• Հանդիպում՝ Ֆրանսիական L’Oeuvre d’Orient կազմակերպության Հայաստանի գրասենյակի նոր տնօրենների հետ

    Գործընկերության շարունակություն՝ աղոթքի միությամբ


    2026թ. հոկտեմբերի 7-ի երեկոյան Հայ Կաթողիկէ Առաջնորդարանի Գյումրիի գրասենյակում տեղի ունեցավ հայ կաթողիկէ մի խումբ հոգևորականների հանդիպումը Ֆրանսիական L’Oeuvre d’Orient կազմակերպության Հայաստանի գրասենյակի նոր տնօրենների հետ, որոնց ուղեկցում էին նախկին տնօրենները, L’Oeuvre d’Orient կազմակերպության փոխտնօրենը և ևս մեկ երիտասարդ կամավորական: Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանն այս օրերին գտնվում է Հռոմում՝ մասնակցելու համար եպիսկոպոսական սինոդի նիստերին, ուստի նրա անունից հյուրերին ընդունեց Հայաստանի հայ կաթողիկէ համայնքների Ավագերեց և Տաշիրի ժողովրդապետ Գերհ. Հ. Ներսես Ծ. Վրդ. Գալստյանը: Հանդիպմանը ներկա էին Աշոցքի ժողովրդապետ և Առաջնորդության Դիվանապետ Տ. Հովսեփ Քհն. Գալստյանը, Արևիկ և Լանջիկ համայնքների ժողովրդապետ Տ. Նարեկ Քհն. Թադևոսյանը և Փանիկ, Ազատան, Ղարիբջանյան, Ձիթանքով համայնքների ժողովրդապետ Տ. Միքայել Քհն. Դոմբուրյանը: L’Oeuvre d’Orient -ի Գործառնությունների ղեկավար պրն. Վինսենթ Քայոլը շնորհակալություն հայտնեց կազմակերպության Հայաստանի գրասենյակի նախկին տնօրեններ Լուք և Բլոնդին Բուրոներին՝ կատարած կամավոր աշխատանքի համար և ներկայացրեց նրանց հետայսու նույն պաշտոններում փոխարինող կամավորական ամուսիններ Թիբո և Ֆլորենս դե Լանգլեներին: Վերջիններս Ֆրանսիայում նոր են անցել թոշակի, Թիբոն նախկինում աշխատել է նավթարդյունաբերության ոլորտում, իսկ Ֆլորենսը պատմության մասնագետ է, երկուսն էլ՝ նվիրյալ կաթողիկէ հավատացյալներ, որ, նույնիսկ, թոշակի անցնելուց հետո նախընտրում են իրենց հանգստի փոխարեն կամավորական աշխատանք կատարել հայ ժողովրդի համար՝ L’Oeuvre d’Orient կազմակերպության ծրագրերի միջոցով: Նրանք ունեն կամավորական աշխատանքի փորձ՝ աֆրիկյան Կոտ Դիվուարում և Ռումինիայում:

     

    Ֆրանսիացի գործընկերների խնդրանքով հայ կաթողիկէ քահանաները ներկայացրեցին իրենց ժողովրդապետություններում իրականացվող հովվական առաքելության նկարագիրը, բարդությունները, մարտահրավերները, L’Oeuvre d’Orient-ի միջոցով ֆինանսավորված ծրագրերը: Հյուրերին հատկապես հետաքրքիր էին փոքր համայնքներում իրականացվող առաքելությունները և տեղական կարիքները. նրանք շեշտեցին, որ L’Oeuvres d’Orient-ի առաքելությունը հաջողված է, երբ կարողանում են օգնել հատկապես փոքրիկ համայնքներին՝ իրենց հովվական, հատկապես Ավետարանի հռչակման և քրիստոնեական վարդապետության ուսուցման առաքելության մեջ:

     

    Հիշեցնեմ, որ այս տարվա մարտին Հայաստան էր այցելել նաև L’Oeuvres d’Orient-ի Գլխավոր Տնօրեն Գերհարգելի Հյուգ դե Ուոլեմոնը:

     

    Տ. Հովսեփ Քհն. Գալստյան

    Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց

    8 հոկտեմբերի, 2026թ.

     

Օրացույց

Օրացույց