
Սա նախևառաջ հույսի ծառայություն է:
2026թ. հոկտեմբերի 7-ին Աշոցքի Տիրամայր Նարեկի հիվանդանոցի անձնակազմը տոնեց հիվանդանոցի հիմնադրման 35-ամյա հոբելյանը: Տոնական արարողությանն իրենց ներկայությունը բերեցին Վրաստանի և Հայաստանի լատինածես կաթողիկէների Առաջնորդ Արհի. Ջուզեպպե Եպիսկոպոս Պազոտտոն, Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան պրն. Ալեսանդրո Ֆերանտին՝ տիկնոջ և որդու հետ միասին, Հայաստանի Հայ Կաթողիկէ համայնքների Ավագերեց Գերհ. Հ. Ներսես Ծ. Վրդ. Գալստյանը, Աշոցքի հայ կաթողիկէ համայնքների ժողովրդապետ Տ. Հովսեփ Քհն. Գալստյանը, Կամիլյան միաբան հայրեր Ակակի Չելիձեն և Զիգմունդ Մեջվիեչը, Աշոցքի համայնքապետ պրն. Կարեն Մանուկյանը, համայնքապետարանի և Աշոցքի պետական կառույցների այլ աշխատակիցներ, Անարատ Հղության հայ միաբանության Ընդհանուր Մեծավորուհի ք. Արուսյակ Սաճոնյանը և Հայաստանի Մեծավորուհի ք. Նարինե Սիմոնյանը, այլ հյուրեր, հիվանդանոցի բուժանձնակազմը և Աշոցքի բնակիչներ:
Հիվանդանոցի փոխտնօրեն առաքինափայլ օրիորդ Հասմիկ Համբարյանը թարգմանաբար ներկայացրեց հիվանդանոցի տնօրեն Կամիլյան միաբան Վարդապետ Հայր Մարիո Կուկարոլլոյի խոսքը, որում ամփոփված էր հիվանդանոցի անցած դժվարին ճանապարհը՝ հիմնադրումից ի վեր, որ տեղի ունեցավ 1988-ի երկրաշարժից հետո՝ Սբ. Հովհաննես Պողոս Բ Պապի հովանավորությամբ, Իտալիայի Եպիսկոպոսների խորհրդաժողովի, Իտալիայի կառավարության, Կարիտաս Իտալիայի ֆինանսական նվիրատվություններով և մասնագիտական աջակցությամբ: Հայր Մարիոն հիշեցրեց Սուրբ Քահանայապետի խոսքը՝ ասված հիվանդանոցի բացման առիթով, 1991թ. հոկտեմբերի 7-ին. «Սիրելի՛ եղբայրներ ի Քրիստոս, «Տիրամայր Նարեկի» հիվանդանոցը, մյուս կառույցների հետ միասին, որոնք Կաթողիկէ Եկեղեցին ցանկացավ նվիրել 1988 թվականի ողբերգական երկրաշարժից տուժած հայ ժողովրդին՝ ի նշան հավատացյալների սիրո արտահայտության, դարձել է քրիստոնեական սիրո և համերաշխության կենդանի հուշարձան։ Որովհետև սա՛ է Եկեղեցին՝ Աստծո սիրուց ծնված մի համայնք, որն իր գոյության իմաստը, իր միակ շահը և իր միակ նպատակը գտնում է սիրո մեջ»:
Հայր Մարիոն պատմեց, թե ինչպես իրենք՝ երեք կամիլյան հայրեր, 1991-ին ուղարկվեցին Պապի կողմից Աշոցք՝ աշխատելու նորահիմն հիվանդանոցում՝ սկզբում միայն վեց ամսով, բայց Հայր Մարիոն շարունակեց իր ծառայությունը և մինչ օրս Հայաստանում է: Նա ներկայացրեց մի քանի թիվ, որոնք խոսում են հիվանդանոցի արդյունավետ և գերզբաղված աշխատանքի մասին՝ սպասարկելով ոչ միայն Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանի, այլև՝ Ջավախքի գյուղերի բնակիչների առողջապահական կարիքները. 1993-ից սկսած այս հիվանդանոցում կատարվել է 62 459 հոսպիտալացում, կատարվել է 32 855 վիրահատություն, 713 744 գործիքային հետազոտություն։ Հիվանդանոցն ունի նաև 21 ամբուլատորիաներ՝ Աշոցքի գյուղերում: «Այս թվերից յուրաքանչյուրը, պարզապես թիվ չէ։ Յուրաքանչյուր թիվ իր հետևում ունի մի մարդ, մի ընտանիք, մի հիվանդություն, մի անհանգստություն և, ամենակարևորը՝ մի մարդու, ով օգնության կարիք ուներ», ասաց Հ. Մարիոն: Այդ բոլոր առողջապահական ծառայությունները մինչև 2012 թվականը մատուցվել են բացարձակապես անվճար սկզբունքով, իսկ 2012-ից սկսած բուժառուների մի մասը բուժման համար սկսել է վճարել միայն 20 տոկոսն այն գումարի, որը կվճարեին այլ առողջապահական հաստատություններում, բայց բոլոր բուժառուներին անվճար տրամադրվել են օրական երեքանգամյա սնունդ և անհրաժեշտ դեղորայք։ Բժշկական ծառայություններից բացի հարևան գյուղերի հարյուրավոր ընտանիքներ, Հայր Մարիոյի միջնորդությամբ և հոգածությամբ, սոցիալական աջակցություն են ստացել իտալացի հովանավորներից, անապահով ընտանիքներին նվիրել են 50 բնակելի տուն և փոքր տնտեսություններ: Հիվանդանոցի առողջապահական և սոցիալական ծառայությունը հովանավորել են Իտալիայի Կարիտասը, Իտալիայի եպիսկոպոսների խորհուրդը, Կամիլյան միաբանները, անհատ բարերարներ, եկեղեցական համայնքներ, կամավորական կազմակերպություններ:
Հիմնադրման օրվանից կանոնավոր կերպով հիվանդանոցի անձնակազմի և հիվանդների համար Սուրբ Պատարագ և այլ խորհրդակատարություններ, հիվանդների համար աղոթքներ են մատուցում Հայ Կաթողիկէ Առաջնորդության հոգևորականները: Ներկայում հիվանդանոցի հոգևոր սպասավորն է՝ Աշոցքի ժողովրդապետ Տ. Հովսեփ Քհն. Գալստյանը:
Հայր Մարիոն խոսեց նաև դժվարություններից, ոչ միայն նյութական, որոնք ծագել են հատկապես 2022-ից, երբ նվիրատվությունների ծավալները զգալիորեն կրճատվեցին, և հիվանդանոցային ծառայությունը նույնիսկ ժամանակավորապես դադարեց, այլ՝ նաև հոգևոր և բարոյական դժվարությունների մասին. «Հատկապես դժվար էր բուժաշխատողներին փոխանցել Սուրբ Կամիլլոյի ոգին՝ սովորեցնել հիվանդի մեջ տեսնել տառապող Քրիստոսին, այլ ոչ թե՝ պարզապես մի հիվանդ մարդու, որից կարելի է շահույթ ստանալ՝ սեփական ֆինանսական դժվարությունները հաղթահարելու համար, քանի որ հիվանդանոցը այն մի վայրն է, որտեղ հիվանդության, ցավի և դժվարության մեջ մարդը պետք է զգա, որ ինքը մենակ չէ»:
Նա խոսեց նաև հիվանդանոցում իր կյանքի մի մեծ հատված ծառայած և 2019-ին վախճանված քույր Նոյել Լոքաթելիի մասին, որ Սբ. Շառլ դե Ֆոքոյի միաբան քույրերից էր և որին շատ սիրում էին իր բարության և մարդասիրական լայնածավալ աշխատանքի ու նվիրումի համար: Քրիստոսի այս փոքրիկ քույրը նույնիսկ արժանացավ Ֆրանսիայի Պատվո Լեգեոնի պետական շքանշանին՝ հենց հիվանդանոցում:
Շնորհավորական խոսքով հանդես եկավ Ֆրանսիայի դեսպան պրն. Ալեսանդրո Ֆերանտին: Նա շնորհակալություն հայտնեց Հայր Մարիոյին՝ հիվանդանոցի համար նրա կատարած մեծ աշխատանքի համար, որը վկայություն է մարդասիրության և բարության: Հիվանդանոցի աշխատանքը դեսպանը անվանեց նաև 1988-ի երկրաշարժից հետո Իտալիայի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունների վկայություն, որն առատաձեռնության արդյունք է. «Կյանքում միշտ կա խավարը և դժվարությունը, բայց պետք է միշտ ունենալ լույս, որի հիմքը մարդասիրությունն է»: Դեսպանը շատ տպավորված էր հիվանդանոցի աշխատանքով և կարգապահությամբ:
Արհի. Տ. Ջուզեպպե Եպս. Բազոտտոն ևս շնորհավորեց հիվանդանոցի անձնակազմին և ասաց հետևյալը. «Այն, ինչ որ կատարել է այս հիվանդանոցը նման է մի փոթորկի, որ տեղի է ունեցել այս հողում: Իմ հաշվարկներով, որ այսօր լսեցի, այս հիվանդանոցում բուժօգնություն է ստացել մոտ 1 մլն. մարդ: Այս կառույցը մի աստղ է մյուս համայնքների համար: Այստեղ տեսնում ենք Եկեղեցու միասնական աշխատանքը: Շատ տպավորվեցի մանավանդ Հայր Մարիոյի այն խոսքով, թե դժվարությամբ է կարողացել բուժանձնակազմի մեջ մտցնել հիվանդների մեջ տառապող Քրիստոսին տեսնելու մտածելակերպը: Սա ամենակարևո՛րն է»:
Արհի. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանի անունից շնորհավորանքի և օրհնության խոսքով հանդես եկավ Գերհ. Հ. Ներսես Ծ. Վրդ. Գալստյանը: Նա ներկաների ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ 1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո Իտալիան առաջի՛ն պետությունն էր, որ օգնության հասավ Հայաստանին և ամենամեծ ծավալներով, որի համար Հայր Ներսեսը Առաջնորդի անունից խորին շնորհակալություն հայտնեց Իտալիայի ժողովրդին՝ ի դեմս Իտալիայի դեսպանի: Նա խոսեց այն դժվարությունների մասին, որոնք ուղեկցում էին հիվանդանոցի հիմնադրմանը՝ մանավանդ, տեղաբնակների հետխորհրդային բնութագրով մտածելակերպի և իտալացի հոգևորականների գաղափարականի տարբերության վերաբերյալ: «Այդ ամենը անելու համար անհրաժեշտ էին ոչ միայն ունակություններ, այլև՝ մեծ հավատք: Անձամբ եմ համոզվել, թե ինչպիսի սիրով են իրենց ծառայությունն այստեղ իրականացրել Հայր Մարիոն և քույր Նոյելը: Մեծ ակնածանք ունեմ Հայր Մարիոյի հանդեպ. նա թեև ազգությամբ հայ չէ, բայց տառապում է իր հոգածության տակ գտնվող հիվանդների, հերոսացած զինվորների ցավերով: Բառերն ավելորդ են, ուղղակի պետք է նրա աջը համբուրել: Սա միայն հիվանդանոց չէ, այլ այստեղ պաշտպանվել է մարդկային արժանապատվությունը: Հիվանդանոցը ցույց տվեց, որ այս տարածաշրջանն այլևս անտեսված չէ, մարդիկ երկրորդ կարգի չեն պատկանում: Բոլորիս անունից շնորհակալություն եմ հայտնում Իտալիայի կառավարությանը, Իտալիայի Կարիտասին և, հատկապես, այն անձանց, ովքեր այստեղ ծառայելով մաշվեցին մեզ համար: Երկրորդ անձը, որ օրինակելի է, քույր Նոյելն է, որ կռացել էր՝ մեզ համար մաշվելով: Սա նախևառաջ հույսի ծառայություն է: Շնորհակալ ենք նաև բուժանձնակազմին՝ իրենց աշխատանքի համար: Շատ քչերն են ցանկություն հայտնում ծառայելու այսպիսի հեռավոր հաստատություններում, ինչպիսին Աշոցքն է»:
Քույր Արուսյակ Սաճոնյանն իր խոսքում ավելացրեց հետևյալը. «Եթե այս հիվանդանոցը հասել է իր 35-ամյակին, ապա դա աստվածային նախախնամության արդյունքն է: Այս հիվանդանոցը Հռոմի Պապի և Կամիլյան հայրերի նվիրումի արդյունքն է: Սա միասնական աշխատանքի և նվիրումի պտուղն է: Հիվանդանոցը և Իտալիան շատ բան են տվել մեզ, եկե՛ք մտածենք, թե մենք ինչ կարող ենք տալ իրենց»:
Շնորհավորանքի և երախտագիտության խոսքեր ասաց նաև հիվանդանոցի բուժական գծով տնօրեն տկն. Սոնյա Ոսկանյանը, ով դրվատանքի խոսքեր ասաց Կամիլյան հայրերին, Իտալիայի ժողովրդին և Կաթողիկէ Եկեղեցուն՝ հիվանդանոցի համար կատարած մեծ աշխատանքի և հովանավորության համար: Խոսեցին նաև բուժառուներ, ընտանիքի մայրեր, ովքեր ունեցել են հիվանդանոցի սոցիալական օգնությունների փորձառությունը: Հոբելյանական օրն ամփոփվեց գեղեցիկ հյուրասիրությամբ:
Տ. Հովսեփ Քհն. Գալստյան
Դիվանապետ Առաջնորդության
8 հոկտեմբերի, 2026թ.





