• Ն. Ս. Ֆրանցիսկոսի նամակը և երկու աղոթքերը՝ Աստվածամորը նվիրված մայիսյան ջերմեռանդության վերաբերյալ

    Ապավինում ենք Քե՜զ, որ միշտ փայլում ես մեր ճանապարհին՝ որպես Նշան փրկության և հույսի…


    Սիրելի եղբայրնե՜ր և քույրե՜ր,

     

    Շուտով մայիս ամիսն է՝ այն ժամանակը, երբ Աստծո ժողովուրդն առավել խորը ջերմեռանդությամբ է արտահայտում իր սերն ու նվիրվածությունը Սուրբ Կույս Մարիամի նկատմամբ։ Ըստ ավանդույթի, ամբողջ մայիս ամսվա ընթացքում տանը և ընտանիքներում Վարդարան են աղոթում։ Խոսքը վերաբերում է տանը և ընտանիքին, որը մենք սկսեցինք արժևորել համաճարակի սահմանափակումների «շնորհիվ», այդ թվում նաև՝ հոգևոր տեսանկյունից։

     

    Այդ պատճառով, ցանկանում եմ առաջարկել կրկին վերագտնել մայիս ամսվա ընթացքում տանը Վարդարան աղոթելու գեղեցկությունը։ Կարելի է աղոթել միասին կամ առանձին, ինքներդ որոշեցե՛ք՝ ըստ նպատակահարմարության: Սակայն ամեն դեպքում գոյություն ունի մի գաղտնիք, որն այդ աղոթքի պարզության մեջ է։ Վարդարան աղոթելու լավագույն սխեմաներ հեշտությամբ կարելի է գտնել, նաև՝ համացանցում։

     

    Ցանկանում եմ ձեզ առաջարկել Սուրբ Աստվածածնին նվիրված երկու աղոթք, որոնք դուք կարող եք ասել Վարդարանի աղոթքի վերջում: Ես նույնպես աղոթելու եմ այդ աղոքները՝ հոգեպես ձեզ միացած։ Ես դրանք կցում եմ իմ նամակին, որպեսզի բոլորդ էլ ունենաք:

     

    Սիրելի եղբայրնե՜ր և քույրե՜ր, Մարիամի՝ մեր Մոր սրտի հետ մեր սրտերը միացած՝ Հիսուս Քրիստոսի երեսի միասնական մտահայեցողությունը մեզ կդարձնի առավել միավորված հոգևոր ընտանիք և կօգնի հաղթահարել ներկայիս փորձությունները։ Ես կաղոթեմ ձեզ համար, հատկապես, նրանց համար, ովքեր բոլորից շատ են տառապում, սակայն ձեզ էլ խնդրում եմ, որ ինձ համար աղոթեք։ Ի սրտե շնորհակալություն եմ հայտնում և օրհնում եմ ձեզ։

     

    Հռոմ, Սան-Ջովանի-ին-Լատերնո, 25 ապրիլի,  2020թ։

     

    Տոն՝ Սուրբ Մարկոս Ավետարանչի

     

    Սուրբ Աստվածածնին նվիրված առաջին աղոթքը

     

    Ո՜վ Մարիամ, Դու միշտ փայլում ես մեր ճանապարհին՝ որպես

    Նշան փրկության և հույսի:

    Քեզ ենք վստահում մեր կյանքը՝

    Առողջությու՜ն հիվանդների,

    որ Խաչի տակ կանգնած՝ միացար Հիսուսի տառապանքին, և հաստատուն պահեցիր Քո հավատքը։

     

    Պաշտպա՜ն Հռոմի ժողովրդի,

    Դու գիտես մեր բոլոր կարիքները, և մենք հավատում ենք, որ

    Դու կապահովես, որ այս փորձությունից հետո մեզ վերադառնան ուրախությունն ու տոնախմբությունը, ինչպես Գալիլեայի Կանայում։

     

    Մա՜յր Աստվածային Սիրո,

    Օգնի՛ր մեզ ընդունել Հայր Աստծո կամքը և անել այն, ինչ ասում է մեզ Հիսուս,

    Ով Իր վրա վերցրեց մեր տառապանքները և ծանրաբեռնվեց մեր ցավերով, որպեսզի Խաչի միջոցով մեզ առաջնորդի դեպի Հարության բերկրանքը։ Ամեն։

     

    Ընդ հովանեաւ պաշտպանութեան քո ապաւինի՜մք, Սուրբ Աստուածածին, մի՛ անտես առներ զաղաչանս մեր ի կարիս մեր, այլ միշտ փրկեա՛ զմեզ յամենայն վտանգից մերոց, Կո՜յս փառաւորեալ եւ ամենօրհնեալ:

     

    Սուրբ Աստվածածնին նվիրված երկրորդ աղոթքը

     

    Քո պաշտպանությանն ենք ապավինում, Սուրբ Աստվածածի՜ն։

     

    Ներկայիս փորձության մեջ, երբ ամբողջ աշխարհը կքած է տառապանքի ու տագնապի բեռան տակ,

    Քեզ ենք ապավինում, Մա՜յր Աստծո և մեր Մայր, և ապաստան ենք խնդրում Քո հովանու ներքո։

     

    Սուրբ Կույս Մարիա՜մ, դեպի մեզ դարձրու՜ քո գթասիրտ հայացքը՝ կորոնավիրուսի այս համաճարակի ընթացքում և մխիթարի՜ր նրանց, ովքեր շփոթված են և սգում են իրենց սիրելիների մահը, որոնց թաղման ձևը երբեմն վիրավորում է մարդու հոգին։

     

    Քո մտերմությամբ քաջալերի՜ր նրանց, ովքեր անհանգստանում են իրենց հիվանդների համար, սակայն ում կողքին չեն կարող լինել, որպեսզի չտարածեն վարակը։

     

    Հույս տու՜ր նրանց, ովքեր մտահոգ են անորոշ ապագայով՝  տնտեսության և աշխատանքի վրա դրա հետևանքներով հանդերձ:

     

    Մա՜յր Աստծո և մեր Մա՜յր,

    մեզ համար Հայր Աստծուց հայցի՜ր ողորմություն, հայցի՜ր այս ծանր փորձության ավարտը, որպեսզի մենք նորից տեսնենք հորիզոնը հույսի և խաղաղության։

    Ինչպես Կանայում, այնպես էլ հիմա, Քո Աստվածային Որդուց խնդրի՜ր մխիթարություն՝ հիվանդների և զոհերի ընտանիքների համար, որպեսզի նրանց սրտերը բացվեն հույսի և վստահության առջև։

     

    Պաշտպանի՜ր բժիշկներին, բուժքույրերին և բուժաշխատողներին, հիվանդապահներին և կամավորներին, ովքեր ճգնաժամի այս ծանր պայմաններում առաջնագծում են և վտանգում են իրենց կյանքը՝ այլ կյանքեր փրկելու համար։ Մասնակից եղի՜ր նրանց հերոսական գործին և նրանց պարգևի՜ր ուժ, գթառատություն և հարատև առողջություն։

     

    Մոտ եղի՜ր նրանց, ովքեր զօրուգիշեր խնամում են հիվանդներին, մոտ եղի՜ր քահանաներին, ովքեր հովվական հոգատարությամբ և Ավետարանի հանդեպ հավատարմությամբ ջանում են օգնել ու աջակցել բոլորին։

     

    Սուրբ Կույս Մարիա՜մ, լուսավորի՜ր գիտական աշխատողների մտքերը, որպեսզի նրանք գտնեն ճիշտ լուծումներ՝ այս վիրուսը հաղթահարելու համար:

     

    Օգնի՛ր ազգերի առաջնորդներին՝ գործել իմաստուն, ողջամտորեն և առատաձեռնորեն, որպեսզի աջակցություն ցուցաբերեն բոլոր նրանց, ովքեր չունեն կյանքի անհրաժեշտ պայմաններ՝ մշակելով սոցիալական և տնտեսական ծրագրեր՝ հեռատեսության և համերաշխության ոգով։

     

    Ամենասրբուհի՜ Մարիամ, արթնացրու՜ մեր մարդկային խիղճը, որպեսզի սպառազինության աճի և կատարելագործման համար նախատեսված հսկայական գումարներն ուղղվեն հետազոտությունների զարգացմանը, որոնք անհրաժեշտ են՝ հետագայում նման ողբերգությունները կանխելու համար։

     

    Սիրելի Մա՜յր, ամբողջ աշխարհում մեծացրու՜ մեկ մեծ ընտանիքին պատկանելու գիտակցությունը, որպեսզի եղբայրական և համերաշխության ոգով շտապենք հաղթահարել մեծաթիվ կարիքներն ու աղքատությունը։

     

    Զորացրու՜ մեզ հավատի մեջ, հարատև ծառայության և աղոթքի մեջ։

     

    Մարիա՜մ՝ սգավորների մխիթարի՜չ, ողջագուրի՜ր քո տառապյալ զավակներին և խնդրի՜ր Աստծուն, որպեսզի Տերն Իր ամենակարող ձեռքով ազատի մեզ այս սարսափելի համաճարակից և, որ կյանքը հանդարտորեն վերականգնի իր բնականոն ընթացքը:

     

    Ապավինում ենք Քե՜զ, որ միշտ փայլում ես մեր ճանապարհին՝ որպես Նշան փրկության և հույսի, ո՜վ բարեգութ, ո՜վ սիրատոչոր, ո՜վ սուրբ, ո՜վ քաղցր Կույս Մարիամ։ Ամեն։

     

    Vatican News, русская служба,

    Սուրբ Աթոռի պաշտոնական կայք,

    Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան

                  Տ. Հովսեփ Գալստյան

Օրացույց

Օրացույց