• Հոգեւոր կրթութիւն՝ ընտանիքների համար, «Աղաջանեան» կենտրոնում

    Նազարեթի Սուրբ Ընտանի՛ք,
    Շնորհ արէ՛ք, որպէսզի մեր ընտանիքները եւս լինեն
    Հաղորդութեան եւ աղօթքի վայրեր,
    Աւետարանի իսկական դպրոցներ
    Եւ փոքրիկ տնային եկեղեցիներ:


    Յուլիսի 11-13-ը, հայ կաթողիկէ Աղաջանեան կենտրոնում կազմակերպուեց հոգեւոր կրթություն՝ ընտանիքների համար՝ «Մեր ընտանիքը» խորագրով: Յատուկ ընտանիքների համար եւ ընտանիքների մասնակցութեամբ այսպիսի հոգեւոր կրթութիւն հայ կաթողիկէ առաջնորդութեան մէջ կազմակերպուեց առաջին անգամ: Հովուական խնամքի տեսանկիւնից այս յոյժ կարեւոր ձեռնարկը նախաձեռնեց կենտրոնի տնօրեն Տ. Գրիգոր աւագ քահանայ Մկրտչեանը՝ համագործակցութեամբ այլ ժողովրդապետ քահանաների, ովքեր ուղեկցում էին իրենց համայնքների ընտանիքներին: Նպատակը ընտանիքների համար միասին աղօթելու, քահանաների եւ միմեանց հետ հաղորդակցուելու, ընտանիքի մասին Եկեղեցու ընկալումը աւելի լաւ հասկանալու, ընտանեկան կեանքը ըստ Աւետարանի կազմակերպելու վերաբերեալ գիտելիքների հարստացումն էր: Ընտանիքների մեծ մասը մասնակցում էին ամբողջական կազմով՝ հայր, մայր եւ զաւակներ՝ ընդհանուր թւով մօտ վաթսուն անձ:

    Առաջին օրը սկսուեց Սուրբ Պատարագով, որ մատուցեց Տ. Նարեկ քհնյ. Թադեւոսեանը: Ապա ողջոյնի խօսքով ներկաներին դիմեց Տ. Գրիգոր աւագ քահանայ Մկրտչեանը: Նա խօսեց եկեղեցական կեանքում ընտանիքների դերի կարեւորութեան եւ գործունեայ ներգրաւման մասին՝ շեշտելով, որ հասկանում է յատկապէս գիւղերում ընտանիքների խիստ զբաղուածութիւնը գիւղատնտեսական աշխատանքներով, բայց կոչ արեց չմոռանալ քրիստոնէական պարտականութիւնները եւ ընտանեկան սրբութեան համար եւս տքնաջան աշխատելու աստուածաւանդ պատուիրանը, սուրբ պահել Տիրոջ օրը եւ ներկայ լինել Սուրբ Պատարագներին, կազմաւորել նուիրեալ ընտանիքների միութիւններ եւ մասնակցել Եկեղեցու աւետարանացման առաքելութեանը, քարոզել գիւղերում: Ընտանիքների փոքրիկ միութիւն է հիմնուել Գիւմրիի Սրբոց Նահատակաց Եկեղեցում՝ Տ. Գրիգորի եւ Տէր եւ Տիկին Վարդան եւ Գոհար Շախուլեանների նախաձեռնութեամբ: Սա կարող է լինել օրինակ միւս համայնքների համար:

    Հոգեւոր կրթութեան մասնակիցներին իր հայրական այցելութիւնը բերեց նաեւ Առաջնորդ Հայրը՝ Արհ. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանը: Նա հրաւիրեց խորհրդածել Նազարեթի Սուրբ Ընտանիքի պատկերի մասին եւ նմանուել Մարիամին, Յովսէփին եւ Մանուկ Յիսուսին. «Նայեցէ՛ք, թէ ընտանիքը որքան սուրբ է, որ Աստուած անգամ ուզեց ծնուել ընտանիքում: Յիսուս մայր ունեցաւ մարդկային ընտանիքում, կրեց մարդկային կեանքի բոլոր դժուարութիւնները՝ աղքատութիւն, հալածանք, տարագրութիւն, աշխատանք, քննադատութիւն»: Սուրբ Ընտանիքը մարդկային ընտանիքի նախատիպն է, ասաց Սրբազան Հայրը եւ կոչ արեց մասնակիցներին Նազարեթի Սուրբ Ընտանիքի նման վկայել Աստծոյ հանդէպ սէրը՝ առաքելութիւն կատարելով համայնքներում՝ օգնելով ուրիշ ընտանիքների, քաջալերելով յուսահատուածներին, հորդորել սխալ ընթացքով գնացողներին, լինել կարիքաւորների կողքին՝ համարձակ առաքելական խանդավառութեամբ:

    Առաջին օրուայ բանախօսութիւններից մէկի թէման էր «Ընտանիքի ընկալումը եւ դերը Եկեղեցում», որը ներկայացրեց Տ. Յովսէփ քհնյ. Գալստեանը: Նա բացատրեց, թէ ինչպէս է Եկեղեցու սոցիալական ուսմունքը հասկանում մարդկային ընտանիքը՝ սկսելով մարդկային առաջին ընտանիքի արարչագործութեան աստուածաշնչեան համարների մեկնութիւնից՝ յղումներ անելով եւ հատուածներ ներկայացնելով նաեւ եկեղեցական մի քանի հիմնարար փաստաթղթերին՝ «Սիրոյ ուրախութիւնը (Amoris laetitia)», Familiaris consortio, Gratissimam sane, Կաթողիկէ Եկեղեցու սոցիալական ուսմունքը: Տ.Յովսէփը յատկապէս շեշտադրութիւն կատարեց այն դրոյթի վրայ, որ քրիստոնէական ընտանիքը կոչուած է լինելու սիրոյ համայնք, որի մէջ պէտք է արտալոցուի Սուրբ Երրորդութեան աստուածային անձերի միջեւ յաւիտենապէս գոյութիւն ունեցող հարաբերութիւնները: Բանախօսութիւնն աւարտուեց Նազարեթի Սուրբ Ընտանիքին ուղղուած աղօթքով, որը շարադրել է Ֆրանցիսկոս Քահանայապետը «Սիրոյ ուրախութիւնը» նամակի վերջում:

     

    Բանախօսութեանը զուգահեռ ճեմարանական եղբայր Նարեկ Մկրտչեանը երեխաների հետ զրուցում էր 4-րդ պատուիրանի, ընտանիքում հարգանքի եւ սիրոյ մասին եւ խաղեր կազմակերպում:

     

    Տ. Նարեկ քհնյ. Թադեւոսեանը խօսեց «Ամուսնական զոյգի միութեան բնոյթը եւ առաքելութիւնը» թէմայով՝ անդրադառնալով Սուրբ Պսակի խորհրդին, խօսելով պսակով հաստատուած միութեան անքակտելիութեան, զոյգերի անձնային յարաբերութիւնների մասին եւ պատասխանելով մասնակիցների հարցերին:

    Հետաքրքիր զրոյց եւ ընտանեկան փորձառութեան կիսում կազմակերպեցին Տէր եւ Տիկին Վարդան եւ Գոհար Շախուլեանները՝ «Աստծոյ ներկայութիւնը իմ ընտանիքում» թէմայով: Զրոյցը համեմուեց հաւատքի ընդունման, ընտանեկան դժուարութիւնների, հոգեւոր արժեքների ժառանագութեան եւ այլ պատմութիւններով: Փորձառութեան կիսումը օգնում է հարստանալ միմեանց արժեքներով, հաւատքի, տոկունութեան վկայութեամբ:

     

    Բանախօսութիւններից յետոյ ընտանիքները միասին կազմակերպեցին խաղեր, զբոսանք Աղաջանեան կենտրոնի գողտրիկ տարածքում, ապա՝ ընթրիքից յետոյ, մատռան մէջ տեղի ունեցաւ Սուրբ Հաղորդութեան երկրպագութիւն, որի ընթացքում աղօթեցին նաեւ Աստուածամօր Վարդարանը՝ ընտանիքների սրբութեան դիտաւորութեամբ:

     

    Երկրորդ օրուայ մեկնարկը տրուեց Սուրբ Պատարագով, ապա բանախօսութեամբ հանդես եկաւ Հ. Եղիա վրդ. Դերձակեանը՝ ներկայացնելով «Որդեծնութիւն, ընտանիքի պլանաւորում» թէման: Հ. Եղիան բացատրեց որդեծնութեան դերը ամուսնութեան մէջ եւ ընտանեկան կեանքում, խօսեց սիրոյ մասին, որի վրայ պէտք է հենուած լինի ընտանիքը եւ որդեծնութեան առաքելութիւնը՝ մշտապէս բաց լինելով նոր կեանքի առջեւ, Աստծոյ պարգեւների առջեւ եւ մերժելով այն ամէնը, ինչն առաջարկում է աշխարհը՝ մարդկային պտղաբերութիւնը սահմանափակելու կամ կառավարելու համար:

     

    Աշոցքի «Տիրամայր Նարեկի» հիւանդանոցի բժիշկ գինեկոլոգ Անտոնինա Դադայեանը նոյն թէման շարունակեց բժշկական տեսանկիւնից եւ բացատրեց արհեստական վիժման ֆիզիոլոգիական եւ պաթոլոգիական հետեւանքները, բեղմնականխարգելիչ միջոցների օգտագործման հետեւանքները: Մասնակիցները ստացան իրենց հուզող շատ հարցերի պատասխաններ:

    Օրուայ երկրորդ կէսին Տ. Յովսէփ Գալստեանը զրոյց վարեց «Արդեօ՞ք զրուցում ենք իրար հետ մեր ընտանիքներում» թէմայով, որի մէջ ակտիւօրէն ներգրաւուեցին նաեւ մասնակիցները:

     

    Զրոյցից յետոյ ընտանիքներից մէկը խնդրեց մկրտել իրենց մանկանը: Մկրտութիւնից յետոյ կատարուեց նաեւ երկար ժամանակ առանց Պսակի ապրող երկու զոյգերի Սուրբ Պսակի խորհուրդը, որի ընթացքում պսակուած միւս զոյգերն էլ նորոգեցին իրենց ամուսնական խոստումները:

     

    Երեկոյեան միասին աղօթեցին Վարդարան՝ դեռ չծնուած երեխաների կեանքի փրկութեան եւ առողջութեան դիտաւորութեամբ: Աղօթքի ընթացքում զոյգերից շատերը նաեւ ընդունեցին Ապաշխարութեան խորհուրդը:

    Երկու օրերն էլ աւարտուեցին կենտրոնի հանդիսութիւնների սրահում կազմակերպուած ուրախ պարերով:

    Ընտանիքների համար այս երկու օրերը նաեւ միմեանց հետ շփուելու, տարբեր խաղեր խաղալու հնարաւորութիւն էր:

    Հոգեւոր կրթութիւնն աւարտուեց երրորդ օրուայ առաւօտեան՝ միասնական Սուրբ Պատարագով, որ մատուցեց Տ. Գրիգոր աւագ քահանայ Մկրտչեանը՝ մասնակիցներին խոստանալով շատ չուշացնել ընտանիքների համար երկրորդ հոգեւոր կրթութեան կազմակերպումը:

     

    Տ. Յովսէփ քհնյ. Գալստեան

     

     

Օրացույց

Օրացույց