• Առաջնորդ Հայրը ներկա գտնվեց Երանաշնորհ Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված հոբելյանական նամականիշի մարման արարողությանը

    Գնահատելով Սեբաստացու հոգևոր-հայագիտական ժառանգությունը


    2026թ. սեպտեմբեր 28-ին Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի շենքում տեղի ունեցավ Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված «Հայփոստ»-ի և Վատիկանի փոստային ծառայության առաջին համատեղ նամականիշի թողարկումն ու մարումը։

     

    Հոբելինական այս միջոցառման թվականը՝ նշանակված Վատիկանի կողմից, նշանակալից օր էր. սեպտեմբեր 28-ին Կաթողիկէ Եկեղեցին տոնում է հանգույցները լուծող Տիրամոր տոնը։

     

    Մխիթարյան միաբան հայրերի հրավերով արարողությանն իր ներկայությունը բերեց նաև Կաթողիկէ Հայոց Առաջնորդ Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանը: Ներկա էին եկեղեցական, պետական, դիվանագիտական, գիտության և մշակույթի ներկայացուցիչներ. Հայաստանում Պապական Նվիրակ Արհ. Տ. Անտե Արքեպս. Յոզիչը, Մխիթարյան Հայրեր Հոգշն. Հ. Պողոս Վրդ. Գոճանյանը և Գերպ. Հ. Գևորգ Վրդ. Սարգսյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան՝ Հոգշն. Տ. Ասողիկ Աբեղա Կարապետյանը, ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի առաջին տեղակալ պրն. Գևորգ Մանթաշյանը, ՀՀ Արտաքին գործերի և միջազգային առևտրի գլխավոր քարտուղար պրն. Դավիթ Կարապետյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն տկն. Շուշան Ալեքսանյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր պրն. Արայիկ Հարությունյանը, Հայկական նամականիշների սիրահարների ընկերակցության նախագահ պրն. Հովիկ Մուսայելյանը, Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան՝ պրն. Ալեսսանդրո Ֆերրանթին, Հայաստանում Եվրամիության դեսպան պրն. Վասիլիս Մարակոսը, Հայաստանում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպան պրն. Ռաֆայել Էնրիքէ Գոնսալեսը, Հայաստանում Սիրիայի արտակարգ եւ լիազոր դեսպան տկն. Նորա Արիսյանը։

     

    Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատուկյանը հանդես եկավ շնորհավորական խոսքով, որում ասաց հետևյալը.

     

    «Շատ հուզիչ իրադարձություն է այսօրվա դրոշմաթղթի հրատարակությունը՝ մեծ հայի ծննդյան 350-ամյակի առիթով: Սա մեզ առիթ է տալիս խորհրդածելու Մխիթար Աբբահոր անցած ճանապարհի մասին՝ Սեբաստայից մինչև Վենետիկ: Գիտեք, որ նրա սրբադասման գործընթացը շարունակվում է և հույս ունեմ, որ մի օր կասենք արդեն «Սու՛րբ Մխիթար Աբբահայր» և հաջորդ դրոշմանիշը կթողարկվի «Սուրբ Մխիթար» անունով: Այս առիթով շնորհավորում եմ Մխիթարյան միաբանությանը և մեզ բոլորիս և խորին շնորհակալություն եմ հայտնում այս ձեռնարկի բոլոր կազմակերպիչներին»:

     

    Պապական Նվիրակ Արհ. Տ. Անտե Յոզիչն իր խոսքում շեշտեց, որ Սեբաստացուն նվիրված համականիշի մարման արարողությունը մեկ արտահայտությունն է Սուրբ Աթոռի և Հայաստանի Հանրապետության միջև սերտ համագործակցության: Նրա խոսքով Մխիթար Աբբահայրը և Մխիթարյան միաբանությունը մի գեղեցիկ մշակութային կամուրջ է հանդիսանում Կաթողիկէ Եկեղեցու և Հայաստանի միջև: «Թող այս մարված նամականիշը, որը կրում է Վատիկան փոստի և Հայփոստի երկակի կնիքը, դառնա մշտական պատմական փաստագրական նյութ, որը կվկայի մեր բարեկամական կապերի, ակադեմիական ձեռքբերումների և պատմական ժառանգության մասին»:

     

    Նամականիշի մարման հանդիսավոր արարողությունից հետո մեծարգո հյուրերն ու Մխիթարյան Միաբանության բարեկամները Գիտությունների ազգային ակադեմիայի կլոր սրահում շարունակեցին տոնական ձեռնարկը՝ գիտական զեկուցումներով, որոնց ընթացքում  Հոգշն. Տ. Ասողիկ Աբեղա Կարապետյանը,  ներկաներին փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքը:

     

    Մշակութային հատվածում ելույթներով հանդես եկավ «Գեղարդ» երգչախումբը՝ Մհեր Նավոյանի գեղարվեստական ղեկավարությամբ և Անահիտ Պապյանի խմբավարությամբ՝ ներկայացնելով հոգևոր երգեր՝ Կոմիտաս Աղցեցու, Սբ. Ներսես Շնորհալու և Հակոբ Կլայեցու ստեղծագործություններից:

     

    Շնորհակալության ամփոփիչ խոսք արտասանեց Մխիթարյան միաբան Հ. Գևորգ Սարգսյան՝ շեշտելով, որ Մխիթար Աբբահայրը՝ լույսի եւ կյանքի մարդը, շարունակում է ապրել ու ծառայել իր ազգի զավակներին։

     

    Այս իրադարձությունը ոչ միայն հարգանքի տուրք էր Մխիթար Սեբաստացու անձին և հոգևոր ժառանգությանը, այլև օգնում է գնահատել և նորովի հասկանալ հայ կաթողիկէ հոգևոր և հայագիտական ժառանգությունը, որի հիմնասյուներից մեկն է Մխիթար Աբբահոր հիմնած միաբանությունը:

     

    Տեղեկությունները տրամադրեց՝ Գերպ. Հ. Գևորգ Վրդ. Սարգսյանը

    Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց

    1 հոկտեմբերի, 2026թ.

     

Օրացույց

Օրացույց