• Սուրբ Սարգսի բարեխոսությամբ նվաճել նոր բարձունքներ. քարոզ

    «Ես Քրիստոսին հագա սրտիս մեջ իբրեւ հանդերձ…»


    Այսօր խոսքս ուզում եմ հղել հատկապես ձեզ՝ երիտասարդնե՛ր, որովհետեւ Սուրբ Սարգսի տոնը նախեւառաջ ձե՛ր տոնն է, որովհետեւ այս սուրբը մշտապես մեր ժողովրդի պատմական հիշողության մեջ հիշատակվել է որպես երիտասարդների բարեխոս սուրբ, նաեւ նորակազմ ընտանիքների, հղի կանանց բարեխոս սուրբ: Այլ խոսքով, Սուրբ Սարգիսը նոր սկիզբ առնող կյանքի, հույսի, սիրո, ծաղկման, երիտասարդության խորհրդանիշ է, որովհետեւ նրա հավատքի վկայությունն ու նահատակությունը սերմ եւ սկիզբ դարձավ բազում նոր քրիստոնյաների, բազում նորահավատ երիտասարդների, ովքեր Սարգսի օրինակը տեսնելուց առաջ ապրում էին անհավատության, անտարբերության թմրության մեջ:

     

    Սարգիսը հնագույն Եկեղեցու այն սրբերից է, որ զինվորական լինելով հանդերձ, պատերազմի մսաղացի մեջ անընդհատ լինելով հանդերձ, անսասան, զորեղ հավատք ուներ, որով կարողանում էր քրիստոնյա դարձնել հարյուրավոր զինվորների, ովքեր կռվում էին շատ անգամ հանուն Սարգսի: Նա թեեւ աշխարհական էր, բայց, ըստ վկայաբանությունների, քաջ տիրապետում էր Հին եւ Նոր Կտակարաններին ու մշտապես մարդկանց փոխանցում էր Աստծո Խոսքը, քարոզում Ավետարանը եւ ոչ միայն խոսքով, այլեւ՝ իր մարդասիրական, աղքատախնամ, հիվանդախնամ գործերով: Նրա համբավն իր ծննդավայրում՝ Կապադովկյան Կեսարիայում, մեծ էր եւ՛ որպես զինվորական եւ՛ որպես քրիստոնյա քարոզիչ, բարեգործ, որ Աստծո ձեռքում մի նվիրյալ գործիք էր՝ պայքարելու սատանայի դեմ, կռապաշտության դեմ: Նա իր ամբողջ կյանքում մարտնչեց «այս աշխարհի իշխանի» դեմ եւ հաղթեց պատերազմը՝ իր կյանքը նվիրելով՝ որպես Քրիստոսի հավատարիմ աշակերտ: Այս իմաստով Սուրբ Սարգիսը մեզ համար նաեւ հավատքի վկայության մի յուրահատուկ օրինակ է: Եվ հենց այս անվախ վկայությունն է, որ նրա դեմ հանեց Հուլիանոս Ուրացող անհավատ կայսրին, ում պատճառով Սարգիսը ստիպված եղավ ապաստանել նախ Հայաստանում, ապա՝ Պարսկաստանում: Հայոց Տիրան թագավորը արիություն չունեցավ իր մոտ պահելու հավատքի այս սուրբ վկային, իսկ Շապուհ Բ-ը, ականատես լինելով նրա աննկուն վկայությանը՝ որոշեց դաժանորեն չարչարել ու սպանել նրան, որովհետեւ Սարգիսը չէր ուզում պաշտել պարսիկների կուռքերին եւ կրակը: Աշխարհի այս տիրակալները, սակայն, ընդամենը սատանայի կամակատարներն էին եւ գործիքները: Վարք Սրբոց վկայաբանության մեջ մի դրվագ կա,  որտեղ Սարգիսը պատասխանում է սատանային. սա եկել էր իրեն համոզելու, որ ուրանա իր հավատքը: Սուրբն ասում է բանսարկուին.

     

     

    «Ես Քրիստոսին հագա սրտիս մեջ՝ իբրեւ հանդերձ: Եվ եթե նետերդ արձակես վրաս, դրանք չեն կարող վիրավորել ինձ, ես Քրիստոսի նահատակն եմ, որովհետեւ Քրիստոսն Ի՛նքը ինձ որպես ծառ տնկեց: Կարող ես իմ ոստերը փշրել, բայց արմատներս չես կարող խլել: Փոս փորեցիր, բայց գանձերս չկարողացար գերել, որովհետեւ Տերն ինձ հետ է, եւ Տիրոջ հրեշտակը զորացրեց ինձ»:

     

    Սատանան ուզում է վախեցնել Սարգսին եւ ասում է. «Իշխանություն ունեմ մեղմացնելու բռնապետի սիրտը, եւ մարմինդ կազատվի տանջանքներից: Թշվառակա՛ն, զոհ մատուցիր եւ պաշտի՛ր ինձ, ապա թե ոչ քեզ ցույց կտամ իմ ուժս: Հիշի՛ր այն, ինչ որ արեցի քո հորը՝ Ադամին, ինչպես նրան հանեցի կյանքի դրախտից եւ զրկեցի փառքից: Գիտես, թե ինչպես չարչարեցի Հոբին, մարգարեներին, առաքյալներին, սպանեցի մարտիրոսներին: Ես էի, որ հրեաների սիրտը մտա եւ մոլորեցրեցի նրանց, որ չարչարեն ու սպանեն կույսից ծնվածին»:

     

    Սուրբը պատասախանում է.

     

    «Բավակա՛ն է, սատանա, մի՛ ձանձրացրու ինձ: Գիտեմ, որ չարիքներդ քեզ ետ դարձան, իսկ սրբերը պսակվեցին եւ արքայությունը ժառանգեցին: Հրեաներին մոլորեցրեցիր, բայց կույսից ծնվածը ջախջախեց գլուխդ եւ Ադամին փրկեց դժոխքից»:

     

    Սատանան չկարողացավ ընկճել Սարգսի հավատքը, Սարգիսն անդադար աղոթում էր իր Տեր Աստծուն, եւ Տերը նրան զորացնում էր:

     

    Այսօրվա ընթերցվածում Պողոսը եփեսացիներին ասում է.

    «Զօրացէ՛ք Տիրոջով եւ նրա զօրութեան կարողութեամբ, եւ Աստծու սպառազինութիւնը հագէ՛ք, որպէսզի կարողանաք ընդդիմանալ սատանայի հնարանքներին, որովհետեւ մեր պատերազմը մարմնի եւ արեան հետ չէ, այլ՝ իշխանութիւնների հետ, պետութիւնների հետ, այս խաւար աշխարհի տիրակալների հետ եւ… չար ոգիների հետ: Ուստի առէ՛ք Աստծո սպառազինութիւնը, որպէսզի կարողանաք չար օրում դէմ կանգնել չարին…», Եփ. 6, 13: Առաքյալը եփեսացիներին կոչ է անում հաստատուն լինել, մեջքները գոտեպնդել ճշմարտությամբ, հագած արդարության զրահը, իսկ ոտքերն ամրացնել խաղաղության Ավետարանի պատրաստությամբ: Եվ շարունակում է. «Եւ այս բոլորի վրա առէ՛ք հաւատի վահանը, որով պիտի կարողանաք հանգցնել չարի բոլոր մխացող նետերը», Եփ. 6, 16:

    Սուրբ Սարգիսը հենց այսպիսի վկայություն տվեց իր զինվորներին, նա ճշգրիտ գործադրեց այն խոսքերը, որոնք մարգարեացավ Հիսուս Քրիստոս. «…ձեր վրայ ձեռք պիտի դնեն եւ պիտի հալածեն, բանտերի պիտի մատնեն ձեզ եւ կուսակալների ու թագաւորների առաջ պիտի տանեն ձեզ՝ իմ անուան համար: Եւ ձեզ համար այդ պիտի լինի առիթ վկայութեան», Ղկ. 21, 12-13:

     

    Սուրբն ամենադաժան չարչարանքների ենթարկվեց, բայց շահեց իր հոգին, ըստ Տիրոջ խոսքի, որովհետեւ համբերեց եւ չտրտնջաց՝ իր հալածանքները եւ նահատակությունը նվիրելով Տիրոջը եւ այդպիսով կատարելապես նմանվելով Տիրոջը:

     

    Հավատքի համար նահատակությունն է, որ փրկում է քրիստոնյայի հոգին: Այսօր, սիրելի երիտասարդնե՛ր, Սուրբ Սարգիսն իր բարեխոսությամբ մեզ հրավիրում է իր կերպարի միջոցով մոտենալ Հիսուսի՛ կերպարին, իր օրինակով մտածել Հիսուսի՛ վկայության եւ նահատակության մասին, որոնք նոր կյանքի, ճշմարիտ երիտասարդության, հոգեւոր երիտասարդության, խանդավառ նվիրումի, հույսով լի ձեռքբերումների նվաճումների արմատն են: Եթե մենք այս չար օրերում, երբ սատանան աշխարհի տիրակալների, իր կամքը կատարող մերօրյա ազդեցիկ անձանց, հաստատությունների միջոցով, բացահայտ եւ գաղտնի, անմեղ թվացող շատ եղանակներով ուզում է գերել մեր հոգեւոր հարստությունները, խլել մեր երիտասարդությունը՝ զրկելով մեզ հոգեւոր նկարագրից, սրբությունից, ազնիվ ձգտումներից, հույսից, լավատեսությունից, մենք պետք է կարողանա՛նք մեր հավատքի, հույսի, սիրո եւ ուժեղ կամքի մասին վկայել՝ նահատակվելու՛ պատրաստակամությամբ: Առանց այս արմատական սկզբունքի, հնարավոր չէ կառուցել ինքներս մեզ՝ որպես Քրիստոսի աշակերտներ: Եթե Սարգիսը իր կյանքը չտար իր հավատքի համար, այն տասնչորս նահատակ զինվորները եւ իր տղան՝ Մարտիրոսը նույնպես համարձակություն պիտի չունենային վկայելու իրենց հավատքի եւ առ Աստված սիրո մասին: Տերտուլիանոսի խոսքերով՝ «Նահատակների արյունը սերմն է քրիստոնեաների»:

     

    Այսօր առավել քան երբեւէ մենք կարիքն ունենք նահատակվելու պատրաստ երիտասարդության: Այսօր շապուհներն ու հուլիանոսները միայն իսլամիստների մեջ կամ արեւելյան որոշ երկրներում չեն միայն, սատանան շատ բազմազան կերպերով է ուզում կործանել մեր հավատքը, ուստի մենք չպետք է թմրեցնենք մեր խորագիտությունը. «Խորագէտ եղէ՛ք օձերի նման, միամիտ՝ աղաւնիների նման»:

     

    Նահատակվել այսօր՝ երիտասարդի համար անպայմանորեն չի նշանակում կյանքը ֆիզիկապես զոհել, այլ նշանակում է կյանքը նվիրել Աստծուն՝ տաղանդներով, ձգտումներով, ուսման, աշխատանքի պտուղներով հանդերձ, ընտանիքը նվիրել Աստծուն՝ միասնական ընտանեկան սրբություն կառուցելու համար, նշանակում է կյանքը սպառել մինչեւ վերջ՝ հանուն Քրիստոսի հանդեպ սիրո վկայության, Ավետարանի տարածման, անկախ նրանից՝ հոգեւորական ես, թե աշխարհական, արական, թե իգական սեռի, կամ ինչպիսի հմտություններ, գիտելիքներ ունես: Այսօր Աստված յուրաքանչյուրիս կանչում է հավատքի վկայության եւ նահատակության՝ յուրաքանչյուրին իր ուրույն կյանքի պայմաններում եւ կարողություններով, բայց՝ զորացած Աստծո շնորհներով:

     

     

    Ուրեմն եկե՛ք այսօր միասնաբար խնդրենք Սուրբ Սարգսի բարեխոսությունը, որպեսզի նրա տոնը մեզ համար լինի հոգեւոր թմրություից արթնանալու, անտարբերությունից դուրս գալու, երիտասարդական խանդավառությամբ եւ անսպառ հույսով մեր կյանքը տնօրինելու, սրբության ճանապարհին անվախ ոտք դնելու սկիզբ, այլ խոսքով՝ ինքներս մեզ Աստծո օգնությամբ նոր մարդ արարած կերտելու սկիզբ, նոր կամավորական աշխատանքի, երիտասարդկան միության առավել հարուստ աշխատանքի, նոր գաղափարների եւ ծրագրերի սկիզբ, որովհետեւ Եկեղեցին ձեզ է սպասում, հասարակությունը ձեզ է սպասում, եւ, ամենակարեւորը՝ Հիսուս սիրում է ձեզ եւ վստահ է ձեր ուժերին:

     

    Տ. Հովսեփ 

     

    Խմբագրված՝

    7 փետրվարի, 2020

Օրացույց

Օրացույց