«Սիրո ուրախությունը, որ ապրում են ընտանիքները, նաև Եկեղեցու ուրախությունն է», Amoris laetitia, 1
2020թ. փետրվարի 7-9-ը Հայաստանի հայ կաթողիկէ համայնքների ընտանիքների համար կազմակերպվեց հոգևոր կրթություն Երևանի Սբ. Գրիգոր Նարեկացի ժողովրդապետության մեջ, փոխժողովրդապետ Տ. Կոմիտաս Քհն. Դավեյանի նախաձեռնությամբ և ջանքերով: Այս կարևոր միջոցառումն իր տեսակով երկրորդն էր, առաջինը կազմակերպվեց 2019թ. հուլիսի 11-13-ը՝ «Աղաջանյան կենտրոնում», Տ. Գրիգոր Քհն. Մկրտչյանի նախաձեռնությամբ և այլ քահանաների, աշխարհականների հետ միասնական ջանքերով:
Այս հոգևոր կրթությանը իրենց մասնակցությունը բերեցին 20 ամուսնական զույգեր՝ մոտ 50 մասնակիցներով, Երևանից, Գյումրիից, Արևիկից, Փանիկից, Ղազանչիից և Մեծ Սեպասարից: Նրանցից ոմանց ուղեկցում էին նաև երեխաները: Եռօրյա հոգևոր կրթության օրակարգը շատ հագեցած էր և բաղկացած էր դասախոսություններից, խմբային քննարկումներից, Սուրբ Պատարագի և աղոթքի պահերով, խորհրդածության առիթներով: Հիմնական դասընթացավարը Լեհաստանից ժամանած աստվածաբան, ընտանիքի հարցերով Եկեղեցու ուսմունքի մասնագետ Յուրեկ Դեմսկին էր, ով ինքն էր առաջարկել դասընթացներ անկացել Հայաստանում՝ հայ կաթողիկէ ընտանիքների համար: Դեմսկիին ուղեկցում էին Ստանիսլավ և Աննա ամուսինները՝ Սլովակիայից, ովքեր Հայաստան էին եկել նաև 2019-ի հոկտեմբերին և Գյումրիում հանդիպել հայ ընտանիքներին և կիսել իրենց փորձառությունը: Նրանք աշխատում են տարբեր երկրներում ստեղծել կաթողիկէ ընտանիքների միություններ:
Նախ մասնակից զույգերին ողջույնի խոսքով դիմեց Առաջնորդ Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը, ով հայտնեց իր հայրական բերկրանքը և օրհնությունը այսպիսի հույժ կարևոր ձեռնարկի կազմակերպման համար և, մանավանդ, ընտանիքներին՝ իրենց ջերմեռանդ մասնակցության համար: Նրա խոսքով, այսպիսի հանդիպումները առիթ են Քրիստոսի Անձի հետ ավելի մտերիմ հարաբերությունների զարգացման, Տիրոջ ներկայությունը մեր հայ ընտանիքների մեջ առավել գործուն ձևով զգալու և փափագելու համար:
Փետրվարի 8-ին հոգևոր կրթության մասնակիցների համար Սուրբ Պատարագ մատուցեց Տ. Կոմիտաս Քհն. Դավեյանը: Նա իր քարոզում շեշտեց հետևյալը.
«Յուրաքանչյուր մարդու մեջ պետք է տեսնել Քրիստոսի պատկերի մի մասնիկը: Այստեղ հավաքված յուրաքանչյուր անհատ Քրիստոսի գեղեցկագույն աստվածային դեմքի խորհրդավոր խճանկարի մի մասնիկն է, որ ամբողջացնում է աստվածային պատկերը: Եթե չենք կարող տեսնել Հիսուսի ներկայությունը դիմացինի մեջ, ուրեմն պատճառը հարկ է փնտրել ինքներս մեր մեջ՝ մեր հոգու աղտոտվածության, եսասիրության և եսակենտրոնության մեջ:
Մարդուն արարել է Սուրբ Երրորդությունը. «Մարդ ստեղծենք մեր պատկերով և նմանությամբ», կարդում ենք Ծննդոց գրքում: Սա նշանակում է ամուսնական զույգը և ընդհանրապես մարդը կոչված է իր կյանքում նմանվելու Սուրբ Երորդության անձերի միջև հավիտենապես գոյություն ունեցող հաղորդությանը, սիրո վրա հիմնված միասնական հարաբերություններին: Հետևաբար, մարդ, ով ընդունել է Քրիստոսին, պարտավոր է Քրիստոսին կիսել նաև դիմացինի հետ: Զույգերն էլ, ովքեր ընդունել են Քրիստոսին, պարտավոր են չմեկուսանալ իրենց «ես»-ի մեջ, այլ միմյանց հետ կիսել Քրիստոսի լույսը, սերը, Աստծո Խոսքը և միասնաբար ընթանալ դեպի սրբություն»:
Դասախոսությունների ժամանակ Յուրեկ Դեմսկիի հիմնական շեշտադրությունն այն էր, որ ինչքան զույգերն իրար հետ մտերիմ լինեն, այնքան կկարողանան միասին քայլել սրբության ճանաարհով և առավել մոտենալ Աստծուն: Նա ներկայացրեց հոգևոր կյանքի չորս կանոններ.
1.գիտակցել, որ Աստված յուրաքանչյուրիս անհատապես սիրում է անսահմանորեն,
2.գիտակցել մեր մեղավորությունը, որովհետև մեղքը անդունդ է առաջացնում մարդու և Աստծո միջև,
3.այդ անդունդը կարելի է հաղթահարել միայն Քրիստոսի միջոցով, Նրա Խաչով,
4.Քրիստոսն է ճշմարտությունը և ճանապարհը, որպեսզի վերականգնվի մարդու և Աստծո միջև միությունը, հաղորդությունը: Զույգերը պետք է իրենց կյանքում տեղ բացեն Քրիստոսի համար՝ Նրան դարձնելով իրենց կյանքի առանցքը և ոչ թե՝ սեփական «ես»-ը և շահը: Այդպիսով սկսվում է մարդկային և ամուսնական կյանքի հոգևոր վերածնունդ:
Յուրեկը խոսեց նաև կին-ամուսին հարաբերությունների մասին, հղում արեց Ավետարաններին և Պողոս առաքյալի թղթերին՝ փաստելով, որ ամուսինը միշտ ուզում է ընտանիքում լինել հարգված, իսկ կինը՝ սիրված: Միշտ ամուսինն է գլուխը ընտանիքի, նա է պատասխանատու ընտանիքում խաղաղության, մարդկային հարաբերությունների, երեխաների դաստիարակության թերացումների մեջ: Ադամի և Եվայի մեղսագործության պարագայում ևս Ադամի պատասխանատվությունն ավելի մեծ է, քան Եվայինը:
Նա խոսեց ամուսինների մեջ երկխոսության զարգացման համար, որը տարաձայնությունների հաղթահարման միակ և գիտակցված ճանապարհն է:
Դասընթացներից զատ կազմակերպվեցին փոքր խմբերով քննարկումներ, սուրբգրային ընթերցումներ, մեկնություններ, կարծիքների փոխանակում:
Հոգևոր կրթության ողջ ընթացքում Երևանի կաթողիկէ համայնքի երիտասարդները կազմակերպեցին նաև երեխաների զբաղվածությունը առանձին սրահներում, որպեսզի ծնողները կարողանային առավել հանգիստ հետևել հոգևոր կրթությանը:
Ընտանիքների հոգևոր կրթությունն ավարտվեց կիրակնօրյա միասնական Սուրբ Պատարագով, որ մատուցվեց դարձյալ ձեռամբ Տ. Կոմիտաս Քհն. Դավեյանի:
Տ. Հովսեփ