

    -ինչպե՞ս անցկացնել ժամանցը և հանգիստը, որ չստացվի ժամանակի վատնում:

     

    Քրիստինե Մխիթարյանը ներկայացրեց նպատակներ սահմանելու և առաջնայինը երկրորդայինից զանազանելու սկզբունքներ և բացատրեց, թե ինչպես կարելի է դրանք կիրառել: Նյութը շատ հարուստ էր և հետաքրքիր, խնդրեցի, որ այդ հարցերի շուրջ առավել երկար ու հանդարտ մտածեն մեր երիտասարդները: Քրիստինեն սիրով տրամադրեց իր պատրաստած նյութերը՝    ՆՊԱՏԱԿՆԵՐ-ԴՐԱՆՑ-ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ :

     

    Անդրանիկը ներկայացրեց համակարգչային ծրագրեր՝ նպատակները դասակարգելու, ժամանակը ճիշտ կառավարելու համար:

    Երիտասարդներն արտահայտեցին իրենց կարծիքները, սեփական պատմությունները՝ նպատակաները սահմանալու և իրենց առաքելությունը հասկանալու մասին, որոնք շատ հետաքրքիր էր լսել: Ես էլ կիսվեցի իմ փորձառությամբ, որ, հուսով եմ, օգտակար եղավ:

     

    Ժամանակը ճիշտ բովանդակությամբ ապրելը, թերևս, ամենաառանցքային խնդիրներից մեկն է այսօր՝ երիտասարդի համար, որ ապրում է իր կյանքի ամենակարևոր որոշումները կայացնելու վճռական տարիները: Որպեսզի հետո չզղջանք սխալ որոշումներ կայացելու և մեր հնարավորությունները բաց թողնելու համար, հարկ է այսօ՛ր, հենց հիմա՛, ժամանակ չկորցնել և ինքներս մեզ համար հստակեցնել, թե որն է մեր երազանքը, որոնք են մեր նպատակները, դեպի ուր ենք գնում, ինչի համար ենք սովորում կամ աշխատում: Այս բարդ և պատասխանատու ճանապարհը մենք պարտավոր ենք անցնել Տեր Հիսուս Քրիստոսի՝ մեր միակ անդավաճան ընկերոջ և Խորհրդատուի հետ միասին, աղոթքով և Նրա Սուրբ Անձի հետ մտերմությամբ, որպեսզի իր օգնությամբ կարողանանք գնահատել մեր յուրաքանչյուր վայրկյանը և ճիշտ օգտագործենք՝ ինքներս մեզ և հասարակությանը առավելագույն բարիք անելու համար՝ ի փառս Աստծո:

     

    Տ. Հովսեփ Գալստյան

Օրացույց

Օրացույց